Հոկտեմբերի 7-ին ընկերական դիմակայության, հոկտեմբերի 11-ին արդեն Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում ֆուտբոլի Հայաստանի ընտրանին մրցելու է նախ Ալբանիայի, ապա Վրաստանի ընտրանիների հետ։
Մեր հավաքականն արդեն իսկ սկսել է մարզումները, վաղը նրան է միանալու հայկական ֆուտբոլի գերհզորը՝ Հենրիխ Մխիթարյանը, ով մի ողջ Եվրոպա գլխին առած՝ կռիվ է տալիս հանուն Արցախի, իր շարունակական օժանդակությունն է բերում նրան։
Երեկ հավաքականին միանալու էին Ալեքսանդր Կարապետյանն ու Խորեն Բայրամյանը, գիշերը ժամանելու էին Գևորգ Ղազարյանը, Անդրե Չալըշըրը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանն ու Գեղամ Կադիմյանը:
Ես միշտ հեռու եմ եղել սպորտը քաղաքականացնողներից ու քաղաքականացնելուց, որքան էլ որ այն այդ նույն քաղաքականության բաղկացուցիչ մասն է, ու համոզված եմ եղել, համոզված եմ՝ հաղթանակն ուժե՛ղը պիտի տոնի։
Քավ լիցի, ոչ մեկն էլ չի ուզում բմբուլ գցած լինել ֆուտբոլի մեր ընտրանու ուղղությամբ, բոլորս էլ հրաշալի գիտենք նրա ուժեղ ու թույլ կողմերը, գիտենք ինչ խնդիրների առաջ է կանգնած, սակայն մի մեծ խնդրանք կա, ու այն բացարձակ ճշմարտություն է՝ ճակատում գտնվող մեր տղաներին ձեր հաղթանակն է պետք։ Քանի դեռ մեզ հարկադրված պատերազմի մեջ ենք... էլ բան չեմ ասում, մնացածն ինքներդ եք հասկանում։
Եթե ուզում եք, վերջում մի բոնուս կարող ենք տալ. այս հանդիպումներից հետո կարող եք և առաջիկա մի քանի խաղ տանուլ տալ, եթե ուժերդ չպատի ավելին անելու։
Հավատացեք՝ ըմբռնումով ենք մոտենալու։
Այնպես որ՝ առաջ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ