Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանն աֆրիկյան երկրների՞ն պետք է ընդօրինակի

Հայաստանն աֆրիկյան երկրների՞ն պետք է ընդօրինակի
11.07.2008 | 00:00

«ԱՌԱԿԸ» ԶԻ՞ՆՉ ՑՈՒՑԱՆԵ...
ՀՀ կառավարության որոշումը՝ 10 հազար դրամ օդի պետտուրքը ներառել տոմսի գնի մեջ, ոչ միայն չի նպաստի ավիացիոն ոլորտի զարգացմանը, այլև թույլ չի տա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին իրականացնել իր իսկ խոստումը ավիատոմսերի գները նվազեցնելու մասին, որին նա անդրադարձել էր ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս։
Միջազգային ավիացիոն ոլորտի տարբեր աղբյուրների տեղեկության համաձայն, այս պահի դրությամբ 20-25 ավիաընկերություններ միջազգային շուկայում սնանկացման եզրին են, որոնցից մի քանիսն արդեն սնանկ են ճանաչվել։ Փորձագետների հավաստմամբ, ավիաոլորտում առկա ճգնաժամի պատճառը միջազգային շուկայում վառելիքի գնի կտրուկ բարձրացումն է։ Բնականաբար, այդ գործոնն ուղղակի ազդեցություն թողեց տոմսերի գների վրա՝ միջազգային բոլոր ավիաընկերությունների տոմսերի գինը բարձրացավ 20%-ով։ Այս լարված իրավիճակում ՀՀ կառավարությունը փորձում է է՛լ ավելի դժվարացնել, եթե չասենք՝ խնդիրներ ստեղծել ավիաընկերությունների համար՝ 10 հազար դրամ օդի տուրքը ներառելով տոմսի գնի մեջ։ Այն, որ Հայաստան այցելած օտարերկրացիները մինչ օրս չեն հասկանում, թե ինչու պետք է օդի տուրք վճարեն, նորություն չէ ո՛չ պետական կառույցների, ո՛չ տուրիստական գործակալությունների և ընդհանրապես ո՛չ մեկի համար։ Այն պարզ պատճառով, որ ոչ մի իրեն հարգող զարգացած երկիր օդի տուրք չի կիրառում։ «ՈՒղղակի օդի տուրքն այդ երկրներում ներառված է տոմսի գնի մեջ»,- հավանաբար այսպես կպատասխանեն ոլորտի և մասնավորապես այդ առաջարկությունը ներկայացնող պատասխանատուները։ Սա սոսկ ենթադրություն չէ, այլ տարիներ շարունակ վերջիններիս կողմից տարբեր առիթներով հնչած պատասխան։ Սակայն ընդգծենք, որ օդի տուրք ասվածը կիրառվում է աֆրիկյան երկրներում և Մեքսիկայում, որտեղ էլ և օդի տուրքը տոմսի գնի մեջ է հաշվարկված։ Եթե մեր կառավարությունն այն կարծիքին է, որ զարգացող Հայաստանը օրինակ պետք է վերցնի աֆրիկյան երկրների փորձից, ապա ամեն ինչ ճիշտ է, ասելու բան չունենք։ Գուցե և մենք լռենք, սակայն արդյո՞ք կլռեն «Էյրֆրանս», «Ավստրիական ավիաուղիներ», «Բրիթիշ էյրվեյս», մի խոսքով (հայկական ավիացիոն շուկայում գործող), տասնյակ միջազգային ավիաընկերություններ, որոնց բավական չէր վառելիքի գնի բարձրացման խնդիրը, ՀՀ կառավարությունն էլ պարտադրում է ևս մեկը՝ ոչ ավել, ոչ պակաս 10 հազար դրամով, այսինքն՝ 32 դոլարով ավելացնել տոմսերի գինը։ Ինչպե՞ս են այս մոտեցումը կիրառելու միջազգային ընկերությունների նկատմամբ՝ նրանց պարտադրելո՞ւ են...
Շատերը կարող են հարցադրել՝ ուղևորի համար ի՞նչ տարբերություն 10 հազար դրամ օդի տուրքը կվճարի օդանավակայանո՞ւմ, թե՞ տոմսի գնի մեջ: Առաջին հայացքից՝ ոչ մի։ Սակայն դա միայն առաջին հայացքից է։ 10 հազար դրամ օդի տուրքը հաշվարկելով տոմսի գնի մեջ, մեխանիկորեն մեծանում է ավիաընկերության շահույթը, ինչը ենթադրում է շահութահարկի ծավալի մեծացում։ Այսինքն, ավիաընկերությունների հարկային պարտավորությունը մեծանում է մի գումարի հաշվին, որն ընդհանրապես իրենը չէ։ Նորություն ասած չենք լինի, որ ի սկզբանե 10 հազար դրամ օդի տուրքը ո՛չ օդանավակայանի, ո՛չ ՀՀ ավիացիայի վարչության և ո՛չ էլ ավիաընկերությունների հաշվի վրա է փոխանցվում։ Այսինքն՝ այդ գումարները չեն ծառայում ՀՀ ավիացիոն ոլորտի զարգացմանը։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի, այդ գումարները փոխանցվում են հատուկ հաշվեհամարի վրա պետական կարիքների համար։ Ինչ հաշվեհամարի մասին է խոսքը, մեր այսօրվա քննարկման խնդիրը չէ, սակայն ինչո՞ւ պետք է ավիաընկերություններն իրենց շահույթից չարդարացված հարկ վճարեն հարկայինին, սա, թերևս, լուրջ խնդիր է։
Եթե նկատի ունենանք վառելիքի գների բարձրացման պատճառով տոմսերի գնի բարձրացումը և սրան հավելենք 10 հազար դրամ օդի տուրքի հաշվառումը տոմսի գնի մեջ, ապա ստացվում է, որ ավիացիոն ոլորտում տեղի ունեցող ճգնաժամն է՛լ ավելի կարող է սրվել, ինչը բոլորովին չի նպաստի ավիացիոն ոլորտի զարգացմանը։ Եթե մեր երկիրը հարկերի հավաքագրման հետ կապված խնդիր ունի, թերևս հարցը չպետք է լուծի ի հաշիվ ռազմավարական նշանակության ոլորտի։
Կիմա ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7526

Մեկնաբանություններ