Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հենց ձեր տարիներն էին թաթար-մոնղոլական ամենաիսկական արշավանք սեփական ժողովրդի դեմ

Հենց ձեր տարիներն էին թաթար-մոնղոլական ամենաիսկական արշավանք սեփական ժողովրդի դեմ
25.05.2012 | 22:40

«Բարոյապես սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը»:
Գ. ՆԺԴԵՀ


Ավարտվեցին համապետական խորհրդարանական ընտրությունները. յուրաքանչյուր կուսակցություն ստացավ իր վստահության քվեն: Բայց արի ու տես, որ ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես միշտ, մեծապես կեղծված են համարում ընտրությունները. ՀԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարում է` «հաղթեց տոտալ կաշառքը», հանրահայտ քաղաքական գործիչը` «ողջ հասարակությունը կաշառակեր է», ՀԱԿ-ի մեկ այլ անդամ, իրեն առավել քան ժողովրդասեր ու հայրենասեր երևակայելով, իր ասուլիսում պոռոտախոս տոնով հռչակում է` «ժողովրդի 99 տոկոսը ոչխարի հոտի պես քշվեց ընտրախցիկներ»:
Զարմանք ու ցավ է հարուցում այն, որ ժողովրդի շահերի և իրավունքների, այսպես կոչված, առաջամարտիկներն այդքան անհարգալից են արտահայտվում ողջ հայ հանրության, ընդհանրապես հայ անհատի մասին:
Պարոնայք, եթե ողջ հայ հասարակությունը կաշառակեր է, ոչխարի հոտ է, տոտալ դրամաշորթ, հապա ինչո՞ւ այնքան մեծաթիվ քվե է տվել ընտրությունների արդարությունը վերահսկող ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ ակումբին` 648 հազար: Իսկ եթե դրան գումարենք մերձակումբակիցներ «Ժառանգության» 86 հազար քվե՞ն, դեմկուսի, կոմկուսի, «Միավորված հայերի» ընդհանուր 25 հազար քվեն, ուրեմն մոտ 760 հազար հայ մարդ տոտալ կաշառակե՞ր է, ոչխարի հո՞տ: Պարոնայք, չափազանց մեծ պատասխանատվություն չե՞ք վերցնում ձեր «հայրենասեր», «ժողովրդասեր» ուսերին. չէ՞ որ ժողովուրդը կարող է ձեզ դատի տալ այդքան անազնվորեն իրեն վարկաբեկելու, պիտակավորելու համար:
Պարոնայք «երդվյալ ժողովրդասերներ», «ժողովրդի իրավունքների առաջամարտիկներ», «տառապյալ հայրենասերներ», այդ ինչպես է, որ դուք կարող եք վաստակել 760 հազար (թերևս ակումբակիցներդ ու մերձակումբակիցներդ դրանում վստահ եք) անկաշառ, ոչ ոչխարային քվե, իսկ ՀՀԿ-ն, որը, բնականաբար, ունի տասնյակ հազարավոր վարչատարածքային անդամ` բազմապատկած բազմահազար համակիրներով, չի՞ կարող վաստակել 660 հազար քվե:
Դե, ակումբակից և մերձակումբակից պարոնները մարգարեներ են, նրանք մեկ առ մեկ հաշվել են տոտալ կաշառքը, ոչխարավճարը, իրենց տվյալներն ու վերլուծությունները անհերքելի ճշմարտություններ են:
Վերջապես, պարոնայք ակումբակիցներ ու մերձակումբակիցներ, գոնե մեկ անգամ կարո՞ղ եք քաջություն ու ազնվություն ունենալ, սեղմել հաղթողի ձեռքը, չպառակտել, չթշնամացնել հասարակությունը, ատելություն, անվստահություն չսերմանել. այս ոչ ազնիվ հոգեբանությամբ երկիր չի կառուցվի, հայրենիք չի հզորանա, ժողովուրդ չի դաստիարակվի:
Պարոնայք, ողջ ընտրարշավում չխնայեցիք ձեր կոկորդները, ամեն տեսակի թուքումուր թափեցիք ՀՀԿ-ի, իշխանությունների վրա, մեղադրեցիք եղած ու չեղած մեղքերում և ի՜նչ խոստումներ տվեցիք, ինչպես դուք եք որակում, «մոլորյալ», «աղքատության եզրին հասած», «հուսահատ» ժողովրդին. հենց մայիս-հունիս ամիսներին նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը կկրկնապատկենք, կեռապատկենք, միլիարդավոր դոլարներ ստվերից կհանենք ու կլցնենք մեր աղքատիկ բյուջեն, կբացենք ադրբեջանական-թուրքական երանավետ դարպասները և, սիրելի ժողովուրդ, կապրեք դրախտում:
Պարոնայք, չէ՞ որ ձեր խոստումները առավել քան գրավիչ էին, իսկ ինչո՞ւ ժողովուրդը չհավատաց ձեզ և, «ոչխարի հոտի պես», «տոտալ կաշառքով» մտնելով ընտրախցիկներ, «30 վայրկյանում» քվեարկեց ձեր դեմ` որոշ ակումբակիցների ու մերձակումբակիցների, որպես քաղաքական ուժ, ջնջելով ասպարեզից:
Պարոնայք, ենթադրենք, թե մի քանի տասնյակ հազար չունևոր վերցրել է 10 հազար դրամ կաշառք և քվեարկել ձեր դեմ. ի՞նչ կարծիքի եք` 10 հազար դրա՞մն էր գրավիչ, թե՞ ձեր մեծամեծ խոստումները, հապա ինչո՞ւ այդպես ստացվեց. որովհետև ժողովուրդը երբեք չի հավատացել և չի հավատում ձեզ: Ժողովուրդը ամբոխ չէ և լավ է հասկանում, որ տասնամյակներ շարունակ դուք պառակտում, թշնամանք, ատելություն ու անվստահություն եք սերմանում, թուլացնում հասարակության ներուժը` ոխերիմ թշնամիների և ոխերիմ բարեկամների այս խուժադուժ շրջապատում:
Պարոնայք ՀԱԿ-ականներ, քաջություն ու ազնվություն ունեցեք, սոցիոլոգիական հարցումներ արեք գյուղերում, տեսեք, թե քանի տոկոս ձայն կհավաքեք: Չէ՞ որ ժողովուրդը լավ հիշողություն ունի և չի մոռացել ձեր իշխանության տարիներին տխրահռչակ վաուչերիզմով կազմակերպած ալան-թալանը` ժողովրդից տասնապատիկ էժան գներով խլված այդ թղթի կտորներով բռնազավթված գործարաններ, ֆաբրիկաներ, շինություններ, հսկայական հողատարածքներ, դրանց հաշվին կառուցած դղյակներ` ժողովրդի վշտի ու տառապանքի ֆոնի վրա: Այ, հենց ա՛յդ տարիներն էին թաթար-մոնղոլական ամենաիսկական արշավանք սեփական ժողովրդի դեմ:
Պարոնա՛յք, մոռանալով անցյալը, այսօր իշխանություններին մեղադրում եք ամեն ինչում, չեք ուզում տեսնել ոչ մի դրական տեղաշարժ. չէ՞ որ այս գրեթե տոտալ շրջափակման պայմաններում իշխանությունները փորձում են հնարավորն ու անհնարինն անել` տնտեսությունը զարգացնելու, երկրի ու Արցախի անվտանգությունն ապահովելու, ժողովրդի նյութական ու հոգևոր կյանքը, կենցաղը շատ թե քիչ բարելավելու համար: Եվ ցավալի է, որ ընտրարշավի այս կատաղի պայքարում նախկին բարձրաստիճան պետական ու քաղաքական գործիչները գրագետ մարդուն ոչ վայել, անպատշաճ, գռեհիկ բառապաշարով էին արտահայտվում իշխանությունների, մասնավորապես երկրի նախագահի հասցեին:
Պարոնա՛յք, ինչո՞ւ եք կարծում, թե դուք ավելի հայրենասեր ու ժողովրդասեր եք, քան երկրի ներկա նախագահն ու իր շրջապատը. մի՞թե հանրապետության նախագահը չի ցանկանա, որ հայ մարդն ավելի բարեկեցիկ ապրի, բարձր կենսաթոշակ ու աշխատավարձ ստանա, չէ՞ որ դա նրա պատվի ու խղճի խնդիրն է, չէ՞ որ նա լավ է հասկանում, որ պատմության ոսկեմատյանում գրանցվելու են իր արած-չարածը և գնահատական է տրվելու գործունեությանը` որպես հայրենասեր ու ժողովրդասեր նախագահի:
Բարոյական բոլոր չափանիշները ոտնատակ անող վարկաբեկիչները մոռացել են, որ 1992 թ., երբ իրենք իրենց տաքուկ անկյուններում շախմատ ու նարդի էին խաղում, շոկոլադով սուրճ էին ըմպում, գուցե խաշ ու խորոված էին ուտում, երկրի ներկա նախագահը` ցուցաբերելով քաղաքական ու մարտական կամք, չհամաձայնելով Հայաստանի իշխանությունների հետ ոչ մի օրով չհետաձգել Շուշիի ազատագրումը, հետևաբար Ստեփանակերտի, ուրեմն և ողջ Արցախի ապահովությունը, «գրադ»-ների աննախադեպ կրակահերթերի ներքո, Կոմանդոսի և քաջարի հայորդիների հետ նախապատրաստեց և հերոսաբար իրագործեց մի զարմանահրաշ ռազմարշավ` Արցախի մարգարիտը փրկելու համար: Այսպիսի նախագահը չի կարող չանհանգստանալ իր ժողովրդի բարեկեցության ու ապահովության համար: Իսկ այն, ինչ չի հաջողվում անել, թերևս, պայմանավորված է պետական ընդհանուր անվտանգության, օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք հանգամանքներով: Մեծարգո նախագահն ի միտ ունի մեծն Կողբացու պատվիրանը. «Եթե քեզ նմանների հոգսերը քեզ չեն անհանգստացնում, մի՛ լինիր առաջնորդ»:
Պարոնա՛յք, պետք չէ վիրավորվածի (աբիժնիկի) կերպարանք ընդունել և, ամեն ինչ ոտնատակ անելով, իշխանության ձգտել` թշնամական այս խուժադուժ շրջապատում. հարկ է համախմբել ողջ հասարակությունը, ցուցաբերել միասնություն, համերաշխություն, հանդուրժողականություն, լինել իրոք ժողովրդասեր և անսահման հայրենասեր:
Այո՛, այսօր նժդեհյան ցեղակրոն հայրենասիրությունը կարող է ապահովել հայրենիքի, նաև սիրելի Արցախի արտաքին և ներքին անվտանգությունն ու խաղաղությունը. «Ցեղորե՛ն, ցեղորե՛ն ապրենք, որպեսզի սրտով մեծ ու զորավոր Վարդաններն ու Վահանները (Մոնթեները, Ազգալդյանները, Կրպեյանները, Իվանյանները, Արկադի Թադևոսյանները, Մեղրյանները, Վազգեն Սարգսյանները- Ա. Ծ.) անպակաս լինեն հայոց աշխարհում» (ՆԺԴԵՀ):
«Խաղաղության ժամանակ գուցե և կարելի է ապրել առանց ցեղակրոնության, վտանգի ժամանակ` երբեք» (ՆԺԴԵՀ):
«Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը» (ՆԺԴԵՀ):


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Հ. Գ. -Ի դեպ, բոլոր ընտրություններում ես և ընտանիքիս անդամները քվեարկել ենք ՀՅԴ-ի օգտին:

Դիտվել է՝ 4478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ