Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գայլերի որսի գործընթացը համակարգող հանձնաժողովն արդեն ընդունել է 179 գայլի մորթի

Գայլերի որսի գործընթացը համակարգող հանձնաժողովն արդեն ընդունել  է  179 գայլի մորթի
21.06.2012 | 17:51

ՀՀ կառավարության որոշմամբ, բնապահպանության նախարարությանը տարեսկզբից հատկացվել էր 20 մլն դրամ` հանրապետությունում գայլաորս անցկացնելու համար: Այդ նպատակով նախարարությունում ստեղծվել էր գայլերի որսի գործընթացը համակարգող հանձնաժողով, որը ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում անցած վեց ամիսներին ընդունել է 179 սպանված գայլի մորթի` յուրաքանչյուրի դիմաց որսորդին վճարելով 100 հազար դրամ:
Ինչպես «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Աշոտ Ավալյանը, հունիսի 20-ի տվյալներով, հանձնաժողովն արդեն ընդունել է 179 գայլի մորթի` դրա դիմաց վճարելով 17 մլն 900 հազար դրամ:
Ըստ Ա. Ավալյանի, մորթիները բերվել են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերից: Ներկայացված մորթիներից երկուսը սահմանված նորմերին և վաղեմությանը չհամապատախանելու պատճառով հետ են վերադարձվել:
«Գայլերի մեծ մասին ոչնչացրել են ոչ թե հատուկ արտոնագիր ունեցող որսորդները, այլ անասնապահներն ու գյուղացիները` բնակավայրերի ներսում կամ դրանց հարող տարածքներում: Այս պարագայում հանձնաժողովը հիմք է ընդունել համայնքի ղեկավարի հաստատած համապատասխան տեղեկանքը, դրա հիման վրա էլ վարձատրել գիշատչին ոչնչացնող անձին»,- ասաց Ա. Ավալյանը:
Ա. Ավալյանը հավաստեց, որ նախորդ տարվա ընթացքում, գայլերի ոհմակների չափից դուրս ակտիվության պատճառով, մեծ վնաս են կրել հատկապես Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի Ախպրաձոր, Ձորագյուղ, Կարմիրգյուղ, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասերը, որտեղ գիշատիչները հոշոտել են մանր ու խոշոր եղջերավոր մի քանի տասնյակ անասուն: Նրա ասելով, գայլը չափից դուրս խորամանկ և դժվարությամբ որսվող կենդանի է, ուստի հեշտ գործ չէ, հատկապես խստաշունչ ձմռանը, դրան հետապնդելն ու ծուղակ գցելը: Այդ իսկ պատճառով, գայլաորսի սահմանված լիմիտը, այսինքն` 200-ը, դեռ չի լրացել և մնացած 21 գայլի համար սահմանված գումարը (2 մլն 100 հազար դրամ) կվճարվի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ներկայացրած մորթիների տերերին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, որսորդները, իբր օգտվելով պետականորեն սահմանված որսի թույլտվության առիթից, որսված էգ գայլերը պետությանը հանձնելու փոխարեն, որպես հաջողություն բերող թալիսման, մինչև հազար ԱՄՆ դոլարով վաճառում են սնահավատներին: Ընդ որում, կան նաև հատուկ մարդիկ, ովքեր սարերում և բնակավայրերին հարող տարածքներում, տարվա բոլոր եղանակներին էգ գայլեր կամ գայլերի էգ ձագեր են փնտրում:
Այդուհանդերձ, գայլերի դեմ պայքարի բոլոր դրսևորումներով հանդերձ, գիշատիչ գազաններն արոտի շրջանում և ներկայումս շարունակում են մեծ վնասներ պատճառել բարձրլեռնային և անտառամերձ մարզերի անասնապահական տնտեսություններին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ