Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հարցազրույց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

Հարցազրույց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
13.11.2012 | 14:53

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 2rd.am կայքէջին, որը հրապարակում ենք ամբողջությամբ:
Վերջին շրջանի քաղաքական խմորումները, հատկապես ԲՀԿ-ի նախաձեռնությունը բնականորեն լայն արձագանք գտան թե հասարակության մեջ և թե մամուլում: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի միջոցով խնդրեցինք Ռոբերտ Քոչարյանին` պատասխանել այն հարցին, թե ինքն ի՞նչ առընչությունն ունի այդ քննարկումների նախաձեռնության հետ, և հենց գրասենյակից էլ այսօր առավոտյան ստացանք հետևյալ պատասխանը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում:
Պարոն Քոչարյան, այն պահից, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հանդես եկավ Հայաստանում կառավարման պառլամենտական համակարգի անցման հնարավորությունների քննարկումների նախաձեռնությամբ (խորհրդարանի ընտրություն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, նախագահի իրավասությունների կրճատմամբ և այլն), սկիզբ առան խոսակցություններ, որ այդ նախաձեռնության հեղինակը Դուք եք: Ինչքանո՞վ են այդ պնդումները համապատասխանում իրականությանը, և ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը պետական կառավարման այդ համակարգի նկատմամբ:
Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց Նախագահն էր: Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության:
Ի դեպ, սահմանադրական հանրաքվեն նշանակալիորեն ընդլայնեց կառավարության լիազորությունները, իսկ իրականության մեջ, չգիտես ինչու, կառավարության դերը զգալիորեն նվազեց:
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջարկությունը ավելի շուտ արձագանք է երկրում ձևավորված` իշխանության տարբեր ինստիտուտների իրական իրավունքների և սահմանադրական պատասխանատվության հարաբերությունների ակնհայտ անհամաչափությանը: Վերջինիս երկարաժամկետ բացասական հետևանքները զգալի են արդեն այսօր: Ի դեպ, կառավարման կիսանախագահական եղանակն այդ արատն իր մեջ կրում է անգամ զարգացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում (օրինակ, քչերն են հիշում, թե ով էր Ֆրանսիայի վարչապետը նախագահ Սարկոզիի օրոք):
Անձամբ ինձ համար ավելի համակրելի է ամերիկյան մոդելը, որտեղ նախագահը գլխավորում է գործադիր իշխանությունը, ուղղակի պատասխանատվություն կրելով նաև տնտեսության համար, իսկ խորհրդարանն ունի վերահսկողության հզոր լծակներ: Սակայն եվրոպական ավանդույթները պառլամենտարիզմի ավանդույթներ են, իսկ մենք եվրոպական քաղաքական գործընթացների շրջանակներում ենք: Բացի այդ, խորհրդարանական կառավարումը նշված անհամաչափությունների խնդիրը նկատելիորեն մեղմում է:
Այժմ խորհրդարանի ձևավորման 100 տոկոսանոց համամասնական կարգին անցման մասին:

Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երևույթը չափազանց վնասակար է, և որքան շուտ դրանից հրաժարվենք` այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով:
Ես համաձայնեցի այս փոքրիկ հարցազրույցը տալ և հստակ արտահայտել այդ կարևոր հարցի նկատմամբ իմ վերաբերմունքն առաջին հերթին այն պատճառով, որ եթե ես դա չանեմ, ապա սկսելու են գուշակություններով զբաղվել: Եվ հետո այն պատճառով, որ այդ հարցի նախաձեռնման հետ ես առնչություն չունեմ:
Հատկապես այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը:

Դիտվել է՝ 2531

Մեկնաբանություններ