«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ծիրանագույն երազախաբություն (ապաքաղաքական քուրսի)

Ծիրանագույն  երազախաբություն (ապաքաղաքական քուրսի)
07.12.2012 | 12:31

«Գենետիկայի տեսանկյունից կարևորը սա է` մեզ միավորում է այն, որ մեր բոլոր տարածքային հատվածներում համարյա բացակայում է վերջին նվաճողների` արաբների, թուրքերի, մոնղոլների գենետիկական հետքը»:
Լևոն ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ,
կենսաբանական գիտությունների դոկտոր

ԿԱԿԱՈ, ՊՈՆՉԻԿ, ԾԻԾԱԿ ԵՎ ՔՐՉԻԿ
Զգուշացե՛ք, վերոնշյալ նախաճաշը վտանգավոր է հոգեբանական տեսանկյունից: Իսկ հոգեբանական և մտավոր ինքնախարազանումը մեր միակ փրկօղակն է` վերջնականապես ջնջելու արաբաթուրքական, հունաբյուզանդական, մոնղոլաիրանական հետքերը: Զի եթե մենք «փոքր ածու» ենք, ապա որտեղի՞ց այսքան բրածո-սրիկայացու և լրբացու: Այնպես որ, խիստ օգտակար Է տանջահարվել` ճաշակելով կակաոն ծիծակի և քրչիկը պոնչիկի հետ: Զի երբ քիմքդ ու ճաշակելիքդ քո իսկ ձեռքով բռնաբարվում են, հայտնվում ես ուղղամտության կիզակետում և կամովին հրաժարվում ես վարդագույն ակնոցից: Այսպիսով, առկա է ծիրանափշատային ախտահարումը: Եվ, ախտորոշելով այն, կարող ենք գեղակերտ մեր գնացքը տեղաշարժել «Անկախ-կախյալություն» կիսակայարանից դեպի «Պետականաշինություն» կայարանը:
Այս պահին տեղ ենք բռնում քուրսու շուրջը, ոտքներս կախում նոր-նոր հանգած թոնրի մեջ, վայելում նրա կենարար ջերմությունը (որը, ի դեպ, նաև խիստ բուժիչ է, զորօրինակ, բուժում է հոդացավը, ազատում է քաղաքական սուտլիկությունից և որովայնային բոլշևիզմից) և քուրսու վրա շարում կակաոն, քրչիկը, ծիծակն ու պոնչիկը:
Բարի վայելում:

ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԱՂԵՏ
Բյուզանդիոնի քաղաքականությունը հանդեպ մեզ նվաճողական-նենգաբարո էր: (Բյուզանդիոնի մեջ հասկանանք հռոմեական և հունական քաղաքակրթությունը): Պարսկաստանը ներարկեց մեր էության մեջ զրադաշտի նվաճողական արյունարբությունը (մի՛ անհանգստացեք, սույն ճշմարտությունը բնավ չի ազդի Իրան-Հայաստան գազամուղի վրա: Մենք էդ գազի բույրը չենք էլ առնելու, զի առկա է ռուսական արջի քինախնդիր առուծախը): Մոնղոլական հորդաներից մեր ոսկրածուծի մեջ հոսեց ամեն բան և ամենուր անապատացնելու, մոխրի վերածելու անգութ մարմաջը: Թո՞ւրքը ինչով պատվեց մեր հայկազյան, ազնվազարմ ու կենաց գենը: Ինչով ասես: Ասենք թեկուզ մահացու թշնամանքով հանդեպ կառուցիկը, գեղեցիկը, շինարարն ու կենարարը:
Այսպիսով իրո՞ք «համարյա բացակայում է վերջին նվաճողների գենետիկական հետքը»: Արգո գիտնական այրի հարցադրման ակունքներում խիստ հուսադրող մի երակ է տրոփում. այսինքն` առաջին նվաճողների հետքերն իսպառ անհետացե՞լ են: Ռուսը նման դեպքում անպատճառ կասեր. «Ձեր շուրթերով մեղր խմեինք»:
Բոսորամիտ իմ ընթերցողը, անշուշտ, տեղյակ է, որ «ԼԼ»-ում արմատական պատկառանք կա հանդեպ ամենայն հայկականը: Բնականաբար, ակնածանքով ենք վերաբերվում նաև հայոց գիտական մտքին, արվեստին և գրականությանը: Եվ թախանձագին պաղատում ենք` փնտրել, հայտնաբերել և «ԼԼ»-ին ներկայացնել նորանկախական դրսևորումների այս խառնակության հիմքերը: Եվ, որպեսզի ասվածը չհնչի որպես ձայն բարբառո հանապատի, հայացքով ու մտքով շրջվեք դեպի անկախության առաջին օրերն ու գնահատեք, թե այդ ո՛ւմ հետքերն են մեզ դրդել նման հակազգային, պետականամերժ և անտիհումանիտար վարք ու բարքի:

Ո՞ՒՄ ՀԵՏՔԵՐՆ ԵՆ ԱՅՍՏԵՂ
Հանրապետության ծնունդը համընկավ հանրային սննդի փոշիացման հետ: Հուշեմ` հիշեք. մոլիբդենը փոխանակվում էր անորակ թխվածքաբլիթների, կասկածելի ծագմամբ կահույքի և այլնի հետ: «Կամացու» մակնիշի ճապոնական հրաշք տրակտորները մասնատվում և որպես մետաղի ջարդոն սահում էին արտասահմաններ և փոխանակվում այլևայլ թերմացքի ու թյուրիմացության հետ: Սակայն մի՞թե այս ամենի թիկունքում իշխանությունը սանձած «Ղարաբաղ» կոմիտեի պայծառամիտ ու լուսերես տղաների միտքը, հոգին, կամքը չէին բոցկլտում: Այս սամումը ո՞ւմ գենետիկական հետքերի հետևանքն էր, թող դատի ընթերցողը: (Անշուշտ, կոմիտեում հայկազյան վսեմ տոհմածառի կենսաբեր պտուղներն էին, բայց թե ինչպես օտար գենետիկական հետքն այդքան չարագույժ եղավ, դժվար է ասել. քննել ու զննել է պետք` օգտագործելով ՆԱՍԱ-ի, Տիբեթի քրմերի և մեր Մատենադարանի խորունկ աղբյուրները):

ԻՍԿ, ԱՀԱՎԱՍԻԿ, ԱՅՍՏԵ՞Ղ
Ասացեք, ի՞նչ զուգորդում է առաջացնում կակաոյի վրա համտեսած ծիծակը: Դառնաղի՞: Հրաշալի՛ է: Զի այն մեզ նախապատրաստում է հայոց հաջորդ, կառուցողական շրջանն ըմբռնելուն: Բայց գուցե թե քիչումիչ հեքիաթին տրվենք: Դիցուք, Բյուզանդիոնն էր կառավարում հանրապետությունը։ Եվ դիցուք, բյուզանդական կառավարիչներին էր տրված մայրաքաղաք Երևանը ապասովետականացնելու, շուկայական քաղաք սարքելու հնարավորությունը: Բնականաբար, Բյուզանդիոնը յուր իշխանությունը պիտի կառուցեր շահի վրա: Այսինքն` Երևանը պիտի դիտեր որպես սակարան. դնում ես այսքան գումար, շահում ես այսքանը: Այսինքն` էսպես, Երևանը դառնում է զբոսաշրջային կենտրոն: Բնականաբար, այն պիտի ունենար յուր ուրույն դիմագիծը: Ո՞րն էր Երևանի դիմագիծը, ինչը պիտի ուշաթափության չափ հետաքրքրեր օտարներին և ուղղեր դեպի Մասյաց հովիտներ: Բնականաբար, Երևանի երկու շերտերը` նախասովետական և հետսովետական, պիտի աչքի լույսի պես պահպանվեին: Եվ ավելացվեր մի քանի նորամուծություն: Զորօրինակ, նոր ջրավազաններ, բազմաթիվ արտաքնոցներ, անթիվ-անհամար քյաբաբի, խաշի, մոլոկանի թթվի և այլնի գողտրիկ բուտիկներ և այլն: Բնականաբար, Բյուզանդիայի կառավարիչների մտքով նման վայրագ բան չէր անցնի. կառուցել անկենդան Հյուսիսային պողոտա։ Նաև դժվար թե անտերության մատնվեր «Ձորագյուղ» պատմամշակութային արգելանոցը` զբոսաշրջային այս անզուգական խայծը և դիմացը կառուցվեր բազմաբնակարան բարձրահարկ: Բարձրահարկ, որը պիտի փակեր Փարաջանովի թանգարանը և XIX դարի երևանյան եզակի մյուս կառույցները, որոնք ինքնին գայթակղություն են, զի ներկայացնում են այս քաղաքի այն ժամանակափուլը, որն անծանոթ է, հետևապես և հետաքրքիր:
Այսպիսով, ի՞նչն է կարևոր. թե՛ բյուզանդացին, թե՛ մյուս նվաճող բարբարոսները գոնե քաղաքամայրը կդիտարկեին որպես անզուգական բիզնես-նախագիծ, պահպանելով նրա ազգային, պատմամշակութային, գեղագիտական, հոգևոր և այլ առանձնահատկությունները:
Ի դեպ, Երևանը դաժանորեն ուշագրավ է ևս մեկ հատկանիշով: Այստեղ գրեթե չկան հանրային արտաքնոցներ: Վերջերս փակվեց «Բարեկամություն» կայարանի զուգարանը («Զուգվեք, որտեղ կամենաք» նշանաբանով): Անկախացումից հետո չի գործում Սբ. Սարգիս եկեղեցուն հարակից գետնանցումի արտաքնոցը: Այսինքն, եթե հրատապ կարիք ունես պարպվելու, նախ հյուրընկալվիր որևէ սրճարանում, 2-3 հազար դրամի սահմաններում ըմպիր և ծամիր, ու կարող ես անվճար օգտվել սրճարանի զուգարանից: Ի դեպ, գուցե գնչուական հե՞տքն է ճանապարհ հարթում: Չէ՞ որ կան նստակյաց գնչուներ, որոնք ապրում են ավաններում, լոգանք են ընդունում, դաշույններ են պսպղացնում, ծննդաբերում են և հացի նստում: Սակայն ունեն մի յուրահատկություն` չունեն զուգարաններ ո՛չ տանը, ո՛չ էլ բակում: Եվ զարդարում են ավանի շրջակայքը:

ՊԻՂԱՏՈՍԻ ՊԱՏՄՈՒՃԱՆԸ
Տեսեք, մենք շարունակ փորձում ենք մեր ինքնությանը մոտենալ: ՈՒրեմն ի՞նչ, գրոհում ենք դեպի մեր պատմամշակութային հուշարձանները և շրջապատում դրանք պանդոկներով` մեկ, հյուրանոցներով` երկու, դղյակներով` երեք, այլևայլ ներկայացուցչություններով` չորս, սեռահասունության տղայամտություններն այդպես էլ չհաղթահարած գավառական իշխանիկներով` հինգ: Տեսեք, ո՞ւմ գենետիկական հետքը նման բան թույլ կտար: Ահա փորձում ենք հասկանալ, թե այդ ինչպես է, որ աղքատության բարձր, գործազրկության թռիչքային, արտագաղթի պարզապես ցնցող տվյալներ ունեցող ափաչափ այս սուրբ հողում տասնյակ միլիարդատերեր, հարյուրավոր միլիոնատերեր և այլ նյութաֆինանսական հրոսակախմբերն են դրության տերը:
Եվ ահա, փորձենք պարզել. այդ ինչ հետքեր են, որ մեզ նման պարզամտության են դրդել: Եվ մենք ուղղակի սայթաքում ենք, խարխափում և, հազար ու մեկ ներողագիր, «քոնթի» ենք գալիս: Եվ, ահավասիկ, փորձում ենք հասկանալ, գիտակցել, պարզաբանել և դատավճիռ կայացնել` ինչո՞ւ է, զորօրինակ, մեծարգո Լֆիկ Լիմինդրովիչը գրոհում մայրաքաղաքի կենտրոնը, սառեցնում շաքարի կառուցված գործարանի ջերմ հոսքագծերը, առհասարակ, հայոց շուկայում «չլիկ դաստա», «էշ միլիցա» և «աթանդա» խաղում: Կներեք, իսկ ի՞նչ պիտի նա աներ, որ չի անում: Չէ՞ որ նրան մեր ինքնիշխան պետությունն արտոնել է հնարավորն ու անհնարը: Նրան և այլոց: Արտոնել է երկրի, ազգի ապագայի ճակատագիրը: Արտոնել է և ձեռքերը լվացել` ուսին առնելով Պիղատոսի պատմուճանը:
Այո՜, անհամար են հետքերն օտար, անմար են խարույկները թունաշունչ: Այո՜, ամերիկյան մեծահարուստ Վահագն Հովնանյանը մայրաքաղաքի սահմանագծին մաքրազարդեց կարիճով և տատասկով լի անապատը և կերտեց «Վահագնի» գեղաշուք թաղամասը` կենարար օդ մատակարարելով մայրաքաղաքին: Սակայն նրան` այդ իմաստուն այրին, արգելվեց ցորեն աճեցնել հայրենի եզերքում: Այո՛, մեծն կինոճարտարապետ Փելեշյանի գլուխգործոցը կերտելու համար պահանջվում է 1 մլն դոլար: Հայրենիքը նման գումար չի կարող տրամադրել: Այնինչ ի՞նչ կանեին սեփական Փելեշյանի համար (հեռու չվազենք) հարևան Վրաստանն ու Ադրբեջանը: Այո՜:

ՎԵՐՋԵՐԳ
(ողբ նորօրյա)
Խորհրդարանս` օլիգարխիայի քնարան:
Տնտեսությունս` օլիգարխիայի սակարան:
Հասարակությունս` օլիգարխիայի քնարան, սակարան, խորտկարան: Այո՜:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ