«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արտս կանեփ եմ ցանել (որսագողություն սեփական մառանում)

Արտս կանեփ եմ ցանել (որսագողություն  սեփական  մառանում)
14.12.2012 | 00:08

«Զարկ տանք գյուղատնտեսությանը և ժամանակին պարարտանյութը տեղափոխենք սեփականաշնորհված դաշտեր, պայքարենք աղքատության դեմ` անխնա կոտորելով բոլոր աղքատներին»։


Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ, «Վերջին դուբլը»

ՈՐՈՎԱՅՆԱԽԱՂԵՐ
(խնկագույն խաշ և կիտրոնով թեյ)
Այս դիմակայության ժամանակ պարզենք, թե ինչ տվեց մեզ երկրի անկախացումը: Տվեց ազատություն (կանաչ վարունգը հեզիկ պլպլում էր ազատ բոստանում), վերականգնեց մեր անկաշկանդությունը: Հրաշք է: Զի որքա՜ն էինք մենք կաշկանդուն` կախյալության տարիներին: Բաղդատենք սույնը երեք անվանակարգում. խաշկերույթ, ԱԺ ընտրություններ, կոռուպցիա:
Այսպիսով, խաշը կախյալ (սովետահայ) և անկախ (ազատահայ): Սովետահայ խաշկերո՜ւյթը, խնդուն ծիսաշար, բայց և այնպես` ընդհատակյա։ Մութուլուս է, լուսինը թխակապույտ երկնքի տիրակալն է:
Ձյան մաքրամաքուր սավանը հերկում են խաշակիր-ասպետները: Յուրաքանչյուրի ծոցագրպանը լիացած է օղու շշով, հայացքները երազկոտ են, սպասումով լի: Նշանավոր խաշակիր-ասպետ Դավիթը Հովհաննեսն ահա ինչ է պատգամել սերունդներին. «Սենյակի մեջտեղ, Մասսի պես բանձրիկ, սեղանն-մաքուր և կազմ ու պատրաստ, թաց սրբիչները դրված առանձին, լավաշի դարսը և բողկը մաքրած, սառը օղին էլ` տիրաբար հաստված, ասես զորավար հաղթական զորքի...»։ Դռան հուշիկ թակոց և տանտիրոջ գորովանքը` համեցեք-նստեք: Տանտիրուհու խումար աչքերը լավ նշան էին, ուրեմն խաշը ինքն է, որ կա. ողջ գիշեր ժամապահները հետևել են նրա եփման ընթացքին: Խաշը հայթայթվում էր դժվարությամբ: (ՈՒ մի՞թե սրանում ընդհատակյա պայքարի տարրեր չկային): Սեղանին բազմում էին ժողովրդավարական սկզբունքով: Ասենք խնամի-պրոֆեսորի կողքին տեղ էր գրավում հարևան-վարորդը, նշանավոր արտիստի խաշընկերն էր ղուշբազ Վալոդը և այլն: Խմվում էր միայն երեք բաժակ օղի: Սեղանն արքայավայել էր` յուր ասկետիկ փառահեղությամբ: Առաջին աքլորականչին առաջին թաս օղին էր պարպվում: Ի դեպ, սովետահայ խաշը երբեք պակասորդ չէր տալիս: Դիցուք, մեկ դյուժին խաշակիր ասպետներից զատ, բնակարան էին ներխուժում թաղայինը, ժէկի պետը, փոստատար Սերոժն էլ վրադիր: Իհարկե, այցը պաշտոնական էր` ահազանգ էր հնչել, որ քաղաքի ոչ մի խանութում խաշ չի վաճառվում, բայց ահավասիկ հարևան Բարեղամը խաշի հրավերք ունի: Մի խոսքով` նորագիրները միանում էին, վայելում անմահական խաշը, ավարտափուլին օրը երջանկացնում հնդկական թեյով և ալժիրյան կիտրոնով:

Ազատահայ մեր խաշկերո՜ւյթը։ Այն, անպատճառ, պանդոկում է: Անվերապահորեն կանանց ներկայությամբ պճնված: Մինչ բուն խաշի մատուցումը խաշակիրները գրոհում են ակրատների («զակուսկաների») վրա, զորօրինակ, այսօր պարտադիր են կարմիր լոբին, մոժոժը, թթուն, ձկնկիթը, խաչապուրին և այլն։ Դրկիցությունը խստորեն քաղաքականացված է, ընդդիմադիրը բնավ անելիք չունի իշխանավորի սեղանի շուրջը։ Բանակի գեներալի կողքին կարող է բազմել նվազագույնը բանկիրը կամ դատախազը։ Սույն անկաշկանդ խաշկերույթը սկսվում է կեսօրին մոտ, ձգվում մինչև կեսգիշեր։ Զի խաշին հաջորդում են խորովածը (գառան, թոքի, խոզի և լորի), իշխանն ու կարմրախայտը, փուռը տված կաքավներն ու Խոսրովի արգելոցի վերջին քարայծի պոչի ղավուրման։ Ի դեպ, այդ ինչպես է, որ յուրաքանչյուր օր Խոսրովի արգելոցում զոհաբերվում են վերջին արջը, խոյը, եղնիկն ու քարայծը, սակայն ազատահայ մեր սեղաններին դրանք անպակաս են։ Այսպիսով, անկաշկանդությունը խաշկերույթի բնագավառում ահա նման բնագծեր նվաճելու հնարավորություն ընձեռեց։ Բռա՛վո։

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆԸ

(քաղաքական փասիանս)
Սովետահա՜յ ընտրությունները։ Ծաղր ու ծանակ։ Սովետահայ ժողովրդի ընտրյալները (զորօրինակ, ակադեմիկոս Վռամշապուհը, առաջավոր կթվորուհի Իզաբելլան, մարզիկ Վարազն ու հանքափոր Սուքիասը) ընտրվում էին ժողձայների 99,9 %-ով։ Առաջին անգամ ընտրել եմ սովետառուս զորանոցում։ Մութուլուսին արթնացրին կողքերս հուշիկ խուտուտ տալով։ Տագնապի ազդանշան հնչեցնել, հասկանալի է, չէին կարող։ Սրարշավեցինք ասես կարմրուկով հիվանդ մեր ակումբը, որը ալ կարմիր փալասներով էր պատված։ Ընտրեցինք քնաթաթախ, բայց կարգապահ։ Հետո պարզվեց, որ ձայն ենք տվել «Իլյիչի գրիչը» կոլտնտեսության առաջամարտիկ-խոզապահ Մատրյոնա Տոլստոժոպովային։ Մատրյոնա Բենեդիկտովնան ընտրվեց քվեների 99,9 %-ով։ Ով էր 0,1 % ձայնը, մնաց հանելուկ։ Բայց սիրտս, ինչպես հրեղեն Չարենցի մոտ, Լիպոյին հիշելիս, գինով էր լցվել. 0,1 %-ը գուցե սովետառուս այլախոհ Սոլժենիցինն էր, կամ սովետահայ ընդդիմադիր-ասպետ Զատիկյա՞նը։

Նորանկախ մեր ընտրություններն անկաշկանդության գլուխգործոցներ են։ Արդի յուրաքանչյուր հայորդու կենսագրությունը եթե հանձնենք իրավապահ ատյաններին, ապա, վստահ եղեք, բնակչության 90 %-ը կներգաղթի կալանավայրեր։ Զի նրանք կաշառակեր են ակամա-կամա։ Չէ՞ որ յուրաքանչյուրիս կենսագրության մեջ շողշողում է հինգհազարանոց թղթե կաշառադրամը։ Դրանց ձևաչափը նույնական է, բայց հոտն է տարբեր, նայած ումից ես ընտրակաշառքը ստացել` աջ արմատականների՞ց, ձախ սաղարթավորների՞ց, թե՞ միջանկյալ ձեռնասուններից։ Այո՜, անկաշկանդ մեր ընտրությունները նոր ու բուրումնավետ բազում էջեր բացեցին հայժողպատմության էջերում։ Դրանք սոցիոլոգիական գյուտեր են, տեղեկատվական հայտնություններ։ Ասենք ավագանու ընտրությունները` գյուղում, թաղում, քաղաքում։ Տեղական թմրամոլների և իշխանական կատարածուների ողջ տեսականին հանրությանն էր մատուցվում նախընտրական գույնզգույն բուկլետներից։ Յուրաքանչյուր բակ, թաղամաս և շրջան «1-02» տեղեկատուի թռուցիկների տողադարձն էր։ Այո՜։ Չգիտես ինչու ԱԺ պատգամավորության թեկնածուներից շատերի պատկերներն ի հայտ էին գալիս, մեղմ ասած, ոչ այնքան ցանկալի վայրերում։ Զորօրինակ, դեղատան այն հատվածում, ուր հիգիենիկ պարագաներ են վաճառում։ Կամ` աղբահորի դռան վրա։ Այսինքն` ամենամարդաշատ վայրերում։ Մի խոսքով` «հանցավորներս» ընտրում ենք «հանցագործներին»։ Եվ սա անկաշկանդ ԱԺ ընտրություններն են։ Ինչու չակերտվա՞ծ: Դե մի՞թե պարզ չէ. բռնված չես, գող չես։ Ընդամենը որսագող ես։

ԿԵՑՑԵ՛ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ
(փասիանսը շարունակում ենք)
Կոռուպցիան մեր տնտեսության խթանիչն է, լոկոմոտիվը, համն ու հոտը։ Զարմացա՞ք։ Զուր։ Պատկերացրեք` արմատախիլ ենք անում կոռուպցիան։ Պատկերացրի՞ք։ Դժվար թե։ ՈՒրեմն հետևեք մեր «Լճիցլիճյան» զարգացումներին։ Դիցուք նախկին քրեական թափթփուկը, որ անկաշկանդ կենսապայմաններում ձեռք է բերել մայլաքուչային հեղինակություն և սերտորեն համագործակցում է անխտիր բոլոր իշխանությունների հետ, կամենում է բակի կանաչ տարածքի, մանկական խաղահրապարակի և ավագ սերնդի մխիթարություն զրուցարանի հաշվին հացի փուռ կառուցել։ Հուշեմ` հիշեք. նրա գումարը գարշաբույր է, կորզված ընտրարշավներում։
Անթույլատրելին թույլատրելի դարձնելու համար պիտի՞ կաշառի, հարկավ։ Կաշառքը կաշառասուն պաշտոնյաների ձեռքում մի՞թե չներհոսեց մեր տնտեսություն, զորօրինակ, որպես զավակների ուսման վարձ, բնակարանի կապիտալ նորոգում, շրջագայություն Իսպանիայում և այլն։ Մի՞թե վատ է։ Ճիշտ է, գներն են մի փոքր կծող։ Զորօրինակ, եթե փողոցի վրա է տեղակայված «օբյեկտդ», և շուկան պահանջում է, որ մուտքդ փողոցին նայի, պիտի կաշառք տաս` 5-7 հազար դոլար։ Տգեղ արարք է, համամիտ եմ։ Բայց մի՞թե սույն գարշաբույր փողը դուրս հոսեց երրորդ հանրապետությունից։ Հարկավ` ոչ։ Անշուշտ, հացի փռի, զվարճանքի վայրի կամ այլ շուկայաբորբ զառանցանքի ապօրինի կառուցման համար կաշառաչափն աճում է, հավասարվում, զորօրինակ, 50 հազար եվրոյի։ Լավ, եթե արգելենք թափթփուկին փուռ կամ պանդոկ կառուցել հանրային բարոյականի հաշվին, նա արդյո՞ք գրպանած միլիոնը բարեգործական նպատակներով կծախսի։ Հարկավ` ոչ։ Կառնի այդ գումարն ու հայդե՜ Վրաստան։
Սակայն սրանք մանր-մունր դրվագներ են։ Երկիրն առաջ է քայլում հենակներով հենված համապետական-համազգային կոռուպցիայի ուսերին։ Շրջանառվում են միլիարդավոր դոլարներ, եվրոներ և ֆունտ-ստեռլինգներ։ Այո, երիցս ճիշտ եք, այսօր երկրում անապահով են միայն անճարակ-գաղափարականներն ու մաքրամոլ-ազգայինները։ Այսինքն` նրանք, ովքեր դաժանորեն խանգարում են, որ ՀՀ ողջ բնակչությունը ներառվի նախընտրական խաբեությունների և համապետական կոռուպցիայի հորձանուտը։ Եվ ապրի մարդավայել։ (Համաձայն «ԼԼ» վերլուծաբանների` այս պարագայում նվազագույն աշխատավարձը կկազմի 350 հազար դրամ)։

ՎԵՐՋԵՐԳ
(տրագիկոմիկ լուսնահաչ)
Այո՜, եթե աղքատությունը չի վերանում, վերացնում ենք աղքատներին և նպաստառուների ազատված գումարները նպատակաուղղում ենք օլիգարխիատի փոխօգնության հիմնադրամ։ Այո՜, եթե գյուղնախարարությունը պատուհաս է գյուղացու գլխին, յուրաքանչյուր գյուղ ապահովում ենք մեկական գյուղնախարարությամբ և գյուղնախարարով։
Եվ ընտրյալ պարարտանյութով պարարտացնում ենք ցորենի արտերը, որպեսզի հաջորդ ամռանը կանեփի, յոնջայի և արևածաղկի լիառատ բերք ամբարենք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ