Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արտաքին գործոնի շահարկումը պատահական չէ և օբյեկտիվ բնույթ է կրում

Արտաքին գործոնի շահարկումը պատահական չէ և օբյեկտիվ բնույթ է կրում
18.12.2012 | 00:28

Հայաստանի նախագահի ընտրությունը մշտապես դիտարկվել է թիվ 1 քաղաքական միջոցառման համատեքստում` իր ենթատեքստում ունենալով փոփոխությունների, բեկումների և զարգացման ճանապարհների փոփոխման կամ շարունակության ընկալումը: Խորհրդարանական ընտրությունը հայաստանյան հասարակական ընկալումներում երբեք չի հանդիսացել բեկումնային և ճակատագրական իրադարձություն, ինչը չի կարելի ասել նախագահական ընտրության մասին: Այդ է պատճառը, որ քաղաքական կրքերը հիմնականում բորբոքվում են նախագահական ընտրության ժամանակ: Այդպես եղել է 1996, 1998, 2003 և 2008 թվականներին: Միևնույն ժամանակ, հայաստանյան հասարակական-քաղաքական միտքը բավականին լուրջ դերակատարություն է ընձեռում նաև նախագահի պաշտոնի հարցում արտաքին դերակատարների վերաբերմունքին և գործունեությանը: Անցած 21 տարիներին նախագահի պաշտոնի համար մրցակցող քաղաքական ուժերը մշտապես փորձել են օգտագործել աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումներն ու նախասիրությունները` այդ կերպ փորձելով տպավորություն գործել ընտրազանգվածի վրա:
Պետք է նշել, որ արտաքին գործոնի շահարկումը պատահական չէ և օբյեկտիվ բնույթ է կրում: Հարավային Կովկասը ամենաբարդ տարածաշրջաններից է, որտեղ բախվում են աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը: Մեր տարածաշրջանը ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի և Իրանի շահերի բախման կիզակետում է, և տարածաշրջանային փոքր երկրները` Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, ստիպված են որոշակի հարաբերություններ պահպանել այս ծանրքաշայինների հետ, փորձելով չվնասել սեփական երկրի շահերին ու չհայտնվել «աշխարհաքաղաքական զոհի» կարգավիճակում: Ի դեպ, այդ կարգավիճակում 2008-ի օգոստոսին հայտնվեց Վրաստանը, քանզի թիկունքում ունենալով Արևմուտքի աջակցությունը` փորձեց լուծել տարածքային ամբողջականության խնդիրն ու անտեսել ՌԴ-ի շահերը: Խճճված աշխարհաքաղաքական իրադրությանը գումարվում են նաև տարածաշրջանային ազգային հակամարտությունները, որոնց լուծումն անհնար է պատկերացնել առանց աշխարհաքաղաքական համաձայնությունների:
Ադրբեջանի հետ ունենալով չկարգավորված հակամարտություն և կիսապատերազմական վիճակ` Հայաստանի քաղաքական ուժերի համար ևս կարևոր նշանակություն ունի աշխարհաքաղաքական կենտրոնների վերաբերմունքի հարցը, քանզի ընտրազանգվածը գիտակցում է այն պարզ իրողությունը, որ չի կարելի իշխանության բերել մի ուժի, որը չի բավարարի արտաքին ուժերի ակնկալիքներն ու չի վայելի նրանց վստահությունը: ՈՒշագրավ է, որ միայն ռուսական կամ միայն արևմտյան ուղղության հետևորդ քաղաքական ուժը, գալով իշխանության, լուրջ խնդիր կունենա արցախյան հակամարտության կարգավորման հարցում, քանզի միակողմանիությունը իր հետ կարող է բերել մյուս դերակատարների դժգոհությունը, ինչն էլ իր արտացոլումը կունենա հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Թերևս սա է գլխավոր պատճառը, որ արտաքին դերակատարներին հայաստանյան քաղաքական ուժերը այդչափ կարևորություն են տալիս:
Միևնույն ժամանակ, հայաստանյան ոչ բոլոր քաղաքական ուժերն են կարողանում լուրջ ազդեցություն և լուրջ տպավորություն թողնել աշխարհաքաղաքական կենտրոնների վրա: Այսպես. ԲՀԿ-ն, նպատակ ունենալով բարձրացնելու իր կշիռն ու դրանով հավելյալ ազդեցություն գործելու ընտրազանգվածի վրա, բավականին ակտիվ աշխատանք էր տանում ռուսների, հետո նաև` եվրոպացիների հետ: ԲՀԿ-ն անգամ փորձեց սեփականաշնորհել «եվրասիական դրոշը», սակայն շատ կարճ ժամանակահատվածում պարզ դարձավ, որ հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմանը միտված աշխատանքներում Կրեմլը հայաստանյան գլխավոր գործընկեր է տեսնում ավելի արդյունավետ և կենսունակ ՀՀԿ-ին: ԲՀԿ-ում կարծում էին, թե կուսակցությանը ԵԺԿ դիտորդի կարգավիճակի հարցում մերժելը կարող է խթան հանդիսանալ, որպեսզի ռուսական քաղաքականությունը գլխավոր խաղադրույքը կատարի ոչ թե ՀՀԿ-ի, այլ ԲՀԿ-ի վրա: Սակայն Գագիկ Ծառուկյանի և նրա շրջապատի սպասումները չիրականացան, և ԲՀԿ ղեկավարությունը շտապողական քայլեր ձեռնարկեց եվրոպական կառույցների հետ մերձենալու ուղղությամբ: Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ պատվիրակության այցը Բրյուսել ևս չարդարացրեց ակնկալվող սպասելիքները, քանզի եվրոպացիները ևս ցանկանում են համագործակցել կենսունակ և քաղաքական միավորների հետ, ոչ թե անհասկանալի նպատակներով ստեղծված և «լողացող» վարքագծով կուսակցությունների հետ:
Ինչևէ, դեկտեմբերի 15-ին կայացած ՀՀԿ արտահերթ համագումարը, ըստ էության, պատասխանեց աշխարհաքաղաքական կենտրոնների հետ իշխանությունների ունեցած հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցերի: ՌԴ իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսի և ՉԺՀ կոմկուսի կենտկոմի ուղերձները լրջագույն փաստարկ են` պնդելու, որ աշխարհաքաղաքական կենտրոնների համար Սերժ Սարգսյանն ընդունելի գործընկեր է: Փաստորեն, ՀՀԿ համագումարի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ԲՀԿ և ՀԱԿ շահարկումներն ու հավակնությունները իրատեսական չէին` հանդիսանալով «բլեֆի» քաղաքականության վառ դրսևորումներից մեկը: Հիշենք, որ տևական ժամանակ ՀԱԿ-ը լրատվական շրջանառության մեջ էր դրել այն «կարծիքը», թե Արևմուտքը չի ցանկանում Հայաստանի նախագահի պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին: Մինչդեռ, 2008-2012 թթ. հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացում են ապրել աննախադեպ տեմպերով: Դրա վառ ապացույցը վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանի այցն էր ԱՄՆ, որի ընթացքում Հայաստանի վարչապետը ոչ միայն բանակցություններ է վարել ու պայմանավորվածություններ ձեռք բերել ամերիկյան կապիտալի ներկայացուցիչների հետ Հայաստանում ներդրումներ կատարելու մասով, այլև, հանդիպելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանն աննախադեպ ակտիվությամբ կայուն հարաբերություններ է կառուցել նաև եվրոպական շրջանակների հետ, ինչի դրսևորումը եղավ ՀՀԿ համագումարի ընթացքում Մարտենսի ուղերձը: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա Սերժ Սարգսյանի իշխանությունը Կրեմլի պաշտոնյաների համար չի կարող այլընտրանք ունենալ, քանզի վերջին տարիներին զարգացել և համագործակցության նոր փուլ են թևակոխել նաև հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները: Նշենք նաև, որ կարճ ժամանակահատված հետո դժվար է լինելու պատկերացնել Հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության պայքարն առանց ՉԺՀ-ի, ուստի չինացիները ևս քայլեր են ձեռնարկում Հայաստանում կայուն և վստահելի գործընկերներ ձեռք բերելու համար: Ինչևէ, 2013 թ. նախագահի ընտրության նախաշեմին կարելի է պնդել, որ գործող իշխանությունը, ի դեմս նախագահ և վարչապետ Սարգսյանների, մրցակից չունի գոնե աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններ հաստատելու և շարունակաբար զարգացնելու ներուժի մասով, ուստի նախագահի մյուս թեկնածուներին շատ բարդ է լինելու շահարկել արտաքին գործոնի հարցերը: Արդեն իսկ կայացած փաստ է` Սերժ Սարգսյանն աշխարհաքաղաքական կենտրոնների համար Հայաստանի նախագահի ամենացանկալի թեկնածուն է:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ