Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Նոր «ՀՀ Կարմիր գիրքը» ավելի ծավալուն է և ընդգրկուն

Նոր «ՀՀ Կարմիր գիրքը» ավելի ծավալուն է և ընդգրկուն
02.01.2013 | 16:07

«Չենք փորձում հասկանալ, որ մեր արարքը ոտնձգություն է գեղեցիկի և ընդպանրապես, արարչագործ մայր բնության հանդեպ»

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում վերջերս վերահրատարակված նոր «ՀՀ կարմիր գիրքն» առաջինի համեմատությամբ ավելի ծավալուն, ավելի ընդգրկուն է, քանի որ հին գրքում գրանցված 99 անհետացող ողնաշարավոր կենդանիների փոխարեն այն այժմ ներառում է 308 կենդանատեսակ (155 տեսակի անողնաշար,153 ողնաշարավոր), 452 տեսակի անոթավոր բույսեր (150-ով ավելի), ինչպես նաև 40 տեսակի սնկեր:
«Ի՞նչն է տվյալ գործոնի հիմնական պատճառը, և ինչո՞ւ հատկապես վերջին 20 տարում են անհետացման վտանգի առջև հայտնվել այդչափ մեծ թվով կենդանիներ ու բույսեր»- հարցով սկսեցինք զրույցը կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կառավարման բաժնի պետ ԱՐԱՄ ԱՂԱՍՅԱՆԻ հետ:

-Այդ կենդանատեսակների և բուսատեսակների մեծ թվաքանակով անհետացման եզրին հայտնվելը վերջին երկու տասնամյակում հանրապետությունում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխությունների հետևանք է, որը բացասաբար է ներգործել կենսաբազմազանության վրա` կրճատելով կենդանիների ապրելավայրերը` միաժամանակ ազդելով բույսերի հետագա աճի և զարգացման վրա,- փաստեց պարոն Աղասյանը:- Դրան զուգահեռ, տարեցտարի ավելանում են նաև ընդերքօգտագործման ու ոչ խելամիտ շինարարության ծավալները, որոնց հարվածն ամենամեծն է էկոհամակարգերին ու բնությանը: Կենսաբազմազանության վրա բացասաբար են անդրադառնում նաև կլիմայի գլոբալ փոփոխություններն ու տարածաշրջանային անապատացումը, որոնք տարեցտարի գնալով ահագնանում են:
-Նոր «Կարմիր գրքում» կա՞ն այնպիսի կենդանատեսակներ, որոնք իսպառ վերացել են:
-Այո: Իշխան ձկան չորս ենթատեսակներից երկուսը (ձմեռային բախտակն ու բոջակը) լրիվ վերացել է, ոչնչացման եզրին է նաև ամառային բախտակը: Քիչ թե շատ ապահով վիճակում է գեղարքունի տեսակը, այն էլ հիմնականում Արարատյան դաշտի մի քանի արհեստական լճակներում բազմացնելու շնորհիվ: Վերոնշյալ ձկնատեսակը, որի պոպուլյացիայի կրճատումը հիմնականում կապված էր Սևանա լճի մակարդակի իջեցման և դրա պատճառով վերջինիս ձվադրավայրերի չորացման հետ, և որը 1976 թվականից տեղ է գտել նախկին ԽՍՀՄ-ի և Հայաստանի «Կարմիր» գրքերում, ներկայումս կանգնած է իսպառ անհետացման առջև:
Անհետացած են համարվում նաև Դալի ավազամուկը, որը նախկինում ապրում էր «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում, ինչպես նաև կովկասյան ազնվացեղ եղջերուն, սակայն հույս ունենք դրանք հետագայում վերականգնելու` արեալի մյուս հատվածներից բերել- վերաբնակեցնելով մեր երկրում` միաժամանակ ապահովելով դրանց կենսակերպին բնորոշ միջավայրի պահպանությունը:
Իսպառ վերացած կենդանատեսակ էր համարվում նաև շերտավոր բորենին, սակայն վերջերս այն հայտնաբերվեց Մեղրու տարածաշրջանում:
-Խնդրում եմ նշեք նաև նոր «Կարմիր գրքում» ընդգրկված առավել վտանգված կամ անհետացող կենդանիներից մի քանիսին:
-Այսօր անհետացման եզրին են և «Կարմիր գրքում» ընդգրկվել են կովկասյան ընձառյուծը կամ հովազը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, որոնք տարիներ առաջ տարածված էին Հայաստանի լեռնային գոտիներում, իսկ այժմ սահմանափակ քանակությամբ հանդիպում են «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետարգելոցներում, «Զանգեզուր» պետական արգելավայրում և բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ): Մուֆլոնի և բեզոարյան այծի վերացումը կհանգեցնի նաև հովազի վերացմանը, քանի որ վերջինս գոյատևում է հիմնականում նշված կենդանիների որսով: Այդ կենդանիների հետագա գոյատևման հարցը լուծելու և բնական վերարտադրությունը տեղում կազմակերպելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
Առավել վտանգված են համարվում և նոր գրքում ընգրկվել են, օրինակ` որսորդական բազեն, տափաստանային մկնաբազեն, քարարծիվը, արքայարծիվը, հսկայամարմին սպիտակագլուխ և սև անգղերը: Վերջիններս, որոնց անվանում են նաև «բնության սանիտարներ», սնվում են հատկապես սատկած կենդանիների լեշերով ու դաշտերում տարածված կրծողներով` այդ ձևով կանխելով վնասատուների, ինչպես նաև զանազան վարակների տարածումը:
Նշեմ նաև, որ անհետացման եզրին են էնդեմիկ (միայն տվյալ տեղանքին հատուկ) տեսակներին պատկանող Դարևսկու իժը, տակիրային կլորագլուխ, փոքրասիական, հայկական ժայռային և Դալի ժայռային մողեսները: Նշված տեսակները, որոնք միայն Հայաստանն ունի, եթե անհետանան, ուրեմն դրանք կկորցնի նաև ամբողջ աշխարհը:
-Իսկ ի՞նչ կասեք նոր գրքում տեղ գտած վերջին տարիներին վերացող բուսատեսակների մասին:
-Բուսատեսակներից «Կարմիր գրքում» հայտնվելու «բախտին է արժանացել» ռելիկտային ծառատեսակ համարվող արևելյան սոսին, որի ամենամեծ բնական պուրակը Կովկասում, յուրահատուկ միկրոկլիմայական պայմանների շնորհիվ, պահպանվում է Սյունիքի մարզի Ծավ գետին հարող տարածքում: Հազվագյուտ համարվող այս ծառատեսակի պուրակը ապօրինի հատումների, հարակից գյուղերի գործունեության և անասունների արածեցման պատճառով, վերջին քսան տարում նոսրացել էր: Սակայն վերջին 4-5 տարիներում տնկարանի հիմնման և վերականգնման աշխատանքների շնորհիվ պուրակում վիճակն անհամեմատ լավացել է: Նշված պուրակի համակեցության պահպանման արդյունքում այդ հրաշագեղ ծառը կարող է առատ ինքնացանքս տալ, և շնորհիվ դրա զարդարել քաղաքների, մեծ բնակավայրերի փողոցներն ու զբոսայգիները:
Անհետացման եզրին է հայտնվել եփրատյան կամ տարատերև բարդին, որի վրա աճում է տարբեր ձևի ու մեծության մինչև յոթ տերև, և նման երևույթը քիչ բույսերի է հատուկ: Այդ զարմանալի «կենաց» անվանումով ծառը, որի կեղևի մեջ ու բողբոջներում պարունակող բուժիչ եթերայուղերն ու ներկը օգտագործվում են բժշկության և կոսմետիկայի ոլորտներում, փոքր թվաքանակով դեռևս պահպանվում է Մեղրու տարածաշրջանում` Արաքս գետի ափին:
-Նոր «Կարմիր գրքում» նշվե՞լ է անհետացող բուսատեսակների և կենդանիների բաշխվածությունն ըստ տարածաշրջանների:
-Իհարկե: Այդ նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և բուսաբանության ինստիտուտի մասնագետները չորս տարի (2007-2010 թթ.) անընդմեջ գիտական ուսումնասիրություններ են անցկացրել հանրապետության ողջ տարածքում` անհետացող բույսերի տեսակները մարզերի կտրվածքով հայտնաբերելու և դրանց կենսակերպերի մասին նոր «ՀՀ կարմիր գրքում» հանգամանորեն արձանագրելու նպատակով:
Կան տարածաշրջաններ, որտեղ անհետացող տեսակները շատ են, բայց դա չի նշանակում, թե մյուսներում դրանց վիճակը վատ է, կամ այնտեղ դրանք լավ չեն պահպանվում: ՈՒղղակի այդ տեղերում, բնակլիմայական պայմանների տեսակետից, «Կարմիր գրքում» ընդգրկված անհետացող որոշ տեսակների աճի և զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ կան: Իսկ որոշ կենդանիների ու թռչունների տեսակներ, ըստ տարածաշրջանների, դժվար է ցուցակագրել, որովհետև վերջիններս անընդհատ (հատկապես գարնանն ու ձմռանը) մի բնակավայրից մյուսը տեղափոխվելու կամ չվելու մեջ են:
-Կա՞ն բույսեր, կենդանիներ, որոնք արդեն անհետացման վտանգի տակ են, սակայն գրքում չեն ներառվել:
-Այո , հայկական տառեխիկ, լոքո, կարմրակն ձկնատեսակները, ինչը մենք նախկինում շատ ունեինք, և այդ գիտակցությունն ու մոտեցումը դեռևս պահպանվում են նշված կենդանատեսակների նկատմամբ: Սակայն եթե այդ մոտեցումը նույն տեմպերով շարունակվի, ապա մոտ ապագայում դրանք էլ կկորցնենք և այլևս չենք ունենա:
-Առաջին «Կարմիր գրքում» ներառված բոլոր կենդանատեսակներն ու բուսատեսակներն ընդգրկվե՞լ են երկրորդում:
-Հետաքրքիր է, որ «ՀՀ կարմիր գրքի» առաջին հրատարակության մեջ ընդգրկված բույսերի տեսակների վերագնահատման հետևանքով դուրս է մնացել նախորդ գրքում գրանցված 162 տեսակ: Պատճառն այն է, որ նոր ուսումնասիրությունների արդյունքում, այդ տեսակների տարածման մեծ արեալների ու նոր հայտնաբերված աճելավայրերի շնորհիվ, բացահայտվել է դրանց գոյության վրա ուղղակի ազդող վտանգների բացակայությունը, կամ էլ պարզապես կարգաբանական տեսակետից սխալ որոշում կայացնելու պատճառով դրանք ժամանակին ճիշտ չեն գնահատվել:
-Նոր «Կարմիր գրքի» էլեկտրոնային տարբերակը ե՞րբ է զետեղվելու համացանցում:
-Մենք էլեկտրոնային տարբերակով բոլոր նյութերն ունենք: (Այսօր շատ երկրներում գրքերը չեն էլ տպում, այլ տեղեկատվական բազան տեղադրում են համացանցում, որը հետագայում անընդհատ թարմացվում, լրացվում է):
Սակայն դրանք համացանցում տեղադրելու համար ֆինանսական խնդիրներ կան, որոնց լուծման հարցը մի քանի անգամ քննարկվել է նախարարությունում: Հուսով ենք` այդ շատ անհրաժեշտ խնդիրը առաջիկայում լուծել:


Զրուցեց` Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
Հ. Գ.- Իմ առջև գեղեցիկ ձևավորված կազմով, շքեղ հրատարակությամբ, հրաշալի նկարազարդումներով նոր «ՀՀ կարմիր գիրքն» է, որը ես թերթում եմ ափսոսանքով, տխրությամբ և սրտի անհուն ցավով: Նայել-սքանչանալով էջերից ինձ հառնող հայկական չքնաղ բնաշխարհով և նրա կենդանական, բուսական գեղեցիկ ու չափազանց կարևոր տեսակների բազմազանությամբ, մի պահ մոռանում եմ նաև դրանց իսպառ ոչնչանալու իրական վտանգի մասին:
Ապրելով նույն աշխարհում և իրար կողքի` մեր և այդ կենդանիների իրավունքները հավասար են, սակայն մարդ-ասունի ենթագիտակցությամբ սպանում ենք նրանց` զրկելով կյանքից: Մենք պոկում ենք բույսը, կտրում ծառը` ընդհատելով նրանց հետագա աճն ու զարգացումը, առանց մտածելու, որ դրանք կարող են իրենց տեսակի մեջ վերջին առանձնյակը լինել, վերջին նմուշը: Ինչպես և կենդանին կարող է լինել իր տեսակի վերջին նմուշը:
Երբեք չենք փորձում հասկանալ-գիտակցել, որ մեր արարքը միաժամանակ ոտնձգություն է մեր սեփական կյանքի, գեղեցիկի և ընդհանրապես, արարչագործ մայր բնության հանդեպ:

Դիտվել է՝ 14074

Մեկնաբանություններ