Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Երբ մեր «կենդանասեր» մեծահարուստների համար երակը կտրվել է, կենդանաբանական այգու դեմ ընդհանուր դժգոհության դաշտ է ստեղծվել»

«Երբ մեր «կենդանասեր» մեծահարուստների  համար երակը կտրվել է, կենդանաբանական  այգու դեմ ընդհանուր դժգոհության դաշտ է ստեղծվել»
05.02.2013 | 11:26

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ զրույցը, բնականաբար, անդրադարձ է վերջերս այգում արձանագրված առյուծի անկմանն առնչվող պատմությանը և այգու շուրջ ծայր առած հերթական աղմուկին:
Տնօրենը մեզ ներկայացրեց փաստեր, պաշտոնական փաստաթղթեր, որոնց մասին որոշ մանրամասներ ներառված են այս հարցազրույցում: Ինչպես նշեց Ռուբեն Խաչատրյանը, ստեղծված իրավիճակը նախկին և ներկա տնօրենների միջև հակամարտություն, պայքար չէ: Պայքարը նախկինում Երևանի կենդանաբանական այգում տիրող իրավիճակի դեմ է և նպատակ ունի շտկելու այդ իրավիճակը:
Կանխավ հավաստիացնում ենք, որ «Իրատես de facto»-ն պատրաստ է հրապարակելու նաև այն անձանց տեսակետներն ու վարկածները, որոնք կունենան անհամաձայնություններ այս հրապարակման հետ:

-Պարոն Խաչատրյան, լինելով չափազանց հեռու կենդանաբանության ոլորտից, ընդամենը ինքս ինձ համար ցանկանում եմ պարզել մի բան. կարո՞ղ են նույն վանդակում ապրող երեք քաղցած գիշատիչ չհոշոտել միմյանց և սպասել, որ պատահաբար իրենց վանդակ ներխուժի չորրորդը, որ հոշոտեն նրան` իրենց քաղցը հագեցնելու համար:
-Իմ տնօրենության օրոք կենդանիները երբեք կերակրի պակաս չեն ունեցել, և տարածված լուրն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում. առյուծին ոչ թե հոշոտել, այլ խեղդել են: Այդ հայտարարությունը տգիտության արդյունք է ուղղակի: Գիշատիչներն ունեն իրենց տարածքները թե՛ բնության մեջ, թե՛ կենդանաբանական այգում: ՈՒ եթե որևէ մեկը խախտում է այդ տարածքը, ապա նրանք պարզապես պաշտպանում են այն օտարի ոտնձգությունից: Պատճառը սա է եղել միայն: Իսկ առյուծի` մի վանդակից մյուսն անցնելու պատճառը եղել է ճաղավանդակի կոտրվելը: Ճաղավանդակի շինարարությունը կատարվել է մոտ երեք տարի առաջ, կառուցվել է առանց շինարարական նախագծի, առանց որևէ հիմքի, առանց մասնագիտական մոտեցման: ՈՒղղակի ինչ-որ բարերար առձեռն գումար է նվիրել` առյուծների այդ «ճաղավանդակը» պատրաստելու նպատակով: Եթե իննսունականներից այս կողմ որևէ շինարարություն է իրականացվել, ապա արվել է նմանատիպ անփութությամբ: Հենց այսօր առավոտյան եկել ենք աշխատանքի և տեսել, որ մուֆլոնների տարածքն ընդհանուր տարածքից բաժանող ճաղավանդակն ուղղակի պառկած է գետնին: Այգու կառույցների շուրջ իննսուն տոկոսը քանդման և վերակառուցման կարիք ունի: Այս պայմաններում, իհարկե, նման պատահարներն անխուսափելի են, սակայն բարձրացված աղմուկը վերաբերում է նաև այգու խոտանման ենթակա կենդանիների անկման փաստին: Տեղեկացնեմ բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն, որ կենդանաբանական այգիները կառավարում են ցուցադրվող կենդանիների ընտրությունը, քանակը և որակը: Սա իրականացվում է մասնագիտական մոտեցմամբ, կանոնակարգի և հաստատված տեսլականի սահմաններում: Եվ անտեղյակ մարդիկ անգամ սրա շուրջ են աղմուկ բարձրացնում` չխորանալով իրական փաստի մեջ, ինչպես ոտքը վնասած կուլանի էֆթանազիայի դեպքում եղավ: Եվ էֆթանազիայի նախընտրելի լինելու գործոններից մեկն էլ այն է, որ այդ ձևով սպանված կենդանու մսով կարելի է կերակրել մյուս կենդանիներին: Դա աշխարհում ընդունված ձև է, սահմանված նորմ, որը մեզ մոտ, չգիտես ինչու, մեծ աղմուկի պատճառ է դառնում: Եվ դա միշտ է արվել այստեղ: Բայց երբ նախկինում այս այգուց, մեզ հասած տեղեկություններով, ինչպես նաև փաստաթղթերով, Սուրբ խաչի օրերին նույն կամերունյան այծերն են վաճառվել, ոչ ոք դրա մասին չի բարձրաձայնել, ոչ մի աղմուկ չի բարձրացել: Իսկ երբ մենք, աշխարհում ընդունված չափանիշներին հետևելով, տվյալ տարածքի կամ վանդակի գերբնակեցված կենդանիներին տեղափոխում ենք կամ խոտանում, հանկարծ որոշ մարդիկ վրդովվում են, աղմկում: Երբ գետաձին է սատկում` որովայնում հայտնաբերված պլաստիկ շշի պատճառով, այնպիսի աղմուկ չեն բարձրացնում, որքան առյուծի անկման դեպքում: Լավ կլինի, որ ասեկոսեներ տարածելու կամ դրանց հավատալու փոխարեն հետաքրքրվեն, թե ինչ դրական փոփոխություններ են իրականում տեղի ունեցել կենդանաբանական այգում: Իսկ փոփոխություններն ավելի քան ակնհայտ են:
-Ասում եք, որ կենդանաբանական այգու ճաղաշարերն առհասարակ անապահով են: Այգու այցելուների և կենդանիների միջև եղած պատնեշներն է՞լ կարող են կոտրվել, մարդիկ նո՞ւյնպես ապահովագրված չեն աղետներից կենդանաբանական այգում:
-Այո՛, մարդկանց համար վտանգ գոյություն ունի, սակայն` ոչ այցելուների: Վտանգն առկա է կենդանի խնամողների համար, և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվել են ու դեռ պիտի իրականացվեն` իրավիճակը շտկելու համար: Իսկ այցելուների համար կառուցվել են նոր պատնեշներ, որպեսզի վտանգը նվազագույնի հասցնենք: 2011 թվի ապրիլից կենդանաբանական այգում գործում է անվտանգության ծառայություն, որը հետևում է թե՛ մարդկանց և թե՛ կենդանիների անվտանգությանը գիշեր ու զօր: Նախկինում կար վտանգ, որ այցելուն ուղղակի կարող էր ձեռքը մտցնել, օրինակ, գայլերի ճաղավանդակից ներս, և պարզ է, թե ինչով դա կավարտվեր: Կենդանաբանական այգում իմ աշխատելու մեկուկես տարիների ընթացքում այգին, բացի պետական սուբսիդիայից, կարողացել է մուտքագրել ավելի քան 390 մլն ՀՀ դրամ: Այն ներդրվում է շինարարական աշխատանքների վրա: Շինարարական նոր նախագծերում սկզբունքային նոր մոտեցում ենք ցուցաբերել և կառուցել առանց ճաղերի ընդարձակ ազատավանդակներ կենդանիների համար, որտեղ այցելուի և կենդանու անվտանգությունը հասցված է մաքսիմումի:
-Որքան գիտեմ` պտավոր բորենու և վագրերի ազատավանդակները շուտով պատրաստ կլինեն, պատրաստվում է նաև առյուծների ազատավանդակի նախագիծը:
-Այո՛, բայց այս գործընթացը կապված է մեծ բարդությունների հետ: Նմանատիպ աշխատանքի փորձ մեր երկրում չկա: Թե՛ շինարարների, թե՛ նախագծողների համար սա նորություն է: Մենք ունենք արդեն ձևավորված լավ աշխատանքային թիմ` բաղկացած արտասահմանյան բարձրակարգ մասնագետներից, ովքեր երկար տարիներ զբաղվում են այս գործով և գիտեն կենդանիների պահպանության, խնամքի բոլոր նրբությունները, այցելուներին նյութի ճիշտ մատուցման ձևը: Նրանք պարբերաբար գալիս են Հայաստան, տեղում ուսումնասիրում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները և իրենց փորձը ներդնում մեր այգու բարեփոխման և վերակառուցման գործում: Սա նոր մոտեցում է Երևանի կենդանաբանական այգու համար, որը չի եղել խորհրդային տարիներին հաջորդած քսան տարիներին:
-Կենդանաբանական այգին սկսել է կառուցվել 1941-ին, այս երկարուձիգ տարիների ընթացքում քանի՞ անգամ են իրականացվել հիմնանորոգման աշխատանքներ:
-1954-55 թթ. արվել է բավական մեծ աշխատանք: Եվս մի քանի մանր նորոգումներ արվել են 90-ականների սկզբներին: Ես ուսումնասիրել եմ արխիվային նյութերը, տեղեկացել այգու պատմությանը: Մենք նպատակ ունենք այգու հիմնադրման 75-ամյակի առթիվ մի ստվար գիրք հրատարակել այգու պատմության վերաբերյալ, որում տեղ կգտնեն մեր արխիվում պահպանվող հետաքրքիր տեղեկություններ: Այդ տեղեկությունների մեջ կան ուշագրավ վկայություններ այն մասին, թե ինչ աստղաբաշխական թվերի հասնող գումարներ են ներդրվել այգում կատարված շինարարական աշխատանքների ընթացքում: Այդպիսի արձանագրություններից պարզ է դառնում, թե փող լվանալու ինչ գրավիչ միջոց էր կենդանաբանական այգին նախկինում: Ասվածի ապացույցները բազմաթիվ են կենդանաբանական այգու հաշվապահությունում, որտեղ տեսանելի են մանրամասնությունները` թվերի տեսքով:
-Ես տեսնում եմ մի շարք փաստաթղթեր Ձեր առջև, դրանցո՞ւմ են թվերն ու մանրամասները:
-Այո՛: Մի քանի տվյալ կցանկանայի ուղղակի հրապարակել: Այցելությունների պատկերն այսպիսին է. 2005 թվին այցելուների թիվը կազմել է 99392 այցելու, 2006-ին` 123000 այցելու, 2007-ին` 159458 այցելու, 2008-ին` 165 120 այցելու, 2009-ին` 135043 այցելու, 2010-ին` 92379 այցելու: 2011-ին հանկարծ այցելուների թիվը դառնում է 232849, իսկ 2012-ին` 242614: Չեմ կարծում, որ առաջ, երբ ժամանցի վայրերը Երևանում այնքան շատ չէին, ինչքան այսօր, կենդանաբանական այգի ավելի քիչ մարդ է հաճախել, քան վերջին երկու տարում: Պարզապես իրական թիվը ցույց չի տրվել: Նույնպիսի անհասկանալի պատկեր է կենդանիների վաճառքի արձանագրություններում: 2008-ին 743 հազար ՀՀ դրամի դիմաց վաճառվել է 54 գլուխ կենդանի, 2009-ին` 2 մլն 638 հազար ՀՀ դրամի դիմաց` 55 կենդանի, 2010-ին` 3 մլն 509 հազար ՀՀ դրամի դիմաց` 59 կենդանի, 2011-ի առաջին եռամսյակում` 1մլն 548 հազար ՀՀ դրամի դիմաց` 6 կենդանի: Մեկ այլ հարց է, թե ինչ հիմքով, ինչ իրավունքով են վաճառվել այդ կենդանիները և ում են վաճառվել: Կենդանաբանական այգու կենդանիները համարվում են պետական գույք և կարող են օտարվել միայն օրենքին համապատասխան կարգով: Եվ այս թվերը, որոնք պաշտոնապես գրանցված են, իրականում հեռու են ճշմարիտ լինելուց: Հայտնի չէ, թե քանիսն են վաճառվել առանց համապատասխան գրանցման և ձևակերպման, քանի որ առհասարակ չի տարվել ծնված կենդանիների հաշվառում:
-Իսկ ովքե՞ր են եղել գնորդները:
-Շատ պատահական մարդիկ, ովքեր ուղղակի ցանկացել են ունենալ կենդանիներ: Ոչ ոք չի հետաքրքրվել, թե այդ կենդանիներն ինչպես են հետագայում պահվել, ինչ վախճան են ունեցել: Ես կցանկանայի այս հարցերի մասին բաց խոսակցություն լիներ այն մարդկանց հետ, ովքեր այդքան «մտահոգված» են կենդանիների պաշտպանությամբ: Վաճառվել են կենդանիներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում, և վաճառվել են տարբեր երկրների այգիներին: Ընդ որում` դրանք ոչ թե կենդանաբանական այգում ծնված, այլ վայրի բնությունից այստեղ բերված կենդանիներ են եղել: Գոյություն ունի կենդանիների` երկրից երկիր տեղափոխությունը համակարգող միջազգային կոնվենցիա, որի տակ ստորագրել է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այնտեղ հստակ նշված են բոլոր թույլատրելի նորմերը: Շատ անհատներ, որոնք ուզում էին էկզոտիկ և Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ձեռք բերել, դա կարող էին իրագործել կենդանաբանական այգու միջոցով: Այդ կենդանիները ձեռք էր բերում և Հայաստան էր հասցնում կենդանաբանական այգին, ապա վաճառում կամ փոխանակում: Նման առաջարկներով դիմել են նաև մեզ վերջին մեկուկես տարում և մերժվել: ՈՒ բնական է, որ երբ մեր «կենդանասեր» մեծահարուստների համար այդ երակը կտրվել է, կենդանաբանական այգու դեմ մի ընդհանուր դժգոհության դաշտ է ստեղծվել: Նրանց համար անհանդուրժելի է զրկվել նման հաճույքից: Կենդանիների վաճառք արվել է նաև ռեստորաններին: Դրանց տերերը նույնպես վերջին տարիներին մեզնից ստացած մերժումներից դժգոհ են մնացել:
Բայց մենք այլ կերպ չենք պատրաստվում աշխատելու: Պետական գույքի օտարման իրավական գործընթացը` թե՛ կենդանաբանական այգու կենդանիների, թե՛ տարածքների առումով, պատկանում է քաղաքապետարանին:
-Իսկ անկման դեպքերի մասին տվյալներ ունե՞ք:
-Այո՛: 2008-ին 18 տեսակի 21 գլուխ կենդանու անկում է արձանագրվել, 2009-ին` 16 տեսակի 19 գլուխ, 2010-ին` 21 տեսակի 33 գլուխ, 2011-ին` 27 տեսակի 50 գլուխ, 2012-ին` 25 տեսակի 52 գլուխ:
-Թվերն աճել են վերջին երկու տարում, փաստորեն:
-Պարզապես վերջին երկու տարում ցույց են տրվել իրական թվերը` ի տարբերություն նախորդ տարիների: Նախկինում ծնելության ցուցանիշներն առհասարակ ցույց չեն տրվել: Թաքցվել է ծնված կենդանիների իրական թիվը, հետևաբար անկման դեպքերն էլ ներկայացվել են խեղաթյուրված: Եվ բնական է, որ Երևանի կենդանաբանական այգում կենդանիների անկում է գրանցվում: Ենթակառուցվածքների իսպառ բացակայության, խցավանդակների հնամաշ և անպիտան լինելու պայմաններում մեր ունեցած պատկերը, անկումների առումով, թերևս, սպասելի է:
-Ձեզ մեղադրում են, որ կամայականորեն աշխատանքից ազատում եք նախկին տնօրենի օրոք աշխատած մարդկանց: Ինչպե՞ս բացատրել, որ նախկին հաշվապահը, որ նաև նախկին տնօրենի համագյուղացին է, շարունակում է աշխատել առայսօր:
-Ես ի սկզբանե հայտարարել եմ` եթե մարդը ցանկություն ունի իսկապես աշխատելու, ոչ թե դատարկաբանելու, ապա կաշխատի ինձ հետ: Հակառակ դեպքում անելիք չունի այգում: Կարևոր մասնագետները, իհարկե, շարունակում են աշխատել այգում: Բայց եղան մասնագետներ, ովքեր ինքնակամ հեռացան. օրինակ` գլխավոր անասնաբույժը: Նա սկզբից հայտարարեց, թե ոչ մի կենդանի որևէ առողջական խնդիր չունի: Իսկ իրականում կային շատ խնդիրներ, և այգում անգամ ամենաանհրաժեշտ գործիքները չկային` կենդանիների բուժումը կազմակերպելու համար: Թեև հետագայում ճշտվեց, որ Մյունխենի կենդանաբանական այգին գործիքներ է նվիրել, բայց դրանք չեն գրանցվել և, փաստորեն, չկային այգում: Այդպես նաև այգուն նվիրաբերած համակարգիչներն են անհետացել: Նույն այդ բժիշկն այստեղ, առանց որևէ հիմքի, ինկուբատոր էր աշխատեցնում և բազմացված թռչունները վաճառում:
-Ինչպես երևում է փաստաթղթերից, Ձեր աշխատած և դրանց նախորդած տարիների ցուցանիշները տարբեր են նաև այգու կրեդիտորական պարտքերի մասով: Սակայն մեր ընթերցողին հաշվապահական տվյալներով չծանրաբեռնելու համար պիտի խնդրեմ, որ պատմեք այգում իրականացվող գիտակրթական ծրագրերի, կրթաժամանցի կազմակերպման նոր մոտեցումների մասին:
-Կենդանաբանական այգիները հիմնականում գիտակրթական հաստատություններ են: Եվ մենք այգու այս գործառույթը, որ տարիներ ի վեր մոռացված է եղել, փորձում ենք վերականգնել: Գործում է կենդանաբանական այգուն կից գիտական և զարգացման խորհուրդ` կազմված միջազգային մասնագետներից, հասարակական կազմակերպությունների անդամներից: Շատ նախագծեր իրագործվում են վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ներդրումների ջանքերով: Հասարակության համար պետք է պարզ դառնա, թե ինչ նպատակի է ծառայում կենդանաբանական այգին: Հետխորհրդային շրջանում այգին կորցրել էր իր դերն ու նշանակությունը` դառնալով պարզապես գազանանոց: Այնինչ այստեղ պիտի պայմաններ ստեղծվեն մարդկանց համար, որպեսզի նրանք գան, հանգստանան, համապատասխան գիտելիք, կրթություն ստանան: Մենք պիտի այս նպատակին ծառայենք և լրացնենք այն բացը, որ գոյացել է տարիներ շարունակ ձգված բարձիթողի վիճակի պատճառով: Մեր ծրագրերը ներառում են երեխաների կրթությունը, ինչի շնորհիվ նրանք պիտի ճանաչեն իրենց հայրենի բնությունը, հասկանան, թե ինչ հարստություն ունի այն, կենդանիների ինչ տեսակներ են այստեղ հանդիպում, ինչ խնդիրներ են առկա նրանց հետ կապված, ինչ կերպ պետք է նպաստել կենսաբազմազանության պահպանմանը վայրի բնության պայմաններում և կենդանաբանական այգում: Հիմա աշխարհի շատ երկրներում կենդանաբանական այգիներն զբաղվում են էկոկրթության խնդիրներով: Սա իր մեջ ներառում է բազում հարցեր` սկսած աղբի տեսակավորումից, մշակումից, ջրի, անտառների հետ տարվող աշխատանքներից մինչև ավելի խոր գիտելիքներ: Մեր նպատակն է կապ հաստատել հանրակրթական դպրոցների հետ, անցկացնել դպրոցականների համար կանոնավոր պրակտիկ դասընթացներ հենց կենդանաբանական այգում, ինչպես դա արվում է եվրոպական երկրներում: Կրթելու ձևերից է նաև «Զու» ամսագրի տպագրությունը: Գործում է «Կենդանաբանական այգու ընկերներ» ծրագիրը, ունենք վեբկայք, որ շատ ակտիվ համալրվում է նոր նյութերով: Այս ամենին զուգահեռ աշխատանքներ ենք տանում նաև կենդանիների հետ, որպեսզի նրանք հոգեբանորեն խաղաղ վիճակում գտնվեն, հեշտ լինի իրականացնել նրանց խնամքը, կերակրումը, բուժումը: Այս նպատակին են ծառայում աշխատակիցների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացները Մոսկվայում, Վրաստանում, ինչպես նաև այստեղ` արտասահմանցի մասնագետների կողմից: Այս ամենի արդյունքը եղավ այն, որ մենք մեկուկես տարում կարողացանք դառնալ «Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի» (EAZA) թեկնածու անդամ: Սա մեզ տալիս է գործունեության լայն հնարավորություն, որի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում: Դրանցից ուզում եմ առանձնապես կարևորել բնապահպանական գիտությունների քոլեջի ստեղծման ծրագիրը: Շատ ծրագրեր հնարավոր կլինի իրագործել, երբ կենդանաբանական այգու տարածքների սահմանները հստակեցվեն: Այգին չունի անձնագիր, կադաստրի վկայական: Խնդիրներ կան նաև` կապված այգու իրական տարածքի ապօրինի զավթումների հետ: 1990-ականներին մասնավոր անձինք ապօրինի շինություններ են կառուցել, այգիներ են աճեցրել, որոնք, ի դեպ, ոռոգվում են շտապօգնության հիվանդանոցի և ծննդատան կոյուղագծի ջրով: Հիմա, երբ մենք փորձում ենք վերականգնել մեր իրական սահմանները, ձեռք ենք բերում թշնամիների մի նոր դաշտ` այդ տարածքները կամայականորեն յուրացրած անձանց տեսքով: Եվս մի ճակատ, որի դեմ պիտի ստիպված լինենք պայքարել:
-Ամփոփենք. ի՞նչ կերպ եք պատրաստվում հանգուցալուծելու այս խճճված թնջուկը:
-Մեր պայքարը կենդանաբանական այգին փրկելու համար է: Իմ նշած այս բոլոր փաստերն ի հայտ են եկել վերջերս կատարված ուսումնասիրությունների արդյունքում, և ես չեմ պատրաստվում լռելու, աչք փակելու նշված հանգամանքների վրա: Ես հավատում եմ, որ քաղաքապետարանը և կենդանաբանական այգու շուրջ համախմբված մարդիկ, ովքեր ամպագոռգոռ ճառեր չեն հնչեցնում, գործով կապացուցեն, որ հնարավոր է, որ մեր երկրում նմանատիպ խնդիրներ ունեցող կառույցը կարողանա գոյատևել ու կայանալ: Ես իմ աշխատանքով եմ պատասխանում բոլոր ընդդիմախոսներին: Սա է պայքարի իմ ձևը, իմ մոտեցումը:


Զրույցը`
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ