«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իսկ ի՞նչ է արել ՄԻՊ-ը հանրության համար

Իսկ ի՞նչ է արել ՄԻՊ-ը հանրության համար
01.06.2013 | 19:00

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զայրացած է: Գումար է ուզում: Կառավարությունից:

Օրերս, ԱԺ 2012թ. բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ, նա հույս է հայտնել, որ այս տարվա բյուջեից ՄԻՊ գրասենյակին կհատկացվի 65մլն դրամ հավելյալ գումար, ինչը նախօրոք խոստացել են կառավարությունում: Հակառակ դեպքում նա սպառնացել է, որ կփակի մարզային վեց գրասենյակներ, կդադարեցնի «թեժ գծի» աշխատանքը:

Երբ ՄԻՊ-ին հիշեցրել են, որ նա կարող է օգտվել նաև միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհներից, նա արդարացիորեն հակադարձել է, որ Պաշտպանը պետք է անկախ լինի պետությունից էլ, միջազգային կազմակերպություններից էլ: Նա նշել է, որ դրամաշնորհի պարագայում կա պայմանագրի կետ, որ եթե հայտարարություն է անում, նախապես դա պետք է համաձայնեցնի դոնորի հետ:

Անկեղծ ասած, եթե այս փոքրիկ դրվագը չլիներ, հազիվ թե հիշեի, որ մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեռևս կա:

Կարեն Անդրեասյանն իր «իրավապաշտպան» փառավոր ուղին սկսեց 2009թ. ազատ մամուլի դեմ արշավով, երբ «Քաղաքացիական օրենսգրքում» ապաքրեականցրեց զրպարտության և վիրավորանքի մասին հոդվածները: Իսկ թե դրանից հետո քանի-քանի թերթերի գլխին կախվեց հրապարակված ամեն մի հոդվածի հավաստիությունը դատարաններում ապացուցելու անօգուտ փորձերից սնանկանալու «դամոկլյան սուրը»՝ հայտնի է ամենքիս:

Հիմա ի՞նչ է ուզում մեր «անկախ» Պաշտպանը: Հանուն ինչի՞ է մարզերում գրասենյակներ բացել, երբ հենց Երևանում մարդու իրավունքների ակնառու խախտումները նա ո՛չ նկատում է, ո՛չ էլ դրանց դեմ պայքարում:

Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջին ծանոթանալիս տեսնում ենք միայն, որ այցելել է կուսակցությունների նախընտրական շտաբեր, մի քանի ընդհանրական հայտարարություններ արել: Միակ ցցուն դեպքը ՀՀ նախագահի ընտրություններից հետո «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանի միջադեպին վերաբերող հայտարարությունն էր, որով նա պահանջել էր համաչափ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:

Տարեց կնոջը բռնի կերպով տանում են հոգեբուժարան, Պաշտպանը չի գնում նրա հետքերով, օրը ցերեկով ընդդիմադիր ակտիվիստները ցույց են անում՝ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու պահանջով, ոչ մի անգամ Պաշտպանի ձայնը չի լսվում, բանակում սպանություններ են լինում, անարդար դատավարություններ ու դատավճիռներ՝ Պաշտպանի դիրքորոշումից անտեղյակ ենք. ոչ մի ծպտուն, ոչ մի միջամտություն, ոչ մի այցելություն:

Հիմա չհարցնենք, թե որտեղ, ինչ նպատակով ծախսելու համար է ՄԻՊ-ն ուզում այդ հավելյալ 65 մլն դրամը՝ առանց այն էլ մեր սուղ բյուջեից: Ուզում է, որ ինքն ու իր աշխատակիցները ավելի հաճա՞խ մեկնեն արտերկիր շրջագայությունների և գան ամեն մի օրենքը խուճուճ ձևով մեկնաբանեն, ներկայացնեն՝ փոխանակ բուն գործով զբաղվելու: Ուզում է, որ ինչպես մեր, այնպես էլ եվրոպաների աչքին թոզ փչի, թե մարդու իրավունքները մեր երկրում պաշտպանվա՞ծ են:

Ներեցեք, բայց թոզ փչելուց անկեղծորեն հոգնել ենք:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ