Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երբ Վարդանը հերոս է, իսկ «Արտլաբի տղաները»` սովորական կարգ խախտողներ

Երբ Վարդանը հերոս է, իսկ «Արտլաբի տղաները»` սովորական կարգ խախտողներ
11.11.2013 | 13:28

Երեկ երեկոյան ձերբակալվել են «Արտ լաբորատորիա» խմբի անդամները` նկարիչ-արվեստագետներ Կարեն Օհանյանը, Էդգար Ամրոյանը, Արթուր և Արա Պետրոսյանները, ու չորս ժամ հետո բաց են թողնվել: Նրանք ձերբակալվել են «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի դիմանկարի համար, որը արվել է նաև ԱԺ ընդունարանի պատին: Նրանք համարում են, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և փորձել են իրենց վերաբերմունքը հնարավորինս հանրայնացնել` գրաֆիտիներով խոսելով դրա մասին: «Արտլաբի» տղաները հայ ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ են, ովքեր ժամանակակից արվեստի իրենց ընկալումներով փորձում են փոքր-ինչ յուրօրինակ շունչ հաղորդել մեր մշակութային գորշությանը:

Շանթ Հարությունյանը և մի խումբ մարդիկ ձերբակալված են նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: Նրանց պայքարը քաղաքական էր, ուրեմն և նրանք ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով, ու «Արտլաբի» տղաները այս տրամաբանության մեջ են Շանթ Հարությունյանին համարում քաղբանտարկյալ: Այսօր հասարակության մի հատված խոսում է քաղբանտարկյալի մասին, բայց նկատի ունենալով ոչ թե Շանթ Հարությունյանին, այլ դերասան Վարդան Պետրոսյանին: Վերջինս կալանավորված է օրեր առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով: Վարդան Պետրոսյանը երբեք քաղաքական դաշտում չի գործել, նա մի քանի օր կանգնել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին` հետընտրական հանրահավաքների ժամանակ: Ընդամենը: ՈՒրեմն և անձամբ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ քաղբանտարկյալի մասին է խոսքը, երբ մարդը սովորական ավտովթարի արդյունքում հայտնվել է ազատազրկման վայրում; Այսօր նաև հրապարակումներ են հայտնվում լրատվակայքերում, թե Վարդան Պետրոսյանը մեր մշակույթն է, ու նրա ձերբակալվելով ձերբակալված է հայ մշակույթը: Իսկապես որ հայ ազգը էմոցիաների պակաս չունի: Իզուր չէր, որ վերը նշեցի «Արտլաբի» տղաների` ժամանակակաից մշակույթի ներկայացուցիչներ լինելու հանգամանքը: Նրանք նույնպես ներկայացնում են մեր մշակույթը, ինչպես Վարդան Պետրոսյանը` մի տարբերությամբ. Վարդանը դա անում է բեմից` հանրության որոշակի հատվածի համար, իսկ տղաները` փողոցում, տարբեր ակցիաներում, ցուցահանդեսներում, մի խոսքով`հանրության ավելի մեծ հատվածի համար, որը առաջին հերթին ոչ թե հումորի միջոցով Հայաստանի գորշ իրականությունից մեկ-երկու ժամով «փախչելու» խնդիր ունի, այլ մտածելու ու պայքարի ուղիներ փնտրելու հանուն իր իրավունքների պաշտպանության: Ավելին: Ոմանք Վարդան Պետրոսյանին նույնիսկ հերոսացնում են: Չեմ կարծում, թե դերասանը կարող է հերոսանալ մի բանի համար, որը անում են և մյուսները, բայց նրանց անունը երբեք «հերոս» բառի հետ չի համադրվել: Ասենք` Հայկ Մարությանը, ով «Free car» ակցիայի նախաձեռնողներից էր և վերջերս հայտարարեց, թե հարկ եղած դեպքում կրկին կանգնելու է տրանսպորտի գնի բարձրացման դեմ պայքարի ելնող զանգվածի կողքին: Կամ` Սամվել Բաղդասարյանը, ում հումորը առավելապես քաղաքականացված է: Կամ` էլ մեզանում գործող տարբեր շոուհումորային խմբերը, որոնք իրենց ելույթների մեջ անպայման ընդգրկում են քաղաքական տարրեր ու փորձում ինչ-որ ձևով խոսել քաղաքական նեգատիվ անցուդարձի մասին: Նույն մարդկանց կողմից մինչև հիմա հերոս չի համարվել հայտնի դերասան, վարպետ Երվանդ Մանարյանը, ով արդեն մի քանի տարի ընդդիմության շարքերում պայքարում է Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար, կամ էլ` հանրությանը ոչ պակաս հայտնի դերասան Աշոտ Ադամյանը, ով նույնպես չի թաքցրել իշխանության գործունեության նկատմամբ իր անհամաձայնությունը և մինչև հիմա մասնակցում է ակցիաների ու տարբեր քաղաքական միջոցառումների` հույս ունենալով երկրում մի բան փոխելու: Հերոս չհամարվեց հանգուցյալ Օհան Դուրյանը, ով հիվանդ վիճակում ուժ գտավ իր մեջ քաղաքականությանը մոտ լինելու ու սատարելու ընդդիմությանը: Հերոս չի համարվել և հանգուցյալ Արաքս Դավթյանը, ով Մոսկվայից Երևան էր գալիս հատուկ ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու և ելույթներ ունենում, ի դեպ: ՈՒրեմն, ի՞նչ չափանիշով է հերոս համարվում Վարդան Պետրոսյանը, առավել ևս` քաղբանտարկյալ: Հայերը զգացմունքային ու ծայրահեղությունների հակված ժողովուրդ են, բայց այս աստիճանի վառ արտահայտված վերաբերմունքը ավելի շուտ ոչ թե արդեն զգացմունքայնության, այլ ընտրողական վերաբերմունքի մասին է խոսում: Մեր հանրության համար արժեքային համակարգը վաղուց գլխիվայր է, բայց ոչ այն պատճառով, որ դա ներկա կամ անցյալ իշխանությունների մեղքն է, այլ որովհետև ոմանց համար այդպես հեշտ է ապրելը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ