Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բողոքի ակցիաները` որպես վաղվա օրվա երաշխիք

Բողոքի ակցիաները` որպես վաղվա օրվա երաշխիք
14.11.2013 | 17:41

Այսօր Դավթաշեն երկրորդ թաղամասի կիսակառույց շենքի բնակիչները մտել են «Արցախբանկ»` փորձելով խանգարել բանկի աշխատանքը: Նրանց բողոքը «Տոնուս» ՍՊԸ-ի դեմ է, որը, ըստ 2006-ին կնքված պայմանագրերի, 2008-ին պետք է շահագործման հանձներ շենքը: Իսկ «Տոնուսը» սնանկացման գործընթաց է սկսել և իր կողմից կառուցվող շենքերը գրավադրել «Արցախբանկում»՝ վարկի դիմաց: Ոստիկանները և բանկի աշխատողները փորձել են դուրս հրավիրել բնակիչներին, իսկ վերջիններս հայտարարել են, որ ամեն օր նման ակցիա են անելու՝ խանգարելու բանկի աշխատանքները:

Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները բողոքի ցույց էին կազմակերպել Վանաձորում և պահանջում էին մասնաճյուղը չփակել: Այսօր կառավարության նիստի օրակարգից հանվել է Վանաձորի Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի միավորմամբ Վանաձորի պետական համալսարանի ստեղծման հարցը: Իհարկե, սա չի նշանակում, թե կառավարությունը հարցն ընդհանրապես է օրակարգից հանել, բայց չի բացառվում, որ հարցի քննարկման ժամանակ նկատի առնվի բողոքավորների կարծիքը:
Հասարակության մի որոշակի հատված էլ բողոքի ցույցի է պատրաստվում ընդդեմ տրասնպորտի գնի բարձրացման: Ամռանը նրանք, կարելի ասել, հաջողության հասան և պատրաստվում են կրկնելու իրենց ակցիաները: Փաստը, որ մարդիկ չեն դադարում պայքարելուց իրենց իրավունքների համար, բավականին հուսադրող է. մեր հասարակությունը ի վերջո կկայանա որպես քաղաքացիական գիտակցություն ունեցող և քաղաքականապես հասուն հանրություն: Երկրում ամենատարբեր ակցիաները իրականում ոչ թե խանգարում, այլ օգնում են գործող իշխանությանը, թեև, ելնելով ոստիկանության` ավելի հաճախ ոչ ադեկվատ պահվածքից, կարելի ասել, որ իշխանությունն այդ կարծիքին չէ: Բայց ո՞ւմ է պետք այն հասարակությունը, որը չի արձագանքում երկրի անցուդարձին: Նման հասարակությունները մեռելածին են, զուրկ երկիրը առաջընթացի տանող հատկանիշներից: Հայաստանում, չնայած արտագաղթի մեծ չափերին, դեռևս կա այն առողջ հատիկը, որը կոչվում է պայքար հանուն մարդու իրավունքների: ՈՒզո՞ւմ է դա իշխանությունը, թե՞ ոչ: Այդ առողջ հատիկի վրա էլ կառուցվելու է մեր երկրի վաղվա օրը, երբ մարդու իրավունքները ոտնահարող յուրաքանչյուրը կպատժվի օրենքի հանգույն` լինի նախագահ, շարքային չինովնիկ, թե սովորական քաղաքացի:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ