Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քաղաքական երկվորյակների փակված էջը

Քաղաքական երկվորյակների փակված էջը
04.03.2014 | 00:44

2014-ի գարունը դժվար է գալիս: Ավելի ճիշտ` ձմեռը ծանր անցավ: Սա փաստ է, որ մեկնաբանություն չի ուզում: Բայց երբեմն մեկնաբանություններն իրենք իրենց են ծնվում ու ի հայտ են բերում անսպասելի զուգորդումներով: Փետրվարի 28-ին Դոնի Ռոստովում ասուլիս տվեց ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Գրեցի նախագահ ու մտածում եմ` ճի՞շտգրեցի: Բայց մեղավորը իմ տգիտությունը չէ, այլ իրավիճակի անորոշությունը: ՎիկտորՅանուկովիչը ընտրված նախագահ է, և դա անառարկելի փաստ է` մի կողմից: Մյուս կողմից` ՈՒկրաինայի Գերագույն ռադան նրան պաշտոնանկել է և նշանակել նախագահական նոր ընտրություններ: Բայց Վիկտոր Յանուկովիչը չի ստորագրել իր խոսքով «անօրինական խորհրդարանի ապօրինի որոշումները», ուրեմն` ո՞վ որքանո՞վ է իրավազոր: Իրավական տեսակետից սա փակուղի է, ուստի նույնքան ճիշտ է, որ Յանուկովիչը նախագահ է, որքան ճիշտ է, որ նա նախագահ չէ: Բայց սա չէ գլխավորը: Գլխավորը իրավիճակն է, որում հայտնվել է ՈՒկրաինան Սոչիի օլիմպիական խաղերից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադարձավ ընթացիկ քաղաքականությանը: Ոչ ոք նրանից չէր սպասում, բայց նա ՈՒկրաինայի նախագահին համոզեց համաձայնել ընդդիմության պահանջներին և կնքել հայտնի համաձայնագիրը, որի կատարման երաշխավորը եվրոպացիներն էին: Գործնականում դա դարձավ Յանուկովիչի հրաժարականի սկիզբ: Դեֆակտո հրաժարականի, երբ նա դեյուրե մնում է նախագահ: Համենայն դեպս, իրեն համարում է նախագահ և իբրև նախագահ պատասխանատու է երկրում ստեղծված իրավիճակի համար, խոստանալով ամեն ինչ կարգավորել: Իհարկե, թիկունքում ունենալով Ռուսաստանը: Ինչը գրեթե ինքնաբերաբար նրա խոստումները զրոյացնում է և նրան դարձնում վիրտուալ ՈՒկրաինայի վիրտուալ նախագահ: Նույնիսկ պատերազմի գնով: Հարցերի հարցը` Ռուսաստանը պատերազմ կսկսի՞ ՈՒկրաինայում, թե՞ ոչ: 2008-ի ռուս-վրացական պատերազմը վկայում է, որ կսկսի. ի վերջո ՈՒկրաինան Ռուսաստանի համար ավելի կարևոր երկիր է, քան Վրաստանն էր: Պատրվակներն էլ ավելի ծանրակշիռ են: Բայց դեռ Նիկոլո Մաքիավելին էր ասում. «Պատերազմը սկսում են, երբ ցանկանում են, ավարտում են, երբ կարողանում են»: Ասենք, սկսեց, ինչպե՞ս է ավարտելու: Ի՞նչ գնով: Ցավոք, մարդկային անխուսափելի կորուստները այս դեպքում գլխավորը չեն: Գլխավորը ուժերի ստեղծվելիք դասավորությունն է, որ կարող է բնավ հօգուտ Ռուսաստանի չլինել: Առավելագույնը, որ Պուտինն իր մինի պատերազմով կստանա, կլինի ՈՒկրաինայի մասնատումը: Ղրիմը և Արևելյան ՈՒկրաինայի ինչ-որ հատվածներ, որտեղ ապրում են ¥կամ չեն ապրում¤ ռուսներ: Իսկ հետո՞: Այս ընթացքում ով չալարեց, հայտարարեց, որ Ռուսաստանը ռազմական միջամտության իրավունք չունի անկախ երկրի գործերին: Ճիշտ հայտարարեց` միջազգային իրավունքի բոլոր նորմերի պահպանումով: Ռազմական ագրեսիան միանշանակ դատապարտելի է: Բայց ընդունեք, որ Ռուսաստանը հմտորեն խաղարկում է հարևան երկրում ստեղծված քաղաքական քաոսը: Եթե ՈՒկրաինայում միանշանակ իշխանության գար միայն ընդդիմությունը, նույնիսկ Պուտինը կփորձեր տնտեսական քաղաքականությամբ ցանկացած արդյունքին հասնել հերթական անգամ չնույնանալով չարիքի կայսրության իր նախորդների կարգավիճակին: ՈՒկրաինայի ներկայի ու ապագայի մասին այն ամենը, ինչ իր ասուլիսում ասաց Վիկտոր Յանուկովիչը, ՈՒկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հետագա գործողությունների ծրագիրն էր: Միջազգային մեկուսացման, տարատեսակ ատյաններում դատապարտման, գուցե նաև սանկցիաների, բայց միանշանակ նպատակին հասնելու գնով: Պատրա՞ստ է ՈՒկրաինան պատերազմի: Հազիվ թե, առավել ևս, որ ծավալուն ռազմական գործողությունների դեպքում կպարզվի, որ թեև Կիևը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց Եվրամիությունը ՈՒկրաինայի տարածքը կդարձնի ՆԱՏՕ-Ռուսաստան բախման վայր: Հետևանքները որ երկրի համար ինչպիսին լինեն, ՈՒկրաինայի համար ողբերգական են լինելու: Կբանակցի՞ Պուտինի հետ Յուլյա Տիմոշենկոն և ի՞նչ արդյունքների կհասնի հարցի պատասխանը միայն Պուտինի կայսերական հավակնություններից և այդ օրվա տրամադրությունից չի կախված: Պատասխանն ավելի շատ ՈՒկրաինայում է. իսկ ո՞վ է և ո՞ւմ է ներկայացնում այսօր Յուլյա Տիմոշենկոն ՈՒկրաինայում, որքա՞ն է նա ի զորու կառավարել իրավիճակը և կատարել այն համաձայնությունը, որ կկարողանա ստանալ: Հաղթաթուղթը միանշանակ Պուտինի ձեռքում է. նախ արդեն կա նախորդ համաձայնագրի փաստը, որ ստորագրվեց ու չկատարվեց ընդդիմության մասով:

Երկրորդ` Պուտինը նախագահ է, Տիմոշենկոն` քաղաքական գործիչ, որ որևէ կարգավիճակ չունի ու չի կարող պետություն ներկայացնել: Իհարկե, ժամանակը կարող է աշխատել Պուտինի դեմ և հօգուտ Տիմոշենկոյի, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները կարող են կայանալ, բայց և նույնքան նշանակում է, որ մինչև ընտրությունները (մայիս) Պուտինը կօգտագործի ՈՒկրաինայում նոր իրավիճակ ստեղծելու համար: Հարկավ, Ռուսաստանի համար շահեկան: Թերևս, փոխզիջումային: Բնավ ոչ ի շահ ուկրաինական նացիոնալիստների: Ես ընդունում եմ, որ «ուկրաինական նացիոնալիստներ» հասկացությունը ռուսական քաղաքական բառապաշարից է, ՈՒկրաինայում նրանք ուրիշ ընկալում ունեն: Յարոշ-Պարուբիյ-Տյագնիբոկ գիծը, սակայն, չի արտահայտում ողջ ՈՒկրաինայի ցանկություններն ու պատկերացումները իրենց ապագայի մասին, բայց նրանք կան և զինված են: Իսկ քաղաքականության ու դիվանագիտության սեղանին ամենազորեղ փաստարկը միշտ էլ ատրճանակն է եղել: Ի վերջո, ուկրաինական իրադարձությունները վաղուց դադարել են ¥թերևս երբեք չեն էլ եղել¤ լոկալ ներքաղաքական բախում լինելուց: Մայդանում ու մայդան դարձած ողջ ՈՒկրաինայում աշխարհաքաղաքական համակարգային խնդիրներ են լուծվում` ուժի ո՞ր կենտրոնի օգտին է թեքվելու կշեռքի նժարը: Իրավիճակն ՈՒկրաինայում միշտ է այդպիսին եղել, բայց նման բախումների չի հասել պարզ պատճառով` Ռուսաստանն այդ ընթացքում զբաղված է եղել ներքին խնդիրներով և հարևանի հարցին անդրադառնալու հնարավորություն չի ունեցել: Անկախության անցած տասնամյակներում ռուս-ուկրաինական հարաբերությունները բարեկամական ու եղբայրական չեն եղել, ՈՒկրաինան տնտեսական կախում է ունեցել Ռուսաստանից և որոշակի կախման մեջ է դրել Ռուսաստանը` լինելով տարանցիկ երկիր Ռուսաստանի ու Եվրոպայի միջև: Հարաբերությունները կառուցվել են այս առանցքի վրա: ՈՒկրաինան որքան պետք է Ռուսաստանին, նույնքան պետք է Եվրոպային ճիշտ նույն դրդապատճառներով: ՈՒկրաինան փորձեց իրավիճակն իր համար ձեռնտու դարձնել ու ձախողվեց ոչ իր մեղքով. անհամադրելի էին Արևմուտք-Ռուսաստան շահերը: Եթե անգամ Պուտինը պատերազմ սկսի, ու Եվրամիությունն էլ հակադարձի, պատերազմի ելքը ՈՒկրաինայում չի որոշվելու: Բրյուսել-Վաշինգտոն-Մոսկվա եռանկյունին 2013-ին սկսված ու 2014-ին չավարտված ուկրաինական դժվար ձմռան բուն իրադարձությունների իրական հասցեն է:
Զուգորդումների անսպասելիության և եզրակացությունների անկանխատեսելիության փայլուն հնարավորություն տվեց մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Առաջին պահ միայն անհամեմատելի են իրադարձությունները` իշխանափոխություն Կիևում և հանրահավաք Երևանում: Խորքում նույն իրավիճակն է իր հետևանքներով: Թե՛ ՈՒկրաինան, թե՛ Հայաստանը լուծում են իրենց անկախության հաստատման խնդիրը: Իրավիճակը չի փոխում նույնիսկ այն փաստը, որ ՈՒկրաինան ընտրել է (կամ ձգտում է ընտրել) Եվրամիությունը, Հայաստանը մնացել է (կամ դեռ մնում է) ռուսական ուղեծրում` ի դեմս Մաքսային միության և Եվրասիական տարածքին անդամակցության որոշման: Երկու երկրներն էլ համակարգային փոփոխությունների անհրաժեշտության առաջ են: ՈՒկրաինայում իրադարձություններն արագացել են, Հայաստանում դանդաղում են: Պատճառներն այնքան պարզ են ու այնքան բարդ, որ այս հրապարակման շրջանակներում անիմաստ է անդրադառնալ: Վիկտոր Յանուկովիչի ասուլիսից և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներից բացարձակապես նույն տպավորությունն էր ստեղծվում: Նրանք իրենց երկրի անցյալին են պատկանում, ու թեև ներկայում կան ու գործում են, երկուսն էլ ապագա չունեն ու ապագա չեն տեսնում իրենց երկրի համար: Լևոն Տեր-Պետրոսյանի այս ելույթը տրամաբանական շարունակությունն էր նրա քաղաքագիտական վերլուծությունների շարքի, որ գիտնականին վայել հետևողականությամբ կրկնում էր նրա բոլոր ելույթների կառուցվածքն ու եզրակացությունների նույնականությունը: Արդեն նույնիսկ ոչ թե ցավալի, այլ տաղտկալի է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը (Արտաշես Գեղամյանից հանիրավի խլելով լավագույն դեյջեստ կազմողի դափնիները) պարբերաբար մամլո տեսություն է կազմում ու ներկայացնում: Ավելի ցավալին նրա խոսքում պարբերաբար կրկնվող անզորությունն է` Լևոն Տեր-Պետրոսյանը հիանալի թվարկում է, վերլուծում, դատում ու դատապարտում, բայց երբ եզրակացությունների պահն է գալիս, խրվում է հետևանքների մեջ, բարեհարմար շրջանցելով պատճառը: Հետևանքը դառնում է այն նպատակների առաջադրումը, որոնք որևէ իմաստ ու բովանդակություն չունեն ի սկզբանե, որովհետև որևէ հետևանքի վերացում չի վերացնում իրեն ծնած պատճառը: Նրբագեղ քննադատելով «չորս տարի շարունակ եվրաասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանություններին, որ մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեցին և պատրաստակամություն հայտնեցին անդամակցելու Մաքսային միությանը», շեշտելով, որ «Հայաստանը փաստորեն Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, ինչի վկայությունն է, թեկուզ, հիշատակված գազային պայմանագիրը», Հայաստանի առաջին նախագահը պրագմատիկորեն չի ասում, որ դա սխալ է, և սխալը պետք է ուղղել: Նա գերադասում է գիտնականի և հրապարակախոսի կեցվածքը, որ հանգիստ կարող է ասել. «Նախընտրելի է այն միությունը, որն առավելագույնս կապահովի հայերի բարգավաճումը սեփական հայրենիքում և կնպաստի Հայաստանի բնակչության աճին: Որովհետև քաղաքական միություններն անցողիկ են, իսկ ազգը` մնայուն: Հողը պատկանում է այն ժողովրդին, որը բնակվում է այդ հողի վրա: ՈՒստի, ինչպես անցյալում, Հայաստանի համար այսօր չկա ավելի կենսական խնդիր, քան դեմոգրաֆիան, ինչը, սակայն, դժբախտաբար, առայժմ քչերն են գիտակցում»: ՈՒ առաջ անցնել: Այլ թեմայի: Իսկ հետո ինքն իրեն հակասել` ասելով, որ «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ Եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին: Ըստ այդմ, թե՛ կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որևէ քաղաքական ուժ, իր հաշվարկները կատարելիս, այսուհետև պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների»: Ով-ով, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը փառահեղ գիտի, որ ժողովրդավարության ռուսական մոդելով ընտրությունները սկսվում ու ավարտվում են նախապես հաստատված ցուցակով նշանակումներով: Ընտրությունները գործող իշխանության իրավասությունները երկարացնելու ակցիա են, և այդ պարագայում որևէ համակարգային փոփոխություն ֆիկցիա է, սին պատրանք ու կեղծ օրակարգ: 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը չվերադարձավ Բաղրամյան 26, որովհետև Հայաստանում ընդամենը կատարվելու էր անձի (համապատասխանաբար իշխանական բուրգի) փոփոխություն, իսկ համակարգը մնալու էր նույնը` առանցք ունենալով Ռուսաստանը: Հենց այդ պատճառով մարտի 1-ի երևանյան իրադարձություններին չհաջորդեցին այն քայլերը, որոնցով Արևմուտքը պատասխանեց Կիևի Մայդանում առաջին զոհերին: ՈՒստի որքան էլ առաջին նախագահը երրորդի հրաժարականի խնդիր դնի, դա ընդամենը հավուր պատշաճի ասված խոսք է: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը երկու ոտքով խրված է երեկվա Հայաստանում և որևէ քայլ չի անելու այսօրվա ու վաղվա Հայաստանի համար: Իսկ դա նրան ուղղակի դարձնում է Վիկտոր Յանուկովիչի երկվորյակը և նույնքան վտանգավոր Հայաստանի քաղաքական դաշտի համար, որքան Յանուկովիչին` ՈՒկրաինայի: Ժամանակ է փոխվել, ինչը նրանք չեն ընկալում ու ոչ միայն պատրաստ չեն այդ փոփոխությանը, այլև փորձում են կանխել: Իսկ դա նրանց դուրս է մղելու քաղաքական ասպարեզից` Յանուկովիչին արդեն, Լևոն Տեր-Պետրոսյանին` հընթացս:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Քաղաքական գործչի առաջին պարտականությունը հասարակությանը իդեալ ու հեռանկար տալն է: Եթե իշխանությունը ի պաշտոնե զբաղված է արժեհամակարգի ձևավորմամբ, որ շահեկան է իրեն, ընդդիմությունը կոչված է այդ արժեհամակարգի չափանիշների չափանիշը ճշտելու ու հաստատելու: Հայաստանում քաղաքական գործիչները իրենց միակ պարտականությունը համարում են իրավիճակի արձանագրումը` իշխանությանը արդարացնելու, ընդդիմությանը մեղադրելու համար, հասարակությունը երկուսից էլ հեռանում է իր իդեալների ու հեռանկարի հետևից: Այսպես լինելու է ճիշտ այնքան, մինչև որևէ մեկն առավոտյան արթնանա ու հասկանա, որ ժողովուրդը հավերժական է, բայց հավերժությունը կոնկրետ ժամանակում կոնկրետ խնդիրները լուծել է պահանջում:

Դիտվել է՝ 1254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ