Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երեսուն քննիչ, և ոչ մի քննչական գործողություն

Երեսուն քննիչ, և ոչ մի քննչական գործողություն
11.03.2014 | 22:30

Ազատության հրապարակում, ի պաշտպանություն քաղբանտարկյալների հանրահավաքի ժամանակ, irates.am-ը փորձեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացնելու հետևանքով կալանավորված քաղբանտարկյալների հարազատներից կարծիքներ իմանալ, թե ինչ փոխեց Շանթ Հարությունյանի գործողությունը մեր հասարակության մեջ: Նրանցից միայն կապանցի Արմեն Հովհաննիսյանի և Վահե Մկրտչյանի կանայք համաձայնեցին հարցազրույց տալ: Առհասարակ քաղբանտարկյալների հարազատները նշում էին, որ իրենք այս ընթացքում ամեն ինչ ասել են և սպասում են տղաների՝ ազատ արձակմանը:

Արմեն Հովհաննիսյանի կինը՝ Շողեր Հակոբյանը, որը զբաղվում էր ի պաշտպանություն քաղբանտարկյալների կազմակերպած ստորագրահավաքով, մեր զրույցի ժամանակ նշեց, որ ամուսնուն աջակցություն ցուցաբերելու նպատակով ինքը մեկ ամիս է, ինչ Կապանից տեղափոխվել է Երևան, ապրում է վարձով: Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, ապա Շողեր Հակոբյանը նշեց, որ ստորագրությունները գերազանցել են տասը հազարի սահմանը:
«Հայաստանի տարբեր մարզերից՝ Երևանից, Չարենցավանից, Կապանից, Մեղրիից, Էջմիածնից, նաև՝ Ախալքալաքից մեզ ուղարկվել են ստորագրություններ»,- մեր զրույցի ժամանակ նշեց Շողեր Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են նամակներ ուղարկելու Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Նամակներ են ուղարկվելու նաև միջազգային իրավապաշտպան կառույցներին:
Շողեր Հակոբյանը վրդովված է, որ ամբողջ նախաքննության ընթացքում քաղբանտարկյալների նկատմամբ չի իրականացվել ոչ մի քննչական գործողություն:
«Ամբողջ չորս ամսվա ընթացքում միայն մի լղոզված տեսաերիզ են բերել ու ասել՝ Արմեն սա դո՞ւ ես, մեկնաբանի՛ր: Արմենը հրաժարվել է մեկնաբանել: Իսկ երբ հայտարարում են, թե քննիչներն աշխատել են ջանադրաբար, ուղղակի ծիծաղելի է: Երեսուն քննիչ ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ են նրանց ներգրավել այդ գործում»,- հարցնում է մեր զրուցակիցը:
Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը, կարծում է, որ իր ամուսնու և մյուս քաղբանտարկյալների ակցիան դրական փոփոխություններ է առաջ բերել մեր հասարակության մեջ:
«Բազմաթիվ մարդիկ, պարզվեց, որ համամիտ են Վահեի, Շանթի և մյուս տղաների առաջ քաշած գաղափարներին: Այդ ակցիան հասարակությանն արթնացնելու փորձ էր, և բազմաթիվ մարդիկ արթնացան դրանից հետո: Մենք պայքարել ենք ազատության համար և ուզում ենք ապրել ազատ, անկախ Հայաստանում: Վահեն դեռ տասնհինգ տարեկանից է ցանկացել զենք վերցնել ձեռքը և գնալ սահմանամերձ շրջաններ՝ իր հայրենիքը պաշտպանելու: Բնական է, որ տարիների ընթացքում նրա գաղափարները չեն փոխվել»,- ասաց Մարգարիտա Ստեփանյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ