Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամներին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները  համակարգող հանձնաժողովի անդամներին
21.03.2014 | 11:53

Բաց նամակ

Հարգելի հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի ստեղծման գաղափարը, անշուշտ, ողջունելի է, կարծում եմ` նրա գործունեությունը Ձեր օգնությամբ կնպաստի միջազգային արենայում Հայոց ցեղասպանության լայն ճանաչման գործընթացին, եթե իհարկե այս առաջարկությանը լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք և ոչ թե անտարբերության մատնեք:
Հարգելի տիկնայք և պարոնայք, համոզված եմ, հիշում եք, որ անկախության ձեռքբերման այն խառնաշփոթ օրերին մեր նորելուկ պետական այրերը անհեռատեսություն թույլ տվեցին և, առանց ժողովրդի ձայնը լսելու, Հայոց լեռնաշխարհի արքա Արարատի բնապատկերը զինանշանից դեն նետեցին: Բիբլիական Արարատը ցեղասպանության լուռումունջ վկան էր, հայ ժողովրդի ոգեղեն կապը Արևմտյան Հայաստանի հետ, որ տարիներ շարունակ գտնվելով Խորհրդային Հայաստանի զինանշանում, մեզ զօրուգիշեր հիշեցնում էր անմեղ զոհերին, որոնք նահատակվեցին, նույնիսկ գերեզման էլ չունեցան հայրենի հողում:
Նույնիսկ այդ խայտառակ սխալից հետո մեր պետական այրերը, առանց խղճի խայթի, Սահմանադրության մեջ որպես ծաղրանք սուտ ու սխալ նշեցին, որ, Հայաստանի զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված է Արարատ լեռը, ինչը, ինչպես համոզվում ենք, տեսողական խաբկանք է և ոչ թե իրականություն, քանի որ ոչ մի իրեն հարգող հայորդի, ինչպես և Դուք, այնտեղ չի կարող տեսնել ալեհեր Մասիսի բնապատկերը: Ստացվում է, որ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում ստիպված ինքներս մեզ ենք անամոթաբար խաբում և հայրենասեր ձևանում: Ճիշտ է, գործող զինանշանը ևս գալիս է մեր պատմության խորքերից, սակայն, ցավում եմ, որ տեսողական առումով այն խաբված ու շփոթված այլ ազգերին, հատկապես այլ քաղաքական գործիչներին, ոչինչ չի հուշում Օսմանյան կայսրության բարբարոս քաղաքականության մասին:
Այսօր Թուրքիան լայնածավալ կերպով խոչընդոտում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, սակայն որքան էլ փորձի խոչընդոտել, նրա ջանքերը ապարդյուն կանցնեն, քանի որ հանրությունը հիշում է այն դատավարությունը, երբ Բեռլինում Սողոմոն Թեհլերյանին դատապարտում էին որպես մարդասպանի, սակայն դատարանի դահլիճից մեղադրյալը ազատ արձակվեց որպես մեղադրող: Նրանք նաև տեղյակ են, որ համաշխարհային գրական ասպարեզում ճանաչված գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելը իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով, գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով առաջինը համայն մարդկությանը տեղեկացրեց Հայոց կոտորածի ճշմարիտ պատմությունը:
Վերջապես, եթե այսօր կոտորածի կազմակերպիչ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնում ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի, ապա նրանք մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ ոչ միայն միջազգային հանրությունը, այլև թուրք հասարակությունը կդատապարտի իրենց բարբարոս քաղաքական գործիչներին, քանի որ ագրեսիվ ժողովուրդ չի լինում, լինում է ագրեսիվ քաղաքականություն, որի պատճառով, ցավոք, հայ ժողովրդի հսկայական հատվածը նահատակվեց և ոչ թուրք հասարակության, թուրք ժողովրդի պահանջով:
Հարգելի հանձնաժողովի անդամներ, ինչպես տեսնում եք, այս ամենը բխում է հայ ժողովրդի շահերից, այնպես որ առաջարկությանը լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք, համարձակություն ունեցեք, հանրաքվե անցկացրեք, լսեք ժողովրդի ձայնը և, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, ուղղեք այդ չարաբաստիկ սխալը, Արարատի բնապատկերը վերադարձրեք զինանշան, ինչպես նաև աջակցեք, որ մեր վաղեմի բարեկամ Ֆրանց Վերֆելի արձանը տեղադրվի Ծիծեռնակաբերդի ստորոտում: Ճիշտ է, Արարատի վերադարձով և Ֆրանց Վերֆելի արձանը տեղադրելով Դուք ժողովրդին երջանկություն չեք պարգևի, սակայն, համամիտ եղեք, որ ուրախություն կպարգևեք:
Հակառակ դեպքում, այն, ինչ ձևականորեն շարադրված է Սահմանադրությունում, որ իբր ՀՀ զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ լեռը, հանեք, դա մեզ պատիվ չի բերում: Պետք չէ ծաղրել ժողովրդին: Եկեք ուղղակի անդադար չխոսենք ցեղասպանությունից, այլ գործ անենք այդ ուղղությամբ, որպեսզի ցեղասպանությունը, որպես պատմական իրականություն, միջազգային արենայում լայն ճանաչում ստանա:
Հարգելի հանձնաժողովի անդամներ, վերջապես ուզում եմ նշել, որ այս ամենի մասին տարիներ շարունակ տեղեկացրել եմ և՛ տարբեր պետական այրերի, և՛ տարբեր հասարակական, քաղաքական գործիչների, ինչպես նաև հրապարակվել են հոդվածներ մեր և սփյուռքի մամուլի էջերում: Սակայն մինչ օրս անհասկանալի պատճառներով նշված առաջարկությունը մատնված է անտարբերության: Կարծում եմ, անհրաժեշտ և պարտադիր է լսել հայ ժողովրդի ձայնը:


Հույսով և հարգանքներով`
Էֆրիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ