Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գոհ եղիր, որ քեզ չեն սպանել»

«Գոհ եղիր, որ քեզ չեն սպանել»
08.04.2014 | 11:40

Հայաստանի իրավապահ համակարգի հանդեպ վստահությունը, չնայած ոլորտի պատասխանատուների հակառակ հավաստիացումներին, դեռևս ցածր մակարդակի վրա է: Եթե սրան էլ հավելենք որոշ ոստիկանների ապօրինի գործողությունները, պատկերն ավելի ամբողջական կդառնա: Դեպքը, որի մասին մեր խմբագրություն այցելած Մարգարիտ Սիմոնյանը պատմեց, լիարժեք տեղավորվում է այս շրջանակում:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ, սպորտկոմիտեի նախագահ Գրիգորի Սիմոնյանի դստեր` Մարգարիտ Սիմոնյանի տնից 2011-ի հունիսին համատիրության աշխատակիցը 200 հազար դրամ և Աստվածամոր զարդապատկերով ոսկե շղթա է գողացել: Կինը դիմում է Արաբկիրի բաժնի ոստիկանությանը, բայց հետագայում ափսոսում է իր այդ քայլի համար: Նրան այցելած ոստիկաններն այդ օրը տեխզննում չեն իրականացնում, մի քանի օր հետո տուժողին կանչում են ոստիկանություն, որն իր հետ տանում է գողացված զարդի տիպի մեկ այլ շղթա, որպեսզի, որպես նմուշ, ցույց տա՝ ինչ են գողացել իրենից: Այդ հնաոճ զարդը որոշ ոստիկանների բավականին «հրապուրում» է: Առիթը բաց չի թողնում Արաբկիրի բաժնի հետաքննիչ Վահե Խաչատրյանը և նույն օրն իսկ նրա տուն այցելելու ցանկություն է հայտնում: Մարգարիտի զարմանքին, թե ինչու է այցելում գողությունից մի քանի օր հետո, քննիչը կարևորում է իր քայլը` առանց որևէ հիմնավորման:
Իր տուն այցելած ոստիկանին կինը ցույց է տալիս, թե որտեղից են գողություն կատարել և, վստահելով Հայաստանի «արդար» ոստիկանությանը, ցույց է տալիս իր զարդատուփը: Դրանից հետո Վահե Խաչատրյանին հնարավոր չի լինում «բերման ենթարկել» ննջասենյակից` նա ամեն անգամ պատճառաբանում է, թե լուսանկարում է, ու ավելի հարմար է այնտեղ արձանագրություն կազմելը: Այս ընթացքում տարբեր դրդապատճառներով Մարգարիտին սենյակից դուրս է ուղարկում` մի անգամ սուրճ եփելու, մյուս անգամ հեռախոսազանգին պատասխանելու: Պատվիրած սուրճը խմելուց հետո քննիչն անմիջապես հեռանում է:
Նրա հեռանալուց հետո Մարգարիտ Սիմոնյանը հայտնաբերում է, որ իր զարդատուփն անհետացել է: Ի դեպ, նկատենք, որ «ավարը» բավականին մեծ է լինում` չորս հնաոճ ոսկե ժամացույց, հնաոճ ապարանջան, ոսկե հաստ շղթա, ոսկե խաչով ու պայտով շղթա, ադամանդե քարով երկու ծանր, հին մատանի, ոսկե թանկարժեք հինգ մատանի, ռուբինի քարով ոսկե մատանի, Նիկոլայ թագավորի հինգռուբլիանոց ոսկե մետաղադրամ: Ընդհանուր հաշվով՝ 15 կտոր հնաոճ ոսկի:
Չնայած համոզմունքին, որ դա քննիչի ձեռքի գործն է, կինը նորից դիմում է «անաչառ» ոստիկանությանը: Հարուցվում է քրեական գործ:
Բաղրամյան փողոցի սկզբնամասում գտնվող Մարգարիտ Սիմոնյանի բնակարանի մոտակայքում կան տեսախցիկներ, որոնց օգնությամբ ոստիկանությունը հաշված օրերի ընթացքում կկարողանար գողությունը բացահայտել, սակայն իրավապահ մարմինների աշխատողները, գործը կոծկելուց բացի, ոչնչով չեն օգնում միայնակ կնոջը: Ավելին, վերստին նրան այցելած ոստիկաններից մեկը ցինիկաբար հայտարարում է, թե կնոջ ջանքերն իզուր են, միևնույն է, չի գտնվելու իր ոսկեղենը: «Ժամանակին քոնն է եղել այդ ոսկեղենը, հիմա էլ մեկ ուրիշը կկրի»,- ցինիկաբար հայտարարել է նրա տուն երկրորդ անգամ այցելած իրավապահ համակարգի աշխատակիցը:
Մեր զրուցակցի պնդմամբ, գործը «թաղվում» է Արաբկիրի նախկին ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի ջանքերով, որը կնոջը «հորդորում» է. «Գոհ եղիր, որ քեզ չեն սպանել: Բոմժերն են մտել, տարել»: Սակայն Մարգարիտը վստահեցնում է, որ իր տանը ոչ մի բան տակնուվրա արված չի եղել, ավելին, տեսախցիկների ձայնագրությունը լավագույնս կարող է ցույց տալ՝ գողը բո՞մժ է եղել, թե՞ «բոմժ» ասելով ոստիկանապետը նկատի ունի իր աշխատակցին:
Այսօր էլ տիկին Սիմոնյանը չի նահանջում ու նամակներ է հղում և՛ ոստիկանապետին, և՛ գլխավոր դատախազությանը, և՛ նախագահականին: Վերջինիս դեպքում ոչ միայն քաղաքացու նամակներին չեն պատասխանում, այլև ամեն անգամ նամակների բաժնի պատասխանատուն` Աիդան, կոպիտ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ` ամեն անգամ խուսափողական «էհ, էհ» պատասխանելով:
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ևս դիմել է Մարգարիտը, բայց վերջինս ո՛չ այս, ո՛չ այն, միանգամից ասել է. «Դու էլ անընդհատ ոսկիներիցդ ես խոսում»: Կինը հակադարձել է. «Բա ի՞նչ անեմ, հո բենզինից չե՞մ խոսի»:
Այս գործում, ըստ տուժողի, երկակի խաղ է խաղացել ու ամեն ինչ վերջնականապես ձախողել է իր փաստաբանը` Վարդան Զուռնաչյանը, որը գործը խճճելուց հետո հանձնել է մեկ ուրիշին` առանց տուժողի համաձայնության ու գիտության: Նա այդ քայլը պատճառաբանել է իբր արյան հիվանդությամբ, որի համար մեկնելու է Գերմանիա: Վերջին անգամ նրա և տուժողի հանդիպման ժամանակ փաստաբանը «սենսացիոն» հայտարարություն է արել. «Վաճառիր տունդ և ամեն ինչ հետ կբերես»:
«Եթե իրավապահ մարմինների աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը չի բավարարում բացահայտելու ակնհայտ հանցագործությունը, խնդրում եմ, այդպես էլ ասեք ու ինձ մի ուղարկեք անհիմն, չպատճառաբանված, պրիմիտիվ պատասխաններ: Եթե իմ բնակարանում, արդեն դատապարտված ու համաներում ստացած ոստիկան Վահե Խաչատրյանից բացի, ոչ ոք չի եղել, ամենահստակ տրամաբանությամբ, իրավապահները պետք է գոնե նրա մատնահետքերը ստուգեին, էլ չեմ ասում ավելի խոր քննության մասին: Իսկ ո՞վ էր նրան մեր տուն ուղարկել և ի՞նչ նպատակով` Ղազարյան Կարե՞նը, Մեհրաբյան Արթո՞ւրը, Միքայելյան Գրիգո՞րը: Դեռևս ուշ չէ քննություն կատարելու, գողերին բացահայտելու և գողացված թանկարժեք իրերը վերադարձնելու համար»,- պաշտոնյաներին ուղղված իր նամակներում գրում է Մարգարիտ Սիմոնյանը, հույս հայտնելով, որ, ի վերջո, իրական մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ