«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Պարտադիր բաղադրիչը ճանաչվել է Սահմանադրությանը հիմնավորապես հակասող և անվավեր»

«Պարտադիր բաղադրիչը ճանաչվել է  Սահմանադրությանը հիմնավորապես  հակասող և անվավեր»
15.04.2014 | 11:22

Թվում էր, թե ՍԴ-ի որոշումից հետո կրքերը պետք է հանդարտվեն, և պարտադիր կուտակային համակարգում փոփոխություններ մտցվեն ի շահ ժողովրդի։ Սակայն կրքերը շարունակում են բորբոքվել, ՍԴ-ի հայտնի որոշումը տարբեր կերպ են մեկնաբանում պետական այրերը, ինչը խառնաշփոթ է ստեղծել գործատուների շրջանում։ Ի վերջո, մարդիկ ուզում են հասկանալ՝ ո՞րն էր ՍԴ-ի որոշումը։ Պե՞տք է մինչև սեպտեմբերի 30-ը շարունակել վճարների կատարումը, թե՞ ոչ։ Մի մասն այն կարծիքին է, որ գանձումները պետք է իրականացնել, մյուս հատվածը համոզված է, որ ՍԴ-ն պարտադիր բաղադրիչը ճանաչել է հակասահմանադրական։ Մի խոսքով, յուրաքանչյուրն իր ձևով է մեկնաբանում ՍԴ-ի որոշումը։ Որտե՞ղ է ճշմարտությունը. հարցը փորձեցինք պարզաբանել ԱԺ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ զրույցում։

-ՍԴ-ի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասում հստակ ասված է՝ անձի հայեցողությունից անկախ նրա սեփականությունը հանդիսացող աշխատավարձը կուտակային պարտադիր բաղադրիչի շրջանակներում պահելը, փոխանցելը հակասում են ՀՀ Սահմանադրությանը, և որևէ ձևով այն չի կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես պարտադիր կատարման ենթակա գործողություն։ Սա նշանակում է, թե՛ «Իրավական ակտերի մասին», թե՛ «Վարչական վարույթի մասին», թե՛ «Վարչարարության մասին», թե՛ «ՍԴ-ի մասին» օրենքների համաձայն, որ այդ վճարումները պետք է կատարվեն բացառապես կամավորության սկզբունքի հիման վրա։ Սա նաև նշանակում է, որ, ինչպես ՍԴ-ն է նշել իր որոշման մեջ, թե՛ օրենսդիր մարմինը, թե՛ կառավարությունը պետք է առաջնորդվեն ՍԴ-ի որոշմամբ։ Բացի այդ, այս դատարանի որոշմամբ և նշված կամավորության հիման վրա նաև բոլոր այն քաղաքացիներին, ում կամքից անկախ մինչ այդ պահվել և փոխանցվել են աշխատավարձերը, հնարավորություն պետք է տրվի հետ պահանջելու իրենց գումարները, եթե իհարկե չեն ցանկանում, որ դրանք մնան ֆոնդերում։ Հակառակ դեպքում կարող են հանդես գալ իրենց իրավունքների պաշտպանության հայցերով։
-Այժմ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության վերջին նիստում իր ձևով մեկնաբանեց ՍԴ-ի որոշումը, նշելով, որ օրենքը սկզբնական տարբերակով գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը, և որ աշխատողներից պահված գումարների վերահաշվարկի ՍԴ-ի պահանջը չի նշանակում գումարների վերադարձ։ Ի դեպ, նիստի ժամանակ վարչապետի այս մեկնաբանությունը հաստատեց նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
-Նախ նշեմ, որ ո՛չ վարչապետի, ո՛չ էլ արդարադատության նախարարի մեկնաբանությունները չեն կարող օրենքի ուժ ունենալ։ Չի կարելի ՍԴ-ի որոշումը աղավաղելու միջոցով շարունակել հակասահմանադրական վարքագիծը։ Այո, ՍԴ-ն իր որոշման 7-րդ մասով արձանագրել է՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված օրենքի հոդվածների գործողության վերջնաժամկետ սահմանել 2014-ի սեպտեմբերի 30-ը։ Այս ժամկետի երկարացումը ՍԴ-ն պայմանավորել է բացառապես քաղաքացու իրավունքի պաշտպանությամբ։ Այսինքն, օրենքում սահմանված բոլոր այն նորմերը, որոնք ուղղված են քաղաքացու իրավունքի պաշտպանությանը, կարող են գործել։ Մնացածը, որոնք սահմանափակում են այդ իրավունքները և ավելի մեծ վնաս կարող են հասցնել քաղաքացուն, ինչպես, օրինակ, պարտադիր բաղադրիչի առկայությունը, չեն կարող գործել ՍԴ-ի 2007-ի 701 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշման և սահմանադրական նորմերի շրջանակներում։ Այլ կերպ ասած, Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն։ Իսկ դա նշանակում է, որ պետական կամ գործադիր իշխանության որևէ մարմին իրավունք չունի Սահմանադրության գործող նորմը վերաձևակերպել կամ մեկնաբանել այն համատեքստում, որը կսահմանափակի քաղաքացու իրավունքները և ավելի մեծ վնաս կհասցնի քաղաքացու ազատությանը։ Ասեմ, որ ՍԴ-ի կողմից մինչև սեպտեմբերի 30-ը հետաձգելու որոշումը երեք հիմք ունի։ Առաջինը հանրությանը և պետությանը վնաս չպատճառելն է։ Երկրորդ. իրավական անվտանգությունը չխախտելը, և երրորդ՝ քաղաքացու իրավունքին և ազատությանը էլ ավելի վնաս չհասցնելը։ Բոլոր այս երեք հիմնավորումներով պարտադիր բաղադրիչը ենթակա է կասեցման։
-Այդ դեպքում, ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ որոշ պաշտոնյաներ իրենց ձևով են մեկնաբանում ՍԴ-ի որոշումը։
-Երկու հանգամանք կա. առաջինը՝ որպես կանոն, ՍԴ-ի որոշումը մեկնաբանվում է կոնտեքստից դուրս։ Որոշ մարդիկ փորձում են իրենց ուզած ձևով ներկայացնել ՍԴ-ի որոշումը, ինչը բխում է համակարգի նկատմամբ իրենց գաղափարախոսական մոտեցումներից։ Մյուսները, ովքեր մեկնաբանություններ են անում, ելնելով զուտ իրավական դիրքորոշումից, անտեսում են թվարկածս բոլոր հիմքերը։ Սա նշանակում է, որ մենք այս դեպքում գործ ունենք երկու վարքագծի հետ։ Առաջինը կանխամտածված վարքագիծն է, որի կրողները դա անում են հիմնավորապես համոզված լինելով պարտադիր բաղադրիչի ճիշտ լինելու մեջ և փորձում են գնալ առաջ։ Երկրորդը սպեկուլյատիվ բնույթ ունի, որի նպատակն է, մի կողմից, նսեմացնել ՍԴ-ի որոշումը, մյուս կողմից` զրկել հանրությանը սեփական հաջողությունը վայելելու հնարավորությունից և էլ ավելի խառնաշփոթ ստեղծել իրավական համակարգում։ Կարծում եմ, երկրորդ վարքագիծը, եթե կանխամտածված չէ, պայմանավորված կարող է լինել համակարգը չճանաչելու հանգամանքով։ Ինչո՞ւ եմ հատկապես սա շեշտում։ Նրանք, ովքեր պնդում են, որ պարտադիր կուտակային մոտեցումը պետք է կիրառվի մինչև սեպտեմբերի 30-ը, և դա անում են զուտ համակարգային պատկերացումներից ելնելով, համակարգը չեն ճանաչում։ Որևէ իրավական անվտանգություն չի խախտվի, եթե պարտադիր բաղադրիչը չգործի։ Հակառակը, պարտադիր վճար չգանձելն օգնում է, որ քաղաքացու իրավունքներին քիչ վնաս հասցվի։
-Հիմա, ըստ Ձեզ, արդարադատության նախարարը ո՞ր կատեգորիայի մեջ է «մտնում»։
-Դժվարանում եմ այս պահին գնահատել նախարարի վարքագծի շարժառիթը, սակայն կարծում եմ, որ արդարադատության նախարարությունն առաջիններից մեկը պետք է լինի, որ օր առաջ դադարեցնի քաղաքացու իրավունքի ոտնահարումը։ Առավել ևս, երբ այս նախարարությունն է գրանցել պետեկամուտների կոմիտեի ենթաօրենսդրական ակտերից մեկը, այն է՝ «Եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվության ձևի և վարման մասին» կարգը։ Սրանով շեշտակիորեն սահմանափակվում են գործատուի և քաղաքացու իրավունքները։ Այլ կերպ ասած, որևէ գերատեսչական մարմնին իրավունք չի վերապահվում ինքնաշխատ եղանակով պարտավորության հաշվարկ իրականացնել։ Մեկ օրինակ բերեմ. պատկերացրեք ճանապարհային երթևեկության նշան, որն արգելում է երթևեկել 60 կմ/ժամ արագությամբ, բայց արտադրվող մեքենաները 60-ից ավելի արագություն չունեն։ Այդ դեպքում ավելորդ է դառնում ճանապարհային այդ նշանը, ինչպես նաև քաղաքացին չի կարող իր վարքագիծը դրսևորել այդ նշանի դեպքում։ Սա ակնհայտորեն փաստում է, որ իրավական համակարգում մենք լուրջ խնդիրներ ունենք։ Եվ «Դեմ եմ» շարժումն այս ընթացիկ խնդիրը լուծելու նպատակով պահանջում է, որպեսզի օր առաջ ՊԵԿ-ում վարվող էլեկտրոնային հաշվետվություններից ինքնաշխատ եղանակով հաշվարկվող պարտադիր վճարը և այնուհետև դրան հաջորդող գանձումն ու փոխանցումը դադարեցվեն։
-Այսինքն, արդարադատության նախարարությունը լուրջ անելի՞ք ունի։
-Միանշանակ, և ոչ միայն արդարադատության նախարարությունը, այլև աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունները, ՊԵԿ-ը, ինչպես նաև օրենսդիր մարմինը։ Որովհետև ՍԴ-ի որոշմամբ արձանագրված է՝ համակարգի փոփոխությունը և այն Սահմանադրությանը չհակասելու լիազորությունները վերապահել ԱԺ-ին ու կառավարությանը։ Որոշ մարդիկ փորձում են ՍԴ-ի որոշումը ներկայացնել ընդամենը որպես մի քանի հոդվածների վերաձևակերպում։ Այդ մոտեցումը կտրականապես մերժում եմ և հայտարարում, որ պարտադիր բաղադրիչը ճանաչվել է Սահմանադրությանը հիմնավորապես հակասող և անվավեր։ Անգամ եթե մինչև սեպտեմբերի 30-ը որևէ օրենսդրական նախաձեռնություն լինի, որը կփոխի համակարգը, ապա այն չի կարող իր հիմքում ունենալ պարտադիր բաղադրիչը։
-ԱԺ-ում ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում, իսկ պարտադիր կուտակային համակարգի պահանջը Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունն էր։ Ի՞նչ եք կարծում, դրանից ելնելով ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունը ՍԴ-ի որոշումը «հալած յուղի» տեղ կընդունի՞։
-Կարծում եմ` առաջին շահագրգիռ կողմը պետք է լինի ԱԺ-ն՝ նաև ի դեմս քաղաքական մեծամասնության։ Այսօր կենսաթոշակային համակարգում բարեփոխումներ իրականացնելու խնդիրը դեռևս լուծված չէ։ Եվ որպեսզի կարողանանք արդյունավետ բարեփոխումների շրջանակներում ներգրավել հասարակությանը, անհրաժեշտ է օր առաջ դադարեցնել հակասահմանադրական վարքագիծը, դրա հետ մեկտեղ ստեղծել անհրաժեշտ միջավայր այդ բարեփոխումների համար։ Համենայն դեպս, ես լավատես եմ և հույս ունեմ, որ թե՛ քաղաքական մեծամասնությունը, թե՛ նոր ձևավորվող կառավարությունը կշարժվեն քաղաքացիների իրավունքների ապահովման գերակայության սկզբունքներով։


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ