Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչո՞ւ Нагорный Карабах

Ինչո՞ւ Нагорный Карабах
29.04.2016 | 08:42

Մեր քաղաքական անհեռատեսությունն ու անհետևողականությունը քառորդդարյա անկախության տարիներին դրսևորվեցին մեր պետական առաջին դեմքերի անընդհատ ու պարբերաբար աններելի սխալներում, որ նրանք թույլ են տվել պետության կառավարման տարիներին: Այդ սխալները իրավական տեսակետից ծանր հետևանքների առաջ են կանգնեցրել Հայաստանին ու ազատագրված Արցախին:

Սովետի տարիներին մեզանում չկային ժամանակակից հասկացությամբ քաղաքագետներ, և այդ հարցերի շուրջ մամուլում մեկնաբանություններ էին անում պատմաբանները: Ահա թե ինչու արցախյան շարժման առաջին իսկ օրերից Սումգայիթի, Բաքվի և ադրբեջանական մյուս հայաշատ շրջանների բռնի հայաթափումն ու կոտորածները մենք չկարողացանք, զգացմունքային նկարագրությունից բացի, քաղաքական մեկնաբանություններով ներկայացնել աշխարհին: Իսկ աշխարհը դրան էր սպասում, որովհետև ղարաբաղյան դեպքերն ու հայերի կոտորածները Բաքվի ձեռքերով, բայց Մոսկվայի «դաբրոյով» ներկայացնելն ու հաստատելը պետք էր այդ աշխարհին, որպեսզի բռներ հսկա երկիրը քանդող կարկատանի թելը: Մենք չունեինք քաղաքագետներ` միջազգային իրավունքի օրենքների իմացությամբ, ովքեր կուղղորդեին արցախյան շարժումն առաջին օրվանից, որպեսզի որոշակի պատրաստված ուժեր դրսից չշեղեին մեր` մեզ համար ինքնաբուխ պայքարի ուղուց, իսկ այդ ուժերի համար չստեղծվեր կառավարելի քաոս: Սակայն անկախության և հետհաղթանակի տարիներին ասպարեզում պատմաբանների կողքին հայտնվեցին քաղաքագետներ` կրթությամբ, ովքեր հընթացս ձեռք բերեցին նաև աշխատանքի փորձ և շրջահայացություն, թե քաղաքական ո՞ր ուժի լծակը պիտի դառնան երկրի ներսում, կամ համաշխարհային ո՞ր ուժեղ խաղացողի աչքը, ականջն ու լեզուն դառնան մեզանում:


Եվ մեր քաղաքական դաշտն այդպես հարստանում էր քաղաքագետներով, բայց, եթե կարելի է այսպես ասել, ո՛չ ազգային քաղաքագիտության երդվյալներով: Այս տարիներին մեր քաղաքագետները հասցրին գրեթե մինչև ուղն ու ծուծը հետազոտել Հայկական հարցը և արցախյան հիմնախնդիրը` գիտական, դիվանագիտական և միջազգային իրավունքի տեսակետից: Այդ հետազոտությունները առանձնապես պատմության խորքերը գնալու անհրաժեշտությունը չունեին, որովհետև այդ դեպքերի մի մասի` Արցախն Ադրբեջանի կազմի մեջ բռնի մտցնելու ականատեսներն ու վկաները կամ նրանց զավակներն ապրել են գիտական, անգամ քաղաքագիտական հետազոտություններ կատարողների կողքին: Ականատես վկաներից բացի, առկա են փաստաթղթեր, որոնք միջազգային իրավունքի տեսակետից դժվար է փաստաթուղթ անվանել: Խոսքը 1921 թ. միջազգայնորեն չճանաչված բոլշևիկյան Ռուսաստանի իշխող բոլշևիկյան կուսակցության կովկասյան մասնաճյուղի` «Կովբյուրոյի» որոշման մասին է: Այդ կուսակցական մարմինն իրեն իրավունք էր վերապահել այն ժամանակվա ռուսական չափանիշներով մի «սուվերեն»` անկախ հանրապետության՝ ՀԽ Հանրապետության տարածքները` Լեռնային և Դաշտային Ղարաբաղը և Նախիջևանը, հանձնելու երրորդ կողմի` նորաթուխ ադրբեջանական հանրապետության լիազորությանը: Հայաստանի խորհրդային յոթանասուն տարիների ժամանակաշրջանում ՀԽՍՀ կուսակցական որոշ ղեկավարներ (կուսակցական, որովհետև երկրի փաստացի ղեկավարը կոմկուսի առաջին քարտուղարն էր) թույլ ակնարկել էին ԽՍՀՄ ղեկավարներին` հայկական այդ տարածքները վերամիավորելու Հայաստանին, և ամեն անգամ ստացել էին կտրուկ մերժում` հաճախ պաշտոնից հեռացվելու կամ մեկուսացվելու սպառնալիքով: ՈՒթսունականների վերջերին արցախյան շարժման սկզբի իրադարձություններին չեմ անդրադառնա. դրանք շարադրել են ժամանակակից պատմաբանները: Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը բևեռել քաղաքական այն սխալների վրա, որոնք մենք թույլ տվեցինք մեր քաղաքական և դիվանագիտական փորձ չունենալու պատճառով, մինչդեռ շարժման կողքին` իբրև աջակիցներ և համակիրներ, առաջին օրվանից հայտնվեցին մարդիկ, ովքեր, օգտվելով մեր քաղաքական գիտելիքների պակասից և ծանր, ողբերգական վիճակում մեզ ձեռք մեկնած մարդկանց հանդեպ մեր ժողովրդի բնատուր երախտագիտական զգացմունքից, մեր ազատագրական պոռթկումը ուղղորդեցին միջազգային իրավունքի տեսակետից դարձյալ մեզ համար անցանկալի և սխալ դաշտ` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդի ինքնորոշման քաղաքական փակուղի: Այդ քաղաքական սխալներից մեկը, որը ո՛չ Հայաստանի, ո՛չ Լեռնային Ղարաբաղի կառավարություններն առայսօր ուշադրության չեն արժանացրել, Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված անվանումն է` Нагорный Карабах: Հարց է առաջանում. ինչո՞ւ հայկական պետության` թեկուզ և «չճանաչված», անունը պիտի հնչի ռուսերեն: Քաղաքական ի՞նչ հեռահար նպատակներ են հետապնդել ռուսները դեռևս սովետի հոգեվարքի տարիներին, որ ինքնավար մարզը միջազգային ատյաններում ներկայացրել են ռուսերեն թարգմանությամբ: Գուցե հենց ա՛յս օրերն ի նկատի ունեին տարիներ առաջ, որ որոշ ռուս քաղաքական մեկնաբաններ և քաղաքական գործիչներ այս քառօրյա պատերազմի հրադադարի հաջորդ օրերին, իբր Արցախի անվտանգությունն ապահովելու սրտացավությունից ելնելով, առաջարկում են Արցախի Հանրապետությունը Ռուսաստանի կազմի մեջ ներառել: Այն օրերին մենք իսկապես չունեինք քաղաքական համապատասխան կրթություն ստացած և միջազգային իրավունքի գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետներ, որ թույլ չտային, որ շարժման «առաջնորդների» մեջ սողոսկեին այդ նույն «աջակիցներն» ու «համակիրները», որոնք ուղղակիորեն կաթվածահար արեցին շարժման վեկտորը: Այդ համակիրները սովետական երկրում հայտնի էին իբրև դեմոկրատներ և ազգերի ինքնորոշման ջատագովներ: Չեմ ուզում անուններով ծանրաբեռնել հոդվածը, սակայն ոչ հռետորական հարց եմ ուզում հնչեցնել. ո՞ւր էին նրանք պատերազմի ծանր, արյունալի տարիներին, ո՞ւր են և հիմա մեր այդ «աջակիցներն ու «համակիրները», որպեսզի պաշտպանեն Հայաստանի ու Արցախի արդար դատը Ռուսաստանի և Արևմուտքի դիվանագիտական խարդավանքներից, որոնց բախումից տուժում է Հայստանն իր անբաժանելի Արցախով:


Շարժման օրերին ողջ Արևմուտքը արցախյան շարժման կողքին էր, և դա մեզ ոգևորում էր. ուրեմն մենք ճիշտ ուղու վրա ենք: Մինչդեռ նրանք էլ իրենց հաշիվներն ունեին՝ արցախյան շարժումը դարձնել կարկատանի թելի այն հանգույցը, որն ամբողջական էր պահում կարկատած ծածկոցը: Եվ դա հաջողվեց նրանց՝ փլուզվեց ԽՍՀՄ-ը:
Անկախության տարիներին մեր քաղաքական գործիչները և քաղաքագետ դարձած մասնագետները գոնե քառամյա արյունալի պատերազմի տարիներին պիտի սերտեին քաղաքականության անհրաժեշտ դասերն ու օրենքներն այնպես, ինչպես անփորձ երիտասարդները ճակատամարտից ճակատամարտ կռվել սովորեցին ու հաղթեցին` թանկ զոհեր տալով: Բայց հաղթանակն ապահովեցին: Մինչդեռ քաղաքագետների և քաղաքական գործիչների կյանքին հաստատ վտանգ չէր սպառնա քաղաքագիտական և դիվանագիտական գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու ժամանակ: Քսանհինգ տարի առաջ կնքված այս անկատար և երբեք հակառակորդի կողմից չհարգված-չպաշտպանված զինադադարը մեր երկրի առաջին նախագահի ու քաղաքական վերնախավի միջազգային օրենքների չիմացությա՞ն, մարդկային թուլությա՞ն, թե՞ որոշակի ուժերի միջամտության հետևանք էր: Մեզ, որ պիտի պայմաններ թելադրողը լինեինք, որպես հաղթող կողմ, պարտադրվեց զինադադար: Մինչդեռ հայկական կողմը պետք է պահանջեր Ադրբեջանի` որպես չհայտարարված պատերազմ սանձազերծողի վերջնական կապիտուլյացիան` ռազմատուգանքի վճարումով, սովետական զորքերի օժանդակությամբ ադրբեջանցիների զավթած Արցախի տարածքների և Հայաստանի Արծվաշեն գյուղի վերադարձով: Դա չարվեց 1994 թ. «զինադադարի» ժամանակ: Ինչո՞ւ:


Ովքե՞ր և ինչո՞ւ արցախյան հակամարտության հարցն այնքան խճճեցին, որ վերածեցին «հիմնախնդրի»: Այսօր միջազգային ատյաններում ով շատ թե քիչ հոդաբաշխ խոսել գիտի, այս հարցը ներկայացնում է որպես «շատ բարդ խնդիր»: Եթե հարցին մոտենանք իրավական տեսակետից, այն ավելի քան պարզունակ է: 1921 թ. մի պետության տարածքները մեկ այլ՝ չճանաչված պետության քաղաքական և միջազգային իրավունքի լիազորություններ չունեցող կուսակցական մարմինը նվիրում է այս տարածաշրջանում մոտ երկու տարվա պատմություն ունեցած պետական մի միավորման: Այդ նորաթուխ Ադրբեջանի դեմոկրատական պետությունը, շուրջ երկամյա գոյության տարիներին, իր կազմում չի ունեցել, թեկուզ նվեր ստացածի կարգավիճակում, Լեռնային և Դաշտային Արցախն ու Նախիջևանը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ինչպես մյուս միութենական հանրապետությունները, Ադրբեջանական ԽՍՀ-ն հայտարարեց իր անկախությունը՝ իրեն համարելով Դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդը: ՈՒշադրությո՛ւն: Իրավահաջորդն այն հանրապետության, որի կազմի մեջ երբեք և երբևէ չեն եղել հայկական Արցախն ու Նախիջևանը: Ի դեպ, քաղաքական այս իրավիճակը շատ նման է Ղրիմը Խրուշչովի անհեռատես կամայականությամբ ՈՒկրաինային նվիրելուն: Այս թերակղզին երբևէ չի եղել ՈՒկրաինա պետության կազմում, որովհետև այն՝ որպես պետություն, պատմության մեջ գոյություն չի ունեցել: Ես միշտ առիթի դեպքում ասել եմ ռուս լրագրողներին ու զինվորականներին դեռևս արցախյան շարժման և պատերազմի տարիներին, որ ռուսներն էլ իրենց Ղարաբաղն ունեն՝ ի դեմս Ղրիմի… Այդպես էլ եղավ, միայն այն տարբերությամբ, որ Ռուսաստանն իր ուժի դիրքերից վերադարձրեց Ղրիմն առանց մի կաթիլ արյուն հեղելու, իսկ մենք մեր տղաների տաք ու ջահել արյունով ազտագրեցինք մեր հողը: Փա՛ռք նրանց: Ռուսները փաստարկում են հենց այդ խրուշչովյան կամայականությունը, իսկ մենք ոչ միայն լռում ենք մեր հանդեպ իրականացված կամայականության մասին, այլև թույլ ենք տվել, որ մեր պատմական տարածքի վրա ստեղծված պետական միավորման անունը ներկայացվի ռուսերեն թարգմանությամբ՝ Нагорный Карабах։ Կարծում եմ՝ այս քառօրյա պատերազմը լավ առիթ ու փաստարկ է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի կառավարությունը փոխի հանրապետության անվանումը և ներկայանա միջազգային քաղաքական հանրությանը հայկական անվանումով՝ դիցուք՝ Լեռնային Արցախի Հանրապետություն: Սա հասարակ բան չէ. սա ազգային արժանապատվության խնդիր է, սա նաև հարցի քաղաքական լուծման բանալի է:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 13305

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ