Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Դա նույնն է, որ մեծ նավը գետի մեջ դնես ու ասես՝ նավարկիր»

«Դա նույնն է, որ մեծ նավը գետի մեջ դնես ու ասես՝ նավարկիր»
22.05.2018 | 01:10

Մեր երկրում տեղի ունեցած կտրուկ շրջադարձից հետո հանրային քննարկման առարկա են դառնում տարբեր ոլորտներում բարձրացվող խնդիրները, կադրային նշանակումները, ակնկալվող փոփոխությունները, գնահատականներն ու դիտողությունները: Բիզնես կառավարման փորձագետ, գործարար ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ դրական է գնահատում այն, որ ժողովուրդը վերջապես վերականգնել է ընտրելու, ձայնի իր իրավունքը: Ինչ վերաբերում է նոր վարչապետի կադրային քաղաքականությանը, կարծում է, որ շատ շուտ է կարծիք հայտնելը, թեև կոնստրուկտիվ քայլեր դեռ չի տեսնում:

-«Իրատեսին» տրված նախորդ հարցազրույցի ժամանակ նշել էիք, որ մեր երկրում գործարարներին վերաբերվում են որպես հանցագործի. օպերվարչութjունը վեց ամսում երեք անգամ ստուգում է անցկացնում: Կարծում եք՝ հարկային դաշտը կվերանայվի՞:
-Դա զուտ կառավարման հարց է և կախված է վարչապետից: Օրինակ, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժողովրդին՝ պահանջել ՀԴՄ կտրոնները: Շատ ճիշտ է, պարո՛ն վարչապետ, թող ժողովուրդը պահանջի կտրոնները, բայց փոքր բիզնես ունեցողը, որ մինչ օրս կտրոն չի տրամադրել ու իր բյուջեն դրան համապատասխան պլանավորել է, հիմա հարկային դաշտ ամբողջությամբ մտնելու պարագայում հնարավոր է, որ փակի իր բիզնեսը կամ ընկնի դժվար կացության մեջ: Արդյոք մենք դա՞ ենք ցանկանում։ Լա՞վ է, որ փակվի: Այսինքն, չի կարելի միակողմանի որոշումներ ընդունել: Բիզնեսի և պետության կառավարման հարցը նման է բժշկի գործին՝ ամեն քայլն ունի իր հակադարձը։ Այդ պատճառով, ամեն որոշում ընդունելիս պետք է հաշվի առնվեն բոլոր հակադարձ քայլերն ու գործողությունները և, համապատասխան կարգավորումներ մտցնելուց հետո, նոր որոշումներ կայացվեն։ Բացատրեմ, թե ինչ եմ ցանկանում ասել։ Կտրոն պահանջելուց առաջ պետք է ուսումնասիրել փոքր ձեռնարկությունների շրջանառության ծավալները և, համապատասխան որոշումներ ընդունելով, անցավ մտցնել վերջիններին հարկային դաշտ։ Որոշումներից մեկը կարող է լինել նվազագույն շրջանառության բարձրացումը, հաջորդը` ուղղակի շրջանառության հարկատեսակի շրջանառության մեջ դնելը։ Այս կարգի որոշումներ ընդունելու միջոցով փոքր հարկատուների համար առավելագույնս պարզեցնել նրանց վճարելիք հարկերը։ Փոքր հարկ վճարողները պետք է վճարեն միայն երկու տեսակի հարկ ու շատ պարզ ռեժիմով։ Մեկը՝ հարկ շրջանառությունից, երկրորդը՝ վճարվելիք աշխատավարձից։ Վերջիններիս հաշվարկը պետք է լինի «ծայրահեղ» պարզ, որ նույնիսկ ամենաանգրագետ մարդը կարողանա այն հաշվարկել և վճարել։ Այդ պարագայում կարելի է մեր փոքր հարկ վճարողից ինչ-որ բան պահանջել։ Ինչ-որ բան պահանջելուց առաջ պետք է ապահովել համապատասխան պայմաններ։ Դա, ինչպես ասացի, նման է բժշկի գործին։ Օրինակ, երբ բժիշկը նոր երիկամ է պատվաստում, նա հասկանում է, որ մարմինը, լինելով բարդ համակարգ, վերջինս դիտարկելու է ինչպես օտար մարմին, այդ պատճառով թուլացնում է մարմնի ընդհանուր իմունային համակարգը, որ մարմինն ինչ-որ ժամանակ պատվաստված երիկամի նկատմամբ ագրեսիվ չլինի։ Պետությունը և բիզնեսը նույնպես բարդ համակարգեր են, որոնք ինչ-որ գործողության դիմաց ինչ-որ հակագործողություն կարող են իրականացնել։
-Ի՞նչ է պետք փոքր, միջին և խոշոր բիզնեսների համաչափ զարգացման համար:
-Իմ դոկտորական աշխատանքի հիմքում հենց այդ խնդիրն է դրված. ուսումնասիրում եմ՝ ինչպես պետք է պետությունը աջակցի և կարգավորի տարբեր ոլորտներ (չխառնվելով վերջիններիս գործին) և աջակցելով հնարավորություն ընձեռի, որ այդ ոլորտների ընկերությունները միջազգային շուկաներում մրցունակ լինեն: Մենք ունենք ոլորտներ, որոնք այսօրվա դրությամբ շատ վատ վիճակում են՝ գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, ոսկերչություն և այլն: Հայաստանի նման փոքր երկրները պետք է ունենան համատեղ արժեք ստեղծելու հնարավորություն: Համատեղ արժեք ասելով նկատի ունեմ պետություն-բիզնես համատեղ արժեք ստեղծելու հնարավորությունը։
Վերցնենք կաթնարդյունաբերությունը. պետությունը պարտավոր է գործիքներ մշակել, ինչի արդյունքում գյուղացին ոչ միայն խնդիր չպետք է ունենա կաթ արտադրելու, այլև մրցունակ կաթ արտադրելու և վաճառելու։ Դուք կարող եք մտածել, որ դա հեքիաթի ժանրից է, այդ դեպքում ես կասեմ, որ ամբողջ պետության գործն է հեքիաթ։ Այո, առկա են գործիքներ, որոնք կիրառելու դեպքում կարելի է այդպիսի արդյունքների հասնել։ Հենց դա կոչվում է համատեղ արժեքների ստեղծման հնարավորություն։ Մեր կաթնարդյունաբերությունն այսօր առհասարակ մրցունակ չէ: Ընդհակառակը, դրսի շուկաները խեղդում են տեղական արտադրանքը: Սրանք կառավարման պրոցեսներ են, որ պետք է իրականացվեն և կառավարվեն ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետների կողմից: Տասն օրում, մեկ տարում կամ նույնիսկ երեք տարում բժիշկ չեն դառնում: Պրոֆեսիոնալ կադրեր են պետք բոլոր ոլորտներում: Կան այդպիսի կադրեր, նրանց պետք է գտնել, խրախուսել, հարկ եղած դեպքում՝ դրսից հրավիրել: Խոշոր գործարարը լավ մենեջերին վճարում է, ենթադրենք, 5000-ից 10000 դոլար, որ իր բիզնեսը զարգացնի: Հարց եմ ուզում տալ՝ արդյո՞ք նախարարի կարգավիճակն այնպիսին չէ, որ ստանա 5000 դոլարին համարժեք աշխատավարձ: Եթե նախարարին տալիս ես 400 000 դրամ աշխատավարձ, բնական է, որ այդ մարդուն կոռուպցիոն ռիսկի մեջ ես դնում։ Բացի այդ, շատ քիչ նվիրյալ պրոֆեսիոնալներ կգտնես, որոնք կհամաձայնեն 400000 դրամով ստանձնել այդպիսի պատասխանատվություն։ Հիմնականում կգան այլ մտադրություններով մարդիկ։
-Բայց Դուք խոսում եք մի երկրի մասին, որտեղ նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է: Որտեղի՞ց Ձեր նշած գումարները:
-Այդ գումարները առկա են, ուղղակի պետք է բերել օրինական դաշտ: Պրոֆեսիոնալները ստեղծում են գումարներ, տգետները՝ գրպանում: Եթե մեր կառավարությունում հինգ պրոֆեսիոնալ մասնագետ լինի, մեկ տարի հետո կտեսնեք, որ բյուջեն բազմապատկվել է: Ժողովուրդը գուցե չգիտի դա ոնց է արվում, չի կարող սահմանել իր ցանկությունը, բայց եթե դու դա անես ու ցույց տաս ժողովրդին, կասի՝ այ սա էի ուզում: Մենք ունենք այդ պոտենցիալը: Շատ մեծ պոտենցիալը մտցրել են փոքր արկղի մեջ, ու դա այնքան ցավալի է: Դա նույնն է, որ մեծ նավը գետի մեջ դնես ու ասես՝ նավարկիր:
-Թվում է, երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո սփյուռքահայ գործարարները շահագրգռված են լինելու ներդրումներ կատարելու Հայաստանում: Միայն ասելը, առաջարկելը բավակա՞ն են, ի՞նչ պայմաններ պետք է լինեն, որ հայաստանյան շուկան գրավի գործարարներին:
-Առաջին՝ պետք է անխոցելի լինի, գործարարը պետք է վստահ լինի դատական համակարգի արդարության մեջ։ Երկրորդ՝ հարկային վարչարարությունը: Շատ պարզ հարկային համակարգ պետք է լինի։ Երրորդ կարևոր նախապայմանը զարգացած շուկան է, ներքին պահանջարկը: Հայաստանում այսօր ներքին պահանջարկ չկա, շուկա չկա, շատ փոքր է: Համեմատության համար ասեմ, որ Մոսկվա քաղաքի մեկ շրջանը ավելի մեծ պահանջարկ ունի, քան ամբողջ Հայաստանը։ Սրանք մեկ օրում լուծելի հարցեր չեն: Ներդրողին պետք է հստակ առաջարկներ անել, ոչ թե խոսել ապագայի հեռանկարների մասին, հույս տալ, որ լավ կլինի: Արդեն 30 տարի դա լսում ենք:
-Հայաստանի քաղաքական վերջին փոփոխություններով պայմանավորված՝ «Գրանդ Հոլդինգ» ընկերության հետ կապված երկու պատգամավորներ վայր դրեցին իրենց մանդատները: Գործարարը չպե՞տք է զբաղվի քաղաքականությամբ:
-Միանշանակ, պետք է գործարար լինես կամ քաղաքական գործիչ: Բայց մեր երկրում այնպիսին էր իրավիճակը, որ գործարարն իր բիզնեսը պահպանելու, զարգացնելու համար պետք է կլանի մեջ լիներ:
-Ըստ Ձեզ՝ ինչ-որ բան փոխվելու՞ է մեր կենցաղում, մշակույթում, մարդկային փոխհարաբերություններում: Ի՞նչ է իր հետ բերում նոր սերունդը:
-Ես միշտ ասել եմ, որ մեր երիտասարդները շատ լավն են: Նրանք մեծացել են դժվար տարիներին, գիտեն կյանքի արժեքը, ստեղծելու արժեքը, հասկանում են, որ պետք է մի բան ստեղծես, որ դրա դիմաց մի բան ստանաս: Այսինքն, հաջողության կարող ես հասնել ազնիվ աշխատանքով: Առավել ավագ սերունդը դա չի հասկանում: Նրանք գիտեն, որ հաջողության կարելի է հասնել հարաբերություններ՝ «կլան» ստեղծելով և թալանելով: Սովետական մտածելակերպով չես կարող կառավարել այս զուլալ երիտասարդներին: ՀՀԿ-ն սովետական մտածելակերպի վառ օրինակ էր, այն կոմունիստական կուսակցություն է ՀՀԿ անունով։
-Չե՞ք կարծում, որ վերջին օրերի իրադարձությունները, հատկապես երիտասարդական շարժումը, խոսում են մեր դարավոր մշակույթի, մտածելակերպի, գենոֆոնդի, այսպես ասած, «հայի գենի» մասին:
-Ինչպե՞ս կարելի է տարանջատել մեկը մյուսից: Միաժամանակ չպետք է մեծամտանանք, գոռոզանանք, որ հայ ենք: Դա նույնն է, որ հպարտանաս սև մազեր ունենալու համար, երբ դա քո շնորհքը չէ: Բայց չես կարող հաշվի չնստել գենոֆոնդի հետ, մեր պապերը քրիստոնյա են եղել, ու սերմերը, որ ժամանակին քրիստոնեաբար ցանել են, հիմա պտուղ են տալիս, ո՞նց կարող ես դրա հետ հաշվի չնստել:

Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ