Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կուզեմ, որ երբ արդարությունը հաղթի, չորրորդ, հինգերորդ սերնդի թուրքը, քուրդը, հայը ընկերոջ, եղբոր պես ապրեն»

«Կուզեմ, որ երբ արդարությունը հաղթի, չորրորդ, հինգերորդ սերնդի թուրքը, քուրդը, հայը ընկերոջ, եղբոր պես ապրեն»
05.06.2018 | 03:00

Թուրքիայում հունիսի 24-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Մեջլիսի պոլսահայ պատգամավոր ԳԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ընտրացուցակով: Նախորդ ընտրությանը նա առաջադրվել էր Ստամբուլում: Գարո Փայլանը հայերեն, թուրքերեն, քրդերեն գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում. «Բարև, Տիգրանակերտ: Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու համար»: Դիարբեքիրը պատմական Տիգրանակերտն է, որը Տիգրան Մեծի կառավարման օրոք եղել է Մեծ Հայքի մայրաքաղաքը:


…Վաղ առավոտյան, պայմանավորված ժամից շուտ, ես և Դպրեվանքի աշխատակից Հարություն Քույումջուն նստել էինք Ստամբուլի հարուստ թաղամասերից մեկի բացօթյա սրճարանում և անհամբեր սպասում էինք Գարո Փայլանի գալուն: Արևի առաջին շողերը զվարթ ջերմությամբ էին պարուրել շուրջբոլորը, և այնքան ծանոթ, հարազատ էին թվում պուրակը, հսկա ծառերն ու մանրիկ թփերը, շտապող անծանոթ մարդիկ, որ մի պահ ինձ թվաց Երևանում եմ՝ Աբովյան փողոցում: ՈՒրախ էի, որ Հարությունին հաջողվել էր կազմակերպել Գարոյի հետ հանդիպումը, նաև սիրով ու պատրաստակամ ինձ ուղեկցել հանդիպման վայր: ՈՒզում էի շնորհակալական ջերմ խոսքեր ասել, սակայն, հիշելով յուրաքանչյուր առիթով շնորհակալություն հայտնելուս համար նրա անկեղծ ընդվզումը, լուռ ըմպում էի թուրքական համարվող սև սուրճն ու փորձում համային նմանություն գտնել Երևանի «Փարիզյան սուրճ» սրճարանում իմ նախընտրած սուրճի հետ, որին չգիտես ինչու «Փարաջանով» անունն են տվել: Գարո Փայլանին առաջին անգամ հանդիպել, լսել էի Երևանի պետհամալսարանի արևելագիտության բաժնի ուսանողության հետ հանդիպման ժամանակ, երբ փոխդեկան Ռուբեն Մելիքյանի ողջույնի ջերմ ու սեղմ խոսքից հետո ուսանողները, միմյանց հերթ չտալով, հարցերի բույլեր էին ուղղում Թուրքիայի Մեջլիսի հայ երեսփոխանին, իսկ հրաժեշտին այնպես էին օղակել նրան, որ ուղեկցողներն ստիպված էին ուժով ճամփա բացել... Այդ օրն ինձ չհաջողվեց հարց տալ, այդ օրը, այդ ժամը ուսանողներինն էր: Եվ ահա, եկել էր սիրելի հայորդու հետ զրուցելու իմ ժամը: Հուզմունք կար և Հարությունի դեմքին: Ստամբուլում է ապրում, բայց Թուրքիայի Մեջլիսի պատգամավորին երես առ երես հանդիպել- զրուցելու պատեհ առիթ չէր եղել: Հանկարծ տիրող լռությունն ալիքվեց սրճարանի աշխատողների աշխույժ շշնջյունից, նրանք շտապով ընդառաջ գնացին այցելուին. Գարո Փայլանի ժպիտից շուրջն ամեն բան ասես ավելի լուսավորվեց, ու իմ մտքում առկայծեց իմ գրելիք նյութի առաջին տողը. «Արևն ու Գարոն նույն ակունքից են սկիզբ առել...»: Ջերմ ձեռքսեղմումից հետո նա հարցրեց, թե ինչ կցանկանայինք ճաշակել և մեր համեստ «շնորհակալություն» բառը լսելով, բոլորիս համար սուրճ պատվիրեց, ապա պարզ, անմիջական, պատրաստակամ հայացքն ուղղեց ինձ: Պոլսահայերի հետ հանդիպումներին սկզբում միշտ նույն հարցն եմ տալիս. «Որտեղի՞ց են ձեր նախնիները», և ամեն անգամ լսում նախորդներին հար և նման, բայց և միանգամայն տարբեր, կյանքի դարձդարձիկ ելևէջներով լի տխրանուշ մի պատմություն...
Հարցիս վրա Գարոյի ծիծաղկուն հայացքով մշուշի ստվեր անցավ: Մի պահ հապաղելուց հետո խոսեց՝ բառերը հատ-հատ շեշտելով.


-Մալաթիացի ենք: Մեծ մորս կողմը 1895 թ. Մուշից տեղափոխվել է Մալաթիա: Մայրիկիս դեդեն Մարզվանից էր: Ցեղասպանությունից առաջ Մալաթիայի բնակչության 75 %-ը հայ էր: Ցեղասպանությունից հետո մնաց 2000 հայ: Մեծ հայրս, մեծ մայրս ցեղասպանության ականատես էին: Նրանք ասում էին. «Պետք է ելնել այս երկրից»: Երբ մեր եկեղեցին գոցվեց, մեր բարեկամների մեծ մասը հեռացավ: Մեծ հայրիկս, մեծ մայրիկս լավ հայերեն գիտեին, բայց հայրս և մայրս հայերեն չէին խոսում: 1969 թ. նրանք նույնպես տեղափոխվեցին Պոլիս: Տարբեր գավառներից հայերը ձգտում էին, ձգտում են գալ Պոլիս: Բոլոր ընտանիքներն այդպիսի պատմություն ունեն: 1970 թ. ծնվեց քույրս, 1972 թ.՝ ես, 1978-ին՝ եղբայրս: Սովորեցի Եշիլ գյուղի հայկական վարժարանում, այնուհետև քոլեջ հաճախեցի, ապա ընդունվեցի համալսարանի էկոնոմիկայի բաժինը:


-Ներեցեք, որ ընդհատում եմ, բայց պետք է փաստեմ. շատ հայ երեխաներ, սովորելով հանդերձ հայկական վարժարանում, հայերեն չգիտեն կամ վատ գիտեն: Դուք ինչքա՞ն սովորեցիք հայերեն, ո՞վ է Ձեր սիրած հայ բանաստեղծը:
-Անշուշտ, հայերենի իմացությունս խորացնելու կարիք ունեմ: Հայաստանում մեկ շաբաթ մնացի, և այդ ընթացքում հայերենս շատ լավացավ: Սիրելի է Պետրոս Դուրյանի պոեզիան: Հայ հեղինակներին միշտ կարդում եմ: «Արաս» հրատարակչությունը շատ լավ գործ է անում, հայ հեղինակների գրածները թուրքերեն են թարգմանում և հրատարակում, որպեսզի հայերեն չիմացող հայերը կարողանան կարդալ, ճանաչել իրենց գրողներին: Վերջին ժամանակներում Թուրքիայի հայության նախաձեռնած լավագույն գործերից մեկն է դա: Հայերենից թուրքերեն թարգմանված և հրատարակված բոլոր գրքերը կարդացել եմ: Եվ, անշուշտ, լավ գործերից առանձնահատուկ է Հրանտ Դինքի «Ակօսը»: Ցավոք, այսօր Պոլսի ժողովրդի 90 %-ը հայերեն չգիտե, միայն՝ բարև, ինչպե՞ս եք: Հրանտ Դինքից առաջ պոլսահայերի 10 %-ն էր միայն «Մարմարա», «Ժամանակ» թերթերը կարդում: Մյուսներն այդ թերթերը գնում էին, որպեսզի դրանք կարողանան գոյատևել: Հայերի երեք-չորս սերունդ նույն «Մարմարան» ու «Ժամանակն» էր կարդում: Հրանտ Դինքի «Ակօսի» շնորհիվ ժողովուրդն սկսեց կարդալ: Հայերն սկսեցին կարդալ «Ակօս», որը թեև հայերեն չէ, բայց պոլսահայ համայնքի մասին է և հայերեն հավելված ունի: Այս մեծ քաղաքի մեջ մենք փոքրամասնություն ենք, և այսօրվա հայ սերունդն ուզում է նոր ժամանակի հետ քայլել, նորություններից հետ չմնալ: Ոմանք կարծում են, որ հայերենը պետք չէ, օգտակար չէ: Ով Հայաստան է գնում, ինձ պես սկսում է հայերեն սովորել: Դժբախտաբար, նույնը չեմ կարող ասել այստեղ ապրողների մասին: Յոթերորդ անգամ էի Հայաստանում, որպես երեսփոխան՝ առաջին: Գիտեի, որ Հայաստանը շատ է փոխվել, գիտեի, որ Հայաստանն ինձ կսպասե: Շատ հետաքրքիր էր, շատ տպավորվեցի ժողովրդի վերաբերմունքից: Պատգամավորները, նախարարները, ժողովուրդը հետաքրքրված էին ինձ տեսնելու:
-Ձեզ ընդունեցին որպես հերոսի, որպես արդարության համար անխոնջ պայքարողի: Այդ հանդիպումներից մեկին ներկա էի, համալսարանի արևելագիտության բաժնի մեծ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: ՈՒսանողությունը Ձեզ հետ հանդիպմանը եկել էր ինչպես տոնի: Հարցերի հեղեղ էր:
-Ես էլ շատ ուրախ էի այդքան աշխույժ և բանիմաց երիտասարդների տեսնելու համար: ՈՒրախ էի, որ Հայաստանը տեսա ավելի լավ վիճակում, ավելի ինքնավստահ: Անշուշտ, Հայաստանը խնդիրներ ունի: Հայաստանի համար մտահոգ եմ, հանդիպումների ժամանակ այդ մտահոգությունների մասին խոսեցի: Թուրքիան ազգայնական երկիր է, Ադրբեջանը՝ նույնպես, և եթե աջ ու ձախ կողմերդ ազգայնական են, մտահոգիչ է: Դժբախտաբար, իմ վախն անհիմն չէր. տեսաք՝ ինչ կատարվեց Աֆրինում, ժողովուրդների ապրելու տեղ էր, ու ի՜նչ վիճակվեց: Ջանքեր գործադրեցի, որ Թուրքիան այնտեղ չգնա, որ թուրքը, քուրդը, այլ ազգեր այնտեղ հաշտ ապրելու միջոց գտնեն: Եվ ի՞նչ... Կռիվ եղավ, 3 800 մարդ սպանվեց, և ես ասացի, որ այս ամիսը, այս օրերը շատ նման են 1914 թվականին, երբ Էնվերն ու Թալեաթը ուժն իրենց ձեռքն առան, և ինչ եղավ, երկու ազգայնական մարդկանց ձեռքով եղավ: Դժբախտաբար, այսօր Էրդողանն ու Բախչելին նույնն են ասում: Էրդողանն այսօր ջիհադիստների հետ է քայլում: Թալեաթն ու Էնվերը շատ հավատացյալ չէին, բայց իսլամն օգտագործեցին հայերի դեմ, քրիստոնյաների դեմ: Հիմա էլ քուրդ, ալևի, իսլամ միասնական ապրում էին, բայց այս մարդը ջիհադիստների հետ քայլեց, միասին գրավեցին, և հիմա, ցավոք, ջիհադիստների հետ պիտի կազմակերպեն ամեն բան: Ջիհադիստների երկիր կլինի...
-Երբ մարդիկ տեսնում են, թե Ձեր ելույթներն ինչպիսի կատաղի արձագանքներով են ուղեկցվում Մեջլիսում, ինչպես են փորձում լռեցնել Ձեզ, տագնապում-անհանգստանում են Ձեզ համար...
-Թուրքիայում տիրող վիճակը վատ է: Պայմանները վատ են և ավելի կվատանան: Էրդողանը երկիրը տանում է դեպի սնանկացում: Թուրքական լիրան արժեզրկվում է: Դժբախտաբար, ազգայնականության խնդիր կա թուրքերի ու քրդերի մեջ: Մենք կխորհինք ճամփա գտնել, որպեսզի թուրք, քուրդ, հայ ապրեն արդարության, խաղաղության պայմաններում: Նույն ցեղասպանությունը չշարունակվի...
-Հատկապես այս օրերին հաճախ եմ մտորում. հնարավո՞ր էր արդյոք խուսափել 1915 թ. ցեղասպանությունից, կանխել...
-Այո, 1915 թ. կարելի էր կասեցնել: Այն ժամանակ Իսթանպուլի մեջ հեղափոխական հայերն ու ժողովրդավոր հայերը ուզում էին լուծել հայոց խնդիրը: Հեղափոխական հայերը կխորհեին պայքարի միջոցով լուծել: Ժողովրդավար հայերն էլ ասում էին՝ ամեն քաղաքում հայ կա. եթե այս, այս, այս քաղաքներն ազատագրենք, մյուս վայրերի հայերի վիճակն ի՞նչ պիտի լինի: Թալեաթն ու Էնվերը գիտեին, որ այս երկու ուժերն իրար հակառակ մտածումներ ունեն և այդ հանգամանքն օգտագործեցին՝ ով կուզե ժողովրդավարություն, պետք է լուռ, անձայն մնա, ով հեղափոխական է՝ տեռորիստ է: Եվ մարդիկ բանտ չընկնելու համար լուռ մնացին: Մեծ արհավիրքի օրերին հայերի մեծ մասը միասնական չէր, պատրաստ չէր այդ տեսակ «երկրաշարժի»: Եվ, ինչպես մինչ այդ էլ եղել էր, Արևմուտքի կարող ուժերը տեսան այդ մեծ ցեղասպանությունն ու անտարբեր մնացին: Թուրքիայի ռազմամոլ կառավարությունը Ռուսաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների հետ շախմատ խաղաց, և մենք այդ խաղի մեջ պիոներ եղանք ու կոտորվեցինք: Թուրքիայի այս ազգայնական ձգտումը երբեք չմարեց և չհաղթահարվեց, ավելի զորացավ ու շարունակվեց: Գերմանիայում ազգայնականությունը Հիտլերի վախճանով մարեց, Իտալիայում՝ Մուսոլինիի վախճանի հետ, բայց Թուրքիայի ազգայնականությունն Արևմուտքի ուժերի չեզոքության պատճառով շարունակվեց: Այսօր էլ Գերմանիայի ու այլ երկրների անտարբերությունը տեսնելով՝ Թուրքիան շարունակում է նույն հանցանքը գործել:
...Մեր զրույցն ընդմիջվեց մի խումբ երիտասարդների այցելությամբ: Գարո Փայլանը ներողություն խնդրելով՝ առանձնացավ նրանց հետ: Քիչ այն կողմ ծայր առավ կիսաձայն աշխույժ քննարկում, որի ընթացքում մեջընդմեջ լսվում էր Շեքսպիրի անունը:
Երիտասարդները գոհ հեռացան, իսկ Գարոն մոտենալով մեզ՝ շտապեց բացատրել.
-Երիտասարդ արվեստագետների խումբ է: Շեքսպիրին նվիրված ծրագիր են կազմել: Ինձ հրավիրեցին ելույթ ունենալու «Շեքսպիրի ազդեցությունը հայ գրականության վրա» միջոցառմանը:
-Այսօր իրական կերպարներ կան, որ իրենց նենգ ու զազիր գործերով չեն զիջում շեքսպիրյան ողբերգությունների հերոսներին, և շատ դժվար է դիմակայել, առճակատ պայքարել նրանց դեմ: Կյանքի փորձություններն անցած մարդիկ հատկապես ասում են՝ պետք չէ, որ մեր Գարոն այդքան խիզախ լինի, մտահոգված են...
-Հրանտ Դինքը խաղաղ մարդ էր, բայց տեսաք՝ ինչ եղավ: Ազգայնականներն ուզում են, որ փոքրամասնություններն անձայն մնան: Ես էլ ասում եմ՝ անձայն մնալը ճանապարհ չէ: Լռելը խուսափել չէ, ելք չէ: Եթե ազգայնականներն առաջ են քայլում, դու հետ քաշվես, վիճակն ավելի վատ կլինի: Եթե իրավունք ունես, կամք ունես, ձայնդ պետք է բարձրացնես: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հիմնադիրներից մեկն եմ, ծրագիրը գրողներից մեկը: Միասին հիմնեցինք, այն բոլոր ժողովուրդների համար է, պայքարում է Թուրքիայի ժողովրդավարացման համար: Այս կուսակցությունը իմ կուսակցությունն է: Բոլոր մտածումներս այս կուսակցության հետ են կապված: Ասում են՝ քրդերի կուսակցություն է. անշուշտ, քանի որ անդամների մեծ մասը քուրդ է, բայց կուսակցությունը ջանք է թափում, որ լինի Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների շահերը պաշտպանող կուսակցություն: Ձգտում ենք, որ հավասարություն լինի: Ես էկոնոմիկայի գծով պատասխանատուն եմ և փոխատենապետը:
-Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարելը ծանր, դժվար պարտավորություն է: Միայնակ՝ անհանդուրժող զանգվածի դեմ... Ի՞նչ զգացողություններ եք ունենում առանձնության մեջ, ինքներդ Ձեզ հետ...
-Անշուշտ, հպարտ եմ հայ լինելուս համար: Որպես հայ կխորհիմ, որ ցեղասպանություն ապրեցինք և 103 տարի է՝ արդարության չենք հասել, և այդ ցավը շարունակվում է: Սա է առաջին տարբերությունը, որով հայն առանձնանում է այլ ժողովուրդներից: Քրդերը պայքարում են ազատության համար, անշուշտ, շատ ցավեր ունեն, բայց մեզ՝ հայերիս պես մեծ ցեղասպանություն չեն ապրել: Թուրքիան մերն է, հայերի հողերն են, բայց մեր արմատը կորցրել ենք: Քրդերին սպանում են, բայց նրանք արմատներ ունեն՝ Իսթանբուլում, Վանում, ամենուր: Մեր արմատը կորցրինք և, դժբախտաբար, երազն ենք կորցնում նաև: Միայն այդ արմատի մասին խոսելով, հողը մերն է ասելով չէ: Իմ երազանքն է, որ Անատոլիայի մեջ սահմաններ չլինեն: Ես և իմ կուսակցությունն ասում ենք՝ սահմանների փոփոխության չենք հավակնում, այլ հավասարության: Կասեք՝ ռոմանտիկ եմ: Երբ այս մասին խորհրդարանում խոսում եմ, զգում եմ, թե ինչ է կատարվում, զգում եմ, որ դժվար է, բայց, այնուամենայնիվ, պետք է լինել ռոմանտիկ: Բոլոր հայերը պետք է երազեն, հիշեն, որ սա մեր մայրենիքն է, և այն՝ այս երկիրը, բոլոր ազգերի եղբայրաբար ապրելու տեղը պետք է լինի: Անշուշտ, կարող ենք ամեն տեղ բոռալ, որ սա մեր երկիրն է, որ ամեն երկիր ճանաչի ցեղասպանությունը, բայց դրանով մեր ցավը չի ամոքվի: Մեր ցավն ամոքելու միջոցը Իսթանբուլում է, Վանում... և ճամփա գտնելը թուրքերի ու հայերի հետ, որպեսզի Անատոլուն լինի այնտեղ ապրող բոլոր ժողովուրդներինը, և դա կռվով չի լինի, այլ ժողովուրդների փոխըմբռնումով:
-Հրանտ Դինքն էլ էր փափագում, որ այստեղ ապրող թուրքն ու հայը գտնեն ցավն ամոքելու միջոցը, դարմանը, որպեսզի կարողանան ապրել միասին:
-Անշուշտ, Հրանտ Դինքն էլ ռոմանտիկ մարդ էր: Նա կարողացավ արթնացնել ազնիվ, արդար մտածումներ: 1990-2000 թթ. այդ տեսակ մտածումները շատ ուժեղ էին Թուրքիայի ժողովուրդների մեջ: Հրանտի մահից հետո էլ շարունակվեց այդ ոգին, խաղաղության շրջան եղավ քրդական հարցի համար, և մենք, օգտվելով իրավիճակից, սկսեցինք խոսել Հայոց ցեղասպանության մասին: Եվ թուրքերն էլ սկսեցին ասել, որ, այո՛, գեշ բան մը եղել է, և դա, անշուշտ, այդ հարցի շուրջ եղած լռության խզում էր ու դրանով շատ կարևոր: Միայն հայի համար չէ պայքարս, միայն հայի խնդրի մասին խոսելը հայ հիվանդություն է: Մեր կուսակցությունը միասնաբար է հանդես գալիս. ապրիլի 24-ին բոլորս հայ ենք, Աֆրինում Թուրքիան ռազմական գործողություն է անում՝ բոլորս քուրդ ենք, կանանց վերաբերող խնդիր է, բոլորս այդ խնդիրն ենք բարձրաձայնում, այս սկզբունքով ենք ապրում ու գործում:
-Այն արձագանքները, որ լինում են Ձեր ելույթների ժամանակ, մտահոգու՞մ են Ձեր ընտանիքի անդամներին:
-Չեմ կարող ասել, որ մտահոգ չեն: Առավել մտահոգ են մեծ մայրիկները: Ես էլ նրանց ասում եմ. «Խոսող հայ մըն եմ: Խորհրդարանում կխոսեմ ոչ միայն հայերի, այլև ժողովրդավարության խնդիրների մասին: Անձայն մնալն էլ փրկություն չէ»: Սևակ Շահին Բալքչին անձայն հայ մըն էր, ի՞նչ էր արել նա, առավել, որ հայոց խնդրի մասին բան մը չէր խոսել: Եթե այս երկրում ասես՝ հայ եմ, գետնի տակ էլ մտնես, քեզ կգտնեն: Ազգայնականը քեզ կգտնի: Իսկ երբ խնդիրը բարձրաձայնում ես, խոսում ես այդ մասին, մարդիկ ավելի հարգանքով են վերաբերվում: Մտահոգված եմ, բայց և համոզված, որ իրավունքներ ունեմ: ՈՒզածներս մեծ բաներ չեն՝ խաղաղություն, հավասարություն, բայց կարևոր են, և ես շարունակելու եմ այդ մասին խոսել: Մեծ մայրս ցեղասպանության ժամանակ յոթ տարեկան էր: Ամբողջ ընտանիքը կոտորել են, ինքը մնացել է մենակ: Մեծ մորս առանց արդարության թաղեցի: Եվ հորս նույնպես առանց արդարության թաղեցի: Մեր երրորդ սերունդը հարցնում է՝ ի՞նչ է լինելու: Եվ այս երրորդ սերունդն էլ, դժբախտաբար, առանց արդարության է դեպի երկրորդ սերունդը գնում: Չորրորդ, հինգերորդ սերունդը չպետք է այս հիվանդությամբ ապրի: Կուզեմ, որ արդարությունը շահի, և թուրք, քուրդ հայ չորրորդ, հինգերորդ սերունդներն ընկերոջ, եղբոր պես լինեն: Սա է իմ երազանքը:
-Տեսեք՝ որքան բարի է ժպտում արևը, մոռանում ես հոգս, մտահոգություն: Բայց մարդկանց, պետությունների հարաբերություններում արևը պակասում է: Ի՞նչը, ի՞նչ ուժ կարող է նպաստել Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացմանը:
-Դժբախտաբար այժմ ուժը պետության մակարդակով ազգայնականների ձեռքին է: Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է լուծել սահմանները բացելու հարցը: Ցավոք, եթե պետությունը վատ ճանապարհով է քայլում, ժողովուրդն էլ նրա պես է մտածում: Ասացի, որ այս օրերը շատ նման են 1914-1915 թթ.: Էրդողանը, Բախչելին ամեն օր սուտ են խոսում, ասում են՝ քրդերը թշնամի են, պետք է կռիվ անենք: Եվ ժողովուրդը կարծում է, որ այս կռիվը պետք է շարունակվի: Այդ մտածումը կարելի է փոխել: Հրանտ Դինքի «Ակօսը» մի բան փոխեց: Պետք է ունենալ ազատ մամուլ: Ցավոք, մամուլն ազատ չէ, միայն ազգայնական թերթերն են ազատ:
-Այս օրերին ինչո՞վ եք զբաղված:
-Կուսակցության ընկերներով ժողովրդի հետ հանդիպումներ ենք ունենում: Մարդիկ դիմում են տարբեր հարցերով, հայերը, քրդերը, բոլորը դիմում են: Մի թուրք կին եկավ, ասաց, որ իր հայացքների համար զավակին աշխատանքից ազատել են: Խնդրեց աշխատանքի տեղավորել: Ով դեմ է Էրդողանի հայացքներին, աշխատանք չպետք է ունենա, սոված պիտի մեռնի:
-Դուք կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամ եք: Հավանաբար Ձեր համախոհները կուզենան ավելի պատասխանատու դիրքում Ձեզ տեսնել:
-Կամքն Աստծունն է, գուցե օր մը...
Պատասխանն անավարտ՝ վերստին հնչեց հեռախոսի ձայնը: Առաջին իսկ բառերից Գարոյի դեմքը լարվեց, ասես մոռացած ինչի մասին էր խոսում, շփոթված ասաց.
-Ներողեցեք, Հրանտ Դինքի դպրոցից հայտնեցին, որ ոստիկանը եկել, հայաստանցի մի աշակերտի է տարել, խնդրում են օգնել, պիտի երթամ...
Իր երեք նպատակի մասին չհասցրի հարցնել: Լուռ մաղթեցի, որ հունիսի 24-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն առանց տհաճ իրողությունների անցնեն, և եթե բարեպատեհ առիթ ու հնարավորություն լինի, արդարության աննկուն մարտիկի հետ կրկին հանդիպենք նույն այդ սրճարանում:
Երբ Հարությունն ուզեց վճարել, մատուցող երիտասարդն ասաց.
-Պարոն Գարոն հաշիվը փակել է:


Հուզիչ էր: Խնդիրը վճարի չափը չէր, այլ ուշադիր վերաբերմունքը: Անգամ մտահոգ շտապումի պահին չմոռացավ հյուրընկալ լինել:

Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ հյուրընկալվել էի, դեռ լույսը չբացված՝ տագնապահարույց հնչում-աղմկում էին մեքենաների շչակները: Աղեկտուր ազդանշաններից արթնանալով՝ շտապով բացում էի պատուհանի փեղկը՝ տեսնելու ոստիկանությա՞ն, թե՞ շտապօգնության մեքենաներն են կտրատում նոր արթնացող օրվա լռությունը, և անորոշ տագնապից հոգուս մեջ, մտքումս արձագանքում էին Շեքսպիրի, թե Սերվանտեսի գրչով կյանք առած հերոսի՝ Գարո Փայլանի խոսքերը. «Մենք կխորհինք ճամփա գտնել, որպեսզի թուրք, քուրդ, հայ ապրեն արդարության, խաղաղության ներքո: Ցեղասպանությունը չշարունակվի: Ճանապարհը մեկն է՝ միասին պիտի ապրենք: Արարատը հայերինս է, բայց այնտեղ թուրքեր էլ են ապրում, քրդեր էլ: Եթե աջ ու ձախ թշնամություն լինի, չենք կարող արդարության հասնել»:
Հաջողություն քեզ, անխոնջ մարտիկ: Թող ճանապարհին, որով պիտի անցնես, փուշ ու տատասկի փոխարեն խաղաղության ծաղիկներ բացվեն:

Զրույցը՝ Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ

Դիտվել է՝ 9252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ