Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սիրո և համերաշխության հեղափոխության աբսուրդները

Սիրո և համերաշխության հեղափոխության աբսուրդները
15.07.2018 | 13:30

Ցանկացած հեղափոխություն, իհարկե, ունենում է իր աբսուրդները: Բայց հայկական աբսուրդը դասագրքային օրինակ է: Հեղափոխության ինքնագովազդը շարունակվում է բոլոր ուղղություններով, իսկ հետևանքները հակասության մեջ են մտնում ոչ միայն կարգախոսների, այլև` նպատակների հետ: Համարյա մեկ ամիս է` ինչ-որ խելագարներ ինքնահռչակել են իրենց շարժում ու պահանջում են կաթողիկոսի հրաժարականը` մնալով բացարձակ մարգինալ ու չստանալով աջակցություն: Հայ առաքելական եկեղեցու անհասկանալի հանդուրժողականության ու ոստիկանության առավել քան անհասկանալի անգործունակության պարագայում հետո նրանք ներխուժեցին դիվանատուն ու 4 օր կազմալուծեցին դիվանատան աշխատանքը, որ ինքնին աբսուրդ էր: Միայն այդքանից հետո ոստիկանությունն ազատեց դիվանատան տարածքը` առանց անօրինականության համար գոնե կալանավորման մարդկանց, որ պայքարում են Հայ առաքելական եկեղեցու դեմ: Դա երկրորդ աբսուրդն էր:

Չուշացավ և երրորդը` ռեկտոր է դառնում շարժման ամենաագրեսիվ կազմակերպիչներից մեկը, որ ինչ ուզում եք համարեք, արհամարհանք է ոչ միայն բուհի, այլև` հասարակության նկատմամբ: Այսքանից հետո` ստանալով պետության աջակցությունը` աբսուրդ կլիներ, եթե շարժումը առավել հանդուգն ու լկտի չդառնար: Երեկ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում արեց, որ քրեական քրոնիկոն է. «Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։


Հետո հայտնվեց տեղեկություն, որ Գարեգին Բ կաթողիկոսը ոստիկանների ուղեկցությամբ դուրս եկավ շրջափակված մեքենայից և հեռացավ: Եվ անգամ` հավաքվածները հայտարարել են, որ Վեհափառի համար որևէ վտանգ չեն ներկայացնում և պահանջում էին, որ նա իջնի մեքենայից։ Հետաքրքիր է` իջնի, ի՞նչ անի: Համատեղ աղոթե՞ն, որ ժամանակն է հասկանալու` Հայաստանում միայն կոռուպցիայի դեմ պայքարը չէ պետականաշինություն, իսկ անօրինականության առաջ կանաչ լույս վառելը պետականաքանդություն է:
Բայց ամենաաբսուրդը` Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունն է`«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու և սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու և անհրաժեշտ ընթացք տալու համար»:

Բոլորը գիտեն` ինչ են պարտավոր անել ուրիշները, իսկ իբրև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պարտավոր չէ՞ շարժման անդամներին պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել: Եվ պարտավոր չէ՞ սիրո ու համերաշխության հեղափոխությունն իր առաջին դեմքերի մակարդակով վերջ դնել այս խայտառակ պատմությանը: Թե՞ պարտադիր նպատակ է դրված վարկաբեկել Հայ առաքելական եկեղեցին մինչև վերջին խազը, և` համաշխարհային մակարդակով: ՈՒ՞մ է դա պետք: Հիմա արդեն այս պատմությունը վերաբերում է ամբողջ Հայաստանին ու Հայաստանի հեղափոխության հեղինակությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայ առաքելական եկեղեցին ու նրա կաթողիկոսները հալածանքների ենթարկվել են որպես կանոն օտար իշխանությունների կողմից: Ի՞նչ իշխանություն է հիմա Հայաստանում, որ աղանդավորների ու խելագարների է պաշտպանում ընդդեմ եկեղեցու ու կաթողիկոսի: Թե՞ սիրո ու համերաշխության մշուշի մեջ` իշխանությունը չի տեսնում, որ ժողովրդավարության, բազմակարծության նշույլ իսկ չկա ընդդեմ եկեղեցու դուրս եկած մարգինալների ու հերձվածողների մեջ: Իսկ գուցե հաջորդ քայլը լինելու է Հայ առաքելական եկեղեցու հավասարեցումը Հայաստանում գործող աղանդների՞ հետ: Ինչու՞ ոչ, եթե դա հեղափոխության պահանջ է: Իսկ եթե ոչ, պետությունը պարտավոր է պաշտպանել եկեղեցուն ու կաթողիկոսին, որ բացահայտորեն չի անում:

ՈՒ դա ոչ մի կապ չունի փաստի հետ, որ եկեղեցին ու պետությունն անջատ են: Խնդիրը` պետությունն ու հասարակությունն են: Պետությունը, որ չի կատարում իր քաղաքացիների նորմալ կյանքն ապահովելու գործառույթը, և հասարակությունը, որ չի հասկանում` ինչ է իր հետ կատարվում:

Դիտվել է՝ 3399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ