Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների խորհրդարանական փաթեթը վերջապես պատրաստ է

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների խորհրդարանական փաթեթը վերջապես պատրաստ է
31.07.2018 | 02:43

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ ձևավորված խորհրդարանական աշխատանքային խմբի մանրադիտակի տակ այս անգամ էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացրած առաջարկություններն էին, որոնք գործընկերներին էր ներկայացնում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:


«Ժառանգություն» կուսակցության առաջարկներից առաջինը վերաբերում է ընտրագրավի չափի նվազեցմանը՝ այն 10 մլն դրամից հասցնելով 5-ի: Անկեղծ ասած, այս փոփոխությանը ես այդքան էլ կողմ չեմ, քանի որ կուսակցություններին պետք է` չկաշկանդի ֆինանսների սղությունը: Մյուս առաջարկը ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեկնածուի մասնակցության սահմանափակման մասին է, ինչն անմիջապես խորհրդարանին չի վերաբերում, բայց կարևոր դրույթ է, ըստ որի, նույն անձն իրավունք չի ունենա 2 անգամից ավելի համայնքապետի թեկնածու, առաջադրվելու և ընտրվելու: Դեպքեր կան, երբ 20 տարուց ավելի նույն մարդն է ղեկավարում համայնքը, ինչը լճացման է տանում»,- եզրահանգեց Սերգեյ Բագրատյանը:
Լսելով արտախորհրդարանական ուժերի առաջարկները՝ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն արձանագրեց, որ ի պատիվ իրենց, ներկայացված առաջարկները խորհրդարանական հանձնաժողովն արդեն քննարկել է: Նշեց, որ եթե ընտրությունների անցողիկ շեմն իջեցնում են, ապա տրամաբանական է, որ ընտրագրավի չափն էլ պետք է փոփոխվի:


«Առաջարկին մենք կողմ ենք, բայց ընտրագրավը չպետք է իջեցվի այնքան, որ առիթից պատեհապաշտներն օգտվեն»,- ընդգծեց Սեյրանյանը:
ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նույնպես այն կարծիքին է, որ ընտրական գրավի չափը չի կարող ինչ-որ կերպ խանգարել կուսակցություններին: Ըստ նրա՝ այդ քայլը կարող է դժվար կացության մեջ դնել ԿԸՀ-ին, որն ընտրագրավի մի մասն օգտագործում է ընտրությունների կազմակերպման համար:


«Եթե գրավն իջեցնում ենք 25 տոկոսով, ապա բարձրացնենք ԿԸՀ-ին տրվող ֆինանսավորման չափը՝ այդ կառույցն էլ ավելի վատ վիճակում չդնելու համար»,- նկատեց Հարությունյանը: Խորհրդարանական ուժերը չառարկեցին Հարությունյանի դիտարկմանն ու որոշեցին ընտրագրավի չափը դարձնել 7,5 մլն դրամ, փոխարենը մեծացնել ԿԸՀ-ին տրամադրվելիք ֆինանսավորումը՝ 30 %-ից հասցնելով 40-ի:
Արտախորհրդարանական ուժերի ու հասարակական կազմակերպությունների մեկ այլ առաջարկի՝ կանանց քվոտաների մասին բարձրաձայնեց Նաիրա Զոհրաբյանը՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Նա տեղեկացրեց, որ առաջարկվում է խորհրդարանում կանանց ներկայացվածությունը ներկա 25-ից դարձնել 30, 40, նույնիսկ 60 տոկոս:


Դավիթ Հարությունյանը, սակայն, նկատեց, որ հարցն արդեն քննարկել է, ու նախնական պայմանավորվածությամբ որոշվել է մինչև 2022 թ. առաջնորդվել գործող կարգով:
«Այս փուլում սեռային քվոտան 25 տոկոսից ավելացնելը կլինի շատ արհեստական, ու եթե նման քայլի գնանք, ապա հաջորդ ընտրությունների համար ավելի բարձր քվոտա պետք է կարողանանք ապահովել: Բացի այդ, եթե միայն փակ համամասնական ցուցակներ են լինելու, ապա քվոտան, կամա թե ակամա, գործելու է, որովհետև այն տարածվում է միայն համապետական ցուցակի վրա»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:
Թեման շարունակելով՝ Նաիրա Զոհրաբյանը մեկ այլ հարցի մասին բարձրաձայնեց, որ եթե կանանց հասանելիք մանդատների թիվն ավելանա ԱԺ-ում, ապա կուսակցություններն արդյո՞ք պատրաստ են իրենց ցուցակում ներառելու այնպիսի կանանց, որոնք ունակ են խորհրդարանում աշխատելու:


«Եթե միայն քանակի խնդիր ենք լուծելու, հաշվի չառնելով որակը, ապա խորհրդարանում հայտնվելու են կանայք, որոնք տանջվում ու տանջամահ են լինում: Այդ իսկ պատճառով լավ կլիներ առաջիկա ընտրությունների համար նախապես պլանավորել կանանց քվոտայի ավելացման հարցը, ինչը կարող է ստիմուլ լինել կին գործիչների համար: Գրագետ սերնդափոխություն տեղի կունենա, ու գործադիր և օրենսդիր մարմիններում արդեն կայացած գործիչներ կլինեն»,- շեշտեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:


«Այնպես չէ, որ տղամարդ պատգամավորների մեծամասնությունը խորհրդարանում որակյալ օրենսդրական գործունեություն է ծավալում»,- Զոհրաբյանի մտահոգությունը կեսկատակ-կեսլուրջ փարատեց ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը: Կանանց քվոտավորման հարցի վերաբերյալ նա ասաց, որ կիսում է Դավիթ Հարությունյանի մտահոգությունը:
«Այն ձևակերպումը, որը կար, այսինքն, հաջորդ ընտրություններին քվոտավորումը 1/4-ից դարձնել 1/3, կարող է ուժի մեջ մնալ: Խնդիրը որակն է, ոչ թե քանակը, ու քաղաքական ուժերն իրենք պետք է շահագրգիռ լինեն, որ պատգամավորական կորպուսը, իրավ, խորհրդարանական գործունեություն ծավալի»:


Ըստ նրա՝ իմաստ չունի այսօր ամրագրել մի դրույթ, որն ուժի մեջ է մտնելու 5 տարի հետո: Պատգամավորը հիշեցրեց, որ կանանց քվոտայի բարձրացման հարցը դրվել էր 2022 թ. համար, սակայն քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ ընտրություններն ավելի վաղ են լինելու:
«Որևէ մեկը երաշխիք չի կարող տալ, որ հաջորդ ընտրությունները կարող են լինել 2022-ին: Այս հարցին իմաստ ունի անդրադառնալ հաջորդ ընտրություններին: Սա էլ հո կոշիկի արտադրություն չէ՞ ՆԱ-ի տոկոսի աճ չէ՞, որ պլանավորես: Պետք է դիտարկենք քաղաքական գործընթացը, իսկ օրենքը պետք է արձագանքի հասարակության մեջ տեղի ունեցող միտումներին»,- ավելացրեց վերջինս:


Դրույթի ամրագրումը, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի կարծիքով, անհրաժեշտ է, քանի որ կուսակցությունները պետք է կարողանան պլանավորել իրենց գործունեությունը դեռևս մի քանի տարի առաջ ու իմանան, թե, օրինակ, 5 տարի հետո իրենց ինչ է սպասում: «Հաշվի առնելով մեր իրականությունը՝ պետք է գիտակցենք, որ կանանց համար շատ դժվար է մասնակցել բոլոր պրոցեսներին՝ քարոզարշավ, ընտրություններ և այլն, որովհետև այդ ամբողջ գործընթացը պահանջում է մեծ ռեսուրս: Հետևաբար, նախապես պետք է աշխատել այդ կանանց հետ, որ նրանք մի քանի տարի հետո պատրաստ լինեն առաջադրվելու»,- իր տեսակետը հայտնեց Նազարյանը:


Ավարտելով աշխատանքն ու ի մի բերելով բոլոր առաջարկները՝ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ եթե նոր առաջարկներ ու առարկություններ չլինեն, ապա ԱԺ-ն ԸՕ-ի հետ կապված առաջարկների փաթեթը հուլիսի 31-ին կուղարկի կառավարություն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 14190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ