Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները պետք է տեղավորել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային սրընթաց զարգացումների ծիրում»

«Արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները պետք է տեղավորել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային սրընթաց զարգացումների ծիրում»
09.11.2018 | 01:45

Վերջին շրջանում Արցախյան հարցում կարծես նոր զարգացումներ են արձանագրվում։ Ընդ որում, այդ զարգացումներն ընթանում են աշխարհաքաղաքական հարաբերությունների մրցակցության ֆոնին։ Օրերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հույս էր հայտնել, թե ԱԺ ընտրություններից հետո ՀՀ իշխանությունները վճռական քայլեր կանեն Արցախի հարցի կարգավորման համատեքստում։ ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանն էլ խոսել էր ազատագրված տարածքների վերադարձման մասին։ ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ, օրերս անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նկատել էր, որ բանակցային ձևաչափը փոխելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը, որն այս պահին չկա։ Իսկ Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները համատեղ հռչակագրում, անդրադառնալով Արցախյան խնդրին, ամրագրել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այն տպավորությունն է, թե բոլոր ուղղություններով Արցախյան խնդրի կարգավորման հարցում հետընթաց ենք արձանագրում։


Քաղաքագետ ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆԸ նկատում է, որ ազատագրված, միջազգային հանրություն կոչվածի ընկալմամբ` «օկուպացված տարածքների վերադարձի» մասին տարբեր տարիներին խոսել են գրեթե բոլոր համանախագահները։ Այլ հարց է, որ հայաստանյան հասարակության՝ այդ հարցում ունեցած դիրքորոշման աստիճանական բյուրեղացման ու կարծրացման հետևանքով ներկայումս նման հայտարարությունները շատ ավելի ցավոտ և աղմկալից են ընդունվում մեր կողմից։ «Հիշենք 2014 թ. դարձյալ ամերիկացի համախագահ ՈՒոռլիքի հետ կապված նման միջադեպը։ Դժվար է ենթատեքստ փնտրել այնտեղ, որտեղ տեքստը շատ պարզ է, տարածքների «վերադարձի» դրույթն այս կամ այն ժամանակադրությամբ կամ ձևաչափով առկա է բանակցային առաջարկներում ու փաստաթղթերում, և առնվազն խնդրին բանիմաց մարդկանց համար սա նորություն չպետք է լինի։ Ինչ վերաբերում է ավելի մեծ համայնապատկերին, ապա, այո՛, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները պետք է տեղավորել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային սրընթաց զարգացումների ծիրում, մասնավորապես՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների և տարածաշրջանում չավարտվող ուժային վերաձևումների համատեքստում»։


Ինչ վերաբերում է Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռակողմ հռչակագրին, ապա, ըստ Էդգար Էլբակյանի, նույնաբովանդակ տեքստեր եղել են նաև նախկինում, ուստի եզրակացություններ անելը սխալ է։ «Կրկնում եմ՝ այլ հարց է, որ տարածաշրջանային նոր հավասարակշռության հաստատումը կարող է և ի վնաս մեզ լինել, և այս հարցում է պետք ուշադիր լինել՝ սեփական մասնակցությունն ունենալով «մեծմերձավորարևելյան համանվագին»,- նշեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը, անդրադառնալով գերիների փոխանակման հետ կապված ադրբեջանական առաջարկին (նշենք, որ Ադրբեջանը նոր նախաձեռնությամբ է ներկայանում. Բաքուն առաջարկում է փոխանակել Հայաստանում ու Ադրբեջանում գտնվող գերիներին), նկատում է. «Դա համարում եմ փոխգործակցության ու ընդառաջ քայլերի գնալու պատրաստ կողմի հռետորաբանությամբ հանդես եկող հայաստանյան նոր ղեկավարությանը փակուղի մտցնելու պարզունակ փորձ՝ մոտավորապես «դե որ պատրաստ եք համագործակցության, հե՛տ տվեք մեր գերիներին, չտվեցիք, ուրեմն ապակառուցողական եք» բակային մտածողությամբ։ Չեմ կարծում, թե այս արհեստածին թեման երկար կյանք կունենա»։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6436

Մեկնաբանություններ