Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իմ հայրենիքի քարքարոտ արահետներն ավելի կանչող են աշխարհի ամենակուլ ճամփաներից»

«Իմ հայրենիքի քարքարոտ արահետներն ավելի կանչող են աշխարհի ամենակուլ ճամփաներից»
20.11.2018 | 14:03

ԳՆԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ծնվել է Մարտունու շրջանի Լիճք գյուղում, 1959 թ. հունիսի 26-ին: 1978-ին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի կոոպերատիվ տեխնիկում, այնուհետև զորակոչվել խորհրդային բանակ: Ծառայել է ՈՒկրաինայում տեղաբաշխված ավիացիայի զորքերում՝ որպես առաջին կարգի ավիաէլեկտրիկ:
1988-ից մասնակցել է Արցախյան ազատամարտին: Համագյուղացի Մայիս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ կազմավորել են կամավորական ջոկատ:
Սկզբում Մարտունու կամավորական ջոկատի, այնուհետև նոր կազմավորված Հատուկ գնդի 5-րդ, ապա 4-րդ գումարտակի կազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանությանը՝ Վարդենիս, Նոյեմբերյան, Կրասնի..., մասնակցել Քարվաճառի, Մարտակերտի, Դրմբոնի ազատագրման մարտերին:
1995 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հատուկ գնդի 4-րդ գումարտակի շտաբի պետ:
1997 թ. զորացրվել է կապիտանի զինվորական կոչումով:
Պարգևատրվել է կառավարական և գերատեսչական մեդալներով:
2008 թ. հունվարին ընտրվել է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի համայնքապետ:
Ամուսնացած է, ունի որդի, դուստր, չորս թոռ:
Տոհմիկ հայկական պարզ ու լուսավոր դիմագծեր, ասես Ավարայրից կամ «Սասնա ծռեր» էպոսի պատումներից հայտնված մեր բազմաբարդ օրերում, ասելու, որ հայրենապաշտության ոգին, արարման ժամանակներից սկսած, եղել է հայի մշտագո ուղեկիցը և անգամ ճակատագրի բերումով հայրենիքից հեռու, օտարության մեջ շենացնելով ուրիշ ազգերի հայրենիքները, իր հայրենի հողի կարոտն ապրել է նրա ենթագիտակցության խորքում:
Հող ու օջախի պահապան անխոնջ զորականի իր ճկուն ու զգաստ երևույթով նա նման է Մեծն Մաշտոցի ձեռքով գծված տառի հիմնագծի, նաև որով կանգուն է Հայոց աշխարհը: Հայացքում հուշի անհանգիստ կրակներ կան:

-Որտեղի՞ց են Ձեր արմատները, Գնել։
-Լիճքեցիներիս պապերը գաղթել են Ալաշկերտից: Պատվախնդիր, համառ, համարձակ են եղել. մայրական պապս՝ Պողոսի Սուքիասը, հայտնի զինագործ էր: 1828-ից մեր տոհմածառի պատմությունը կա:
Պատմավիպասան Րաֆֆին, որի կերտած հերոսների հայրենասիրական ոգով դաստիարակվել ենք դպրոցական տարիներին, գրել է. «Հայաստանի աշխարհագրական դրությունը պատճառ եղավ հայերի կորստյան, որովհետև այս երկրի վրայով անցան դեպի արևմուտք դիմող Ասիայի բոլոր արյուն թափողները և այդ երկրին հասցրին յուրյանց կատաղի բարբարոսության առաջին զարկը»:
Ի վերուստ տրված համառությամբ հայը դիմակայել է ամբարիշտի բոլոր հարվածներին, դիմացել է և քարի տակից ծիլ տվող սերմի համառությամբ վերընձյուղվել, կյանքով լցրել հայրենի հողը: 20-րդ դար մուտք ենք գործել վերագտած պետականությամբ՝ թող որ մեր պատմական հայրենիքի մի հատվածի վրա: Նույն դարավերջին հայոց հողերն ազատագրվեցին: Այսօր էլ, նոր փորձություններին դիմագրավելու վճռականությամբ, հայը աշխարհի ազգերի շարքում է՝ պահանջատիրոջ իրավունքով:
1828 թ. ալաշկերտցիները եկել, հաստատվել են Սևան ծովակի ափամերձ այս գեղեցիկ հատվածում: Տեղի ճահճապատ լինելու պատճառով գյուղն սկզբում կոչվել է Գոլ: Նախնիներից ժառանգած համառության, ընդվզող խառնվածքի համար մերոնց կոչել են հոշարի գոլեցի, այսինքն` խենթ, հանդուգն:
Այդ հատկանիշները ցայտուն կերպով դրսևորվեցին Արցախյան ազատամարտի տարիներին, առավելապես` Քարվաճառի, Օմարի համար մղվող մարտերի օրհասական պահերին:
-Տարիների հեռվից ի՞նչն է, որ հաճախ եք հիշում, ինչպիսի՞ն էր սկիզբը։
-Շարժումը որ սկսվեց, գյուղով, շրջանով զգացինք՝ ինչ է կատարվում, և որ պետք է պատրաստ լինենք անկանխատեսելիին: Մարտունեցիները հիմնականում էրգրից գաղթածների շավիղներն են, և նրանց հոգում վերստին արթնացավ վատթարագույնին դիմակայելու բնազդը: Մեր մտավախություններն անհիմն չէին: Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում հեղվեց անմեղ հայերի արյունը՝ 1915 թ. ցեղասպանության հայտնի ձեռագրով: Ալեկոծ այդ օրերին ոտքով հասանք Սևան, Երևան, կոչերով դիմեցինք հանրապետության ղեկավարությանը` կրեմլյան ատյաններից պահանջելու ամենաթողության դեմն առնելու կտրուկ միջոցներ: Հասկանալի էր, որ միայն արդար պահանջատիրության կոչերով, հանրահավաքներով հնարավոր չէ վերականգնել արդարությունը, լուծել բոլշևիկների կամքով նորաստեղծ Ադրբեջանին բռնակցված հայոց Արցախի հիմնախնդիրը:
Համագյուղացի Մայիս Հովհաննիսյանի ղեկավարությամբ կազմավորվեց Լիճքի կամավորական ջոկատը: Ներգրավվեցինք Հայ դատի Մարտունու շրջանի մասնաճյուղի աշխատանքներին, որ 1989 թ. ղեկավարում էր Թաթուլ Կարապետյանը:
-Կարծում եմ՝ տեղին է նշել նրանց անունները, ովքեր առաջինն ընդգրկվեցին ջոկատում:
-Սկզբում Լիճքից իննով էինք՝ Մայիս Հովհաննիսյանը, Հարություն Մկրտչյանը, նրա եղբայրը՝ Համլետ Ավետիսյանը, Սուքիաս Մնացականյանը, Միշա Ալեքսանյանը, Նվեր Հարությունյանը (Չերչիլ), Նորիկ Փալիկյանը (Չաուշ), Սահակ Սիրականյանը (համեստորեն չհիշատակեց իր անունը- Ա. Ծ.): Նրանք հավասարակշռված, կայացած տղաներ էին, գիտեին՝ ինչ է նշանակում հին որսորդական հրացանով կանգնել խորհրդային զորքի աջակցությունը կորզած ադրբեջանական ԿԾԿծ-ի դեմ: Ի դեպ, իմը՝ հորս հինգփամփշտանոց հրացանը, եղածների մեջ առանձնանում էր: 1992 թ. միայն ստացանք առաջին ավտոմատները, որոնք մեր անբաժան ուղեկիցն էին մինչև հրադադարը:
1992 թ. Մարտունի ավանում Հարություն Հարությունյանի գլխավորությամբ կազմավորվեց Մարտունու շրջանի կամավորական ջոկատը: Սկզբնական շրջանում պահում էինք Վարդենիսի սահմանագիծը, հետո Նոյեմբերյանում էինք: 1992 թ. Կրասնու (այժմ՝ Կարմիրի) տեղամասում էինք. մի քանի ամիս պահում էինք սահմանային դիրքերը:
Երբ կազմավորվեց Հայոց բանակը, ջոկատով զինվորագրվեցինք: 1993 թ. ամբողջ տարին Քարվաճառում էինք: Մասնակցել ենք Լաչինի (շեշտում է՝ Լաչինի գործողությանն անձամբ չեմ եղել, բայց մտերիմ մարտընկերներս են մասնակցել- Ա. Ծ.) Մարտակերտի, Դրմբոնի համար մղվող մարտերին: Այդ ժամանակ Մարտունու գումարտակի հրամանատարը Գեղհովիտ գյուղից Կորյուն Ասատրյանն էր (այժմ բնակվում է Էջմիածնին մերձակա Արաքս գյուղում): Սկզբում մեր գումարտակը Վարդենիսի գնդի կազմում էր, հետո Հատուկ գնդի 5-րդ, այնուհետև 4-րդ գումարտակն էր: Մեր պաշտպանական դիրքերը հիմնականում Քարվաճառում էին, Օմարի լեռնանցքում. կարելի է ասել՝ պահում էինք այդ տարածքի ամբողջ սահմանագիծը:
-Ի՞նչն է հատկապես տպավորվել այդ օրերից:
-1994 թ. գարնանը հակառակորդը մեծաքանակ զինուժով հարձակումներ էր կազմակերպում, մենք հայտնվել էինք դժվարին իրավիճակում: Պետք էր պաշտպանությունը համալրել նոր ուժերով: Եռամսյա հավաքներին ներգրավվեցին Լիճքի 18-ից 65 տարեկան տղամարդիկ՝ 350 հոգի, սակայն մենք չթողեցինք, որ բոլոր տղամարդիկ դուրս գան գյուղից: Ընտրեցինք զինվորական գործին իրազեկ, կոփված տղաներին՝ 106 մարդ, նրանցից 96-ը մեկնեցին մարտադաշտ: Հրամանատարը Մայիս Հովհաննիսյանն էր, ես՝ շտաբի պետը:
Մարտի 16-20-ին ծայրահեղ լարված իրավիճակ էր, ծանր վիրավորներ ունեցանք: Նրանցից Գագիկ Կրպեյանն առայսօր գամված է հաշմանդամի սայլակին:
-Ովքե՞ր էին լավագույն կռվողները:
-Ընդհանրապես, Մարտունու ջոկատը մի մարդու պես էր, բոլորն էլ գաղափարի նվիրյալ մարտիկներ էին, ամեն դժվարություն հաղթահարելու պատրաստ, վստահությամբ ու հավատով էին միմյանց վերաբերվում: Պատրաստ էին ընկերոջ համար կյանքը զոհելու: Ինչ հանձնարարություն ստացել ենք, կատարել ենք պատվով: Լավագույն կռվողներ էին՝ Մայիս Ավետիսյանը (Ալազան Մայիս, մահացավ 2012 թ.), Վարազդատ Մաթոսյանը, Կամո Գասպարյանը, Գագիկ Մլամյանը, Սամվել Մկրտչյանը (ՈՒզբեկ), Լևոն Իվանյանը, Հռիփսիմե Աթոյանը, Ալբերտ Հարությունյանը (Գյուլաբ), Երանոսից՝ Ռաֆիկ Բարբառյանը (Դուշման Ռաֆո, 1994 թ. զոհվեց ականի պայթյունից): Բոլորի անունները չես թվարկի, ինչպես ասացի, բոլորն էլ նվիրյալներ էին: Նրանք, որ այսօր ապրում են, պատրաստ են հայրենիքի կանչով կրկին կանգնելու առաջնագծում:
-Ազատամարտի թեժ կռիվներում հաղթանակած լիճքեցին այսօր ի՞նչ զգացումով է բանակ ճանապարհում զավակին, թոռանը:
-Բանակից խուսափելու հոգեբանությունը խորթ է լիճքեցուն, զավակներին հայրենիքը պաշտպանելու է ճանապարհում հանդիսավորությամբ` իր կենսափորձով հաստատված խրատներով, օրինակ բերելով լիճքեցի մարտիկների խիզախությունը, նեղ պահին ընկերոջը զորավիգ լինելու մղումը:
-Որպես նախկին ազատամարտիկ և Հայոց բանակի սպա, ի՞նչն եք կարևորում նորօրյա հայ զինվորի նկարագրում:
-Առաջինը՝ կարգապահությունն ու հայրենիքի հանդեպ սերը և առանց ընդմիջելու ավելացնեմ՝ զենքին տիրապետելը: Բոլոր ժամանակներում հայ ռազմիկին բնորոշ են եղել խիզախությունը, հավատարմությունը: Այդ մասին բազմաթիվ հիշատակություններ կան հայ և այլազգի պատմիչների գրվածքներում: Զինծառայությունը մարդու կյանքում ինքնահաստատման փորձաշրջան է: Ավագներն իրենց բանիմացությամբ, արհեստավարժությամբ պետք է ուղղորդեն երիտասարդներին, աջակցեն, որ ծառայությունն անցնի առանց բարդությունների, առավել ևս, անհեթեթ, անտեղի փորձանքների։ Կարևորում եմ հրամանատարի վերաբերմունքը: Ավագ եղբոր հոգեբանությամբ պետք է վերաբերվել զինվորին: Ինչպես հմուտ հացթուխն է խմոր հունցում, շաղախում և անուշաբույր հաց թխում, այնպես էլ իսկական հրամանատարը կարող է ոչնչով աչքի չընկնող նորակոչիկի էության մեջ կամային այնպիսի որակներ արթնացնել, որ ծնողը զարմանա, հիանա ու շնորհակալ լինի: Երբ գումարտակի շտաբի պետ էի, զինվորներին վերաբերվում էի որպես հարազատի: Արել եմ հնարավորինը, որպեսզի նրանց ծառայությունն անցնի առանց դժվարությունների, հարմարվեն զինվորական առօրյային, ծառայեն արժանապատվորեն, նժդեհյան հայրենապաշտության գաղափարական մղումով և բացճակատ վերադառնան հայրենի տուն՝ ուրախություն պարգևելով իրենց ծնողներին:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը զինվորին հարազատի պես էր վերաբերվում: Նրան հանդիպելու, զրուցելու մեծ պատիվ եմ ունեցել 1993-1994 թթ. գարնանը, Քարվաճառում, ծանր մարտերի օրերին: 1994 թ. մարտն էր: ՈՒղղաթիռով եկել էր Յանշակ (այժմ՝ Ջիվանավան): Թերություններ բացահայտեց: Զայրացած էր: Հրամանատարական կազմին հավաքել, ցուցումներ էր տալիս, ուղղորդում: Այդ օրն զգացի մեծ հայրենասերի ու զորապետի հոգու պոռթկումն ու ալեկոծումը, անհուն ցավը զոհվածի համար:
Այդ օրը զրուցեցինք: Խոսքերը ոգեշնչող էին, քաջալերող` մի քիչ դիմանալու, հաղթանակի և վաղվա օրվա մասին: Հաճախ եմ հիշում Սպարապետին, նրա ծննդյան օրը` մարտի 5-ին, համակվում եմ կարոտի թախծոտ ապրումներով: Նրա խոսքերը դժվարությունները դիմագրավելու, հաղթահարելու, լավատեսության ու երազած ապագայի մասին էին: Այդ պատգամներով պիտի նոր սերունդ դաստիարակենք, որ ամուր լինի մեր տան սահմանապատը:
Հեռվից հայրենի հողին կարոտելը ծանր զգացողություն է, որքան էլ բարեկեցիկ կյանքով ապրես օտար երկրում: Այսօր աշխարհում ամեն տեղ է հոգսաշատ, լարված: Տեսեք՝ ինչ են գուժում թերթերն ու լրատվամիջոցներն աշխարհի չորս ծագերից: Իմ հայրենիքի քարքարոտ արահետներն ավելի կանչող են աշխարհի ամենակուլ ճամփաներից:
Մեր պոետները հայ ժողովրդին բնորոշում են որպես քարից հաց քամող, քրտինքով բարիք արարող: ՈՒրեմն, չկտրվելով մեր արմատներից, մեր հացը մեր հողում վաստակենք:
-Չորս հրաշալի թոռնիկ: Նրանց հետ խաղալիս, գգվելիս ի՞նչ եք մտորում:
-Խաղաղություն լինի աշխարհում, Արցախի հիմնախնդիրը լուծում ստանա, ապրենք ստեղծագործ աշխատանքով: Առողջություն բոլորին, որ իրագործեն իրենց երազանքները: Զինվորին մաղթում եմ անփորձանք ծառայություն։

Զրույցը՝
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ

Դիտվել է՝ 8042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ