Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ես հավատում եմ ժողովուրդների բարեկամությանը»

«Ես հավատում եմ ժողովուրդների բարեկամությանը»
07.12.2018 | 01:59

Որքա՜ն արագ են անցնում օրերը, ամիսները, տարիները: Ժամանակի հետ մեծանում ենք, փոխվում են մեր մտքերը, աշխարհին նայելու կերպը: ժամանակի գետը hաճախ հորձանքի հետ քշում-տանում է մեր հուշերը, բայց ոչ ամեն բան: Կան հուշեր, որ միշտ մեզ հետ են՝ անխամրելի, թանկ, ապրեցնող: Եվ միշտ չէ, որ դրանք ուրախ հուշեր են: Տխրության, ողբերգության ժամին որպես փրկության օազիս մեզ փրկում, սփոփում, մեր տխուր աչքերի արցունքը հարազատի ջերմությանբ սրբում է մեկը, որն ինքը օգնության կարիք ունի: Եվ դա հատկապես տարվա այն օրերին, երբ մոտենում է դեկտեմբերը, երբ տարիներ առաջ հայտնվեց այդ անծանոթ զորակիցը: Հիշում ես նրան երախտագիտության անհուն, անխամրելի զգացումով...

Թվում է՝ երեկ էր, բայց արդեն երեք տասնամյակ է անցել:
1988 թ. դեկտեմբերի 7-ին արցախյան պայքարի մեր ոգու թռիչքը մի պահ քարացավ ընդերքի ահասարսուռ, դավադիր ցնցումներից: Ահեղ երկրաշարժը մի քանի ակնթարթում ավերակների վերածեց տասնյակ ու տասնյակ մեծ ու փոքր բնակավայրեր, փլատակների տակ անշնչացան տասնյակ հազարավոր մարդիկ, հազարավորները դարձան հաշմանդամ: Ակնթարթների ընթացքում հողին հավասարվեց Հայաստանի ամենավառ ու գունեղ հատվածը՝ մեր ազգային արժեքները նոր սերնդին փոխանցող ավանդապաշտ Կումայրի-Ալեքսանդրապոլ-Գյումրի-Լենինականը... Դժվար է ասել՝ կդիմանայի՞նք անհուն վշտին, եթե մեզ չզորակցեին աշխարհի տարբեր երկրներ, տարբեր ազգության ու դավանանքի մարդիկ, որոնք, լսելով Արարատի երկրում տեղի ունեցած կործանարար երկրաշարժի մասին, երկրագնդի տարբեր ծագերից փութացին օգնության: Այդ օրերին նյութական օգնությունից առավել ապրեցնող էին տարբեր լեզուներով խոսող մարդկանց հոգու ջերմությունն ու կարեկցանքը: «Զվարթնոց» օդանավակայանում անընդմեջ վայրէջք կատարող «Բոինգների» հզոր ձայներից ցնցվում-զրնգում էին Երևանի Հարավ-արևմտյան զանգվածի բազմահարկերի ու մերձակա գյուղերի առանձնատների պատուհանների ապակիները: Այդ օրերին մեզ պարզված հազարաձեռք օգնության սրտառուչ, անմոռանալի մի դրվագ է այս պատմությունը:


ԳՖՀ-ի Զիգմարինգեն քաղաքի երեսունյոթամյա բնակիչ Ռոբերտ Զաուերին հանդիպեցի Երևանի պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկությունում: Հաշմանդամի շարժասայլակին նստած՝ նախաճաշում էր, իսկ շուրջբոլորը շարված էին տասնյակ ու տասնյակ շարժասայլակներ: Ռոբերտը հայերեն չգիտեր, ես՝ գերմաներեն: ՈՒղեկիցը՝ ֆուլենդորֆցի քսանչորսամյա հյուսն Ֆրանց Հեգելը, պատրաստակամորեն ստանձնեց թարգմանչի դերը: Պատմեց, որ ավտովթարի հետևանքով Ռոբերտը զրկվել է ոտքերից և ընդմիշտ գամվել շարժասայլակին: Լսելով դեկտեմբերի 7-ի ահեղ երկրաշարժի լուրը՝ անմիջապես մեկնել է Լենինական և, տեսածից ցնցված, վերադարձել ու հեռուստատեսությամբ դիմել իր հայրենակիցներին. «Երկրաշարժի հետևանքով շատ հայ երիտասարդներ ինձ պես զրկվել են ոտքերից, անկարող են քայլել: Եթե ձեր տանը կա այսպիսի մի շարժասայլակ, որ ձեզ պետք չէ, խնդրում եմ ուղարկեք իմ հասցեով: Դրանք պետք է շուտափույթ հասցնել Հայաստան»:


Արձագանքները չուշացան: Շարժասայլակների թիվը գնալով ավելանում էր, պետք էր մտածել դրանք տեղ հասցնելու մասին: Նպատակը մարդուն դարձնում է հնարամիտ: Ռոբերտ Զաուերը դիմում է ԳՖՀ-ում խորհրդային դեսպանատան աշխատողներին. «Հայաստան ես կմեկնեմ իմ միջոցներով: Օգնե՛ք շարժասայլակները տեղ հասցնելու խնդրում»:
Մեկի փոխարեն նրան տրամադրում են երեք բեռնափոխադրիչ: Բարեհաջող տեղ հասցնելով շարժասայլակները՝ Ռոբերտ Զաուերն ու Ֆրանց Հեգելը դրանք հարմարեցնում են երկրաշարժի հետևանքով հաշմանդամ դարձած տարբեր տարիքի անձանց, հիմնականում՝ երիտասարդների, որոնք բուժման կուրս էին անցնում պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկությանը կից հիվանդանոցում:


«Մինչև բոլորին չսովորեցնեմ վարժ տիրապետել շարժասայլակին, իմ գործն ավարտված չեմ համարի,- ասաց Ռոբերտը:- Նրանց անունները կհայտնեմ շարժասայլակ նվիրողներին: Թող ստույգ իմանան, թե ում է հատկացվել իրենց նվերը»:
Հետաքրքրվեցի՝ երեխաներ ունի՞: Ռոբերտ Զաուերի թախծոտ աչքերում ժպիտ առկայծեց: Ծոցագրպանից հանեց մի փոքրիկ լուսանկար. «Դուստրս է՝ Սիմոնեն»:
Լուսանկարից նայում էր քնքշանքով ծնողներին հպված մի հմայիչ աղջնակ: Հպանցիկ հայացքն իսկ բավարար էր զգալու, որ այս ընտանիքում իշխում են սերն ու բարությունը:
«Հայաստան մեկնելու օրը Սիմոնեն իր խաղալիքները լցրեց ճամպրուկիս մեջ ու խնդրեց. «Խաղալիքներս նվիրիր հայ երեխաներին»: Համաձայնեցի, բայց հետո սկսեցի մտատանջվել. տասը խաղալիքը կհանձնեմ տասը փոքրիկի, մյուսները ոչինչ չեն ստանա, արդյո՞ք ճիշտ կլինի: Որոշեցի խաղալիքները չբերել, չգիտեմ՝ ճի՞շտ վարվեցի...»:


Հայաստանի մասին շատ գրքեր էր կարդացել՝ դեռևս դպրոցական տարիներին:
«Լավ գիտեմ ձեր դժվարին պատմությունը, զարմանալի ժողովուրդ եք՝ ջերմ, սրտաբաց: Սիմոնեի համար հայկական հեքիաթներ եմ կարդում: Դրանցում շատ բարություն կա»:
...Ամեն անգամ, երբ հեռուստացույցով Գյումրին են ցուցադրում, կամ ճանապարհը տանում է ինձ կյանքով, երգով, զվարթ հումորով լի երբեմնի հպարտ այդ քաղաքը, հուզմունքը խեղդում է կոկորդս. Շատերին կորցրինք 1988-ի չարաղետ այդ օրը: Կրտսեր հորեղբայրս չորս օր ու գիշեր Լենինականի պոլիտեխնիկական ինստիտուտի փլատակների տակ փնտրում էր առաջին կուրսեցի որդուն՝ Սիսակին: Չորրորդ օրվա մայրամուտին, երբ բեռնատար կռունկը բարձրացրեց հերթական բետոնասալը, միտքն ու հոգին մշուշված հորեղբայրս որդու դին կարողացավ ճանաչել նրա գուլպաներից: Մարդիկ աչքալուսանք էին տալիս, որ վերջապես գտավ որդուն կամ այն, ինչ մնացել էր որդուց... Հորեղբայրս, նրա կինը երկար տարիներ անսփոփ ողբում էին Սիսակ որդու կորուստը, այնքան անսփոփ, որ ասես մոռացել էին անգամ իրենց մյուս երկու որդիներին: Մինչև երկրաշարժը Շիրինն իր ծննդավայր Անիի շրջանի Սարակապ գյուղի ոգին էր. քանդակներ էր անում՝ Սայաթ-Նովա, Մաշտոց... Վերականգնեց բարձրիկ սարի վրա գտնվող սրբատեղին: Գյուղ բերող ճամփի ձախակողմյան բլրի վրա ամիսներ շարունակ տքնելուց հետո ավարտին հասցրեց Երկրորդ աշխարհամարտում զոհված սարակապցիների հիշատակը հավերժացնող սլացիկ հուշակոթողը: Մի օր տիկնոջ հետ Շիրինին այցի եկավ Ռաֆայել Իսրայելյանը: Կնոջը ցույց տալով պատերազմում զոհված սարակապցիների հուշակոթողը՝ ասաց. «Նայի՛ր, կպատկերացնե՞ս, որ այս հուշարձանը քանդակողը երբեք չի եղել արտերկրում, աշխարհ չի տեսել»:


Դեկտեմբերյան ահեղ երկրաշարժից հետո Շիրինը քանդակեց որդու մահարձանը և... օտարացավ քարը դրվագող սիրելի մուրճից: Սարակապի ու Չոլախ Խաչոյի աղբյուրի ճամփամիջին իր ձեռքով փոքրիկ ջրաղաց կառուցեց ու դեպի Աստծո ոտքը ձգտող ցորենալյուրի լուսափոշու մեջ փորձում էր գտնել իրեն տանջող հարցի պատասխանը: Երբ այցելում էի նրան, ջանում էի շեղել սևեռուն մտքերից, բայց ներկան չէր հուզում Շիրինին, խոսում էր մոր ծննդավայր Խաստուր գյուղից, Մշո դաշտ տանող փակ ճամփեքից, էրգիրը համարում հայի անհաս տենչանք...


Մի օր էլ նրան պատմեցի Զիգմարինգեն քաղաքից երկրաշարժի գոտի հասած Ռոբերտ Զաուերի մասին, որին ոտքերի կորստյան ցավը չէր գցել հոռետեսության գիրկը, ավելին՝ մղում էր օգնության ձեռք պարզելու իր պես վիրավոր, հաշմված մարդկանց:
Կրտսեր հորեղբայրս երկար, լուռ նայեց ինձ ու շշնջաց. «Զորավոր մարդ է քո գերմանացին, Աստված երկար կյանք տա նրան...»:
Մեզ պատուհասած աղետից երեք տասնամյակ է անցել: Հիշելու շատ բան կա՝ նյարդեր ցնցող, արցունք կորզող, անկատար երազանքներով տասնյակ հազարավոր զոհվածների դեմքեր... Բայց ես ուզում եմ, որ այսօր հիշենք տարբեր ազգության բոլոր այն մարդկանց, որոնք փլատակների տակից հայ կյանքեր էին փրկում, սրբում վշտահար մարդկանց, մայրերի ու մանուկների արցունքները:


Պատկերացնում եմ՝ ինչ հմայիչ կին է դարձել Զաուերի գեղեցկուհի դուստրը: Համոզված եմ՝ արդեն զավակներ ունի: Թող բոլորն առողջ ու երջանիկ լինեն: Բարեսիրտ, ուրիշի վիշտն ու դժբախտությունը իրենը համարող Զաուերն ասում էր. «Բոլորս նույն հասցեն ունենք՝ Երկիր»: Մենք դա զգացինք 1988 թ. դեկտեմբերին, երբ մեր մեծ վշտի հետ մենակ չմնացինք: Սիրով ու շնորհակալությամբ հիշենք նրանց, ովքեր հարազատի սրտացավությամբ մեզ հետ էին, օգնում, սատարում էին, կյանքեր փրկում, ավերակների տեղում նոր տան հիմքեր գցում... Չկա ավելի մեծ բերկրանք, քան այն, երբ զորավիգ ես լինում նեղության մեջ հայտնվածին, ապրում անանձնական սիրո բերկրանքը: Սիրով ու խաղաղությամբ միայն կշարունակի ապրել մեր մեծ տունը՝ այս փոքրիկ ու փխրուն Երկիրը: Ցավոք, այսօր ամեն տեղ մահ ու կորուստ կա, մարդը մարդու հանդեպ չարությամբ ու օտարությամբ է լցված:
Սիրով վերաբերվենք միմյանց: Օգնենք մերձավորին ու օտարին: Ներենք ու բարեսրտորեն դարձի բերենք սխալ գործած մարդուն: Եվ ժպտանք, որքան էլ դա դժվար լինի: Ժպիտը պաշտպանում է որոգայթներից, նաև՝ օգնում հաղթահարելու պատնեշները:


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 7225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ