Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դիրքորոշում ՀՀ մշակույթի նախարարության վերակազմավորման շուրջ

Դիրքորոշում ՀՀ մշակույթի նախարարության վերակազմավորման շուրջ
12.01.2019 | 15:56

ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի անդամները ՀՀ ԱԺ-ի հունվարի 14-ի նիստից առաջ իրենց դիրքորոշումն են արտահայտել Մշակույթի նախարարության կարգավիճակի փոփոխության շուրջ. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծում նախատեսվում է ՀՀ մշակույթի նախարարությունը վերակազմակերպել՝ միացնելով Կրթության և գիտության նախարարությանը: Հանրային և մասնագիտական տարբեր քննարկումներում մեկ անգամ չէ, որ այդ դիրքորոշման հեղինակները բարձրաձայնել են ՀՀ մշակութային քաղաքականության խնդիրներն ու մատնանշել ոլորտի կառավարչական անարդյունավետության մասին: Սակայն, ուսումնասիրելով առաջարկվող փոփոխությունների ներկայացված նախագիծը, կարծում ենք, որ բավարար հիմնավորված ու փաստարկված չէ: Անգամ նախագծի հիմնավորման մեջ չի բերվում որևէ փաստացի գնահատական, թե ինչո՞վ և ինչպե՞ս է ՀՀ մշակույթի նախարարության վերակազմակերպումը նպաստելու «պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը», ինչպես «հիմնավորվում է» նախագծում: Որևէ կերպ չի արձանագրվել և հիմնավորվել ՀՀ մշակույթի նախարարության կողմից ցայսօր իրականացված իրավական և գործնական կառավարման ճգնաժամը կամ անարդյունավետությունը, եթե այդպիսին կա, գործառույթների իրականացման փաստացի փոփոխությունը, իրավական/ օրենսդրական և մշակույթի ոլորտի տարբեր մակարդակների կառավարման միջև կապը: Անհասկանալի է մնում, թե միասնական մշակութային քաղաքականության տեսլականի պայմաններում ինչպե՞ս է հիմնավորվում հուշարձանների, այդ թվում պատմական և հնագիտական, պահպանությունը մշակութային քաղաքականության համատեքստից կտրելը և քաղաքաշինության կոմիտեի լիազորություն համարելը: Արդյո՞ք այստեղ չկա շահերի բախում. այն գերատեսչությունը, որը նախևառաջ կոչված է կարգավորել քաղաքաշինական խնդիրները, հանդես է գալու որպես հուշարձանների պաշտպան, ինչը կարծում ենք, պարունակում է բազմաթիվ համակարգային ռիսկեր:
Նախընթաց քաղաքականությունների փորձը ցույց է տալիս, որ հապճեպ, առանց պատշաճ փորձագիտական և մասնագիտական համայնքների հետ քննարկման իրականացված փոփոխությունները լրացուցիչ արգելակում կամ դանդաղեցնում են մշակութային քաղաքականության բարեփոխման հնարավորությունը:


ՀՀ քաղաքացիների համար մշակույթը իր լայն ընդգրկմամբ երկրի զարգացման, աշխարհում սեփական տեղի, դերի, առաքելության քննարկման և զարգացման հնարավորություն է, որը պետք է խթանվի ազգային, հասարակական և համայնքային մշակութային ժառանգության կարևորման, շարունակականության և ստեղծագործականության վրա հիմնված մշակութային բովանդակային և իրատեսական քաղաքականության միջոցով:
Թեպետ պաշտոնական տեսակետներում հնչեցվում է, որ այս գործընթացն այլևս անշրջելի է, առաջարկում ենք առժամանակ առկախել/չեղարկել ՀՀ մշակույթի նախարարության վերակազմակերպման որոշումը: Հաշվի առնելով որոշմանն առնչվող հարցերի հանդեպ հանրային զգայունությունը, շահառուների շրջանակը, կարծում ենք, որ որոշման նախագծի մշակման ընթացքում
դրսևորվել է շտապողականություն,
չի ապահովվել բավարար մասնակցայնության իրատեսական հնարավորություն նախարարության աշխատակիցների, անգամ ոլորտի պաշտոնյաների և փորձագիտական շրջանակների ներգրավվածության համար,
հրապարակայնությունն ու գործընթացի թափանցիկությունը բավարար հիմնավորված չեն եղել,
հիմնավորված առաջարկ կամ ծրագիր չկա, որը ցույց կտա նախարարության վերակազմակերպպման հետևանքով մշակույթի ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացումը,
անտեսվել է բովանդակային բարեփոխումների միջոցով համակարգի առողջացման հնարավորությունը՝ նախապատվությունը տալով կառավարչական վերակազմակերպման ձևին:
Առաջարկում ենք
իրականացնել ՀՀ մշակույթի նախարարության գործունեության փորձագիտական գնահատում կամ հանրայնացնել այն արդյունքները, որոնք հիմք են ծառայել վերակազմակերպման, կառավարչական առկա անարդյունավետությունը գնահատելու կամ արդյունավետության բարձրացումը բովանդակային ձևով հիմնավորելու համար:
նախաձեռնել փորձագիտական խմբերի քննարկումներ՝ մշակութային քաղաքականության համակարգային, բովանդակային և կառավարչական խնդիրները գնահատելու և ըստ այդմ՝ առաջնահերթություններ որոշելու համար:


ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի անդամներ
Ռուզաննա Ծատուրյան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող, Ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նախագահ
Հրանուշ Խառատյան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, առաջատար գիտաշխատող
Արսեն Գրիգորյան, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոն ՀԿ նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ
Թամար Հայրապետյան, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող
Խաչիկ Հարությունյան, բանասիրական գիտությունների թեկնածու, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի ավագ գիտաշխատող
Գայանե Շագոյան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, առաջատար գիտաշխատող
Հարություն Մարության, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գլխավոր գիտաշխատող
Տաթևիկ Շախկուլյան, «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ գիտական բաժնի ղեկավար
Նաիրա Կիլիչյան, պատմական գիտությունների թեկնածու, Ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի քարտուղար
Կարինե Բազեյան, պատմական գիտությունների թեկնածու, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ գիտահետազոտական բաժնի վարիչ:

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ