Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրականությունը կինո չէ, Օհան

Իրականությունը կինո չէ, Օհան
22.01.2019 | 03:01

Երեկ համացանցում պատահաբար աչքովս ընկավ դերասան (ներիր, մեծարգո Աբելյան) Հովհաննես Ազոյանի` Բաքվում տեղի ունեցող ցույցերի լուսանկարներից մեկին տված մեկնաբանությունը: Տարբեր տարիներին Բաքվում ու Ադրբեջանի այլ քաղաքներում տեղի ունեցած ցույցերի տարբեր լուսանկարներ շատ եմ տեսել, այդ լուսանկարները տարածող շատ հայերի էլ գիտեմ: Բայց ի տարբերություն վերոհիշյալ դերասանի, նրանցից ոչ ոք նկարին չի կցել «Կեցցե ազատ ու անկախ Ադրբեջանը, որ վաղն է գալու» բովանդակությամբ գրառում: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ Հովոն մտածում է, նո՞ր խոսում, թե՞ խոսում, նոր մտածում: Դատելով նրա կերտած կերպարներից, դժվար է այս հարցին հստակ պատասխան տալ, մանավանդ, գրառումը խոսում է այն մասին, որ ինքը Հովհաննեսն էլ չգիտի պատասխանը:


Բայց բաներ կան, որ նա ուղղակի պարտավոր էր իմանալ: Առաջինն այն է, որ այդ խոսքերի իսկական տարբերակը հետևյալն է. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Իսկ ավելի կարևորն այն է` Հովհաննեսը պետք է իմանար, որ այդ խոսքերի հեղինակը ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանն է: Նա այդ նախադասությունն արտաբերել է անցյալ դարավերջին, երբ դանակը ոսկորին էր հասել, երբ Ադրբեջանը որոշել էր ամեն գնով խլել մեր հայրենիքը, երբ ամեն օր իրենց տներում ադրբեջանցիների կողմից հայեր էին սպանվում, երեխաներ նետվում բոցերի մեջ, կանայք ու աղջիկներ բռնաբարվում, առևանգվում, մասնատվում: Մովսեսը, որ, անկասկած, մեր անկախության շարժման ռահվիրաներից է, այդ գիտակցումը սրտում դուրս է եկել սովետական պետության վերջին մոհիկանների դեմ ու հանուն հայրենիքի արժանացել ֆիդայու բաղձանքին` հրեղեն գնդակի համբույրին:


Ասյքանն իմանալով, Հովհաննեսը պետք է իմանար՝ նման բան գրելը, ներեցեք, բայց ուղղակի ծանր դավաճանություն է, անպատկառություն ու անարգանք հայրենիքի զինվորի նկատմամբ: Եվ բացատրությունները, թե դա պարզ հումոր է եղել, անհարկի ու զրոյական են: Բայց մի ցավալի, անմխիթարական բան էլ կա: Հունվարի տասնինը Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն էր, իսկ գրառումն արվել էր լույս քսանի գիշերը: Հետաքրքիր է, այս տհասությամբ ի՞նչ է ցանկացել անել «բոլոր ժամանակների դերասանը»: Նա այնքան սահմանափակ է, որ կարծում է` իր արածն ուղղակի ազատամտության ու հումանիզմի դասական դրսևորում է: Նույն նյութի մեկնաբանությունների դաշտում գրել էր. «Ես այնտեղի երիտասարդների մասին եմ մտածում»:


Դե՛, մտածիր, Օհան, բայց թող մտորումներդ հանկարծ կարծիք չձևավորեն, որ «Եթե կորցնենք Ղազախը, կշրջենք Ադրբեջանի պատմության վերջին էջը»:
Իրականությունը կինո չէ, և այստեղ զգույշ պետք է լինել, որովհետև ի տարբերություն կինոյի, այստեղ նկարահանված կադրերը չեն վերանկարահանվում, ոչինչ չի խմբագրվում, ոչինչ չի սրբագրվում, և այս պատմությունը հավերժ կապվելու է քո անվան հետ:
Այս առումով ես, անկեղծ ասած, մտավորականությունից ակնկալում էի լսել գոնե մեկ-երկու նորմալ քննադատություն, բայց մոռացա, որ չունենք:
Պետության ղեկավարների մասին չեմ էլ ուզում խոսել, միայն մի հարց` ի՞նչ կլիներ որևէ ադրբեջանցու վիճակը, եթե նման բովանդակությամբ գրառում նա աներ: Հիշու՞մ եք Աքրամ Այլիսլիին:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ