Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Կործանման են դատապարտված այն ազգերը, որոնք չունեն ազգային կայուն կրթական համակարգ»

«Կործանման են դատապարտված այն ազգերը, որոնք չունեն ազգային կայուն կրթական համակարգ»
01.02.2019 | 04:37

Գարեգին Նժդեհի այս խոսքերը բոլոր ժամանակների ու բոլոր երկրների համար են:
Ժամանակակից իրականության աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար ցանկացած պետություն առաջին հերթին պետք է աճեցնի մտածող քաղաքացիներ: Համաշխարհային գործընթացներում մասնակցություն ունենալու համար պետք է կրթել, դաստիարակել մտավոր կարողություններով մրցունակ սերունդ, որն իր մասնակցությունը կունենա ժամանակակից քաղաքակրթության զարգացման մեջ` նպաստելով նաև սեփական հայրենիքի զարգացմանը: Դրա համար մատաղ սերնդին անհրաժեշտ է դաստիարակել ազգային մտածողության հենքի վրա:
Մեր երկրի անկախացումից հետո ազգային շատ արժեքների հետ աղավաղվեց, այլասերվեց նաև կրթական համակարգը: Աշխարհում հայտնի խորհրդային կրթական համակարգը կազմաքանդվեց, պարտադրաբար իր տեղը զիջելով անհասկանալի, անընդունելի, ապազգային համակարգին, որի պտուղներն արդեն տեսանելի են: Փոխվեց կրթական հայեցակարգն ընդհանրապես: Չկա մի հիմնարար ուղենիշ, գաղափար, որը պետք է լինի կրթական բոլոր ծրագրերի հիմքում: Այդ ուղենիշը կամ գաղափարը պետք է պատասխանի մի կարևոր հարցի՝ ո՞վ ենք մենք՝ հայերս, որտեղի՞ց ենք գալիս և, որ ամենակարևորն է, ու՞ր ենք գնում:


Պետության կողմից արտոնվեցին բազմաթիվ մասնավոր դպրոցներ, որոնցից յուրաքանչյուրն իր ծրագրերի հիմքում դնում է (եթե դնում է) սեփական պատկերացումները՝ դաստիարակել ազատ մարդ, կամ մտածող մարդ՝ կոսմոպոլիտ: Դատելով բուհ եկած ուսանողների գիտելիքների մակարդակից, վստահորեն կարելի է ասել, որ մեր դպրոցների մեծ մասն իր առջև որոշակի խնդիր չի դնում:
Անկախացումից հետո մեր երկրում սնկի նման աճեցին ու շարունակում են աճել օտարալեզու դպրոցներն ու բուհերը: Մենք մեծահոգաբար մեր դռները բացում ենք օտարների առջև, ոգևորվելով նրանց ներդրումներից, չգիտակցելով դրանց հետևանքները:
Արդյոք կա՞ վիճակագրություն, թե երեսուն տարուց ավելի Հայաստանի ամերիկյան համալսարանի հարյուրավոր կամ գուցե հազարավոր շրջանավարտներից քանիսը մնացին Հայաստանում և իրենց նպաստը բերեցին մեր երկրի զարգացմանը: Դատելով այն բանից, որ առաջին տարիների ուսանողները ԱՄՆ-ի անկախության օրը նշում էին որպես իրենց երկրի տոն, կարելի է ստանալ դրա պատասխանը: Իսկ այդ բուհի երկու տարի առաջ բացված բակալավրիատը լուրջ հարված հասցրեց մեր բուհերին, մասնավորապես ԵՊՀ-ին: Պակասեց դիմորդների թիվը, որի արդյունքում իջավ ընդունելության անցողիկ միավորների շեմը, հետևաբար նաև ուսանողների գիտելիքների որակը: Շատ դասախոսներ էլ գործազուրկ դարձան ուսանողների պակասի պատճառով:
Գլոբալացման տրամաբանությունը ազգերին ազգային նկարագրից զրկելն է: Այդ նպատակին են ուղղված դրսից պարտադրված կրթական ծրագրերը: Մենք ժամանակից ու տարածությունից դուրս չենք և, բնականաբար, պետք է կատարենք ստանձնած պարտավորությունները, չմոռանալով սեփական երկրի շահը առաջնորդվել «Կեսարինը` կեսարին, Աստծունը` Աստծուն» սկզբունքով:


Գլոբալացման տրամաբանությունը թերևս հասկանալի է, բայց ո՞րը պետք է լինի ազգային մտածողության տրամաբանությունը։ Երկար փնտրելու կարիք չկա, դա մեր ձեռքի տակ է, բայց ափսոս, որ մեր մտածողությունից դուրս է: Դա Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունն է` ամփոփված նրա բոլոր աշխատություններում:
Մինչ մենք նոր պետք է մեզ համար բացահայտենք մեր կրթական համակարգի փիլիսոփայությունը, պարադիգման` հարացույցը, օտարները, մասնավորապես, չեչենները Գարեգին Նժդեհի գաղափարներով են դաստիարակում իրենց երեխաներին: Այս փաստը հավաստի է, իր անձնական շփումների ժամանակ բացահայտել է մեր մտավորականներից մեկը: Ազգային մտածողությամբ սերունդ կրթելու համար նրանք այս տարածաշրջանում փնտրել են համապատասխան գաղափարախոսություն և գտել են Նժդեհի ցեղակրոն ուսմունքը: Հիմա նրանք առաջնորդվում են «Չեչենները երեխաներ չունեն, այլ միայն` ապագա զինվորներ և ապագա մայրեր» սկզբունքով: Նրանց երկիրը անկախ չէ, բայց անկախ հայրենիքի տեսլականով են սերունդ դաստիարակում: Իսկ մե՞նք:


ՀՀԿ-ն որպես գաղափարախոսություն ընտրել էր Գ. Նժդեհի ուսմունքը, սակայն իր ապազգային քաղաքականությամբ որքան կարող էր հեղինակազրկեց մեծ հայրենասերին:
Նժդեհն ասում էր. «Հայը լավ է համր լինի, քան օտարախոս (թրքախոս)»: Իսկ ՀՀԿ-ական կրթության նախարարը հայտարարում էր, որ ինքը ռուսական կրթություն ունի և պետք է արտոնի օտարալեզու դպրոցների բացումը: Նրա նախաձեռնությամբ բացվեց չինական դպրոցը, որտեղ պետք է իրականացվի չինարենի խորացված ուսուցում, բնականաբար` չինացի ուսուցիչների միջոցով։ Այդ դպրոցի շրջանավարտները կխոսեն չինարեն, կտոգորվեն կոնֆուցիական գաղափարներով, կդառնան չինական մշակույթի կրողներ: Բոլորը ոգևորված են՝ «փողը տալիս է Չինաստանը»: Հիշելով Րաֆֆու հայտնի խոսքերը, կարելի է հասկանալ, որ մտահոգվելու լուրջ առիթ ունենք. «Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը և դժբախտ կմնա, որ օտարի օգնության կարոտ լինի: Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի, նա պետք է տասը բան առնե մեզանից, որ մի բան տա»:


Դատելով մեր երկիր մեծաթիվ հնդիկների ներխուժումից, չի բացառվում, որ շուտով կբացվեն նաև հնդկական դպրոցներ։ Բայց մտածու՞մ ենք արդյոք, թե ինչ արժեքներով են դաստիարակվում մեր երեխաները օտար դպրոցներում ու բուհերում: Համոզված կարելի է ասել, որ նրանք դժվար թե ունենան ազգային մտածողություն: Այդ հաստատություններն ավարտածները, մեծանալով օտար մշակութային միջավայրում, դառնում են չինական, ռուսական, ֆրանսիական, գերմանական և այլ մշակույթների կրողներ: Բա ու՞ր մնաց մերը՝ հայկական ազգայինը: Ընդդիմախոսները կարող են ասել, որ մնացած բոլոր դպրոցներն էլ հայկական են: Այո՛, հայկական են, բայց դրանցից քանիսի՞ ուսումնական ծրագրերում է առկա «ո՞վ ենք, որտեղի՞ց ենք եկել և ո՞ւր ենք գնում» հարցերի պատասխանը: Արդյո՞ք այդ դպրոցների շրջանավարտները հայկական մշակույթի կրողներ են ենթագիտակցական մակարդակում:


Մենք ունե՞նք դպրոց, որն ընդգծված հայկական կրթություն է տալիս, որի շրջանավարտները ծանոթ են նժդեհյան գաղափարներին: ՈՒնե՞նք դպրոց, ուր կարող են այցելել օտարազգիներն ու ծանոթանալ հայ ազգայինին, մեր ավանդույթներին, սովորույթներին, երգ ու պարին և հայկական մշակույթին ընդհանրապես: Այս հարցը պետք է լինի մեր կրթական ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում և նրանց հոգածության առարկան: Մենք այնքան շատ չենք, որ մեր սերունդը շաղ տանք օտար դպրոցներով, հետո էլ բողոքենք ազգային մտածողություն չունեցող ղեկավարներից: Չէ՞ որ այդ դպրոցներն ավարտածներն են հետո դառնալու մեր երկրի վարչապետները, նախարարներն ու պատգամավորները։
«Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես». օտարալեզու բուհերն ու դպրոցները այս բանաձևին չեն ծառայում։ Այդ դպրոցների ոչ միայն դրսի, այլև ներսի կազմակերպիչները միանգամայն այլ նպատակ են հետապնդում՝ աղճատել ազգի ոգին, սերնդին շեղել ազգային մտածողությունից, իրենցով լցնել «բաժանի՛ր, որ տիրե՛ս»-ի արդյունքում մեր հասարակության մեջ առաջացած ճաքերն ու ճեղքերը։
Երկրում վերջապես իրավիճակ է փոխվել։ Նախկին արատավոր բարքերը կամաց-կամաց իրենց տեղը զիջում են (կամ այդ գործընթացի մեջ են) նոր արժեհամակարգին՝ մարդակենտրոն, ազգակենտրոն (կամ գոնե այդ մասին խոսվում է) գաղափարներին։ Եվ հարկ է, որ կրթության ոլորտի պատասխանատուները ուշադրություն դարձնեն առկա մի կարևոր հարցի ևս։
Ազգային պատվախնդրությունը մեզ ուղղակի պարտադրում է մեր կրթական համակարգի նոր հայեցակարգ, որը պետք է հստակ պատասխանի` «ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք ուզում գնալ» հարցերին: Դրա համար անհրաժեշտ է.
. դպրոցներում մտցնել «Նժդեհագիտություն» առարկան,
. պատմության ծրագրերում ներառել հայոց պատմության հերոսական էջերի լուսաբանումը,
. գրականության ծրագրերում ներառել արևմտահայ և արևելահայ հեղինակների այն ստեղծագործությունները, որոնք կնպաստեն աշակերտների ազգային ոգու ուժեղացմանը, կբարձրացնեն ազգային արժանապատվության զգացումը,
. նշված դասընթացներից բացառել ազգային նկարագրին հակասող, խեղճուկրակի հոգեբանություն քարոզող ստեղծագործությունները,
. բնագիտական առարկաների դասընթացներում լայնորեն լուսաբանել համաշխարհային գիտության մեջ հայ գիտնականների կատարած ներդրումները,
. դպրոցներում վերականգնել աղջիկների համար «Տնարարություն», իսկ տղաների համար «Արհեստներ» դասընթացները և այլն։

Մեկ կարևոր հարց ևս։ Եթե «Բաժանի՛ր, որ տիրե՛ս»-ը քաղաքական դաշտում դրսևորվում է մի քանի տասնյակ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ստեղծումով, ապա կրթական համակարգում դրա վառ դրսևորումը դպրոցների բաժանումն է պետականի ու մասնավորի։ Այդ դպրոցների նկատմամբ պետության վերաբերմունքն ուսումնասիրելիս դրսից կամ ներսից նայողին թվում է, թե խոսքը տարբեր ազգերի աշակերտների մասին է։ Երկրի նոր իրավիճակում այս մոտեցումը պետք է վերանայվի և բոլոր դպրոցների նկատմամբ, անկախ կարգավիճակից, ընդունվի միասնական հայեցակարգ, որպեսզի որոշ դպրոցներ չհայտնվեն «աղքատ բարեկամի» կարգավիճակում։


Այս ամենը հաշվի առնելով` պարտավոր ենք բարձրացնել մանկավարժական բուհերի պատասխանատվությունը, նրանց պարտադրելով վերանայել ուսումնական ծրագրերը` կրթության նշված հայեցակարգին համապատասխան:
Հուսով ենք, որ մեր իրականության մեջ «Բաժանի՛ր, որ տիրե՛ս»-ին վերջապես կփոխարինի «Սիրեցե՛ք զմիմյանս»-ը։ Այս գործընթացի հաջողության ապահովման առաջին և ամենամեծ պատասխանատուն կրթության նախարարությունն է։


Մարիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կենսաբան

Դիտվել է՝ 4314

Մեկնաբանություններ