Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մարդիկ պիտի սովորեն մշտապես հետևել իրենց ճակատագիրը որոշողներին»

«Մարդիկ պիտի սովորեն մշտապես հետևել  իրենց ճակատագիրը որոշողներին»
01.02.2019 | 05:36

Արձակագիր ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ զրույցի թեման ընդգրկուն է՝ «Նոր» Հայաստանի մարտահրավերները, գրականության և քաղաքականության կապը, տնտեսական քաղաքականության բացերը, էյֆորիայի ու քաղաքական դիրքորոշման սահմանը:


-Ո՞րն է «Նոր» Հայաստանի թիվ մեկ խնդիրը, և ո՞րն է ամենամեծ ձեռքբերումը:
-Նոր Հայաստանի թիվ մեկ խնդիրը, իմ համոզմամբ, նոր Հայաստանի չձևակերպված լինելն է, արժեքային ու գաղափարական անորոշությունն է, մնացածը սրա հետևանքներն են: Սրա հետևանքներն են, օրինակ, հստակ չափորոշիչների բացակայությունն ու, ըստ այդ չափորոշիչների, մեկս մյուսից սպասելիքների անհամապատասխանությունը, իշխող ուժի ներկայացուցիչների որոշ արարքների ու որոշումների խնդրահարույց լինելը, հատկապես դրանց հիմնավորումների անհեթեթությունն ու հակասականությունը, կադրային քաղաքականության անընդունելիությունը և այլն:
Նոր Հայաստանի գլխավոր ձեռքբերումը, իմ կարծիքով, նոր բացված հսկայական հնարավորություններն են: Մեր քաղաքացիների, մեր պետության ճակատագրերը կտրուկ դրական փոփոխության ենթարկելու, մեր կյանքի բոլոր ոլորտներում նոր մակարդակներ նվաճելու ու նոր որակների հասնելու իրական հնարավորություններն են:
-Ի՞նչ արեց գրականությունը հեղափոխության համար, և ի՞նչ է տվել հեղափոխությունը գրականությանը:
-Կարծում եմ, գրականությունը նույնպես սնեց հեղափոխությունը իրեն հասանելի միջոցներով, քանի որ ժամանակակից գրականությունը, համենայն դեպս, գրականության մի մեծ շրջանակ, երբեք անտարբեր չմնաց: Բազմաթիվ հեղինակներ տարիներ շարունակ ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեին թե՛ որպես ստեղծագործող անհատներ, թե՛ իրենց տեքստերով: Սա շատ կարևոր է, որովհետև կար և գուցե դեռ կա մի մոլորություն, թե գրականությունը, արվեստը ապաքաղաքական ինչ-որ բան են, միայն ժամանց ու էսթետիկ պահանջմունքներ բավարարելու համար, այնինչ, գրականությունն ու արվեստը ոչ միայն սնում են քաղաքականությունը, այլև սնվում են քաղաքականությունից: Ես կարծես պատասխանեցի նաև հարցի երկրորդ մասին: Գրականությունը հսկայական նյութ ստացավ առաջ շարժվելու համար:
-Կադրային քաղաքականությունն այսօր շատ է քննադատվում: Երիտասարդներին երկրի ղեկը վստահելը ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական միտումներ ունի:
-Կադրային քաղաքականությանը մասամբ անդրադարձա արդեն, նշելով, որ կադրերի ընտրության հարցը դժվարանում է հատկապես հստակ չձևակերպված արժեքների ու չափորոշիչների պատճառով, հավակնություն ունեցող կադրերն էլ իրականում չեն ընկալում՝ իրենցից ինչ են ուզում: Մենք ականատես եղանք դեպքերի, երբ պաշտոնյաները գործում են օրենքի շրջանակներում, բայց մարդիկ շարունակում են դժգոհել: ՈՒստի ի՞նչն էր խնդիրը. խնդիրն այն է, որ ֆորմալ առումով ճիշտ լինելը դեռ քիչ է, որպեսզի հեղափոխության արժեքների տեսանկյունից էլ ճիշտ համարվի: Այս խզումն է, որ արդարացի դժգոհություն է առաջացնում:
Ինչ վերաբերում է կադրերի երիտասարդ լինելուն, ես որևէ խնդիր չեմ տեսնում և դրական եմ գնահատում դա: Ավելին, համարում եմ, որ երիտասարդ կադրերին քննադատողների մի մասն ուղղակի շահարկում է հարցը՝ փորձելով հասարակության շրջանում տագնապ, կասկած ու բացասական սպասումներ առաջացնել:
-Ի՞նչ եք կարծում՝ հեղափոխության շրջանում շատերին համակած էյֆորիան անցե՞լ է, այսօր սթա՞փ ենք, թե՞ շփոթված, կարողանու՞մ ենք սառն ու առողջ դատել ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրների մասին:
-Կարծում եմ՝ մարդկանց ակտիվությունը երկարաժամկետ էյֆորիային վերագրելն այնքան էլ ճիշտ չէ: Նույնիսկ ամենաթեժ օրերին, ամենազգացմունքային մասնակիցների հետ զրուցելիս, ես միշտ ինձ բռնում էի այն մտքի վրա, որ մարդիկ հիմնականում սթափ ու սառն են դատում: Թե՛ այն ժամանակ, թե՛ ամիսներ անց՝ ընտրությունների ժամանակ: Բոլորը հասկանում էին, որ պիտի նախորդներին հնարավորինս հիմնավոր կերպով ու մեկընդմիշտ մերժել, և որ պիտի հստակ ուղերձ ու գնահատական տալ տասնամյակներ շարունակ մեր երկրում կատարվածին ու դրա պատասխանատուներին: Իսկ սա էյֆորիա չէ, սա կոնկրետ քաղաքական գնահատական է: Ինչ վերաբերում է ներկայիս քննադատության որոշակի աճին, ապա կարծում եմ՝ բնական է, քանի որ հիմա արդեն նախորդները մերժված են, ու աչքներս պիտի նորերի վրա պահենք, ինչպես ասում են: Ըստ էության, սա հենց զգոնության ու սթափության իրական ցուցանիշ է: Քանի դեռ նախորդներից վտանգ կար, հենց սթափությունից ելնելով՝ մարդիկ առանձնապես չէին քննադատում նորերին, ոչ թե զուտ էյֆորիայից էին կուրացել: Կյանքն աստիճանաբար կմտնի բնականոն հունի մեջ, և հանրությունն էլ ավելի քիչ լարված, հանգիստ կհետևի ու կդատի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական խնդիրների մասին:
-Ասում են՝ ժողովրդինն է իշխանությունը, բայց չե՞ք կարծում, որ ժողովուրդն ուզում է ավելի լավ ապրել, իր գործով զբաղվել, քաղաքական հարցեր էլ չվերլուծել:
-Ժողովուրդն է իշխանությունը, այո՛, բայց ժողովուրդը ինչպե՞ս պիտի իրացնի իր իշխանությունը՝ պատվիրակելով կոնկրետ մարդկանց: Այլ ձև մարդկությունը դեռ չի գտել ժողովրդի իշխանությունը իրացնելու համար: Մարդիկ լիազորություններ են տալիս ոմանց, որպեսզի նրանք ղեկավարեն, իսկ իրենք զբաղվեն իրենց գործերով, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը պիտի այլևս չհետևի, չհսկի և դառնա անտարբեր ու ապաքաղաքական: Մարդիկ պիտի սովորեն մշտապես հետևել իրենց ճակատագիրը որոշողներին, որովհետև տեսել ենք, թե անտարբերությունն ինչ հետևանքներ է ունենում: Չպիտի հույս դնել փրկիչների, սրբերի, բարեգործների վրա, պիտի հույս դնել միայն սեփական զգոնության ու կամքի վրա և պատվիրակներին անընդհատ հիշեցնել, որ նրանց աշխատանքի տևողությունը, նրանց կարիերան պետական կառավարման համակարգում ընդհանրապես կախված են միայն ու միայն քաղաքացիների բավարարվածությունից: Միայն այդ դեպքում պատվիրակված պաշտոնյաները կսկսեն աշխատել:

-Հասանք սոցիալական խնդրին: Օրական 2500 դրամ ստացող, առավոտից երեկո սուպեր և մինի մարկետներում աշխատող մարդը ժամանակ կգտնի՞ ընթերցելու կամ արդյոք 2500 դրամ կվճարի՞ իր ուզած գիրքը գնելու համար: Այլ կերպ ձևակերպեմ հարցս` ի՞նչ է պետք, որ գրողը զբաղվի գրականությամբ, ընթերցողն էլ գտնի իր գրողին, ի վերջո, ժամանակ, հնարավորություն ու ցանկություն ունենա գիրք ընթերցելու:
-Սա, իհարկե, ամենացավոտ հարցն է: Մեր երկրում պաշտոնապես համարյա մեկ միլիոն աղքատ կա: Այս հարցը պիտի լուծվի, և նոր կառավարության գերխնդիրներից մեկն էլ հենց սա է: Միայն աղքատության մակարդակն իջեցնելով է հնարավոր ակնկալել, որ մարդիկ իրենց առաջնային պահանջմունքները բավարարելուց զատ նաև այլ պահանջմունքներ կբավարարեն: Այնուհանդերձ, ես կարծում եմ, նույնիսկ այս ծանր պայմաններում մարդիկ փորձում են ինչ-որ կերպ առնչվել նաև գրականությանն ու արվեստին: Բայց լուրջ արդյունքներ կարող են լինել միայն մարդկանց բարեկեցությունը բարելավելով:
-Ի դեպ կարողանու՞մ եք այս եռուզեռի մեջ գրականության համար ժամանակ գտնել: Գուցե կոպիտ հնչի, բայց մթնոլորտն այնքան է հագեցած քաղաքականությամբ, քաղաքական սցենարներն այնքան են զբաղեցնում մարդկանց, որ թվում է, մեզ էլ ոչ թատրոն է պետք, ոչ գրականություն, ոչ շոուներ:
-Պիտի խոստովանեմ, որ դժվարությամբ, բայց փորձում եմ ժամանակ գտնել, նույնիսկ որոշել եմ մի փոքր մեկուսանալ: Չգիտեմ` կստացվի՞, թե՞ ոչ:
-Դուք նաև բիզնեսով էիք զբաղվում, գրախանութ ունեիք: Իբրև գործարար` ի՞նչ դժգոհություններ ունեիք նախորդ իշխանությունների ժամանակ և հիմա, երբ իրավիճակ է փոխվել, ի՞նչ եք ակնկալում:
-Գրախանութը փակեցի, հիմա փորձում եմ հրատարակչական գործունեություն ծավալել: Դժգոհությունը նախորդներից շատ շատ էր, բայց ես նախորդներից չեմ ուզում խոսել: Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ նորերը մի կողմից հայտարարում են տնտեսական հեղափոխության մասին, բայց միաժամանակ հարկային օրենսգիրք են ներկայացնում, որը որևէ կերպ հնարավոր չէ հեղափոխական բնորոշել: Այս պահին տպավորություն է, թե կառավարության տնտեսական բլոկում հավաքվել են ամենապահպանողական կադրերը, բայց պատրաստվում են հեղափոխություն անելու տնտեսության մեջ: Դատելով առաջարկվող հարկային օրենսգրքի մոտեցումներից՝ մի կողմից շատ նեղ շրջանակներին, որպես միկրոբիզնես, հնարավորություն են տալիս հարկային արտոնություններ ունենալ, մյուս կողմից փոքր տնտեսավարողների մեծ մասի հարկերը ոչ միայն չեն նվազում, այլև, ըստ էության, ավելանում են: Չեն լուծվում տարբեր հարկային դաշտերում աշխատողների միջև գոյություն ունեցող խոչընդոտները, որոնց պատճառով միևնույն երկրում խոշոր տնտեսավարողներին ձեռնտու չէ փոքրերի հետ աշխատել, իսկ դա նշանակում է, որ փոքրերը մեծ գործընկերներ գտնելու համար շարունակելու են խնդիրներ ունենալ: Կարծես տնտեսական քաղաքականության պատասխանատուները առանձնապես շահագրգռված չեն ներսի ներուժն ակտիվացնելու և հանրության լայն շրջանակների համար գործարարությամբ զբաղվելու դաշտ ապահովելու հարցում, չնայած հակառակն են պնդում: Երևի նախընտրում են դրսի մեծ ներդրողներին, իսկ ես համոզմունք ունեմ, որ նորաստեղծ հարյուր փոքր գործարարները նախընտրելի են հարյուր աշխատատեղ ստեղծած մեկ գործարարից: Բայց սա ընդգրկուն թեմա է և կարելի է երկար խոսել, ուստի միայն ավելացնեմ, որ նոր կառավարության տնտեսական քաղաքականությունն ինձ ամենաշատն է անհանգստացնում, գուցե նաև այն պատճառով, որ անհասկանալի է:
-Դուք նախորդ իշխանությունների օրոք հասարակական-քաղաքական հստակ դիրքորոշում ունեիք, արտահայտվում էիք, բարձրաձայնում խնդիրները: Այսօր էլ, հեղափոխական տեսակ լինելով, չեք խուսափում խնդիրների վրա մատը դնելուց: Մտավախություն չունե՞ք, որ կարող եք «սևերի» ցուցակում հայտնվել:
-Ոչ իհարկե: Ես մշտապես ունեցել եմ իմ դիրքորոշումը և երբեք այն չեմ պայմանավորել որևէ ցուցակում հայտնվելու վտանգով: Բացի այդ, հավատում եմ, որ ներկայիս թիմի գոնե քաղաքական ներկայացուցիչների մեջ գերակշռում են նորմալ մարդիկ, որոնք հասկանում են՝ ով ինչ է բարձրաձայնում և, ամենակարևորը, ինչի համար է բարձրաձայնում: Իսկ ով չի հասկանում, դա նրա խնդիրն է:
-Հնարավո՞ր է քաղաքական դաշտ մտնեք, այս կամ այն կուսակցությանը անդամագրվեք և այլն:
-Ոչինչ չեմ ուզում բացառել, բայց գոնե մինչև հիմա խուսափել եմ կուսակցություններին անդամագրվելուց:
-Գրքի երևանյան փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակակիրներից եք, առաջին մրցանակի եք արժանացել «Արձակ» անվանակարգում: Ի՞նչ տվեց այդ մրցանակը, և ե՞րբ ընթերցողին կհասնի ձեր գիրքը: Տեսնելու՞ ենք այնտեղ մեր օրերի արտացոլանքը:
-Այո, դա իսկապես հաճելի անակնկալ էր ինձ համար և իհարկե ոգևորիչ է: Այս տարի անպայման նոր գիրք կհրատարակեմ, բայց թե երբ ու ինչ բովանդակությամբ, թույլ տվեք առայժմ չպատասխանել, քանի որ դեռ ինձ համար էլ հստակ չէ:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարը՝ Դիրք ՍԿԻԲԱՅԻ

Դիտվել է՝ 3079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ