Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
22.02.2019 | 03:38

(Նախորդ մասը)

Մինչև ԽՍՀՄ փլուզման խնդրի արծարծումը մի քանի բառով անդրադառնանք ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին, որը բուռն քննարկումների առարկա դարձավ: Հիշյալ ծրագիրն իր բնույթով իդեալիստական է, ամեն ինչ ճիշտ է ասվում. եթե բոլորը մեկ մարդու նման արդյունավետ աշխատեն ու ճիշտ վարքագիծ դրսևորեն, ապա ամեն ինչ կստացվի, կշահեն և՛ պետությունը, և՛ քաղաքացին, կլուծվեն սոցիալ-տնտեսական բոլոր հիմնախնդիրները, կվերանա արտագաղթը, երկիրը կսկսի զարգանալ ու հզորանալ: Հրեաներն ավելի լավ գաղափար ունեն. լավ է լինել առողջ ու հարուստ, քան թե աղքատ ու հիվանդ, բայց թե դրանք ինչպե՞ս են իրագործվում, մեզ համար, թերևս, անհայտ է մնացել:


Հրեաների գործը ավելի դյուրին է, նրանք առաջնորդվում են հազարամյակների պատմություն ունեցող իրենց ազգային ծրագրով՝ առաջ են գնում ուղիղ ու փորձված ճանապարհով՝ առանց ձախ ու աջ նայելու: Ցավոք, մենք այդպես էլ մեր ազգային ծրագիրը չունեցանք, որի բազայի վրա հնարավոր լիներ ստեղծել անհրաժեշտ կարճաժամկետ ծրագրեր: Հեղափոխական ծրագրեր կազմելուց առաջ պետք է հասկանալ, թե ովքեր են այն կյանքի կոչելու, խոր վերլուծություններ կատարել՝ հաշվի առնելով ծրագիրն իրականացնող անհատականության գործնական հատկությունները, նրա կերպարը՝ ելնելով պատմական, գենետիկական, կրոնական, հոգեբանական և այլ առանձնահատկություններից: Մի խոսքով, պետք է բացատրել, թե մեր գործազուրկ հայ մարդն ի՞նչ պետք է անի, գլուխը ո՞ր պատովը տա՝ տեսնելով մեր իրականությունը. թշնամիներով շրջապատված, պատերազմական իրավիճակում հայտնված, չվերականգնված աղետի գոտիով, հիմնովին ավերված արդյունաբերությամբ, երեք նախագահների կողմից խաբված ու թալանված, վստահությունն ու հավատը կորցրած, կոռուպցիայի ձեռքից տանջված ու հալածված մի ժողովուրդ:

Դրությունը շտկելու համար մեզ փոփոխություն էր պետք, ինչը և տեղի ունեցավ, ասպարեզում հայտնվեց Նիկոլ Փաշինյանը, ում գործերն ու կերպարը հույսեր ու լավատեսություն էին ներշնչում, բայց....
Անցել է էյֆորիայի ժամանակը, եկել է գործելու ժամանակը, պետք է աշխատել ու արարել միասին, ազգովին իրականացնել ամենափրկիչ տնտեսական հեղափոխությունը, այլ տարբերակներ չունենք:


Եթե մեր հարգարժան վարչապետն իրեն թույլ է տալիս հեգնել կարմրախայտի կարևորագույն խնդիրը բարձրացրած հայ մարդուն, ապա դա իր խնդիրն է, նշանակում է` նա դեռևս չի հասկացել տնտեսական հեղափոխության էությունը: Նշեմ, որ հատկապես տնտեսական հարցերում մանրուքներ չեն լինում և, ընդհանրապես, տնտեսության մեջ մանրուքներ լինել չեն կարող: Ե՛վ կարմրախայտը, և՛ սիգը մեր ազգային հարստության մաս են կազմում ու պետք է արժանանան մեր խնայողական ու հոգատար վերաբերմունքին: Եթե մի պահ հանգիստ թողնենք «ՑՏսրՑՏսՏոՌՍ»-ն ու խոսենք բացառապես սիգ ձկնատեսակի մասին, ապա կտեսնենք տնտեսական հեղափոխությունն իրականացնող կառավարության խեղճությունն ու անօգնական վիճակը: Իրականում ինչ է տեղի ունենում տնտեսական հեղափոխության ճամփան բռնած մեր երկրում: Այս օրերին Երևան քաղաքի մթերային խանութների մուտքերի մոտ ամենուր կարելի է հանդիպել սիգի առևտրին (սա այն փողոցային առևտուրն է, որը խստիվ արգելել է քաղաքապետարանը, առևտուրը գնում է՝ պահպանելով սպասարկման ծառայությունների բոլոր կանոնները, ձկները մաքրվում են գնորդների աչքի առաջ՝ հենց փողոցում): Իշխանությունները բազմիցս ասել են, որ հիմա սիգի ձվադրման սեզոնն է, ձկան որսը Սևանում արգելված է, բայց ասողին լսող է պետք, ասողը կա (պայմանականորեն ընդունենք, որ դա Նիկոլ Փաշինյանն է), բայց լսողը չկա։ Ինչու՞: Մեր տնտեսական հեղափոխությունը չի կարող հաջողությամբ իրականանալ, որովհետև այդպիսի «ինչուները» շատ են: Կարելի է միայն զարմանալ, թե կոռուպցիայի իսպառ բացակայության պայմաններում մարդիկ ինչպե՞ս են կարողանում իրենց ձկնային բիզնեսը կազմակերպել:

Պարզ է, որ դա անհատ ձկնագողի գործ չէ, ամենայն հավանականությամբ գործում է հանցավոր կազմակերպված խումբ, որտեղ կան ապօրինաբար ձուկ բռնողները, ապօրինաբար ձուկ առաքողները, ապօրինաբար ձուկ վաճառողները և հանցագործ ձուկ գնողները: Կա սիգի պահանջարկ, կա սիգի առաջարկ, բիզնեսի ոսկի կանոնը գործում է անխափան: Հետաքրքիր է` որտե՞ղ են այս դեպքում ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը՝ իրենց ուռճացած հաստիքացուցակներով, այս երևույթի մասին ինչու՞ չի խոսում մեր տնտեսական հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, եթե դրա հարմար առիթը արդեն ներկայացել էր՝ կարմրախայտի ձևով: Ի՞նչ կարող է անել տնտեսական հեղափոխության առաջնորդը, եթե չի կարողանում իր քաղաքացիների գիտակցությանը հասցնել այն պարզ միտքը, որ ձվադրման սեզոնին մարդու կերած մեկ ձուկը հազարավոր ձկների չլինելու պատճառ է դառնալու, ձմռանը մեկ կիլոգրամ ձուկը կերավ անհատը, ամռանը մեկ տոննա ձուկը կորցրեց պետությունը. սա այն աքսիոմատիկ դեպքն է, որը կոչվում է պետական կամ համակարգային մոտեցում, որը, սակայն, մեր սպառող քաղաքացիներին չի հետաքրքրում, կարևորը ձուկ ուտելն է:


Ձկան այս խնդիրը չէր առաջանա, եթե մեր քաղաքացիները քաղաքական հասունություն ցուցաբերեին և հրաժարվեին ձկնագողերի ծառայություններից: Ցավոք, մեր քաղաքացիների կրիտիկական զանգվածը այդ աստիճանի քաղաքական հասունություն չունի, հիմնականում սպառողներ են ու պատրաստ չեն ընկալելու տնտեսական հեղափոխության կարևոր նշանակությունը: Այդ սպառող գորշ զանգվածով հնարավոր չէ ժամանակակից պայմաններում տնտեսություն կազմակերպել, ինչ է, թե տնտեսական հեղափոխություն իրականացնել: Հնագույն ժամանակներից ի վեր հայերի մոտ սերմնագողությունը համարվել է ծայրագույն հանցանք, ամենադաժան սովի պայմաններում անգամ ոչ ոք իրավունք չուներ սնվելու ցորենի կամ գարու սերմերով, այստեղ մարդկանց ու համայն ժողովրդի ինքնապաշտպանական բնազդն է աշխատել: Սիգի պարագայում այդ բնազդը չի աշխատում, որովհետև մարդկանց մեջ գլուխ է բարձրացրել սպառող եսասերին հատուկ կենդանական դրսևորումը: Սկզբում պետք է մտածել մարդ-սպառողից ազատվելու, նրանից մարդ-արարող պատրաստելու մասին, որից հետո նոր կարելի կլինի մտածել նաև կուլտուրական, տնտեսական և այլ հեղափոխություններ իրականացնելու մասին:


Այս ամենը քաջ գիտակցում էին սոորոսական գաղափարախոսները, երբ Կիևում հեղափոխականներին սնում էին կարկանդակներով իսկ Հայաստանում` քաբաբ-խորովածով: Այս առիթով մի փոքրիկ պատմություն: 1972 թվականին Ռիգայի «Ալֆա» գործարանի լաբորատորիայի վարիչ Մարիա Շուլցն ինձ ու իմ գործընկեր Բորիս Իտկինին տուն հրավիրեց, որոշեցի ծաղիկ վերցնել, գնացինք Լենինի անվան կենտրոնական բուլվար, որտեղ թոշակի տարիքի հարյուրավոր լատվիացի, ծաղկավաճառներ էին կանգնած, յուրաքանչյուրի մոտ վաճառքի համար մեկ-երկու փունջ ծաղիկ կար: Որին մոտենում էի, շրջվում էին, չէին ցանկանում ինձ հետ խոսել, ծաղիկ վաճառել: Անհասկանալի բան էր կատարվում, մտածում եմ աշնանային ցուրտ երեկո է, մանր անձրև էր մաղում, այ կնիկ, շուտ վաճառիր քո մեկ փունջ ծաղիկն ու գնա քո գործերին, առնող էլ չկա, բա՞յց... ոչ, և միայն` ոչ:


-Իզուր ժամանակ մի՛ կորցրու, միևնույն է քեզ ծաղիկ չեն վաճառելու, դու շիկահեր ես, քեզ ռուսի տեղ են դրել, դու նրանց թշնամին ես, դու օկուպանտ ես, ճիշտ կլինի, եթե նրանց հետ հայերեն խոսես,- խորհուրդ տվեց Իտկինը:
Այդպես էլ վարվեցի ու չհասցրի նկատել, թե ինչպես ինձ շրջապատեցին լատվիացի ծաղկավաճառները:
Այս էպիզոդը ես համադրում եմ 1988 թվականի դեպքերի հետ, երբ Մասիսի թուրքերը վախենում էին Երևանի շուկաներում բանջարեղեն վաճառելուց, նրանց օգնում էին հայերը, կարելի է ասել առանց առանձնահատուկ բիզնես հետաքրքրության, երևի պրոլետարական ինտերնացիոնալիզմի ոգուն հավատարիմ: Հայերիս մեջ բացակայում է ազգային էգոիզմը, մենք համբերող ենք, մենք հանդուրժող ենք: Փոխարենը մեր մեջ բարձր մակարդակի է հասել անհատական էգոիզմը: Ի՞նչ ասես այն հայ քաղաքացուն, որ առանձնակի հաճույք է ստանում, երբ արգելված սեզոնում սիգ է ուտում, լեզուս չի պտտվում, բայց պետք է ասեմ. «Թող քո բկին կանգնի այդ ձուկը, չե՞ս ամաչում։ Չէ՞ որ այդ մեկ ձուկը հազարը կդառնար, եթե այն չուտեիր, բոյկոտեիր այդ հանցավոր առևտուրը ու դրանով խափանեիր ձկնագողերի բիզնեսը»։ Մի քանի տարի ևս, ու Սևանում էլ ձուկ չի մնա: Անգամ ոստիկանների ու հատուկ հսկիչների կարիքը չի լինի, եթե ունենանք օրինապաշտ ու կարգապահ, երկրի օրենքները հարգող, երկրի հոգսերով ապրող քաղաքացիներ: Եթե Հայաստանում սիգի հասարակ խնդիրը չի լուծվում, էլ ինչ հույսեր ենք փայփայում, թե հնարավոր կլինի իրագործել կառավարության իդեալական-իդեալիստական ծրագիրը, որ ևս մի քանի տարի չենք կորցնի մինչև հաջորդ հեղափոխությունը:


Բազմիցս ենք նշել, որ Հայաստանի տնտեսությունը կարելի է փրկել, նույնիսկ հեղափոխական ճանապարհով, եթե այդ խնդրի լուծումը դրվի ոչ թե լրագրողական-պատգամավորական, այլ ինժեներական հանրության ուսերին, դա տեխնիկական խնդիր է, դա ինժեներական խնդիր է, ինչը պետք է գիտակցել և ընդունել:
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր յուրահատուկ ազգային բնավորությունը, իր էմոցիոնալ ու զգացողական գծերը, որոնք էական ազդեցություն են թողնում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու ակնկալիք հաջողությունների վրա: Հայերը հաջողության են հասել կոնյակագործության, վրացիները՝ գինեգործության, չեխերը՝ ապակեգործության, իտալացիները` օպերային արվեստի, ճապոնացիները` էլեկտրոնիկայի բնագավառներում և այլն, և այլն։ Ադրբեջանցիներից գործիքագործ չի ստացվի, հայերից կլինի: Այս դիտարկումները կարող ենք անվերջ թվարկել ու հետևություններ անել, թե տեխնոլոգիական բազում ուղղություններից որոնք են, որ մեզ հաջողությունների կհանգեցնեն, որտեղ կլինենք հաջողակ ու բարձր արդյունքներ ցույց կտանք, իսկ որ դեպքերում չենք կարող դրական արդյունքներ ունենալ:


Ապացուցված բան է` ժամանակակից տեխնոլոգիաները կարող են հաջողությամբ ստեղծվել մեկ երկրում, բայց կիրառվել բոլորովին այլ երկրներում՝ հաշվի առնելով աշխատող մարդկանց ազգային, գենետիկ կամ իրավիճակային բոլոր առանձնահատկությունները: Եթե ֆրանսիացիներին հատուկ են հնարամտությունը, գյուտարարությունն ու ֆանտազիան, ապա գերմանացիներին հատուկ են բծախնդրությունը, ճշտապահությունը, կարգ ու կանոնը, չինացիներին՝ կոլեկտիվիզմը, անքմահաճությունը, ինքնամփոփվածությունը, օրինապաշտությունը, անգլիացիներին՝ գործնականությունը, փորձապաշտությունը, ձևապաշտությունը, ճապոնացիներին՝ աշխատասիրությունը, նվիրվածությունը իրենց ավանդույթներին, ընդգծված հակումը ընդօրինակությունների նկատմամբ, փորձամոլությունն ու տեսության թերագնահատումը, կարգապահությունը, նվիրվածությունը հեղինակություններին (ինչը հայերիս մեջ բացակայում է), պարտքի զգացումը, քաղաքավարությունը, ճշտապահությունը, ինքնատիրապետումը, խնայողականությունը, հետաքրքրասիրությունը:


Հայերիս հատուկ աշխատասիրությունը, դյուրըմբռնողականությունը, անձնազոհությունը, փոխօգնությանը պատրաստ լինելը, բարեկամության մեջ հավատարմությունը, սերը ուսման, արհեստների ու արվեստների նկատմամբ, հայը ընտանիքակենտրոն է:
Ծրագրում խոսելով ՏՏ ոլորտների զարգացման մասին, մենք պետք է գնահատենք ու հասկանանք մեր մարդկային կապիտալի հնարավորությունները, տեսնենք, թե ինչ նկատի ունենք, երբ խոսում ենք ՏՏ ոլորտի զարգացման մասին, որ դեպքերում մենք հաջողությունների կհասնենք, որ դեպքերում` ոչ։ Ընդամենը 20 հազար ծրագրավորողներով ի՞նչ մրցակցային առավելություններ կարող ենք ունենալ Հնդկաստանի 1,7 միլիոն ծրագրավորողների նկատմամբ, ապարատային ոլորտում ինչպե՞ս ենք հաղթելու չինացիներին, ճապոնացիներին կամ հարավկորեացիներին: Մեր շանսերը այդ ոլորտում զրոյից ավելի չեն կարող լինել:


Հելիոֆիկացիայի գործում մենք ունենք մրցակցային հսկայական պոտենցիալ, որը կարող ենք դնել տնտեսական հեղափոխության հիմքում, բայց ծրագրում դրա մասին ոչինչ չի ասվում, ընդամենը կան անգրագետ փորձագետների անհիմն վայրահաչոցներ:
Ժամանակակից արդյունաբերություն կազմակերպելուց առաջ պետք է ուսումասիրել ոչ միայն կիրառվող տեխնոլոգիաների նրբությունները, այլև դրանց համատեղելիությունը աշխատավոր մարդկանց ազգային նկարագրի ու առանձնահատկությունների հետ: Այն, ինչը կանի չինացին, չի կարող անել հայը և հակառակը: Տեխնոլոգիաները, այն էլ ժամանակակից, ունիվերսալ չեն, հաջողությամբ կարող են աշխատել միայն որոշակի ավանդույթներ ու գենետիկ առանձնահատկություններ ունեցող ժողովուրդների պարագայում: Մեր երկրի երիտասարդ ղեկավար կազմին առաջարկում եմ ուսումնասիրել տնտեսությունների զարգացման պատմությունը և, «հեղափոխական» ծրագրեր կազմելուց առաջ, անհրաժեշտ մտահանգումների գալ, որպեսզի Հայաստանում չկրկնվեն խրուշչովյան «կուկուռուզի» դառը պատմությունները: Ամերիկայում Խրուշչովին ցույց էին տվել եգիպտացորենի անծայրածիր դաշտերը, ինչը նրա մեջ այն տպավորությունն էր ստեղծել, թե ԽՍՀՄ-ում էլ այն օգուտ կտա, կարծում էր, թե այստեղ է գտնվում կոմունիզմի հաջողության բանալին, այդ մշակաբույսի ներդրումը կօգնի, որպեսզի ԽՍՀՄ գյուղատնտեսությունը տեմպային զարգացում ունենա, որպեսզի հասնենք ու անցնենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին:


60-ական թվականներին այդ լոզունգը փակցված էր Սառնաղբյուր գյուղի ակումբի ճակատին, այդ թվերին գյուղի երեխաները խմբերով դաշտ էին գնում ու աղանձի համար նոր ցանված եգիպտացորենի սերմերը հավաքում: Ի՞նչ աներ Խրուշչովը, եթե այսպիսին էր իր ժողովրդը, նրա մատաղ սերունդը: Ժամանակին «կուկուռուզի» վերաբերյալ բազմաթիվ անեկդոտներ էին պտտվում: Ահա դրանցից մեկը. չուկչան մտնում է իր յուրտն ու տեսնում, որ երկրաբանը պառկել է իր կնոջ կողքին:
-Այդ ի՞նչ ես անում իմ անկողնում:
-Կատարում եմ կուսակցության ու կառավարության որոշումը, ամենահեռավոր հյուսիսում «կուկուռուզ» եմ տնկում:
Եթե նման տեմպերով մենք առաջ շարժվենք, ապա չի բացառվում, որ ՀՀ կառավարության հեղափոխական ծրագրի վերաբերյալ էլ անեկդոտներ հորինվեն, ու ամեն ինչ ծափ-ծիծաղի վերածվի:


Հայաստանի տնտեսությունը կարող է փրկվել կործանումից, եթե հրաժարվի առաջարկվող ծրագրից, կարողանա վերլուծել, հասկանալ ու մոդելավորել համաշխարհային տնտեսությունների զարգացման դինամիկան ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ազգային ծրագիր ստեղծելու համար։ Այդ դեպքում տեխնիկական հանրությունը կկանգնի մեր իշխանությունների կողքին ու գործնականում ցույց կտա տնտեսական զարգացումը երկնիշ թվերով ապահովելու ճշմարիտ ուղին: Առաջին հերթին պետք է զբաղվել քաղաքացիների կրթության ու դաստիարակության հարցերով՝ անձնական օրինակ ցույց տալով, ավելի համեստ կյանքով ապրելով, բռնելով զարգացման դանդաղ, հաստատուն, էվոլյուցիոն ճանապարհը: Միայն կրթված ու դաստիարակված քաղաքացիները կկարողանան երկիրը դուրս բերել տնտեսական այս կոլապսից՝ նույնիսկ առանց հեղափոխական ծրագրերի:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ