Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ընկեր Գևորգյան, ինձ ձեռ ե՞ք առնում»

«Ընկեր Գևորգյան, ինձ ձեռ ե՞ք առնում»
26.02.2019 | 00:57

Ժասմեն Վիլյանի` «Իրատեսում» հրապարակված (թիվ 7, 2019) հարցազրույցը գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ ստիպեց գրիչ վերցնել ու լրացնել հարցադրումները երկրի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներում վերջինիս մասնակցության առնչությամբ:

Այդ հարցադրումներն են.
1. Երկար տարիներ աշխատել եք Համաշխարհային բանկի ծրագրի, ապա «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» ղեկավար, տնօրինելով արոտների բարելավմանը միտված 60 միլիոն դոլարի վարկային ծրագիրը: Այդ 10 տարում մեր երկրի քարտեզից իսպառ ջնջվեցին առավել օգտագործվող գյուղամերձ արոտները, հեռագնա արոտների բերքատվությունը նորմատիվից ցածր է 2-3 անգամ, խոտածածկույթում գերակշռում են թունավոր, չուտվող բույսերը: Տավարաբուծությունում առայսoր մինչև 3 գլուխ տավար ունեցողները կազմում են ընդհանուրի 80 տոկոսը, որով բիզնես չես անի: Կաթնատվության և մսատվության մակարդակով մենք հետ ենք եվրոպական միջին ցուցանիշով երկրներից մոտավորապես 3 անգամ, աշխարհում զբաղեցնելով նախավերջին տեղը: Հետևաբար, պարոն Գևորգյան, ասացե՛ք, խնդրեմ, ինչի՞ վրա է ծախսվել 60 միլիոն դոլարը:


2. Անասնապահության, դաշտավարության հիմքը ոռոգման ջուրն է։ Եթե այն չկա կամ բույսի պահանջարկից պակաս է, ապա չկա նաև անասնակեր, լուրջ խնդիրներ են առաջանում բուսաբուծության մթերքների արտադրության ոլորտում. բերքը չի հասունանում, գյուղացին ըմբոստանում է, փակում մայրուղիները: Մինչդեռ ունենք պահանջարկից 4 անգամ ավելի` 8 մլրդ խմ մակերևութային ջրի ռեսուրս, որն անարգել «փախչում է» արտերկիր` ավերելով շրջապատը, իր հետ տանելով մեր հողերի կենարար սնունդը` հումուսը: Մեր գիտնականները լուծել են այդ ահռելի ջրաքանակը արդյունավետ օգտագործելու խնդիրը. ջուրը ներառվում է բույսի արմատային համակարգի նախապես փխրեցված հողաշերտում, ինչը, մեծացնելով հողի խոնավությունը, կրճատում է ոռոգման ջրի պահանջարկը, հզորացնում բույսի վերգետնյա և արմատային համակարգը, որի արդյունքում անասնակերը շատանում է, բույսը մշտադալար է` կանխվում են տարածքային հրդեհները, սողանքները: Ջուրը ներառելով մայր հողում` մենք կասեցնում ենք ջրհեղեղները, հողատարման երևույթները, ներծծված ջրաքանակի մի մասը ուղղորդելով խմելու ջրի ստորգետնյա աղբյուրները վերագործարկելուն. ջրպետկոմի պաշտոնական հավաստմամբ այսօր համայնքների բնակիչների մեկ քառորդը` մոտավորապես կես միլիոն մարդ, ունի խմելու ջրի խնդիր: Այս ամենը հաշվի առնելով` գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունները ջրպետկոմի հետ, համատեղ նամակով, անցյալ տարի խնդրեցին Ձեզ աջակցել 2 միլիոն դրամով վերը նշվածն իրագործող տեխնոլոգիան և մեքենայի աշխատանքը գյուղացիներին ցուցադրելու համար: Պարոն Գևորգյան, հստակեցրեք, խնդրեմ, ի՞նչ հիմնավորմամբ մերժեցիք այդ խնդրանքը` փաստորեն տապալելով ծրագիրը: Ստացվում է` Դուք ավելի բա՞րձր եք կանգնած, քան կառավարությունը:


3. Ջուրը քիչ է. բնության պարտադրմամբ այն ավելի է քչանալու, ինչը նշանակում է այսօրվանից արդեն անցնել խնայող ռեժիմների, այլապես կսնանկանաս: Կասեք, որ այդպես էլ վարվում եք, օրինակ` կաթիլային համակարգը: Բայց այդ համակարգով չես կարող անասնակեր աճեցնել: Մինչդեռ կաթն ու միսը առաջին անհրաժեշտության սննդամթերքներն են: Տարիների քրտինքով բարձր մթերատվությամբ կաթնապրանքային ֆերմա ստեղծած գործարարը այսօր կանգնած է սնանկացման եզրին, թեպետ ունի հողատարածք, ջրագծեր, բայց ջուր չկա` անասնակեր չի կարող աճեցնել: ՈՒ գտնում է ելքը, որը կարող է ելք դառնալ նաև շատերի համար: Թուրքիայից ներկրում է բազմապատիկ քիչ ջուր և հող պահանջող սարքավորումներ ու գարու ծլեցմամբ ձեռնամուխ լինում կլոր տարին կանաչ կերի արտադրամասի գործարկմանը: Ֆինանսական դժվարությունների հանդիպելով դիմում է նշված հիմնադրամին և… մերժվում` այդպիսի նպատակների համար նախատեսված գումարի առկայության պայմաններում: Ներկրվածը պլաստմասե պարզ դետալներով կառուցվածք է, որոնք հեշտությամբ կարելի է պատրաստել հանրապետությունում, հարյուրավոր մարդկանց ներգրավելով այդ գործում: Վարկ ենք վերցրել, տոկոս ենք վճարում, բայց առանց ՀԲ-ի իրավունք չունե՞նք այդ գումարը տնօրինելու: Միշտ պատասխանում եք` այդ ամենը օրենքով է, ու օրենքն էլ Համաշխարհային բանկն է: Բացատրե՛ք, խնդրեմ, պարոն Գևորգյան, հիմա մենք մեր երկրում ՀԲ-ի օրենքներո՞վ ենք ապրում:


4. Կառավարության 13.12. 2018 թ. նիստում մեր վարչապետը բոլոր այդ հիմնադրամները, ԾԻԳ-երը, ՊՈԱԿ-ները բնորոշեց որպես թալանի, «ատկատի» աղբյուրներ` «..կոռուպցիայի ամենամեծ օջախներ» և ապա` «…գնացեք մտեք ցանկացած ոլորտ և հերթով կբացահայտվեն դրանք»: Դուք, պարոն Գևորգյան, որ այդ ոլորտների կառավարման հնաբնակներից եք ու լավ գիտեք ներքին խոհանոցը, կոնկրետ ի՞նչ բացահայտումներով եք պատրաստ աջակցելու վարչապետին:


5. Ես ձեզ օգնեմ հիշելու. արոտներում կենդանիներին ջուր հասցնելու համար իրագործել և այսօր էլ իրագործում եք միլիոնավոր դոլարների արժողությամբ ծրագրեր, որոնք ռիսկային են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մի աղբյուրից ջուր վերցնելու և արոտի մի կետում այդ ջուրը կենդանուն հասցնելու արդյունավետության առումներով, որովհետև այդ կետի շուրջը, ինչպես և ամենուր մեր արոտներում, խոտի քանակությունը նորմատիվից քիչ է 2-3 անգամ, և տավարը պետք է այդքան անգամ երկար ճանապարհ անցնի պակասը լրացնելու, ստացած էներգիան կաթ ու միս արտադրելու փոխարեն ծախսելով խմելու ջրին հասնելու համար: Մինչդեռ այլընտրանքային մեր առաջարկությունը` խնդիրը լուծել բազմապատիկ էժան, ռիսկից զերծ շարժական ջրաբաշխիչներով, նույնիսկ չքննարկվեց: Պարոն Գևորգյան, չե՞ք կարծում, որ հենց այս տիպի ծրագրերով է թալանվում երկիրը, և դրանք կասեցնելու ժամանակն է:


6. Վաթսուն միլիոն դոլարը քիչ փող չէ, և այն ճիշտ օգտագործելով այսօր արդեն բազում խնդիրներ լուծած կլինեինք: Մասնավորապես պետք էր հերթագրել ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու տալ դրանց լուծումները առաջնահերթություններից ելնելով: Այդպես վարվելիս չիր ու չամիչի արտադրության ընդլայնումը չէր դառնա առաջնահերթ, ու վարչապետի տեղակալն էլ, որը որպես քաղաքական գործիչ իրավունք չունի զբաղվելու բիզնեսով, հենց այնպես, առանց վերադարձնելու պայմանի, չէր ստանա 25 միլիոն դրամաշնորհը: Ի վերջո այդ բիզնեսը արդեն բավականին շահութաբեր է, և եթե ուզում ես ընդլայնվել, ապա դա արա քո շահույթի հաշվին կամ վարկ վերցրու, ինչպես վարվում են մեր հազարավոր համաքաղաքացիները: Պարոն Գևորգյան, համամիտ չե՞ք, որ այդ որոշումը սխալ է, այն պետք է չեղարկել և գումարն ուղղել իմ հարցադրման 2-րդ և 3-րդ կետերում նշված ջրի խնդիրների լուծմանը: Ի վերջո, ջուրը կյանք է, և եթե այն չկա, չի կարող լինել նաև չիր ու չամիչ, չի լինի նաև մեր այսօրվա Հայաստանը:


7. Վերը նշված և հարակից բազում այլ խնդիրներին բազմիցս անդրադարձել է «Իրատեսը»: Մասնավորապես, ընթերցելով տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի «Ինժեների հիշատակարանը» հոդվածաշարը, Դուք կարող էիք, ցանկության դեպքում, իհարկե, կասեցնել վարկային գումարների համատարած թալանը: Այդ թեմային վերջին 3 տարում անդրադարձել եմ նաև ես, բավականին արտառոց, էթիկային քիչ հարիր վերնագրերով`«Ի՞նչ է սա. բանականության կորու՞ստ, ծրագրված թալա՞ն, թե՞ ազգադավություն», «Երկիրը թալանողներին շնորհակալության ջերմ խոսքերով ուղարկում ենք վաստակած հանգստի. գյուղնախարարության ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի», «Ով ականջ ունի թող լսի», «Ջրի խնդիր. հասկանում ենք, բայց ոչինչ չենք ձեռնարկում», «Ջրի խնդիր. 2 մլն դրամ` ամեն տարի երկրին հասցվող միլիոնավոր դոլարների վնասը կանխելու համար», «Չընդառաջեց կառավարությունը մեր այս առաջարկությանը, ու ի՞նչ ունեցանք` երաշտ, տարածքային հրդեհներ, անասունների հարկադրական մորթ», և այլն: Ես հասկանում եմ, որ այս տիպի հոդվածներն ընթերցելիս և դրանց պատասխանները չստանալիս մարդկանց մեջ նեգատիվ է կուտակվում կառավարող համակարգի նկատմամբ, ու նախապատրաստվում են հեղափոխությունները: Այնուամենայնիվ, պարոն Գևորգյան, ինչո՞վ բացատրել բարձրացված հարցերի նկատմամբ Ձեր լռությունը: Դուք թերթ չե՞ք կարդում:


8. Մի առիթով, լրագրողի հարցին` ինչը՞ Ձեզ ստիպեց թողնել 1 մլն դրամ աշխատավարձով աշխատանքն ու անցնել գյուղնախարարի ավելի ցածր վճարովի աշխատանքի, Դուք պատասխանեցիք, որ ուզում եք հետք թողնել: Հետք կարող էիք թողնել 60 մլն դոլարանոց վարկային ծրագիրը կառավարելիս, և ոլորտն էլ երևի չէր հասնի այսօրվա աղետալի վիճակին: Անկեղծորեն խոստովանեք, խնդրում եմ, պարոն Գևորգյան, ինչ-որ մեկը խանգարու՞մ էր Ձեզ: Ո՞վ:


9. ՈՒնեզրկումից առավել մարդուն խեղում է արդարության պակասը: ՈՒ այն վերականգնելու հույսով 2 տարի առաջ դիմեցի Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարին։ Տեքստը մեջբերում եմ աննշան կրճատումներով.
«Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին ԼՈՐԱ ԲԵՅԼԻՆ
Հարգարժան տիկին, խնդիրը հետևյալն է` «Գյուղատնտեսություն» ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը կազմակերպեց իմ հանդիպումը ՀԲ-ի խորհրդական պարոն Դևիսի հետ` քննարկելու արոտների բարելավման մեր ստեղծած մեքենան ԳԱՌՄԱՍ-2 ծրագրում օգտագործելու նպատակահարմարության հարցը: Խորհրդականի կարծիքը դրական էր, և այն փոխանցվեց ԾԻԳ-Ի տնօրենին` իրագործելու համար: ԾԻԳ-ի տնօրենը անձամբ ինձ շնորհավորեց, պաշտոնապես ընդունեց հայտը` այդ մասին տեղյակ պահելով խնդրով շահագրգիռ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանին: Երկու ամիս հետո պատահաբար իմացա որ հայտը, առանց որևէ բացատրության, մերժվել է: Իսկ այժմ հիմնականի մասին. ՄԱԿ ուղարկած բնապահպանության նախարարության զեկույցի կանխատեսումների համաձայն առաջիկա տասնամյակներում, կլիմայի փոփոխություններով պայմանավորված, հանրապետությունում արոտները, անասունների մթերատվությունը կկրճատվեն 20-30 տոկոսով: Մեր մեքենան, որն այժմ էլ գործունյա է, չեզոքացնում է այդ ռիսկերը` բարձրացնելով արոտների բերքատվությունը 2-3 անգամ, անձրևաձնհալ թափառող ջրերը պահում է լեռնային շրջաններում` կասեցնելով ջրհեղեղները, երաշտը, տարածքային հրդեհները` ստեղծելով բնապահպան նոր իրավիճակ: Խնդիրը մեքենայի աշխատանքը շահառուներին` հիմնականում արոտօգտագործող կոոպերատիվներին, ցույց տալն էր, ինչը կձևավորեր պահանջարկի շուկան, արտադրությունն ու իրացումը: Դա չարվեց, և կանխատեսումների համաձայն շուտով հեռագնա արոտները նույնպես կվերածվեն անապատների, ինչը տեղի ունեցավ տասնյակ հազարավոր հեկտար գյուղամերձ արոտների հետ: Խնդրում եմ Ձեր աջակցությունը: Հարգանքներով` Ս. Խոյեցյան: 17.04.2016 թ.»
Դիմումիս պատասխանը ստանալու ակնկալիքով գրասենյակ այցելելով` պարզում եմ, որ այն ղեկավարությանը չի հասել, չի գրանցվել նաև նրա մուտքը, և որ բանկը պարտավորություն չունի քաղաքացուն պատասխանելու, ու ինձ, անվտանգության աշխատակցի ահազդու հայացքի ուղեկցությամբ հրավիրում են դուրս, հրահանգելով այլևս իրենց չանհանգստացնել: Պարոն Գևորգյան, հիմա ի՞նչ, ես կոռուպցիայից զերծ, անկախ երկրի հպարտ քաղաքացի՞ն եմ… Երջանկահիշատակ Կարպ Խաչվանքյանը կասեր` ընկեր Գևորգյան, ինձ ձեռ ե՞ք առնում:

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ