Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
01.03.2019 | 04:06

(Նախորդ մասը)

Բայց վերադառնանք մեր թեմային ու փորձենք հասկանալ, թե որոնք էին ԽՍՀՄ-ի փլուզման օբեկտիվ պատճառները: Նախապես ասեմ, որ դրանք տեխնիկական ու կազմակերպական էին, որոնք բերեցին անհաղթահարելի տնտեսական հետևանքների: Դրանք, աննշան շեղումներով, շարունակում են գործել նաև հետխորհրդային բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Ցավոք, այն, ինչը ժամանակին կանխագուշակում էին խորհրդային գիտնականները, որ այսպես երկար շարունակվել չի կարող, չէին տեսնում կամ չէին ցանկանում տեսնել երկրի ղեկին նստած կոմունիստ առաջնորդները: ԽՄԿԿ-ն վերջնականապես խճճվել էր իր դոգմատիկ կոմունիստական գաղափարախոսության մեջ, այդպես էլ իր մեջ ուժ չգտավ ձերբազատվելու դրանցից ու չէր էլ հասկանում, թե աշխարհում ինչեր են կատարվում, ինչ նոր պրոցեսներ են ընթանում, ինչ տեմպերով ու որ ուղղությամբ են զարգանում գիտությունն ու տեխնոլոգիաները, ինչ ազդեցություն էին նրանք թողնելու արդյունաբերության ու, ընդհանրապես, երկրի տնտեսության վրա, ո՞րն էր առաջնայինը, ո՞րը երկրորդականը, զարգացման ո՞ր ճանապարհով էր գնում տեխնոլոգիական աշխարհը, իսկ ու՞ր էինք գնում մենք:


1970-ական թվականներից սկսած ԽՍՀՄ գիտական հանրության համար արդեն պարզ էր, որ միկրոէլեկտրոնիկայի ոլորտն աշխարհում առաջընթացի այնպիսի բարձր տեմպեր է արձանագրել, որ շուտով իր վրա է վերցնելու տնտեսությունների զարգացման հիմնական լոկոմոտիվի դերը, աշխարհում տեխնոլոգիական հզոր հեղափոխություն էր հասունանում, որ սկզբունքորեն փոխվելու են արտադրության միջոցները և, որպես հետևանք, փոխվելու էին նաև Մարքսի մանրամասն ձևակերպած արտադրական հարաբերությունները: Նոր ձևավորվող արտադրական հարաբերություններին ԽՍՀՄ կոմունիստական կուսակցությունը պատրաստ չէր: Հին հարաբերություններից այդպես էլ գլուխ չհանած, խորհրդային կուսակցական բյուրոկրատիայի առաջ երկընտրանքի նոր հնարավորություն էր բացվում՝ պահպանե՞լ հեղափոխությունից հետո ձևավորված հասարակական հարաբերությունները, թե՞ անցում կատարել դեպի նոր ու կապիտալիզմին նմանվող ինչ-որ հասարակական հարաբերությունների: Սա դժվարին խնդիր էր իշխող կուսակցության համար, որովհետև առաջին տուժողը լինելու էր կոմունիստական կուսակցությունը՝ իր բազմամիլիոնանոց բանակով: ԽՄԿԿ-ն պետք է գնար զգալի զիջումների, զոհաբերությունների, կտրեր այն ճյուղը, որի վրա նստած էր երկրի ղեկին կանգնած կուսակցությունը: Ոչ միայն նստած էր, այլև լավ էլ ապրում ու աշխատավորների հաշվին սնվում էր պորտաբույծների կոմունիստ-հանրությունը: ԽՄԿԿ քաղբյուրոյի համար նման հեռանկարը կտրականապես ընդունելի չէր:


Հասկանալի չէր, թե շարքային քաղաքացիներին ու, առաջին հերթին, շարքային կոմունիստներին ինչ էին տալու տարբեր կողմերից երկրի դռները թակող հերթական տեխնոլոգիական հեղափոխությունները, եթե մոտ ապագայում դրանք երկիրը տանելու էին դեպի մասսայական գործազրկություն, աշխատանքը կորցնելու էր բանվորների զգալի մասը, իր լավ վճարվող աշխատանքից զրկվելու էր կոմունիստ բանվորների մեծ մասը:
Կոմունիստական գաղափարախոսության համար դա անընդունելի, տհաճ նորություն էր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իր դերն ու նշանակությունը այլևս կորցնելու և երկրորդ պլան էր մղվելու բանվոր դասակարգը, որովհետև պարզ էր դառնում, որ նորագույն արտադրություններում բանվորները (կապույտ «օձիքավորները») իրենց տեղը զիջելու են ինժեներատեխնիկական անձնակազմին (սպիտակ «օձիքավորներին»), էապես փոխվելու էր խորհրդային հասարակության դասակարգային կառուցվածքը: Արտադրություններում ամենուր մեծ փոփոխություններ էին սպասվում, բանվորի ֆիզիկական ծանր աշխատանքը փոխարինվելու էր ավտոմատացված ու թվային կառավարմամբ տեխնիկայով, որի սպասարկման համար բարձր գիտելիքներ էր պետք ունենալ: Կապիտալիստական երկրների փորձն արդեն ցույց էր տալիս, որ նորագույն տեխնիկայի ու տեխնոլոգիաների համար հատուկ էին բարձր արտադրողականությունը և արդյունավետությունը, միանգամից բարելավվում էին արտադրության տեխնիկան ու տնտեսական ցուցանիշները: Այս հարցում նորություն լինել չէր կարող, բոլոր ժամանակներում էլ, անկախ հասարակական կացութաձևից, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրումը հետապնդել է մեկ հիմնական նպատակ՝ բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և, որպես հետևանք, կրճատել աշխատատեղերի թիվը: Իրեն սոցիալիստական հռչակած ու իր սոցիալիստական գաղափարախոսությանը մինչև վերջ հավատարիմ մնացած խորհրդային երկիրը չէր կարող գնալ նման ճանապարհով: Բանվորների փոխարեն պետք էր աշխատանքի վերցնել հիմնականում անկուսակցական կադրերին՝ երիտասարդներին և այլախոհական հայացքներով տարված ինտելիգենցիային, որոնց առաջ կոմունիստական կուսակցության դռները միշտ փակ էին պահվում:


Հայտնի փաստ է` ԽՍՀՄ-ում ինժեներներին դժվարությամբ էին ընդունում կուսակցության շարքերը, Բրեժնևի տարիներին դա գրեթե արգելված էր: Կոմունիստական տոմսը կամ «հացի քարտը» ստանալու համար զարտուղի ճանապարհներ կային. պետք էր կուսակցական դառնալ բանակում կամ էլ արտադրություններում, երբ երիտասարդ մասնագետները խորամանկում ու աշխատանքի էին անցնում բանվորական հաստիքներով՝ հիմնականում վարպետի կարգավիճակով: Հինգ բանվոր ընդունելուց հետո թույլատրվում էր մեկ ինժեներական տեղ «իջեցնել», որն արդեն տրվում էր կաշառքով, Հայաստանում այն արժեր 3 հազար ռուբլի:


Հետաքրքիր էր կոմունիստ դառնալու իմ պատմությունը, դժվար է հավատալ, բայց դրա համար կաշառք չեմ տվել, որովհետև ես երբևիցե ոչ մի գործի համար կաշառք չեմ տվել, նաև կաշառք չեմ վերցրել, թեև ԽՍՀՄ-ում կաշառքով գործ անելու ամենամեծ հնարավորությունն եմ ունեցել, երբ Արտաշատում զբաղեցնում էի «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ի տնօրենի պաշտոնը: Ինստիտուտի ֆունկցիաների մեջ մտնում էր նաև էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքի ու էլեկտրոնային տարբեր սարքերում (հիմնական ռազմական տեխնիկայում) խափանված ռադիոդետալների արբիտրաժային հետազոտությունների անցկացումը, պարտավոր էինք դիագնոստիկական հետազոտություններ կատարել ու պարզել ռադիոդետալների խափանման ճշգրիտ պատճառները, որպեսզի դրանք հնարավորինս շուտ վերացվեն: Խափանման պատճառները տարբեր էին, բայց հասցեատերերը երկուսն էին: Մեկը արտադրող գործարանն էր՝ իր խոտան արտադրանքով, մյուսը պատվիրատուն էր, որը կարող էր որակյալ արտադրանքը սխալ ռեժիմներում օգտագործել, դրանք խստիվ կանոնակարգված էին ու գտնվում էին բանակի ներկայացուցիչների (տՐպՊրՑՈՉՌՑպսՌ «իՈՍՈջփՌՍՈ») խիստ հսկողության տակ: Հետագայում կպատմեմ, թե ինչ խիստ հսկողություն էր դա, ու կաշառակերների ինչ բանակ էր նստած, մասնավորապես, հայկական էլեկտրոնային գործանների գլխին:


Դիագնոստիկական հետազոտություններն ավարտելուց հետո, համաձայն գործող ռազմական ստանդարտների, փորձանմուշները ոչնչացվում էին, ասել է` հետազոտությունից հետո հետքերը մաքրվում էին: Անորակ ռադիոդետալներ արտադրողների կամ որակյալ դետալները նախատեսված ռեժիմներից դուրս կիրառողների վերաբերյալ տված մեր եզրակացությունները կարող էին կործանարար հետևանքներ թողնել գործարանների տնօրենների համար՝ բազմամիլիոնանոց տուգանքներ, արտադրությունների փակում, արտադրական միավորումների գլխավոր տնօրենները կարող էին աշխատանքից ազատվել, կուսակցությունից հեռացվել ու կանգնել ռազմական տրիբունալի առաջ, եթե իրենց անորակ աշխատանքի փաստը տեխնիկապես հաստատեին մեր ինստիտուտի մասնագետները: Դիագնոստիկայի խնդիրները մենք կարողացել ենք լուծել այնպիսի բարձր մակարդակով ու օբեկտիվությամբ, որ մեր համբավը տարածվել էր խորհրդային երկրով մեկ: Մենք ստացել էինք էլեկտրոնային արդյունաբերության գործարաններում օգտագործվող տեխնոլոգիաների վերահսկման ու արդիականացման իրավունքը: ԽՍՀՄ տարբեր ծայրերից մասնագետները մեզ էին դիմում ոչ միայն արբիտրաժային, զուտ տեխնոլոգիական հարցերով, այլև խնդրում էին պարզել շահագործման ժամանակ շարքից դուրս գալու պատճառները՝ սկսած արտադրության նախնական փուլերից կամ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների ժամանակ: Նման հետազոտությունները մենք կատարել ենք մասնագիտական բարձր մակարդակով, օբեկտիվորեն և անվճար, ՌԱՀ-ի գործարաններին ու ռազմական հիմնարկներին մշտապես օգնել ենք, որպեսզի կարողանան գտնել և ուղղել իրենց տեխնոլոգիական ու կոնստրուկտորական սխալները:


Ինձ միշտ էլ հուշում ու նախատում էին` ի՞նչ ես անում, ինչու՞ կաշառք չես վերցնում, երբ իրենց խոտանների պատճառով գործարանների տնօրեններին կատարյալ կործանում է սպասում, նժարներին նրանց լինել-չլինելու հարցն է դրված, տես, թե ինչպես է փող աշխատում Հայաստանի ստանդարտների կոմիտեի նախագահը, երբ լիմոնադի շշի վրա ծուռ կպցրած մեկ պիտակի համար (գործող ստանդարտներին չհամապատասխանող նմանատաիպ դեպքերը շատ էին) տնօրենը պետք է հերթ կանգներ ու կաշառք տար, որ իր փակված արտադրությունը նորից սկսեր աշխատել, որ իրեն գործից չհանեն, կուսակցությունից չհեռացնեն:


Կաշառքով գործ չանելու մեր ֆենոմենը հասել էր Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար Զավեն Գևորգյանի ականջին:
-Ինչու՞ է այդ կարևոր պաշտոնը զբաղեցնում, եթե «գործ» չի անելու: Կուսակցական պլենումների ժամանակ տրիբունայից սպառնում էր,- ով ասես եկել է մեր Արտաշատ ու դիրեկտորի պաշտոն է զբաղեցնում, մեր ինչի՞ն է պետք միկրոէլեկտրոնիկան, ավելի ճիշտ չէ՞ այդ տարածքներում դուռ-լուսամուտ պատրաստենք, մարդկանց համար օգտակար գործեր անենք, աշխատատեղեր բացենք:
Կուսակցական լիդերի աշխարհայացքը ինձ համար նորություն չէր, ես այն տեսել ու զգացել էի Մոսկվայում՝ ասպիրանտական տարիներին: Մոսկվայում, Հայաստանում և ամենուր կուսակցական վերնախավի մոտ ինչ-որ խանդի զգացում կար գիտնականների ու ասպիրանտների անձի նկատմամբ:
-Հիմա Դուք կավարտեք ասպիրանտուրան, կգնաք Ձեր Հայաստանը ու բարձր աշխատավարձ կստանաք, դրանից մեզ ի՞նչ օգուտ, այսքան օգնել ենք Ձեզ,- իմ նախնական պաշտպանության ժամանակ այսպես արտահայտվեց «Ցիկլոն» ինստիտուտի կուսկոմ ընկեր Ակսենովը:
-Այս պլակատները տեսնու՞մ էք, սրանք ձեզ են մնալու, կարողացեք օգտվել դրանցից, հիմարներ,- զայրացած այսպես պատասխանեց ինստիտուտի տնօրեն և հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Չեռնիշովը՝ հետագայում Էլեկտրոնային արդյունաբերության փոխնախարարը, որի նախաձեռնությամբ էլ ես ուղեգրով աշխատանքի անցա Մերձմոսկովյան Տոմիլինոյի «ՏՈՌ» ԳԱՄ-ում:


Էլեկտրոնային արդյունաբերության անլուծելի խնդիրների պատճառը ոչ միայն ԽՄԿԿ առաջնորդների ծայրագույն կոնսերվատիզմն էր, այլև այն անհաշտելի հակասությունը, որն ընդգծված ձևով գալիս էր Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից, սա գոյություն ունեցող անտագոնիզմի դրսևորումն էր, այն անտագոնիզմի, որը դարձել էր դասակարգային պայքարի շարժիչ ուժը՝ սկզբում հարուստների ու աղքատնելի միջև, որը, հարուստների ունեցվածքի էքսպրոպրիացիայից ու կուլակաթափությունից հետո, սահուն ձևով անցավ գիտության ազնիվ ճանապարհը բռնած գիտնականների և կուսակցական աստիճաններով վեր բարձրացող կարիերիստների միջև:
Կուսակցական վերնախավը, սկսած գիտական ինստիտուտների ու գործարանների սկզբնական կուսակցական կազմակերպություններից, չէր ընկալում, չէր ընդունում գիտնականների ու գյուտարար ինժեներների կարևորությունը, դա բնազդային մարդկային երևույթ էր: Ինչպե՞ս կարող էր գիտնական-ենթական ավելի բանիմաց լինել, խելացի քաղաքացու համբավ ունենալ, ավելի բարձր աշխատավարձ ստանալ, հասարակության մեջ հեղինակություն վայելել, եթե երկրի ղեկը գտնվում էր կուսակից ընկերակցության ձեռքում, երբ նրանք են տնօրինում երկրի ներկան ու ապագան, սրբորեն առաջ են տանում հարազատ լենինյան կուսակցության գործը: Ավելին, իրենց ղեկավար դիրքերը պահելու և պահպանելու համար խորհրդային կոմունիստ տնօրենները ստիպված էին նվաստացուցիչ կեցվածքով ներկայանալ իրենց կուսակցական վերադասներին, ստորաքարշ լինել, իսկ բրեժնևյան տարիներին նաև պարբերաբար «մուծվել» տեղական կուսակցական իշխաններին: Ոզնուն էլ պարզ էր, որ շրջկոմի քարտուղարին «մուծվելու» համար տնօրենները ստիպված էին արտադրություններից գողանալ (հատկապես ռազմական կիրառության համար նախատեսված արտադրանքի որակի ու հուսալիության հաշվին) կամ կաշառք վերցնել՝ աշխատանքի տեղավորվելու և արտադրական պաշտոններում նշանակվելու համար, մասնաբաժիններ ստանալ տրված պարգևավճարներից (հետաքրքիր է իմանալ, թե այդքան աղմուկ հանած փաշինյանական պարգևավճարներից ատկատներ կա՞ն, թե՞ ոչ), օգտվել ներքին հազար ու մի աղբյուրներից: ԽՍՀՄ-ում կոռուպցիայի, կաշառակերության, արտադրական ու պետական գույքի գողության այնպիսի միահյուսություն էր ձևավորվել, որից փրկության հույս անգամ չկար: Հսկայական երկիրը այլևս չկարողացավ տնտեսական ակտիվություն ցուցաբերել ու առաջ շարժվել, կատարյալ կործանումը սարերի հետևում չէր, հսկայական իմպերիան դատապարտված էր, այն պետք է կործանվեր, բայց կործանվեր այնպես, որ դրանից ողջ մարդկությունը չտուժեր, մասնավորապես, ատոմային արհավիրքի զոհ չդառնար: Այս տեսակետից ելնելով, պետք է առնվազն շնորհակալ լինենք Միխայիլ Գորբաչովին (որ կազմակերպեց ԽՍՀՄ-ի փլուզումը), և Ամերիկայի քաղաքական էլիտային, որոնց նախաձեռնությամբ միլիարդավոր դոլարներ ծախսվեցին, որ այդ փլուզումը տեղի ունենար, բայց տեղի ունենար այնպես, որ համայն մարդկությունը չդառնար կործանարար ատոմային աղետի զոհը: Դրա հավանականությունը ես գնահատում եմ 50/50։
Տեսեք, թե շարունակ ինչ միտք է բարձրաձայնում Պուտինը. А эачем нам такой мир, если там не будет России:: Վստահ լինենք, որ սա սպառնալիք չէ, այլ Խորհրդային Միությունից մեզ ժառանգություն հասած ծրագրային դրույթ:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Հ.Գ. Մեր ընթերցողներից ոմանք իրենց անհամաձայնությունն են հայտնում իմ արտահայտած մտքերին, շարունակում են պնդել, որ խորհրդային տարիներին ամեն ինչ լավ էր. լավ էլ ապրում էինք, աշխատանք ունեինք, ձրի ուսուցում, անվճար բուժօգնություն կար և այլն, և այլն: Հետագայում էլ ես կշարունակեմ ներկայացնել իմ տեսակետը, որը ձևավորվել է ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության մեջ աշխատածս տարիներին՝ սեփական դիտարկումների հիման վրա: Մյուս կողմից, իմ պատմությունները սոսկ պատմության համար չեն արվում, սրանք հույժ կարևոր են մեր երկրի ներկայի ու ապագայի համար, որ այլևս չկրկնվեն չինովնիկական երկրակործան հանցանքները, որոնք, ցավոք, անկախ Հայաստանում կրկնվում են զարմանալի ճշտությամբ ու նորարարությամբ: Համատարած կոռուպցիա, պաշտոնական օղակներում յուրայինների, օտարերկրյա գործակալների տեղավորում, այլասերված դատաիրավական համակարգ, պետական գույքի թալան և... դարձյալ նույն երգը, գիտնականներին ու պրոֆեսիոնալ մասնագետներին երկրի կարևոր գործերից հեռու պահելու հանցավոր պրակտիկան, այստեղ էլ ենք մենք անպետք ու ավելորդ: Որտե՞ղ է պետք իրականացնել կրճատումները, իհարկե գիտնականների շրջանում, ու՞մ է պետք աշխատանքից ազատել, իհարկե ԵՊՀ-ի ռեկտորին։ Չեն էլ մտածում մեր գիտելիքներն ու հարուստ փորձը մեր երկրում օգտագործելու, մեր ունեցած տեխնոլոգիաները երիտասարդ սերնդին փոխանցելու մասին: Ոչինչ, բացառությամբ սեփական գրպանի համար նախատեսված դոլարների, իրենց պետք չէ: Եթե մեր երկրին տնտեսական հեղափոխություն է պետք, մենք դա կարող ենք անել առանց դժվարությունների: Որքան էլ մեզ հասցրին հալածել, արհամարհել կամ նվաստացնել, միևնույն է, հայ գիտնականներս կարող ենք շտկել դրությունը, սեփական ուժերով իրականացնել պահանջվող տնտեսական հեղափոխությունը: Այդ հնարավորությունը, օրինակ, կարող է տալ երկրների հելիոֆիկացիայի ընդամենը մեկ ծրագիրը, որի իրականացումը կարող էր սկսվել Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու առաջին իսկ օրվանից, բայց չի սկսվում, որովհետև գիտական մտքի շուրջ շարունակում է տիրել իշխանական անվստահության մթնոլորտը, որը, անշուշտ, խելքի պակասից է գալիս, որից փրկություն չկա:

Դիտվել է՝ 5073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ