«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Շաքար պարունակող ըմպելիքների 30 դրամ ակցիզային հարկը շուկան մոնոպոլիզացնելու է

Շաքար պարունակող ըմպելիքների 30 դրամ ակցիզային հարկը շուկան մոնոպոլիզացնելու է
08.03.2019 | 16:31

Հինգ տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար 30 դրամ ակցիզային հարկ սահմանելը անարդար որոշում է, որն ուղղակի բերելու է մեր ապրանքի սպառման նվազման: Մենք ուղղակի փակվելու եզրին ենք հայտնվելու` Tert.am-ի հետ զրույցում ասացին ըմպելիք արտադրող ընկերությունների ղեկավարները: «Ես որպես 23 տարի այս շուկայի մասնակից, հասկանում եմ, որ մեր կառավարությունը Ֆինանսների նախարարության թեթև ձեռքով ուզում է շուկան մոնոպոլիզացնել»,- ասաց «Հայ Կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը:


Նրա խոսքով՝ ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկն անարդարացի մոտեցում է տարբեր գների ապրանքների դեպքում:
«Քանի որ մեր ապրանքը միջին գնային սեգմենտի ապրանք է՝ մեր պարագայում լինում է գների 30 % կտրուկ աճ՝ 200 դրամից դառնում է մոտ 270 դրամ: 1.5 լիտր ըմպելիքի վրա, եթե մտնում է 45 դրամ ակցիզային հարկ, դրան գումարած ԱԱՀ-ն՝ 54 դրամ և գումարած ավելացված տոկոսը, որ մարժայի մեջ խանութ պետք է տեղավորվի, ապրանքն արդեն ավտոմատ թանկանում է 30 և ավելի %-ով: «Կոկա Կոլայի» դեպքում թանկացումը կլինի 11 %: Երկու լիտրանոց Կոլայի արժեք մոտ 600 դրամ է, նույն գումարն է ավելանալու, ինչը մեր մոտ՝ 60-70 դրամ: Իրենց պարագայում 600-ը կդառնա 660 կամ 670 դրամ, մեր պարագայում՝ 200-ից 260 կամ 270 դրամ»,- նշեց Տիգրան Հովսեփյանը:


«Հայ Կոլա»-ի տնօրենի խոսքով՝ նոր ակցիզային հարկի ավելացումն ուղղակի բերելու է ապրանքի սպառման նվազման, որի հետևանքով էլ ընկերությունը կհայտնվի փակման վտանգի առջև: «Մենք քիչ հարկ ենք վճարելու, մարդկանց գործից ազատելու ենք, եկամտահարկ իրենց փոխարեն չենք վճարելու և այլն: Շղթայական ձևով՝ հավաքարարներից մինչև սպառող տուժելու են:


Մենք ուղղակի փակվելու եզրին կհայտնվենք, միանշանակ»,- ասաց նա:
Ավելի ցածր գնային սեգմենտի ըմպելիքների՝ լիմոնադների դեպքում, տոկոսային հարաբերակցությամբ թանկացումը կլինի ավելի բարձր՝ 40-45 տոկոս: Արտաշատում լիմոնադների արտադրությամբ զբաղվող «Արտոկ» ընկերության տնօրեն Արման Թադևոսյան ևս նշում է, որ հարկատեսակի ներդրվելուց հետո ընկերությունը չի կարող աշխատել: «Մեզ մոտ սեզոնային է, այս պահին 15 աշխատող ունենք, ամառվա սեզոնին 30-35 աշխատող ենք ունենում: Բոլոր արտադրողներն էլ անհանգստանում են, եթե հաստատվեց այս նախագիծը, բոլորն էլ ոտքի են կանգնելու: 400 դրամանոց ապրանքի վրա 30 դրամը չի երևա, իսկ մենք այսօր 1.5 լիտրանոց լիմոնադը վաճառում ենք 100 դրամով, մեզ վրա դա երևալու է: Եթե այսպես լինի, վաճառք չենք ունենալու: Միջին և մանր բիզնեսին մեռցնում են: Բայց մենք վարկեր ունենք վերցրած, հաստոցներ ենք առել: Պետք է կանգնեք ոտքի, հակառակ դեպքում ուղղակի պետք է փակվենք»,- հայտնեց Արման Թադևոսյանը:


Վայոց Ձորի Մալիշկա գյուղում լիմոնադների արտադրություն հիմնած համանուն՝ «Մալիշկա» ընկերության տնօրեն Վահե Կոստանյանը կառավարության որոշման մեջ միտում է տեսնում: Ըստ նրա՝ կառավարությունը նպատակ ունի ըմպելիք արտադրող փոքր ընկերություններին հեռացնել դաշտից:
«Ամբողջ քաղցրավենիքները, խմորեղենները շաքար պարունակում են, ինչո՞ւ են միայն ըմպելիքներին անդրադառնում: 14 մլն դրամի վարկ եմ վերցրել, ուզում եմ ներդրում անել, ավելացնել արտադրության ծավալները, բայց ամեն ինչ հակառակ է անում կառավարությունը»,- ասաց տնտեսվարողը:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ: Սա նոր հարկատեսակ է և ներմուծվում է շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով:


Շաքարի հարկ ավելացնելու առաջարկով հանդես է եկել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս դա պայմանավորում է դեռահասների շրջանում ավելորդ քաշի խնդրով: «Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որ շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։ Շաքարի հարկը նորարարական հարկման մեխանիզմներից է, որ կիրառվում է աշխարհում շաքարի օգտագործման ահագնացող տեմպերի դեմ պայքարելու համար: Եվ այո, մենք կողմ ենք, որ այն ներդրվի նաև Հայաստանում, քանի որ մենք նույնպես ունենք դեռահասների և ոչ միայն դեռահասների շրջանում ավելորդ քաշի, ինչպես նաև երկրորդ տեսակի շաքարային դիաբետի խնդիր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր նախարարը:
Հարկային օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019 թվականի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Եկամտահարկի գործող դրույքաչափերը հետևյալն են՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000 - 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %: Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է նաև 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս:


Բացի շաքար պարունակող ըմպելիքներից, 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ նախատեսվում է նաև առավել առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես՝ առաջարկվում է բարձրացնել օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ, բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ