Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քանդե՞լ, թե՞ կառուցել` ո՞րն է ավելի հեղափոխական

Քանդե՞լ, թե՞ կառուցել` ո՞րն է ավելի հեղափոխական
14.03.2019 | 12:40

Այս պատմությունը նոր չի սկսվել: 2018-ի դեկտեմբերին քաղաքապետարանը ծանուցել էր օպերայի շրջակայքի սրճարանատերերին, որ նրանց սպասում է ապամոնտաժում ու ծառատունկ: Նրանք բողոքեցին-բողոքեցին, բայց քաղաքապետը հայտարարեց, որ ամեն մի բիզնեսմենի գործով զբաղվելն իր գործը չէ ու քաղաքապետարանը իրավունք ունի ժամկետից առաջ կասեցնել նրանց հետ կնքված պայմանագրերը: Երեկ քանդելու փորձ արվեց, որ վերածվեց քաշքշոցի: Քաղաքապետարանի քանդողների ու սրճարանատերերի դիմադրությունը ավարտվեց երեկոյան քաղաքապետարանում քննարկման պայմանավորվածությամբ: Քննարկումը փակ էր ու, ըստ ամենայնի, անարդյունք:


Քաղաքապետարան-քաղաքացիներ բախումը հեղափոխությունից հետո անհավանական պիտի լիներ: Բայց շատ արագ Երևանի քաղաքապետարանում ձևավորվեց ու ամրապնդվեց բյուրոկրատական ու անհանդուրժողական վերաբերմունք քաղաքացու ու նրա խնդիրների նկատմամբ: Պատահական չէ, որ երեկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի էջում գրել էր. «Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։


Սակայն նախկին վարձակալները, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով չեն մաքրել տարածքը, և այսօր արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայնքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։
Ուզում եմ մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբողջ այս գործընթացը, իր մեկնարկի պահից ի վեր ընթանում է օրինականության և նախկին վարձակալների հետ պայմանագրերի տառին համապատասխան։
Օպերայի այգին իսկապես այգի դարձնելու որոշումն աներկբա է, բխում է մեր քաղաքի շահերից ու մեր քաղաքի բնակիչների ցանկությունից։


Հ.Գ. ի դեպ, մամուլում հայտնված կարծիքները, թե սրճարանները մաքրելու հետևանքով իբր 300 մարդ աշխատանքից զրկվելու է, մեղմ ասած, չափազանցված են։ Միևնույն ժամանակ, ինչպես նախկինում էլ ասել ենք, քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում նույն տնտեսվարողներին աջակցել զարգացնել իրենց բիզնեսը քաղաքի այլ տարածքներում՝ արդեն օրինականության սահմաններում»։
Սա ժանրի կլասիկա է` օրինականը դարձնել օրինական, խոսել քաղաքի աներկբա շահերից ու բնակիչների ցանկությունից` առանց այդ ցանկությունը հարցնելու` պարզապես համոզված, որ այդպես է լինելու, որովհետև այդպես է լինելու:
Գրողի ծոցը, որ մարդիկ աշխատատեղ են կորցնում, տերերը ներդրումներ են արել, զբոսաշրջիկներ են գալիս, հանգստի վայր է: Քաղաքի կոլորիտ: Գրողի ծոցը, որ մարդիկ հարկեր են մուծում: Վերջապես` եթե իշխանությունը այդքան կամայական է վերաբերվում կնքված պայմանագրերի հետ ու միակողմանի բեկանում է, հետո մեղադրում անօրինականության մեջ, ո՞վ է գժվել, որ նոր պայմանագիր կնքի ու ներդրում անի: Բայց դա Հայկ Մարությանի հետ ի՞նչ կապ ունի: Նա ընտրված քաղաքապետ է ու …քաղաքը կրակն է ընկել նրա ձեռքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Քաղաքապետարանը կայացնում է կամայական, չհիմնավորված որոշում, որ չափազանց է հիշեցնում հին պատմությունները` «Տարոն ջան, սիրուն չի» տիպի: Այնքան «սիրուն չի», որ կամ կպահանջի «Հայկ ջանին» նշանակած (Նիկոլ Փաշինյանն անձամբ էր վարում Հայկ Մարությանի քարոզարշավը և այն տպավորությունն էր, որ վարչապետը մտադիր է քաղաքապետ ընտրվել) վարչապետի միջամտությունը, կամ հին ավանդույթով մի գիշերում սրճարանները կքանդվեն, ինչպես նախկինում հին Երևանն էր ավերվում, կամ` բողոքի ակցիաները հաջողության կհասնեն: Կանաչ տարածքների վերականգնումը փայլուն ցանկություն է, ինչու՞ է Հայկ Մարությանը հենց ծառեր ուզում տնկել օպերայի բակում, երբ ամբողջ քաղաքում լիքը անխնամ այգիներ կան, մեծ հանելուկ է:


Իշխանությունը ամեն օր զրնգացնում է, որ ինքն աննախադեպ լեգիտիմ է: Բայց ինչու՞ է այդ լեգիտիմությունը ուղղում անկապ պոպուլիզմի ու աննպատակ փոփոխությունների հուն: Չկա՞ տարբերակ` չքանդելով կառուցելու:
Թե՞ Վեներայից կամ Մարսից պիտի գան ու բարեփոխումների ծրագրեր հրամցնեն` հիմնավորված, հաշվարկված, նպատակային: Իսկ քանի չեն եկել, նույն այդ լեգիտիմությունն ապահովված ընտրողները արձանագրում են` վրեժ են լուծում սրճարանատերերից, որ իրենց հետ հեղափոխություն չեն արել:


Փաստացի` Հայկ Մարությանին չի հաջողվում քաղաքապետ դառնալ` նա սահում է սկանդալից սկանդալ ու ոչ թե կառուցում, այլ` քանդում է: Հետաքրքիր է` մինչև ե՞րբ: Ինքա՞ն կդիմանա Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը կամ …համբերությունը: Կձգի՞ մինչև 2020-ը: Հավելեմ, որ Երևանի քաղաքապետարանը գործնականում դադարեցրել է շինարարական թույլտվություններ տալը և բազմաթիվ շինարարական նախագծեր փակուղի են մտել։ Տնտեսական հեղափոխությունը Երևանում բախվում է Հայկ Մարությանի վետոյին: Իսկ ավագանուն նա պարզապես բանի տեղ չի դնում և դա ևս մեկ «հեղափոխական» գիծ է նրա կառավարման որակների մեջ: Ու ինչու՞ չի բերում երևանցիների բախտը` գուցե խելքի պակասի՞ց:

Դիտվել է՝ 4066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ