Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թերեզա Մեյի երրորդ ֆիասկոն

Թերեզա Մեյի երրորդ ֆիասկոն
14.03.2019 | 12:46

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է իր մարտավարությունը, եթե ստիպված լինի ԵՄ-ից դուրս գալ առանց պայմանավորվածության` կոշտ բրեկզիտով: Կառավարությունը հնարավորը կանի` խուսափելու 2 Իռլանդիաների միջև ֆիզիկական սահմանից: Բրիտանիայի իշխանությունները պարտավորվում են Օլսթերի ուղղությամբ իռլանդական սահմանը հատող քաղաքացիների ու ապրանքների լրացուցիչ ստուգումներ չանել: Այնուամենայնիվ, որոշ ապրանքների նկատմամբ նոր մաքսային կարգեր կմտցվեն` վտանգավոր քիմիկատների, Կարմիր գրքում գրանցված կենդանիների, չմշակված ալմաստի և այլն: Իռլանդիայից ներկրվող ապրանքներին չեն վերաբերվի ներմուծման նոր մաքսադրույքները, որոնց մասին կառավարությունը հայտնեց չորեքշաբթի օրը: Ապրանքները կհարկվեն սովորական մաքսադրույքներով: Իռլանդիա գնացող բրիտանական ապրանքները կարող են հարկվել լրացուցիչ մաքսադրույքներով: Կառավարությունն ընդգծում է, որ դրանք ժամանակավոր և միակողմանի ձեռնարկվող միջոցներ են: «Դրանք միակ միջոցներն են, որ Միացյալ թագավորության կառավարությունը կարող է ընդունել միակողմանի` խուսափելու համար ֆիզիկական սահմանի հայտնվելուց կոշտ բրեկզիտի դեպքում»` ասվում է հատարարության մեջ: Դա կարող է հանգեցնել բավականին արտառոց իրավիճակի` գտնում է բիզնես վերլուծաբան Ջոն Քեմպբելը: Օրինակ, իռլանդական ապրանքներ արտահանողները, որ առևտուր են անում Հյուսիսային Իռլանդիայի հետ, նոր մաքսադրույքների հետ չեն բախվի, իսկ հյուսիսիռլանդացի ագարակատերերը, որ առևտուր են անում Իռլանդիայի հետ, լիովին կարող են նոր մաքսադրույքների տակ ընկնել: Մինչև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը մնում է 15 օր: 1998-ին կնքված համաձայնագրով վերջ դրվեց Միացյալ Թագավորության կազմում գտնվող Իռլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի արյունոտ կոնֆլիկտին: Այդ համաձայնագիրը հիմնված է 2 Իռլանդիաների սահմանի բացակայության վրա: Բրեկզիտի պատճառով սահմանը կարող է վերադառնալ: Իռլանդիան չի ծրագրում ԵՄ-ից դուրս գալ, Հյուսիսային Իռլանդիան, իբրև Մեծ Բրիտանիայի մաս, պետք է ԵՄ-ից դուրս գա մարտի 29-ին: Բրեկզիտի հիմնական խնդիրներից մեկը դա է: Խնդրի լուծման հիմնական տարբերակներից մեկը «իռլանդական բեկստոպն է»: Եթե մինչև անցումային շրջանի ավարտը կողմերը չկարողանան լուծումներ գտնել, Հյուսիսային Իռլանդիան կարող է մնալ ԵՄ մաքսային միության կազմում և առևտուր անել Իռլանդիայի հետ առանց լրացուցիչ մաքսատուրքերի:

Բայց դա կդառնա Բրիտանիայի հիմնական տարածքի տնտեսական մասնակի առանձնացում, որ դուր չի տալիս ոչ լոնդոնցի քաղաքական գործիչներին, ոչ Հյուսիսային Իռլանդիայի յունիոնիստներին: Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համաձայնության եկան, որ բրեկզիտի համաձայնագրում կնշվի` իռլանդական բեկստոպը կարող է լինել միայն ժամանակավոր: Դա պիտի հանգստացներ համաձայնագիրը քննադատող բրիտանացի պատգամավորներին, բայց երեքշաբթի Բրիտանիայի խորհրդարանը նորից մերժեց Մեյի կառավարության ու Բրյուսելի համաձայնագիրը` ձայների մեծամասնությամբ: Դիտորդների գնահատականով` հիմա Բրիտանիային մնում է Բրյուսելից բրեկզիտի հետաձգում խնդրել: Վարչապետի ընդդիմադիրները արտահերթ ընտրությունների կոչ են անում:
BBС


Հ.Գ. Երեկ Թերեզա Մեյի կառավարությունը խորհրդարանում երրորդ պարտությունը կրեց: Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ արգելեց կառավարությանը դուրս գալ ԵՄ-ից առանց համաձայնագրի: Հիմա Բրիտանիային մնում է հետաձգել բրեկզիտը, որ պիտի կայանար մարտի 29-ին: Բայց դա միակ պարտությունը չէր` կառավարությունն առաջարկում էր բացառել առանց համաձայնագրի բրեկզիտը կոնկրետ մարտի 29-ին, Համայնքների պալատը քվեարկեց հօգուտ լրացման, որ ընդհանրապես արգելում է երբևէ դուրս գալ ԵՄ-ից` առանց համաձայնագրի: Այդ կարևոր լրացումն ընդունվեց 4 ձայնի տարբերությամբ` 312 կողմ, 308 դեմ: Որոշումը կառավարությանը հրամանի ուժ չունի, բայց շատ կարևոր է քաղաքականապես` իբրև խորհրդարանի կամքի ցուցիչ: «Իրավաբանորեն, առանց համաձայնագրի դուրս գալու հավանականությունը պահպանվում է, եթե որևէ այլ պայմանավորվածություն ձեռք չբերվի»` ասաց Թերեզա Մեյը քվեարկությունից հետո: Նա ընդգծեց, որ հիմա խորհրդարանն ընտրության առաջ է` այնուամենայնիվ, հավանութուն տալ բրեկզիտի երկու անգամ մերժված համաձայնագրին, գործը հասցնել երկրորդ հանրաքվեի, որ վարչապետի կարծիքով` կխարխլի ժողովրդի վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, կամ` հասնել ԵՄ-ի համաձանությանը նոր պայմաններով: Այդ վճռականությամբ խմբագրված որոշման օգտին քվեարկեց 321 պատգամավոր, դեմ էր 278-ը: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ խորհրդարանը մերժում է մարտի 29-ին ԵՄ-ից դուրս գալու հնարավորությունն առանց համաձայնագրի, բայց արձանագրում է, որ «առանց համաձայնագրի հեռանալու հնարավորությունը մնում է ուժի մեջ, եթե Համայնքների պալատը և ԵՄ-ն չվավերացնեն որևէ համաձայնագիր»: Չորեքշաբթիի քվեարկության արդյունքները միանգամայն սպասելի էին Համայնքների պալատի պատգամավորների մեծամասնությունը, նրանց թվում` նախարարներ, գտնում են, որ «հախուռն» բրեկզիտը չափազանց ռիսկային է տնտեսության համար: Բրեկզիտի հարցերով ստվերային նախարար, լեյբորիստ Մեթյու Պենիկուկը հավարտ բանավեճի ասաց, որ բրեկզիտի հնարավոր վնասը դժվար է գերագնահատել: «Դա հավասարազոր է ազգային աղետի»` հայտարաչեց Պենիկուկը: Բրեկզիտի վճռական կողմնակիցները ապացուցում են, որ ոչ մի աղետ չի լինի, ընդամենը կարճաժամկետ դժվարություններ, որից հետո բրիտանական տնտեսությունը` ազատագրվելով համաեվրոպական տոկոսադրույքներից, կծաղկի:


Այսօր Համայնքների պալատը ծրագրում է քվեարկել բրեկզիտի հետաձգման հարցը և հավանություն տալ կառավարությանը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը մարտի 29-ից ավելի ուշ ժամկետի հետաձգելու: ԵՄ-ն կարող է պատասխանել մարտի 21-22-ին` հերթական սամիթի ժամանակ: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են հայտարարել, որ պատրաստ են Մեծ Բրիտանիային ժամանակ տալ, բայց ուզում են իմանալ` ինչի՞ համար, ի՞նչ նոր առաջարկներով է Լոնդոնը նորից Բրյուսել գալու: Մինչև հիմա Լոնդոնի ելակետը եղել է Բրիտանիայի դուրս գալը ԵՄ միասնական շուկայից (որպեսզի հնարավորություն ունենա սահմանափակել ներգաղթյալների մուտքը), մաքսային միությունից և Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանի իրավասությունից: Նոր դիրքորոշումը ձևակերպելու համար որոշ պատգամավորներ առաջարկում են ավելի ուշ` հետաձգումը ստանալուց հետո, Համայնքների պալատում քվեարկության կդնի ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների մի քանի տարբերակներ: Պահպանողական կուսակցությունում չեն բացառում, որ Մեյի կառավարությունը, ԵՄ-ից հետաձգում ստանալով, պարզապես նորից քվեարկության կբերի 2 անգամ մերժված համաձայնագիրը: Չի բացառվում, որ պատգամավորները տեղի տան ու համաձայնագիրն անցնի: Այդ դեպքում ամեն ինչ հեշտ կլինի` Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ-ից, բայց փաստացի ամեն ինչ կմնա համարյա նույնը` համաձայնագրով անմիջապես սկսվում է անցումային շրջանը մինչև 2020-ի տարեվերջը: Այդ ընթացքում Բրիտանիան կորցնում է ներկայացուցչություններն ու ձայնի իրավունքը ԵՄ ղեկավար կառույցներում, բայց լիովին պահպանում է մյուս իրավունքներն ու ԵՄ անդամի պարտականությունները: Փաստորեն` Թերեզա Մեյը պահպանում է վարչապետ մնալու շանսերը, եթե Տորիները հրաժարական չպարտադրեն, մյուս կուսակցությունները չեն միավորվում բրեկզիտի դեմ, իսկ Մեծ Բրիտանիան` ԵՄ-ից դուրս գալու շանսերը, եթե չբողոքի ժողովուրդը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ