Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Միանձյա իշխանուհին» չի հանձնվում

«Միանձյա իշխանուհին» չի հանձնվում
22.03.2019 | 03:37

Արարատի մարզի Ավշար համայնքում կրքերը գրեթե երկու շաբաթ չեն հանդարտվում: Նորընտիր տնօրեն Հերմինե Ադրեասյանը չի ցանկանում լքել դպրոցը, ուսուցչական կոլեկտիվն էլ հրաժարվում է աշխատել նրա հետ, աշակերտների մեծամասնությունը դպրոց չի հաճախում, դասապրոցես, որպես այդպիսին, տեղի չի ունենում: Թեև օրեր առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր աշխատասենյակում հանդիպում է ունեցել տնօրենի և ուսուցչական կոլեկտիվի հետ, բայց փոխզիջման գալ չի հաջողվել: Խնդիրն այնքան է խորացել, որ դպրոց են այցելել նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից` ահազանգելով, որ կոպտորեն խախտվում է երեխաների սահմանադրական` կրթություն ստանալու իրավունքը:

Ավշարի միջնակարգ դպրոց հաճախում է միայն մարզպետի և տնօրենի ազգականների կամ մերձավոր շրջանակների 10-11 երեխա: Լարված ու անհասկանալի մթնոլորտը, սակայն, դասապրոցեսի չի տրամադրում ո՛չ ուսուցիչներին, ո՛չ երեխաներին: Աշակերտները սպասում են, թե ինչ հանգուցալուծում կստանա խնդիրը, ով որտեղ ու ինչպես կզիջի:
Ավշարի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանն ասում է, որ մարզպետի հետ հանդիպմանը սպասել են առաջին իսկ օրվանից: Թեև մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել են դպրոց ու համոզել վերսկսել դասապրոցեսը, բայց դրա խաթարումը միայն իրենց մեղքով չի եղել, հարցի հետևում նաև 500 աշակերտի ծնող է կանգնած:


Մարզպետն առաջարկել է փոխզիջումների գնալ, այսինքն` ուսմասվար Գայանե Մարտիրոսյանը կշարունակի աշխատել, մարզպետի մորաքրոջ հարսը որևէ պաշտոնի չի հավակնի, ուսուցիչներն էլ կշարունակեն իրենց աշխատանքը. «Բայց մենք այդ փոխզիջումներին գնալ չենք կարող, անհնար է աշխատել մի մարդու հետ, որն ուսուցիչներին ստախոս ու ստահակ է անվանել: Տիկին Անդրեասյանն ինչպե՞ս է աշխատելու այն ուսուցիչների հետ, որոնց հետ մի քանի ժամում հասցրել է ընդհարում ունենալ, ինչպե՞ս է նայելու այն աշակերտների աչքերին, որոնք նրա երեսը տեսնել չեն ուզում: Վերջապես, ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել 35 մանկավարժի ու 15 տնտեսական աշխատողի կարծիքը: Մարզպետն ասում է, թե մեր քայլերն իրավական հիմք չունեն: Եթե այդ հիմքն ունենայինք, ապա դատարանում կլինեինք ու հարցերը ոչ թե մարզպետի աշխատասենյակում, այլ դատարանում կպարզեինք: Ոտնահարվել է մեր բարոյական իրավունքը: Ասել` կամայականություն է, կամ մեր հետևում քաղաքական ուժեր կան, աբսուրդ է: Մեր հետևում քաղաքական որևէ ուժ չկա: Մեր կոլեկտիվի մեջ չկա մի մարդ, որ հավակնի այդ պաշտոնին»:
Նրա համար տարօրինակ է եղել նաև ԿԳՆ հանրակրթության վարչության պետի հայտարարությունը, թե դպրոցում տնավարություն է եղել: Ուսուցչուհին հարց է բարձրացնում` ի՞նչ տնավարության մասին է խոսքը, երբ դպրոցը տնօրեն չի ունեցել, սակայն այդ ընթացքում աշակերտներն օլիմպիադաներում լավագույն արդյունքներ են գրանցել: «Դա էլ բավարար չէ, այս խառը վիճակում մարզպետն աուդիտ է հայտարարել: Լավ, ենթադրենք օրենքով է դա, բայց ումի՞ց է փաստաթուղթ պահանջում, մարդիկ իրենց տեղը չգիտեն, դուք աուդի՞տ եք անցկացնում»,- տարակուսում է մանկավարժը:
Նա անհեթեթ է համարում խոսակցությունն այն մասին, թե իրենց հետևում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը կարող է կանգնած լինել: Հստակեցնում է` այդ մարդիկ երեք մեծ գործարան ունեն ու հազարավոր աշխատակիցներ և եթե ցանկանային ինչ-որ բան անել, այդ աշխատակիցներին դուրս կհանեին ու այդ կերպ կպահանջեին մարզպետի հրաժարականը:


Դպրոցի հայոց և լեզվի և գրականության մեկ այլ ուսուցչուհի` Կարինե Փամբուկյանն էլ հավելում է, որ ուսուցիչները որևէ մեկի աջակցության կարիքը չունեն, անգամ մերժել են ավագանու` իրենց սատարելու որոշումը. «Սա մեր խնդիրն է, հարցերի պատասխանները միայն մենք ունենք: Վերահաստատում եմ` մեր հետևում կանգնած որևէ ուժ չկա, մենք ուղղակի ուզում ենք, որ մեր ձայնը վերջապես լսելի լինի, ի վերջո, բանի տեղ դնեն ուսուցչին` որպես մարդու, անհատականության: Ի՞նչ է նշանակում` 35 հոգին պետք է լռի, ինչ է, թե մեկն աշխատի: Այդ մի հոգին մեկ օրում այնքան հակակրանք է «շահել» համայնքի, հասարակության, աշակերտության ու կոլեկտիվի կողմից, որ դեպքերի զարգացումն անհնար է վերանայել: Ընտրել ենք, չէ՞, նրան, եթե ուզենայինք ինչ-որ բան կազմակերպել, ապա դա կանեինք նախքան ընտրությունը: Որևէ մեկը չի կարող մեզ ուղղորդել, մենք խելացի մարդիկ ենք, որևէ մեկի դեմ ոչինչ չունենք, ընդամենը ուզում ենք աշխատել խաղաղ պայմաններում: 35 տարի աշխատում եմ այս դպրոցում, նման բանի ականատես չեմ եղել: 8 տնօրենի հետ եմ աշխատել, ի՞նչ խնդիր ունեի` 9-րդի հետ աշխատելու: ՈՒղղակի նա չկարողացավ պահպանել բարեկրթության սահմանները: Ասում է` դուք ինձ ընտրել եք, ու վերջ: Հո միանձնյա իշխանուհի չէ՞: Մի ամբողջ համայնք ասում է` չենք ուզում քեզ հետ աշխատել, գնա այլ տեղում կայացիր: Դպրոցը կայանալու տեղ չէ, դպրոցը կայացած մարդու տեղ է: Ես անհարմար եմ զգում, որ ընտրել եմ նրան, ափսոսում եմ»:


Ավշարի դպրոցի ուսուցչուհի Շուշանիկ Ղահրամանյանն էլ նշում է, որ իրենց փոխարեն դպրոցում «դասավանդում» է մարզպետ Գարիկ Սարգսյանի մորեղբայրը, որը դպրոցի հետ որևէ կապ չունի, ուղղակի զբաղեցնում է երեխաներին: Մարզպետի ազգականների երեխանե՞րն են միայն դպրոց գնում` հարցրինք: Նա հաստատող պատասխան տվեց. «Ամբողջ գյուղին հանում են իրար դեմ, պրովոկացիայի ալիք է բարձրանում: Մարզպետի բարեկամները հավաքում են իրենց տասը երեխաներին ու դպրոց ուղարկում: Նրա քեռին դաս է պարապում այդ 10 երեխայի հետ: Կոչ եմ անում բոլոր կողմերին` նման բաներ մի՛ արեք, հարթե՛ք իրավիճակը: Թող դուրս գա այդ աղջիկը: Վստահ կարող եմ ասել մեր բոլոր ուսուցիչների անունից` մեզ մոտ չկա չաշխատող ուսուցիչ, ընդամենն այս աղջկա խնդիրը լուծեք, մենք նրա հետ չենք աշխատելու: Կամ` թող հանեն 35 մանկավարժներին ու այնպիսի մարդկանց բերեն, որոնք կարող են աշխատել տիկին Անդրեասյանի հետ: Ասում են, թե երեխաներին գործիք եք դարձնում: Բայց եթե դպրոց են գնում միայն մարզպետի ազգականների երեխաները, ապա ո՞վ է մեզնից գործիք դարձնում երեխաներին»:


Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, որը նույնպես ներկա է եղել մարզպետի և Ավշարի դպրոցի ուսուցիչների հետ հանդիպմանը, հակադարձում է ուսուցիչներին` ո՛չ նախարարությունը, ո՛չ մարզպետարանը դպրոցի շուրջ կատարվող իրադարձություններին ուշացած արձագանք չեն տվել: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ, անկախ ամեն ինչից, որևէ մեկը` ուսուցիչ, ծնող կամ այլ անձ, իրավունք չունի խախտելու երեխաների` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: Ընդգծում է` եթե կա խնդիր, այն ենթակա է քննարկման ու իրավական հարթության մեջ հանգուցալուծվելու:


«Խնդիրն այն է, որ կոլեկտիվը մեղադրանք է առաջադրում ընդամենը մեկ օր, նույնիսկ մի քանի ժամ գործունեություն ծավալած տնօրենին, բայց նրանք իրավական գնահատականներ ու հիմքեր չեն ներկայացնում տնօրենի գործունեության վերաբերյալ: Ի՞նչ հիմնավորմամբ ու հրամանով մարզպետն ազատի տնօրենին: Բացի այդ, եթե խախտում ենք մեկ մարդու իրավունքը, ապա հեշտությամբ կարող ենք խախտել երկրորդինը, երրորդինը, և այսպես շարունակ: Մենք ուսուցիչներին առաջարկեցինք աշխատել տնօրենի հետ ու հընթացս հարթել առկա խնդիրները: Աշխատանքի ընթացքում միայն կարող է պարզ դառնալ` տվյալ տնօրենը կոմպետե՞նտ է կառավարման հմտություններում, տիրապետո՞ւմ է իրավիճակին, կարո՞ղ է աշխատել, թե՞ ոչ: Երկու ժամվա գործունեությամբ որևէ մարմին որևէ մարդու գնահատական տալ չի կարող: Ի վերջո, մարդն օրենսդրության ու պահանջվող կարգին համապատասխան է ընտրվել տնօրեն` ձայների մեծամասնությամբ»,- նշում է Արշակյանը:


Նա անլուրջ է համարում խոսակցությունները, թե մարզպետի մորաքրոջ հարսին փոխտնօրեն նշանակելու փորձը կարող է նախորդ իշխանությունների` դպրոցները վերահսկելի դարձնելու քաղաքականության շարունակությունը լինել: Դա ընդամենը խոսակցությունների մակարդակում է` ասում է ու հավելում, որ եթե նույնիսկ եղել է նման բան, ապա ժամանակին կանխվել է, որևէ հետևանք ու որևէ ազդեցություն չի ունեցել. «Մենք բոլորին հորդորել ենք անցնել աշխատանքի, երեխաներին դպրոց ուղարկել` անկախ հանգամանքից, թե ով ում հետ ինչ վեճ ունի: Երեխան մեղավոր չէ, երեխան պետք է կրթություն ստանա, ու որևէ մեկն իրավունք չունի դրան խոչընդոտելու: Բայց թե ինչպե՞ս կզարգանան դեպքերը, դա չեմ կարող ասել»:


Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը համոզված է` ուսուցիչների պահանջն արդարացի է, որովհետև տնօրենը շրջանցել է թե՛ աշխատանքային օրենսգիրքը, թե՛ կոլեկտիվի հետ հաղորդակցման նորմերը, թե՛ իր գործառույթները, որոնց մեջ մտնում է դպրոցում բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը: «Իրատեսի» հետ զրույցում նա նշեց, որ Ավշարի դպրոցի դեպքերը վկայում են` տնօրենի համար պահանջվող լիցենզավորման քննություն անցնողները միշտ չէ, որ բավարարում են պահանջներին: Չի բացառվում, որ կարող են գործել կոռուպցիոն շղթաներ, և դպրոցի կառավարման խորհրդի մեջ ներառված մարդը տնօրեն ընտրի` հաշվի չառնելով տնօրենի համար պահանջվող համապատասխան որակները: Ի դեպ, «Իրատեսի» տեղեկություններով` կառավարման խորհրդի մեջ ազգակիցներ ունի մարզպետ Գարիկ Սարգսյանը, օրինակ` նրա մորեղբոր կինը: Մեր տեղեկությունը հաստատեցին նաև դպրոցի ուսուցիչները:


Տիկին Դավթյանը շեշտում է` որքան էլ կոլեկտիվը սխալ լիներ, որքան էլ տնօրենը նախապես տեղեկացված լիներ, որ այդ կոլեկտիվում կան ոչ բավարար գիտելիք ունեցող մանկավարժներ, կոռեկտ չէ մտնել դպրոց ու միանգամից հայտարարել կրճատումների մասին. «Դա պատկառելի տարիք ու աշխատանքային փորձ ունեցող ուսուցչի հանդեպ հարգանք չդրսևորելու, երեխաներին այդ կերպ օրինակ ծառայելու հարց է: Տնօրենը պետք է գիտակցի, որ ինքը, միևնույն է, չի կարողանալու դրական հարաբերութուններ ստեղծել կոլեկտիվում, բավարար հեղինակություն էլ չի ունենա՝ դպրոցը կառավարելու առումով, հետևաբար` պետք է հրաժարական ներկայացնի: Եվ որքան էլ հարգարժան վարչապետը կամ պաշտոնատար մեկ այլ անձ երեխաներին ու ուսուցիչներին հորդորեն մասնակցել դասերին, դա ուսումնական գործընթացի անարդյունավետության ու դպրոցում անառողջ մթնոլորտի ձևավորման է հանգեցնելու: Քանի դեռ կոնֆլիկտը չի լուծվել, ներքին խժդժություններ միշտ էլ լինելու են»:
Մեր զրուցակցի կարծիքով` կոնկրետ այս դպրոցի հարցում մարզպետարանն ու ԿԳ նախարարությունը չեն պատկերացնում իրենց գործառույթների ամբողջականությունը: Ուսուցիչների բողոքը, ասում է, հիմնականում այն է, որ իրենց կարծիքի հետ ոչ ոք հաշվի չի նստում, ով ինչ ուզում, ինչպես ուզում, փոխում է: Դպրոցին առնչվող կարևորագույն հարցերը ուսուցիչների հետ չեն քննարկում, պարզաբանումներ չեն մտցնում, և ուսուցիչը ստիպված է լինում, ամեն մեկի հետ համագործակցելով, պահել դպրոցը, իրականացնել իր գործառույթները, աշակերտի նկատմամբ իր պարտականությունները կատարել և այլն:


Դառնալով մարզպետի ազգականին փոխտնօրեն կարգելու հարցին` նշում է` որևէ պաշտոնյայի մորաքրոջ հարսը կարող է լինել նորմալ մասնագետ և որևէ դպրոցում փոխտնօրեն նշանակվել, դա չենք բացառում. «Բայց այլ է խնդիրը, երբ այդ նշանակման պատճառով խախտվում է մեկ այլ ուսուցչի իրավունքը, խախտվում են էթիկայի ու աշխատանքային նորմերը և այլն: Եթե դրանք չխախտվեին, մորաքրոջ հարսի նշանակումը գուցե չհանրայնացվեր: Ժողովրդավարության սահմանումը ենթադրում է նաև, որ պետք է հարգենք ուսուցչի ազատ խոսքի իրավունքը: Շատերն այժմ մեղադրում են ուսուցիչներին, մանկավարժներին, թե բա` ինչու՞ այն ժամանակ չէիք խոսում, ու՞ր էիք: Իսկ ո՞վ է ասել, թե չենք խոսել, եթե մենք չխոսեինք, ուսուցիչն ազատամիտ սերունդ չդաստիարակեր, հեղափոխություն տեղի կունենա՞ր: Ուսուցիչներն են կերտել այս մտածողությունը: Ուսուցչին մեղադրել, թե դուք նախկինում եղել եք քաղաքականացված, ուղղակի աբսուրդ է»:
Ամփոփելով խոսքը` տիկին Դավթյանը ԿԳ նախարարությանը հորդորում է վերանայել ու կատարել գործառույթները, որովհետև նախարարությունը պատասխանատվություն է կրում դպրոցի առողջ և պետականորեն երաշխավորված գործունեության համար. «Լավ կլիներ, որ թե՛ մարզպետարանները, թե՛ նախարարությունը, բացի արտաքին ծրագրային խնդիրներից, նաև ներքին օղակների բարելավման վրա աշխատեին»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ