Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մտահոգիչ է, որ քաղաքական իշխանությունը ոչ մի մեկնաբանությամբ դեռ հանդես չի եկել»

«Մտահոգիչ է, որ քաղաքական իշխանությունը ոչ մի մեկնաբանությամբ դեռ հանդես չի եկել»
29.03.2019 | 00:44

Այն, ինչ օրերս տեղի ունեցավ Մեղրիի զորամասում, չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Հայաստանի համար չափազանց վտանգավոր է։ Սա սովորական դասալքություն չէր, ուներ նախապատմություն։ Դեռ հեղափոխության օրերին, երբ խաղաղապահ ուժերում ծառայող զինվորները մասնակցեցին երթի, շատերն այդ փաստը մտահոգիչ համարեցին, սակայն ապագա իշխանությունը դրանում ոչ մի խնդիր չտեսավ։ Այսօր էլ Մեղրիի զորամասի միջադեպի առնչությամբ բարձրագույն իշխանությունը դեռ գնահատական չի շտապում տալ։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Նախ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց. «Մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել, սպաներն էլ չեն թողել»: Իսկ լրատվամիջոցները մանրամասնեցին, որ Մեղրիի զորամասի դասալիքները, անհնազանդություն դրսևորելով, ցաքուցրիվ քայլել են՝ վանկարկելով «դըմփ, դըմփ, հու»-ն և «կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին» արտահայտությունն արել: Իսկ գլխավոր գործող անձը՝ շարքային Մուսայելյանը, գոռացել է. «Տղե՛րք, դուխով, ես նստող տղա եմ, ուր էլ նստեմ, սաղիդ տեր եմ»: Միջադեպին մասնակցած զինվորներից մեկը պատմել է, որ վերջինս զորամասում առանձին սենյակ է ունեցել և ծառայել է արտոնյալ պայմաններում, նրա տված «արտոնությամբ» որոշ շարքայիններ հրաժարվում էին պահպանելուց օրենքով սահմանված կանոնները, փոխում էին հագուստի ձևը՝ դարձնելով այն քաղաքացիական, չէին սափրվում, պատճառաբանելով, որ վարչապետ Փաշինյանը նույնպես մորուք ունի։


Այս միջադեպի առնչությամբ Razm.info մասնագիտացված կայքի համակարգող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ այլ երկրներում էլ լինում են դասալքության դեպքեր, բայց սա առանձնահատուկ է այն բանով, որ այդ զինվորներն անհնազանդությունը համարել են իրենց «բնատուր իրավունքը»։ «Սա այսօր Հայաստանում տիրող տրամադրությունների արտացոլանքն է։ Այս իշխանությունը իշխանության է հասել, ըստ էության, այդ ճանապարհով։ Նրանք արել են այն, ինչ վերջին տարվա ընթացքում տեսել են»,- նշեց մեր զրուցակիցը, հիշեցնելով հեղափոխության օրերին խաղաղապահ զորքի դասալիք զինվորներին, որոնք որևէ ձևով չպատժեցին. «Սա արդեն շատ վատ ազդակ էր հանրությանը։ Բանակում տրամադրություններ են ստեղծվում, որ նման վարքը, եթե ոչ օրենքով, առնվազն հանրային ընկալումներում ընդունելի է»։ Դիտարկմանը, թե տեղեկություն տարածվեց, որ այդ զինվորներին, որպես պատիժ, առաջնագիծ են տարել, մեր զրուցակիցը շեշտեց` առաջնագիծ չպիտի տանեին, այլ քրեական պատասխանատվության ենթարկեին։ Ըստ նրա, մի զորամասից մյուսը տեղափոխելը սխալ ուղերձ է բանակին, դա նշանակում է` զինվորը կարող է զորամասում անկարգություն հրահրել ու չպատժվել։ Շատ կարևոր է նաև, որ իշխանությունը հանդես գա հստակ ուղերձով` ցանկացած նման դրսևորում բանակում անընդունելի է և խստագույնս կպատժվի։ «Սա լուրջ խնդիր է ոչ միայն կարգապահական առումով։ Մեր հակառակորդը շատ ուշադիր հետևում է նման միջադեպերին և անում իր հետևությունները։ Եթե ինչ-որ պահի հակառակորդին թվա, որ հարձակման դեպքում կարող է նման բաներ հրահրել, կդիմի նաև արկածախնդրության։ Բանակի կարգապահության հարցում շատ ուշադիր պետք է լինենք»,- շեշտեց Razm.info-ի համակարգողը։


Կարեն Վրթանեսյանը խնդիրը դիտարկեց նաև մեկ այլ հարթությունում. տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ հետևողականորեն աշխատել են բանակը, սպայական կազմը վարկաբեկելու ուղղությամբ, ինչն այսօր իր լեղի պտուղներն է տալիս։ Գեներալն ընկալվում է որպես կոռուպցիոներ, հանցագործ, սպան ներկայացվում որպես զինվորին դաժանորեն ճնշող մեկը։ «Այսօր իրավապահ համակարգն այնպես է աշխատում, որ եթե սպան մի փոքր կոպիտ խոսի զինվորի հետ, տարիներով ամեն մանրուքի համար դատարաններում քարշ է գալու։ Սա չի կարող չազդել սպայական կազմի աշխատելու ցանկության վրա։ Եթե նախկինում բնակարանների հարցը լուծվում էր, այսօր դա արդեն մի քանի անգամ կասկածի տակ դրվեց։ Առանց այն էլ նրանք ծանր պայմաններում են աշխատում, եթե դրան էլ գումարենք հանրային պարսավանքի մթնոլորտը, շատ սպաներ պարզապես չեն ցանկանա շարունակել ծառայությունը, կամ այն ֆորմալ բնույթ կկրի, ինչն անթույլատրելի է մի երկրի համար, որը չհայտարարված պատերազմի մեջ է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։


Մեր զրուցակցին խնդրեցինք անդրադառնալ նաև Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի գույքն օտարելու կառավարության մտադրությանը։ «Դա լավ որոշում չէ։ Կարծում եմ, այդտեղ ճոխության հարց չկա, շատ լավ է, երբ պատանին, որ վարժարան է գալիս սպա դառնալու նպատակով, բավական լավ վարկանիշ ունեցող վարժարանում է պատրաստություն անցնում»,- պատասխանեց մեր զրուցակիցը, հավելելով, որ 2017-ից շատ դիմորդներ են եղել, ծնողներն էլ փաստել են, որ այդպիսի պայմաններ չեն ունեցել անգամ իրենց տանը։ Այսպիսի որոշումները, Վրթանեսյանի պնդմամբ, վատ են անդրադառնում ողջ համակարգի վրա. «Մեկ բան ակնհայտ է. եթե անգամ նման որոշումները չեն ընդունվում, չեն էլ մոռացվում։ Ինչպես ժամանակին խաղաղապահ զորքի դասալքության դեպքը։ Եթե վաղը ռազմական գործողություններ լինեն, ի՞նչ է անելու կորպուսի հրամանատարը, պիտի գնա զինվորին համոզի, թե` տղա ջան, քեզ խելո՞ք պահիր։ Իշխանությունը պարտավոր է շատ լուրջ ուղերձ հղել, որ նմանատիպ գործողությունները չեն հանդուրժվելու։ Ոչ մեկի մտքով չպետք է անցնի, որ զորամասն ինքնակամ լքելու ակցիա կարող է կազմակերպել ու անպատիժ մնալ։ Ինձ շատ է մտահոգում, որ քաղաքական իշխանությունը ոչ մի ուղերձով, մեկնաբանությամբ հանդես չի եկել դեռ»։


Նախօրեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՊՆ-ում դասախոսություն է կարդացել, թեպետ բանակում չծառայած պաշտոնյայի դասախոսությունը ՊՆ բարձրաստիճան զինվորականների առաջ և՛ տարօրինակ է, և՛ անհասկանալի։ Այս առնչությամբ Կարեն Վրթանեսյանն ասաց, որ նախ պետք է պարզել, թե ինչ թեմայով է խոսել Ավինյանը. «Եթե իր մասնագիտական ոլորտից է խոսել, նորմալ է։ Բայց նա ընդհանրապես ի՞նչ մասնագիտություն ունի։ Մեկ տարուց էլ քիչ է աշխատում կառավարությունում և հազիվ թե կարողանա պաշտպանության թեմաներով խոսել։ Մյուս փոխվարչապետն էլ, կարծես, արդյունավետ կառավարման թեմայով է խոսել։ Ինձ թվում է, ճիշտ կլինի այս կառավարությունը գնա դասախոսություններ լսելու, թե ինչպես պետք է երկիրն արդյունավետ կառավարել։ Չեմ կարծում, թե այսօր կառավարումը գոնե օպտիմալին մոտ է»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ