Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իսկ վերջն էլ սկիզբ է մի նոր, երբեմն չպատկերացվող կյանքի»

«Իսկ վերջն էլ սկիզբ է մի նոր, երբեմն չպատկերացվող կյանքի»
05.04.2019 | 04:24

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ «Ռոդենի ձմեռը» գիրքը: Մեր իրականության, մեր քաղաքի համայնապատկերն ուրվագծող «Ռոդենի ձմեռը» արձակագրի չորրորդ գիրքն է, լույս է ընծայվել 2017-ին, վերահրատարակվել է 2018-ին և 2019-ին:

-Հայ ժամանակակից հեղինակն ընթերցող ունի, չնայած հակառակ կարծիքն է տարածված: Ի՞նչ եք կարծում ՝Ռոդե՞նն է գրավել ընթերցողին, մեր քաղաքի ու ժամանակի պատմությու՞նը, թե՞ Դավիթ Սամվելյան-գրողը:
-Իրականում Դավիթ Սամվելյան գրողն ավելի ճանաչելի ու ծանոթ դարձավ ընթերցողներին «Ռոդենի ձմեռը» գրքի լույսընծայումից հետո:
Որպեսզի վերնագիրը չշեղի ընթերցողին ու դեպի իրեն չքաշի որպես Օգյուստ Ռոդենի կենսագրական կամ գեղարվեստական երկ, ես բազմիցս պարզաբանել եմ գրքի բովանդակային կողմը: Եվ, կարծում եմ, այսօրվա ընթերցողները միանգամից, միայն վերնագիրը կարդալով գիրք չեն գնում, ավելի հեռատես են:
Սկզբում մտավախություն կար, որ երիտասարդ սերնդին գրքում նկարագրված ժամանակահատվածը կարող է հետաքրքիր չլինել, բայց ընթացքը ցույց տվեց, որ հակառակն է: Մնացած ճանապարհն էլ գիրքն ինքն իրենով հարթել է, ինչն էլ վերահրատարակումների առիթ հանդիսացավ:
-Ինչու` Ռոդենի ձմեռ: Ռոդենի արձանը խորհրդանշում է մեզ ծանոթ-հարազատ քաղա՞քը, թե՞ ընդգծում է քաղաքի օտարությունը:
-Ընդգծում է քաղաքում օտար լինելը, քաղաքին օտար լինելը: Եվ ի՞նչ են քաղաքները, եթե ոչ մարդիկ: Ձմեռը մի տեսակ հեռացում է խորհրդանշում՝ կլինի տարուց, թե կյանքից, կապ չունի, բայց հեռացման նոտա կա: Գրքի վերնագիրը համանուն պատմվածքի վերնագիրն է, որտեղ այդ և այլ երևույթներ քննության են առնված:
-Բորխեսն ուզում էր իր առաջին 100 ընթերցողների դեմքերը տեսնել: Հետաքրքիր է ՝ Ձեր ընթերցողներից քանիսի՞ն եք ճանաչում:
-Ճիշտն ասած չեմ հաշվել, բայց վստահաբար կարող եմ ասել, որ առնվազն հիսունից ավելի: Ինչու եմ այդպես ասում. տեսողական հիշողությունս է լավ: Այ, անուններ հիշելու հարցում դժվարանում եմ:
-Գրքում տեղ գտած պատմություններում անավարտություն, կտրտվածություն է նկատվում. թվում է ՝ հատուկ է արված, մանավանդ, երբ հանդիպում ես «մի ամբողջ կիսատ կյանք» արտահայտությանը:
-Այո, միտումնավոր են դադարներն ու թռիչքները: Փորձել եմ միջանկյալ տեղերը ընթերցողի հայեցողությանը թողնել:
-Իրական դեմքեր կա՞ն գրքում:
-Այո, ու բավականին շատ են, բայց նրանք պատմվածքներում խտացված, հավաքական կերպարների դեմքով են հանդես գալիս:
-Իսկ Ձեզ հնարավո՞ր է գտնել այնտեղ:
-Ոչ շատ, բայց այո, հատկապես` էսսեներում:
-«Պարտք չվերցնող», «պարտքի տակ չմնացող» տղամարդուն դավաճանում է կինը: Տղամարդը դավաճանում է ինքն իրեն: Գրպանահատը խլում է պարտքով վերցրածը: Երեխան էլ հիվանդ է անդառնալի: Մի տեսակ չեք խնայում հերոսներին, փակուղի են մտնում ու վերջ, թեև գիրքն ավարտվում է եկեղեցուց հնչող աղոթքով։
-Իսկ կյանքում չկա՞ն նրանք. հաստատ հանդիպել են մեր մեծ շրջապատում նման դեմքեր ու իրավիճակներ: Այո, երբեմն ասել են. «Հերիք չի՞ հերոսներիդ սպանես»: Գիրքը սկսվում է «Պատրանք մահով» ու ավարտվում Հարության տոնին հնչող մաղթանքով: Նպատակս մեկն է եղել. ցույց տալ, որ մահը վերջ չէ միայն, այլ նաև սկիզբ կարող է հանդիսանալ, իսկ վերջն էլ սկիզբ է՝ մի նոր, երբեմն չպատկերացվող կյանքի:
-«Վերցրեցի պահարանի վրա դրված նվիրածդ գիրքը, բացեցի ու չկարդացի: Ծանոթ մի բույր հասավ քթիս. դու էիր բուրում թերթերից». այսպիսի դրվագ կա գրքում: «Մատներիցդ գրքի հոտ եմ առնում, ձեռքերդ չլվանաս» բնաբանով էլ սկսվում է գիրքը: Խոսքը գրքի՞ մասին է՝ ընդգրկուն իմաստով, թե՞ այն գրքի մասին, որ ծանոթ բույր ունի:
-Հիմքը գիրքն է` իր բուն իմաստով, բայց նաև ձեռք է բերել երկրորդական իմաստ: Ամեն գիրք, ըստ իս, իրեն բնորոշ հոտն ունի, որն ընթերցողը զգում է: Իսկ բնաբանը, մի տեսակ, կոչի պես է ստացվել, հիմքում ունեի այն գաղափարը, որ երբ մատներդ գրքոտվում են, ինքդ քեզ շատ ու շատ վատ արարքներ կատարելուց հեռու կպահես, ձեռքերդ չես աղտոտի «կեղտոտ» գործերի մեջ:
-Ի՞նչ եք ուզում ամենաշատը` խաղաղությու՞ն: «Իսկ ես խաղաղութուն եմ ուզում: Հիշում եմ՝ երեկ էլ էի խաղաղություն ուզում, երեկ չէ առաջին օրն էլ»:
-Այո, խաղաղություն՝ ներքին, ոչ միայն ինձ եմ դա մաղթում, այլև բոլորին: Այսօր աղմուկը, տագնապը, շտապողականությունը շատ են: Շատերն էլ խաղաղ վիճակը լճացման հետ են շփոթում:
-Գրելը տալի՞ս է այդ խաղաղությունը, թե՞ գրելն ու ապրելը նույնն են: Երկուսում էլ խաղաղություն չկա:
-Ինչ-որ բան գրել-ավարտելն է խաղաղություն տալիս, բայց ժամանակավոր:
-Դուք ակնարկում եք, որ ամբողջությամբ մեռնել պարտադիր չէ, բայց կյանքի ընթացքում, ժամանակի հետ անպայման մի բան մեռնում է՝ կիրք, միտք, հույզ կամ գոնե անցյալը: Եվ ինձ թվում է, եթե հարցնեմ՝ ինչի՞ մասին է գիրքը, կասեք՝ հիշողության:
-Պիտի մի բան մեռնի, որ նորը ծնվի, զգայական ամեն բան ժամանակավոր է, իսկ թե այդ ժամանակը որքան է ձգվում, անհայտ է: Գրքում հիշողությունները կենդանի պահելու միտում եղել է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև ներկայացված են հարցեր, որոնք նաև հենց մեր օրերում են կարևոր, հանդիպող ու ընթացիկ:
-«Կյանքում միակ բանը, որ ոչ ոք հավանաբար չի հաշվել, հիշողություններն են». Ձեր այս բանաձևմանը, մի տեսակ, համաձայն չեմ: Գոնե հետադարձ հայացքով կյանքին նայելիս կարող ես թվարկել միայն հուշերը:
-Հիշում ես, բայց հստակ թիվը երբեք չես իմանում, այդ եմ նկատի ունեցել: Հիշողությունների մի մասը մեռնում է տարիների հետ, մյուս մասը փայփայում ենք, բայց հստակ թիվ չգիտեմ… Երբեմն չենք էլ ուզում հիշել որոշ բաներ։
-«Բանասեր ու ֆիզիկ, պատմաբան ու կենսաբան, գրեթե բոլորը դարձել էին վաճառական: Ամեն ինչ վաճառվում էր՝ բացի պատվից»: Այսօր հակառա՞կն է: Ձեր գրքով փորձել եք զուգահե՞ռ տանել 90-ականների ու մեր օրերի «մութ ու լույսի» միջև:
-Այո, հենց պատմվածքում հարցի պատասխանը կա: Ամեն ինչ վաճառվում է, անգամ պատիվը: Գիրքը հենց հիմնված է զուգահեռների ու հակադրությունների վրա:

-Աբուլի ու ջինս հագած կարգալույծ քահանայի հանդիպումը սերմնացանի առա՞կն է խորհրդանշում, թե՞ փորձել եք ներկայացնել հոգևորականին որպես մեզնից մեկի: Մենք անթերիություն ենք սպասում նրանցից, բայց նրանք սովորական մահկանացուներ են՝ իրենց խնդիրներով ու թուլություններով:
-Փորձել եմ ցույց տալ, որ ոչինչ հավերժ չէ, սխալվում են անգամ մեղադրողները, կատարելություն փնտրողներն ու քարոզողերը: Տվյալ դեպքում հոգևորականը մեզնից մեկն է դառնում կարգալուծությունից հետո: Բայց նրանք իրոք սովորական մահկանացուներ են՝ իրենց խնդիրներով ու թուլություններով, այնպես որ, երբեմն մենք էլ պետք է շրջահայաց գտնվենք:
-«Ես կվերադառնամ, ես կվերադառնամ... հավանաբար կրկին հրաժեշտ տալու համար»: Ավելի շատ վերադառնու՞մ ենք, թե՞ գնում:
-Գնում ենք, լքում ենք, մոռանում ենք, երբեմն ուրանում ենք: Վերադառնում ենք միայն, երբ կարիքն ենք ունենում:
-«-Վախենում եմ սիրեմ մեկին. բա որ կոտրի՞ ներսս:
-Բա որ դո՛ւ կոտրես ինչ-որ մեկի ներսը...»
Սերն ու վախը անհամատեղելի՞ են, թե՞ ձեռք ձեռքի են քայլում:
-Կարծում եմ, պիտի միայն կորցնելու վախը լինի, որովհետև իրական սերերը ուժեղ են դարձնում:
-Երբ կարդում եմ մեկ գիրք, հետաքրքրում է՝ ինչ է ասել հեղինակն իր մյուս գրքերում: Հիմա իմ ձեռքի տակ «Արտագաղթած կարոտն է»: Ընթերցողի շրջանում կա այդ պահանջը՝ սպասում են Ձեր նոր գրքերին կամ փնտրում հները:
-Իրականում «Արտագաղթած կարոտը» ավելի շուտ է լույս տեսել, քան «Ռոդենի ձմեռը»: Սպասում են նորերին, բայց նորը շատ շուտ չի լինի, իսկ հները փնտրելու և հների հանդեպ ցուցաբերած հետաքրքրության արդյունքը եղավ այն, որ վերահրատարակվեց նաև «Արտագաղթած կարոտը»:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 4067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ