Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իշխանությունը հասարակությունից «թուղթ» է ուզում և լուծում

Իշխանությունը հասարակությունից «թուղթ» է ուզում և լուծում
26.04.2019 | 02:09

Այս շաբաթ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն առանց օրակարգի է գնում բանակցությունների, այլև հակամարտության լուծման հայեցակարգ չունի։ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Երբ դուք՝ բոլորդ, ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ՝ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձևակերպի, թե ոնց է պատկերացնում, այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի:»: «Իմ քայլը» խմբակցության արտաքին հարաբերությունների ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԻՑ և անդամ ՍՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ այս հայտարարության առնչությամբ տեսակետ խնդրեցինք։

«ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼԱՎՐՈՎԻ ՊԼԱՆ ՉԿԱ»


-Պարոն Իգիթյան, ինչպե՞ս հայ հանրությունը մի թուղթ ձևակերպի և տա Փաշինյանին, որ նա բանակցի Ադրբեջանի հետ։
-Ես դա դեռ չեմ կարդացել (հարցազրույցն արվել է երեքշաբթի-Ռ. Խ.) և չեմ ցանկանում խոսել մի բանի մասին, որին ծանոթ չեմ։
-Այդ դեպքում խնդրում եմ պատասխանեք՝ այս իշխանությունն ունի՞ հակամարտության լուծման տարբերակ։
-Իհարկե՝ ունի։
-Ո՞րն է այն։
-Նախ հասկանանք, թե որ փուլում ենք հիմա մենք, ինչ ենք անում։ Արդեն երեք տարի բանակցություններ չկան։ Նիկոլ Փաշինյանը որպես պաշտոնակատար, հետագայում որպես վարչապետ բազմիցս հայտարարել է, որ Արցախը պետք է լիարժեքորեն ներկայացված լինի բանակցություններում։ Սա քմահաճույք չէ, ոչ էլ նախապայման, այլ անհրաժեշտ սկզբունք, առանց որի անիմաստ են բանակցությունները։ Մինսկի խմբի ստեղծման առաջին իսկ օրից հիմնական նպատակը խաղաղության պահպանումն է և Արցախի այնպիսի կարգավիճակի հաստատումը, որը այդ խաղաղությունը կդարձնի երկարատև ու մշտական, կլուծի այնտեղ ապրող մարդկանց իրավունքների և պայմանների հարցը։ Եթե Արցախը չլինի և իր խոսքը չասի բանակցություններում, անիմաստ է գնալ բանակցությունների։ Փաշինյանը նաև բազմիցս ասել է, որ անհեթեթ է գնալ բանակցությունների՝ ունենալով ինչ-որ մի բանաձև, որը կանխորոշում է բանակցությունների արդյունքը։ Օրինակ, ինչպես նախկինում էր՝ տարածքներ խաղաղության դիմաց, տարածքներ՝ կարգավիճակի դիմաց։ Եթե կողմերը գիտեն, թե ինչ բանաձևով են գնում բանակցությունների, դա կաշկանդում է կողմերին և անիմաստ է դարձնում բանակցության ժամանակ տարբեր մոտեցումների քննարկումը։
-Անկախ հանգամանքից, որ առանց հստակ բանաձևի պետք է գնալ բանակցությունների, հայկական կողմը չպե՞տք է ունենա որոշակի պատկերացում, թե ինչ է ուզում ստանալ հակամարտության լուծման արդյունքում։
-Չգիտեմ, թե Դուք ինչ պատկերացման մասին եք ակնարկում, բայց հստակ է մի բան՝ Արցախն անկախ պետություն է, մենք դա ճանաչում ենք։ Այսօր մենք խոսում ենք բանակցությունների մարտավարության մասին։ Մեր օրակարգում են նաև նախկին իշխանությունների ժամանակ համաձայնեցված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այն է՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատճառով տապալված բանակցությունների վերսկսում։ Իսկ վերսկսելու համար անհրաժեշտ է բացառել ռազմատենչ հայտարարությունները, ատելության խոսքը, ստեղծել վստահության մթնոլորտ։
-Եթե ձեր օրակարգում են նախկին իշխանության ժամանակ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչու՞ դրանք չեն արտահայտվում համանախագահների վերջին հայտարարություններում։
-ՈՒղղակի ձևով արտահայտվում են։ Եթե վերջին հայտարարության տեքստը դիտարկենք, պարբերություն առ պարբերություն վերցված է Վիեննայի այդ համաձայնությունից։
-ՀՀԿ ներկայացուցիչները, սակայն, հակառակն են պնդում, որ չկա ուղղակի հղում այդ պայմանավորվածություններին։
-Նախկին իշխանության ներկայացուցիչներն անհեթեթ, անիմաստ հայտարարություններ են անում, ժողովրդին շեղում են իրական բովանդակությունից։ Վստահ եմ, որ նրանք կարդացել են վերջին հայտարարությունները և տեսել են, որ դրանք ուղղված են նաև նախկին այդ պայմանավորվածությունների իրականացմանը։ Ավելին, արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ կոնկրետ քայլեր են քննարկվել, այն է՝ հումանիտար միջոցառումների անցկացում։ Երբ վստահ չես, որ մյուս կողմն ագրեսիվ պահվածք չի ցուցաբերի, չես կարող նստել սեղանի շուրջ և բանակցել ինչ-որ բանից։
-Արտգործնախարարների այդ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ քննարկվել է նաև, այսպես կոչված, Լավրովի պլանը։
-Լավրովին ասուլիսում հարցրել են Մամեդյարովի հայտարարության մասին, իսկ նա ուղղակի ասաց, որ Մամեդյարովն է այդպես մտածում։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, որ հանդիպման ժամանակ քննարկել են հայտնի մոտեցումը, որը ՀՀԿ-ն սիրում է ասել՝ Լավրովի պլան։ ՀՀԿ-ն ոչ միայն սիրում է այդպես որակել այդ մոտեցումը, այլև այդ պլանն է սիրում, որովհետև այդ ծրագիրը, ըստ էության, նրանք ստորագրել են։ Եթե Ադրբեջանի ղեկավարը ժամանակին գար, ինքն էլ կստորագրեր այն, և այսօր 5 շրջանները տված կլինեին Ադրբեջանին։ Հիմա այդ պլանը գոյություն չունի, այդպիսի հարց բանակցություններում չկա։
-Փաշինյանը հայտարարեց, որ իր կետից է սկսում բանակցությունները, հետո էլ ասաց, թե չկա հայեցակարգ, հիմա, ի վերջո, ո՞ր կետից եք սկսել։
-Ոչ թե նոր կետից, այլ նոր մոտեցմամբ։ Նախկինում կար պարտվողական բանաձև, Հայաստանի իշխանությունները ստիպված էին գնում զիջումների, այլապես Ռուսաստանը նրանց կզրկեր իրենց իշխանությունից։ Միակն աշխարհում, որ այդ ոչ լեգիտիմ իշխանությանը ճանաչել է, Ռուսաստանն է։ Վերջինս էլ, օգտագործելով այդ հանգամանքը, Հայաստանին պարտվողական ծրագիր էր պարտադրում։ Հիմա մենք չենք գնում այդ ուղղությամբ՝ երկու պատճառով։ Նախ մեր իշխանության ղեկավարի լեգիտիմությունը կասկածի տակ չեն դնում ոչ միայն աշխարհում որևէ երկիր, այլև ՀՀԿ-ն։ Երկրորդը՝ քանի որ մենք պնդում ենք, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, հազիվ թե նա մի բանի համաձայնի, որը վտանգում է իր անվտանգությունը։
-Անընդհատ Ձեր իշխանությունն ասում է, որ Արցախը պետք է բանակցություններին լիարժեք մասնակցի, սակայն երբեք չեք ասում, թե ինչպես է դա լինելու։
-Այնպես է լինում, ինչպես հիմա կա։ Այսինքն, Հայաստանն իր տեսակետը հայտնել է, հիմա Ադրբեջանը բանավեճի մեջ է մտել ոչ միայն մեզ, այլև Արցախի հետ։
-Նախկինում այդպես չէ՞ր։
-Իհարկե ոչ։ Նախկինում Ադրբեջանը բացի իր անգիր արած մի բառակապակցությունից, այլ բան չէր ասում, իմա՝ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոսը, և ունեն 1 մլն փախստական։ Հիմա անուղղակի և ուղղակի քննարկում ենք հետևյալը՝ Արցախը պետք է վերադառնա բանակցություններին։ Ադրբեջանն ասում է, որ դա ոչ թե ձևաչափի վերականգնում է, այլ փոփոխություն։ Այս հարթակում է բանավեճն ընթանում։ Մենք ունենք փաստարկներ, փաստաթղթեր, Ադրբեջանի ստորագրությունը Բիշքեկի համաձայնության տակ, Բուդապեշտի համաժողովի 1994-ի հայտարարությունը և այլն։ Անկախ հանգամանքից, թե Ադրբեջանն ընդունում է Արցախը որպես բանակցային կողմ, թե ոչ, նա արդեն Արցախի իշխանության հետ բանավեճի է բռնվել։ Արցախի արտգործնախարարի հայտարարությանն արձագանքում է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը, Արցախի նախագահի խոսնակին պատասխանում է Ալիևի խոսնակը։ Եթե սուբյեկտ չհամարեին Արցախը, հազիվ թե պատասխանեին նրանց հայտարարություններին։
-Իսկ առանց օրակարգի որքա՞ն ժամանակ է պատրաստվում Հայաստանի իշխանությունը գնալու բանակցությունների։
-Պատմությունն ունի մի քանի այդպիսի օրինակներ՝ 10, 100 տարի։ Երբ այդ ընթացքում խաղաղություն է պահպանվում, բանակցությունները համարվում են կառուցողական, քաղաքակիրթ։ Գոնե պետք է հասնել այնպիսի փուլի, որ այլևս չլինեն զենքի, «Էրիվան գրավելու» սպառնալիքներ։ Հայաստանն ու Արցախը պատրաստ են այս փուլին։
-Իսկ Ադրբեջանը շարունակում է իր տրամաբանության մեջ մնալ։ Եվ մեր խաղաղասիրական քարոզներին հակադրվում են ռազմատենչ հայտարարությունները։
-Պետք է նկատել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը սահմանին մարտավարությունը մեղմացրել է։ Անշուշտ, սա չի վկայում այն մասին, որ Ադրբեջանը փոխվել է։ Այդ երկիրը հասկանում է, որ խախտելով միջազգային հանրության այն կոչերը, որ ռազմատենչ հայտարարություններին և գործողություններին պետք է վերջ դրվի, դրսում կկորցնի դիվանագիտական և քաղաքական դիրքը։ Էլ չենք խոսում ռազմական դիրքի կորստի մասին, որովհետև մեր բանակն այսօր ավելի պատրաստ է, քան 2016-ին։

«ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՔԵՎԻՑ ՎԵՐԵՎ ԳԱՆ»


-Պարոն Ավետիսյան, հանրությունը ձեզ 80 տոկոս վստահության քվե է տվել, որ լուծեք նաև արցախյան հակամարտությունը, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը հանրությունից է թուղթ պահանջում, որ անգիր անի, գնա բանակցություններին։ Սա նորմա՞լ է։
-Մեզ մանդատ տալու և արցախյան հիմնախնդիրը լուծելու միջև տարբերություն կա։ Արցախի խնդիրը համահայկական հարց է։ Եթե հանրությունը համերաշխ չէ լուծման տարբերակի հետ, չունի իր բանաձևը (չեմ ասում, թե հանրությունը թեզ առ թեզ պիտի գրի՝ ինչ է ուզում), ցանկացած լուծում հանրության այս կամ այն շերտի համար անընդունելի կլինի։ Հայաստանի համար կարևորագույն հարցերի վերաբերյալ պետք է հանրային քննարկումներ լինեն և ներքևից վերև գան այդ լուծումները։ Բանակցություններում քո հանրության տրամադրվածությունը ցույց տալն էական է։ Հանրությունը 88-ին շատ կարևոր որոշում է կայացրել, եղել է ինքնորոշման իրավունքը, 92-ին մեկ այլ որոշում է կայացրել, հանրությունը գուցե «իքս» պահի ավելի պատրաստ էր խաղաղությանը, սակայն եղավ 2016-ի ապրիլյան պատերազմը։ Այն դինամիկան, որ Հայաստանի և Արցախի շուրջ տեղի է ունեցել, մեզ հուշում է, որ ևս մեկ անգամ հանրության հետ պետք է խոսել։ Հենց լեգիտիմությունն է պատճառը, որ Փաշինյանը կարող է ազատ իր հանրության հետ խոսել։
-Խոսեցիք հանրության հետ, հիմա ինչպե՞ս պետք է հանրության հավաքական «թուղթը» ստանաք։
-Մենք Արցախի հարցում հանրային լայն քննարկումներ երբևէ չենք ունեցել։
-Ո՞վ է խանգարում քննարկել այդ հարցը, Փաշինյանը նաև ասել է, թե նախորդ տարիներին հիմնախնդրի մասին խոսելը եղել է, այլ խոսքով ասած, «տաբու»։ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին, որ ԱԺ ամբիոնից ամենասուր ելույթներն էր ունենում, խանգարել խոսելու Արցախից։
-Այն ժամանակ այդ թեման իշխանության մենաշնորհն էր դարձել։ Արցախը սիրող միակ մարդիկ իրենք էին, Արցախը պաշտպանող մարդիկ միայն իրենք էին, հողերը կորցնողները իրենք էին։ Մենք այս մոդելը մերժում ենք, պետք է հանրության հետ քննարկել այս հարցը։ Անգամ փորձագետները, որ խոսել են այդ թեմայից, եթե չեն ունեցել իշխանության «դաբրոն», Հ1-ում չեն հայտնվել։
-Հիմա այդպես չէ՞։
-Իհարկե ոչ։
-Ձեր խնդիրն անընդհատ ՀՀԿ-ի հետ համեմատվե՞լն է։
-Ոչ, բայց եթե որոշ մարդիկ ասում են, թե այն ժամանակ հանրությանը ոչ մեկը չէր խանգարում խոսել հակամարտությունից, դրա համար համեմատում եմ։ Մի օրինակ նշեմ, երբ Մադրիդյան սկզբունքները ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքով, ընդունելի համարեց, նրան կանչեցին Հ1։ Մինչև դա նա Հ1 չէր հրավիրվում։
-Ի՞նչ եք ակնարկում։
-Մեկ-մեկ գրում են, թե ով ում հոգեզավակն է, ուզում եմ պարզապես հիշեցնել, թե 2017-ին ով ում հոգեզավակն էր։ Մենք ցանկանում ենք հանրային քննարկումներում բաց լինել։ Պետք է հանրության հետ կապը չխզել։ Կարող է մեկ անգամ 70 տոկոս ձայն տված լինեն, բայց անընդհատ հանրության հետ պայմանագրությունը պահել է պետք։
-Այսօր հանրության զգալի հատվածը հայտարարում է, թե Ադրբեջանին տարածք չունի տալու, սակայն կա նաև դիվանագիտություն, բանակցություն։
-Հարցով պատասխանեմ՝ արդյոք Հայաստանի ժողովրդի պատկերացումները խաղաղության մասին մինչև 2016-ը նու՞յնն էին, ինչ դրանից հետո։ Պետք է մեր միջազգային գործընկերների համար արձանագրենք, որ ժողովուրդը նույնը չէ, դրա համար հասարակության հետ խոսակցություն պետք է սկսվի։ Գիտեմ, որ սովորույթի ուժ կա, որ որոշ մարդիկ վարագույրի հետևում բանակցություններ են վարել, մեկ-երկու արտահոսք է եղել կամ ոչ, այդպես մենք չենք աշխատում։
-Իսկ ինչպե՞ս եք աշխատում դուք. ղեկավարները հանդիպում են, մի քանի նախադասությամբ «լայվ» եք մտնում, կամ արտգործնախարարները հանդիպում են, Ադրբեջանի ԱԳՆ-ից ենք տեղեկանում քննարկված հարցերի, հանդիպումների մասին։ Լավրովից տեղեկանում ենք, որ «Լավրովի պլան» եք քննարկում։
-Լավրովը նման բան չի ասել։ Դա մանիպուլացիա է։ Եղել են դիվանագիտական հարց և դիվանագիտական պատասխան։ Նույն կերպ էլ կարող ենք մենք կանգնել ու ասել, թե ծովից ծով Հայաստանը մերն է։ Առհասարակ ինֆորմացիոն դարում տեղեկության կարիքը մեծ է, բայց գոնե «լայվ» մտնում ու ասում ենք՝ ինչ ենք խոսել։ Կհիշեցնե՞ք Սերժ Սարգսյանի որևէ բանակցություն, որից հետո ձեզ տեղեկություն է տրամադրվել։
-Սերժ Սարգսյանը գնա՜ց, դուք ձեր թափանցիկությունից խոսեք։
-Մենք կարողանում ենք այնքան թափանցիկություն ապահովել, որ մեր հանրությունը ընթացքից տեղյակ լինի, բայց նաև բանակցային գաղտնիությունը պահպանվի։ Մենք չենք ուզում որևէ բան գաղտագողի անել։
-Հասանք ամենակարևորին՝ իշխանությունն ունի՞ հակամարտության լուծման սեփական հայեցակարգ։
-Որոշակի տարբերակ հստակ արձանագրված է մեր նախընտրական ծրագրում, որը հետագայում դարձավ նաև կառավարության ծրագիրը։ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ, լուծումը պետք է ընդունելի լինի երեք հասարակությունների համար։
-Մանիպուլացիա չի՞ ստացվում Ձեր ասածը, թե լուծումը պետք է ընդունելի լինի երեք հասարակությունների համար։ Կա՞ մի լուծում, որը կբավարարի և հայկական կողմին, և ադրբեջանական։
-Այդպիսի բան պատմության մեջ եղել է, օրինակ Հարավային Սուդանի ինքնորոշումը, Կոսովոն։
-Մի մոռացեք, որ Ադրբեջանի պես երկրի հետ գործ ունենք։
-Շատ ավելի վայրագ պատմություններով անցած պետություններ են եղել, որոնք ինչ-որ ձևով հետո տրանսֆորմացվել են։


Զրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ