Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Արցախը երբեք չի գնալու միակողմանի զիջումների»

«Արցախը երբեք չի գնալու միակողմանի զիջումների»
30.04.2019 | 02:22

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայկական կողմը արցախյան հակամարտության հարցում հայեցակարգ չունի, բոլոր փորձագետները հանկարծակիի եկան, սակայն առավել ուշագրավն այն էր, որ նա Հայաստանի հանրությունից էր «թուղթ», իմա՝ հայեցակարգ պահանջում, մյուս կողմից հայտարարում, թե Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, ուրեմն ինչու՞ հենց արցախցուց, Արցախի ղեկավարությունից չի պահանջել համապարփակ տեսակետը, թե ինչպես են տեսնում իրենց խնդրի լուծումը։ Սա ավելի տրամաբանական է ու ոչ պոպուլիստական։ Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ մեր զրույցը հենց այս թեման է շոշափում։

-Արցախն ունի՞ հակամարտության լուծման հստակ հայեցակարգ, պարոն Բաբայան։

-Եվ Հայաստանի, և Արցախի, և սփյուռքի հայությունը միշտ իր տեսակետը հայտնել է լուծման տարբերակների վերաբերյալ։ Հատկապես կարևորագույն համազգային հարցերի շուրջ հայությունը միշտ իր միասնական դիրքորոշումը հայտնել է. դրանցից են Արցախի խնդիրը, ցեղասպանության միջազգային ճանաչումը, Սևանա լճի պահպանությունը, հայ ինքնության պահպանումը սփյուռքում։ Առհասարակ, պետք է հայեցակարգ լինի բոլոր նմանատիպ հարցերի վերաբերյալ, պիտի լինի նաև փաստաթուղթ, որը ներառված կլինի ազգային անվտանգության հայեցակարգում և ժամանակ առ ժամանակ լրամշակման կենթարկվի։ Ինչ վերաբերում է Արցախին, մենք ունենք մեր պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ։ Դա շատ պարզ է` նախկինին վերադարձ երբեք չի լինելու, այսինքն Արցախը երբևիցե այս կամ այն կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում, դա լինի լայն ինքնավարություն, ինքնավար մարզի կամ այլ կարգավիճակով։ Չի կարող լինել վերադարձ անցյալին նաև սահմանների առումով, այսինքն, մինչև 1988-ը, անգամ 1991-ը։ Արցախի Հանրապետությունը ոչ ԼՂԻՄ-ի սահմաններում, ոչ էլ 1991-ի, երբ կազմավորվեց ԼՂՀ-ն Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի և նախկին ԼՂԻՄ-ի միաձուլմամբ, կենսունակ չէ որպես անկախ պետություն, չի կարող իր անվտանգության նույնիսկ տարրական պահանջները բավարարել։ Հետևաբար, ոչ մի դեպքում չի կարող նախկին սահմաններին վերադարձ լինել։ Չի կարելի տալ տարածք, որից կախված է հայոց ողջ պետականության ապագան։ Օրինակ, Քարվաճառի շրջանը, որը մեր ջրային անվտանգության երաշխիքն է, այդտեղից են սկիզբ առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը, իսկ Սևանը Հայաստանի Հանրապետության ջրային պաշարների 80 տոկոսն է, այսինքն մեզ համար կենսական կարևորություն ունի ջրային ռեսուրսի անվտանգության ապահովումը։ Իսկ մտածել, թե չի ստացվելու ոչինչ, որովհետև միջազգային հանրությունը չի ճանաչում այդ սահմանները, անհեթեթ է, որովհետև տեսանք, թե ԱՄՆ-ի նախագահը ինչ է հայտարարել Գոլանի բարձունքների առնչությամբ։ Ըստ նրանց, դրանք Իսրայելի համար կրիտիկական նշանակության տարածքներ են և Իսրայելի անբաժան մասն են։ Մեր դեպքում դա Քարվաճառն է, որից էլ կախված է մեր ջրային անվտանգությունը։ Իսկ Պոմպեոն ավելի է ընդարձակել Թրամփի ասածը և, փաստորեն, օրինականացրել սահմանի փոփոխությունը՝ ագրեսիայի ենթարկված պետությունների համար։ Սա արդեն քարտ-բլանշ է, տեսլական, որը փոխում է ամեն ինչ աշխարհում։ Այս իսկ պատճառով համառորեն պնդելու ենք, որ չի լինելու վերադարձ նախկին վիճակին։ Այնպես պետք է անել, որպեսզի մեր անվտանգությունը երաշխավորված լինի։ Մենք չունենք տարածքների հարց, մենք ունենք սահմանների հարց, իսկ սահմանը շատ լայն հասկացություն է, չպետք է այն դիտարկել միայն Ադրբեջանի նկրտումների ներքո, բա մեր Գետաշե՞նը, Չարդախլու՞ն, Հյուսիսային Արցա՞խը, Նախիջևա՞նը։ Բա ու՞մն են դրանք։ Հո միայն հարսանիքներին, թաղումներին կամ այլ միջոցառումներին խոսելով, կենացներ ասելով չէ՞։ Սա է մեր տեսլականը։ Կարծում եմ, ճիշտ կլինի պարբերաբար՝ 10 տարին մեկ, մարդկանց կարծիքն իմանալ, ազգային անվտանգության հայեցակարգը թարմացնել։

-Փաշինյանը ևս խոսեց հանրային քննարկման մասին, ի՞նչ եք կարծում, դա Արցախու՞մ պետք է լինի։

-Եթե անգամ Արցախում չլինի, արցախյան կողմը փորձագետների, քաղաքական գործիչների, վերլուծաբանների մակարդակով պետք է իր տեսակետը հայտնի։ Պատրաստ ենք գալու և բացատրել։

-Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ բացառում եք որևէ տարածքի վերադարձ, ընդամենը սահմանները պետք է ամրագրել։

-Երկրորդեմ՝ մենք տարածքների խնդիր չունենք։ Իսկ սահմանների հարցը շատ լայն է։ Օրինակ, Արցախն իրավունք ունի բարձրաձայնելու Նախիջևանի հարցը, որը եղել է հայկական տարածք, դրա համար էլ ինքնավարություն է ստացել։ Այս տեսանկյունից սահմանների հարցում հնարավոր են որոշակի փոփոխություններ, օրինակ, Գետաշենի, Չարդախլուի հարցում և այլն։ Բայց սրանք ընդամենը տեսական մոտեցումներ են, քննարկման հարցեր։ Մենք երբևէ տուրք չենք տա Ադրբեջանի քմահաճույքին, չենք գնա միակողմանի զիջումների, չենք վերադառնա նախկին ԼՂԻՄ-ին։ Այս սահմանները, որ կան, մեր անվտանգության նվազագույն համակարգն են ապահովում։

-Նշեցիք Գոլանի բարձունքի նախադեպը, ինչպե՞ս կարող ենք դա ի շահ մեզ օգտագործել։

-Ոչ թե կարող ենք օգտագործել, այլ պարտավոր ենք օգտագործել։ Ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ այդ հարցը և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում ընդամենը մեկ օր քննարկեցին ու առաջ անցան։ Սա ինչ-որ առումով նվեր է մեզ, որովհետև, ի տարբերություն Ադրբեջանի, մենք միլիարդներ չենք ծախսել, որ երրորդ կարգի մի քաղաքական գործիչ դրա վերաբերյալ հայտարարություն անի և ստանա 5 կգ խավիար ու եսիմ ինչքան ոսկի։ ԱՄՆ-ի նախագահը, պետքարտուղարն են խոսել այս մասին, ու դա հօգուտ մեզ չօգտագործելն անթույլատրելի կլինի։ Աշխարհում ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես քրտնաջան պիտի աշխատել։ Եթե ներքաղաքական պայքարում իրար կոկորդ կրծելու էներգիայի 5 տոկոսն ուղղենք այս հարցերին, հնարավոր է տեղեկատվական դաշտում անգամ հեղափոխություն անել այս խնդրի առնչությամբ։

-Այսօր Ձեզ տեսանելի՞ է այդ հարթակում դիվանագիտական համակարգված աշխատանք։

-Կարծում եմ, դիվանագիտականը գուցե որոշակի փակ է, բայց որպեսզի դրան էլ տեմպ հաղորդվի, ու արդյունքը տեսանելի լինի, պետք է տեղեկատվական, հասարակական ռեսուրսները լավ աշխատեն։ Անընդհատ պետք է հասկացնել, որ սա է մեր ազգային օրակարգը, որպեսզի անհնար լինի խուսափել այդ հարցերից։

-Հայ հանրությունն ամբողջովին մխրճվել է ներքին կյանքի թոհուբոհի մեջ. սա մեզ չի՞ հեռացնում էական հարցերից։

-Դա մեր ժողովրդի ցավոտ տեղերից է։ Մենք ավելի համառորեն պայքարում ենք միմյանց դեմ՝ մոռանալով համազգային խնդիրները։ Հիմա կարող ենք ասել, թե Ադրբեջանը տոտալիտար երկիր է, արգելում են ներքաղաքական հարցերի մասին խոսել, բայց եթե մեր տեղեկատվական դաշտի 90 տոկոսը ներքաղաքական խնդիրներին է առնչվում, ու՞ր ենք հասնելու։ Գոնե 50/50 լինի հարաբերակցությունը, հասարակությունը պետք է վերջապես հասկանա, որ համազգային այդ խնդրից շատ բան է կախված։ Պետք է լավ իմանանք մեր ռեսուրսները` ինչ ունենք այսօր բանակցություններում։ Այս ամենը մեզնից է կախված, ոչ մի արտաքին ուժ չի արգելում խոսել արցախյան հարցից։ Պետք է տեղեկատվական, քաղաքական, միջազգային դաշտը հեղեղենք արցախյան հիմնախնդրի վերաբերյալ թեմաներով։ Պետք է բարձր մակարդակով դասավանդվի դպրոցներում, համալսարաններում։ Չգիտեմ՝ Հայաստանի կարևորագույն բուհերում հակամարտության ռազմաքաղաքական նշանակությունը դասավանդվու՞մ է։ Մի քիչ կասկածում եմ։ Խորքային մոտեցում չկա այսպիսի հարցերին։

-Լրացավ նոր իշխանության կառավարման մեկ տարին. հակամարտության լուծման հարցում դիրքորոշման ի՞նչ տարբերություն եք նկատել։

-Ամեն նոր իշխանություն ունի իր մոտեցումներն այս կամ այն հարցի առնչությամբ։ Երբ մշակենք ազգային հայեցակարգ, ամեն ինչ ճիշտ ուղղությամբ կընթանա, որովհետև կան հարցեր, որոնք պետք է բոլորի համար միանշանակ լինեն։ Տարբեր իշխանությունների ծրագրերում կարող են տնտեսական, ոլորտային, պետականաշինական տարբերություններ լինել, բայց ազգային խնդիրներում միակարծություն է պետք։ Դա աստվածաշնչյան պատվիրանների նման է, քանի իշխանություն է փոխվել, պատվիրանները փոխվե՞լ են։ Ամենակարևորն անվտանգությունն է, թող 20 տարի հետո ճանաչված լինենք, բայց մեր անվտանգությունը պետք է կարողանանք ապահովել։

-Իշխանության գալու առաջին օրից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Այս մեկ տարվա ընթացքում քանի՞ քայլով մոտեցանք այդ խոստման կատարմանը։

-Առաջին իսկ օրից ողջունել ենք այդ հայտարարությունը, բայց նաև նշել ենք, որ բարդ, աշխատատար և ժամանակատար խնդիր է, որովհետև Ադրբեջանը խոչընդոտելու է դրան։ Սա չի նշանակում, որ մենք դրանից պետք է հրաժարվենք, հարկավոր է շարունակել աշխատանքը։

-Այսօր հետևյալ պատկերն ունենք բանակցություններում. հայկական կողմն ասում է՝ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, իսկ մինչ այդ առանց օրակարգի ենք նստում սեղանի շուրջ, արտգործնախարարների հանդիպումից հետո էլ «Լավրովի պլանի» մասին են խոսում։ Ի վերջո, ու՞ր ենք հասել։

-Հակամարտության կարգավորումն աշխարհաքաղաքականություն է, որտեղ և մեր ներքին շահերն են, և՛ տարածաշրջանի, և՛ գլոբալ խաղացողների. այս բոլոր գործոնները պետք է հաշվի առնել։ Առաջին հերթին պիտի ունենալ հզոր բանակ, ճիշտ, հավասարակշիռ քաղաքականություն վարել դաշնակիցների հետ և լինել համախմբված։ Հակամարտության լուծման բանալին սա է։

Զրույցը՝

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ