Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրադադարի 25-ամյակը՝ ե՞րբ է ասվելու ճշմարտությունը

Հրադադարի 25-ամյակը՝ ե՞րբ է ասվելու ճշմարտությունը
12.05.2019 | 12:43

Մայիսի 10-ին Հայաստանի խոսուն լռության համապատկերում ՌԴ-ն խոսուն հիշեցում արեց՝ Մոսկվան ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում համատեղ աշխատանքի պատրաստակամություն է տեսնում Բաքվի և Երևանի միջև՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ-ն: «Դա են վկայում, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի վերջերս Վիեննայում տեղի ունենած հանդիպման և Մոսկվայում ԱԳ նախարարների բանակցությունները»՝ ասված է ՌԴ ԱԳՆ կայքի հայտարարությունում: ԱԳՆ-ն հիշեցրեց, որ 25 տարի առաջ մայիսի 12-ին Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև հրադադարի համաձայնագիրը կնքվել է ՌԴ միջնորդությամբ: Ոմանք Հայաստանում ԱԳՆ հայտարարությունը մեկնաբանեցին իբրև Ստեփանակերտը բանակցությունների սեղան վերադարձնելու տեսակետի պաշտպանություն: Երանելի են հավատացողները:


Մայիսի 10-ին Արցախի ԱԳՆ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակին նվիրված խորհրդաժողով։
Խորհրդաժողովին մասնակցել են Արցախի Հանրապետության Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Հայաստանից՝ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Արցախի ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար անձինք, փորձագետներ Արցախից, ՀՀ-ից և ՌԴ-ից: Որպես պատվավոր հյուր մասնակցում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:


Ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։ Նա նշել է, որ Համաձայնագրի 25-ամյակը լավ առիթ է՝ գնահատական տալու իրադարձությանը, ամփոփելու որոշ արդյունքներ և ուրվագծելու անելիքները, որ անհրաժեշտ են հրադադարի ռեժիմի ամրապնդման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։


Անդրադառնալով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի կարևորությանը՝ Մասիս Մայիլյանը ընդգծել է, որ 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ անժամկետ Համաձայնագիրը, փաստորեն, հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որի շնորհիվ վերջ դրվեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և հակամարտությունը տեղափոխվեց քաղաքական-դիվանագիտական դաշտ։ Այդպիսով՝ պայմաններ ստեղծվեցին, որ միջազգային միջնորդների աջակցությամբ կողմերը կարողանան իրենց ջանքերը կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա: Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ արցախյան կողմը մշտապես հավատարիմ է եղել Համաձայնագրով ստանձնած հանձնառություներին, բազմիցս հանդես եկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման տարբեր նախաձեռնություններով: Որպես օրինակ՝ ԱԳ նախարարը հիշատակել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրելու սահմանին տիրող իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները, և հավելել է, որ այդ համակարգը կարող է դառնալ զինադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մասը:
Մասիս Մայիլյանը կարևորել է 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում երկու գագաթաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։


ԱԳ նախարարը առանձնացրել է հակամարտ զորքերի սահմանազատման գծի հարցը, որը բոլոր երեք կողմերը ՌԴ ՊՆ նախարարության միջնորդությամբ ամրագրել են որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս: Հետևաբար, հրադադարի մասին համաձայնագրի կատարումը նշանակում է նաև կողմերի միջև համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016-ի ապրիլին խախտվել է Ադրբեջանի կողմից:
Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ եռակողմ բանակցությունների վերականգնման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ու խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման միջոցով դիվանագիտական և ռազմաքաղաքական պայմանների համադրումն ու փոխլրացնելիությունն անհրաժեշտ նախապայմաններ կստեղծեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի և Հարավային Կովկասում տևական կայունության ապահովման համար:


Բոլոր կողմերից հավասարակշռված ու հիանալի ելույթ է: Իրոք՝ 1994-ի հրադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագիրը 25 տարում միակ փաստաթուղթն է, որ
վերջ դրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծված պատերազմին և հակամարտությունը տեղափոխեց քաղաքական-դիվանագիտական դաշտ։
Իրոք՝ պայմաններ ստեղծվեցին, որ միջազգային միջնորդների աջակցությամբ կողմերը կարողանան իրենց ջանքերը կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա:
Իրոք՝ արցախյան կողմը մշտապես հավատարիմ է եղել Համաձայնագրով ստանձնած հանձնառություներին, երբեք առաջինը չի կրակել, հանդես է եկել խաղաղ գործընթացի ապահովման նախաձեռնություններով:


Իրոք՝ ելնելով համաձայնագրից՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո
հակամարտ զորքերի սահմանազատման գիծը, որը բոլոր երեք կողմերը ՌԴ ՊՆ նախարարության միջնորդությամբ ամրագրել են որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս, նշանակում է կողմերի միջև համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016-ի ապրիլին խախտել է Ադրբեջանը:
Իրոք՝ ուղիղ եռակողմ բանակցությունների վերականգնման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ու խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման միջոցով դիվանագիտական և ռազմաքաղաքական պայմանների համադրումն ու փոխլրացնելիությունն անհրաժեշտ նախապայմաններ կստեղծեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի և Հարավային Կովկասում տևական կայունության ապահովման համար:


Բայց՝ ևս քանի՞ 25 տարի պիտի անցնի, որ հրադադարի պայմանագրին տրվի իրական գնահատական: Ինչու՞ որևէ մեկը չի հարցնում՝ համարժե՞ք էր իրականությանը հրադադարի պայմանագիրը: Երբ մի երկիր պարտվում է պատերազմում, քաղաքական ու տնտեսական քաոսի մեջ է, հաղթող կողմը նրա հետ կնքում է ոչ թե հրադադարի, այլ՝ կապիտուլյացիայի պայմանագիր: Կազիմիրովի ու ռուս փորձագետների ներկայությու՞նն է կաշկանդել նախարարին նման հարցադրում անել, թե՞ նա այլ կարծիք ունի: Կամ համարում է, որ անցյալն անցյալ է ու ապագայի մասին պիտի մտածել: Կամ՝ անցյալի սխալների մասին կխոսեն 100 տարի հետո եկող սերունդները: Երբ ՌԴ ԱԳՆ-ն հպարտորեն հիշեցնում է, որ հրադադարը կնքվել է ՌԴ միջնորդությամբ՝ ընդունում է, որ ինքն է կապիտուլյացիայի պայմանագրի փոխարեն պարտադրել հրադադարի համաձայնագիր: Ու դրան պիտի գնահատական տրվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ․Գ․ Պայմանագրի կնքումից 25 տարի անց ակնհայտ է՝ որ Ադրբեջանին շռայլ հնարավորություն տրվեց քաղաքական քաոսից դուրս գալ ու տնտեսությունը վերականգնել: Նավթագազային դոլարների հաշվին՝ սպառազինվել ու 25 տարի հետո արդեն սուբստանտիվ օրակարգից խոսել: Դա է հրադադարի իրական քաղաքական պատկերը: Մոսկվան կործանումից փրկեց Բաքվին ու հետագայում էլ բացահայտորեն աջակցեց տարածաշրջանի ամենառազմականացված պետությունը դառնալու ջանքերին՝ միլիարդների սպառազինություն վաճառելով: Նույնիսկ եթե դա բիզնես է, բիզնես է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման դեմ: Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած մադրիդյան սկզբունքները չեն աշխատում՝ որքան էլ կողմերը բանակցեն այդ սկզբունքներով, ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերը փոխընդունելի լուծումների չեն հասնելու, առավելևս փոխընդունելի զիջումների: Ինչ դիվանագիտության ուզում եք դիմեք՝ վերելակայինից մինչև այլմոլորակային՝ Բաքուն 3 սկզբունքներից ընդունելու է միայն իր տարածքային ամբողջականության սկզբունքը, Երևանն ու Ստեփանակերտը՝ ազգերի ինքնորոշման: Ու՝ մշտապես խախտվելու է ուժի չկիրառման սկզբունքը: Սա է իրավիճակը, որ պետք է փոխել:

Դիտվել է՝ 3017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ