Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչ կատարվեց Սոչիում

Ի՞նչ կատարվեց Սոչիում
15.05.2019 | 14:15

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի հունիսի 28-29-ին, Ճապոնիայի Օսակա քաղաքում, G20-ի գագաթաժողովում։ «Այո, ես հանդիպելու եմ Պուտինին»՝ ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը:

Թրամփի հայտարարությունը հնչեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ապա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Պոմպեոն ՌԴ է մեկնում երեքշաբթի, նա կրճատել է այցի ծրագիրը՝ նախատեսված էր, որ երկուշաբթի կլինի Մոսկվայում, բայց երկուշաբթի Պոմպեոն թռավ Բրյուսել, որտեղ պետք է քննարկեր «անհետաձելի հարցեր»՝ այդ թվում իրավիճակն Իրանում։ Մայիսի 14-ին Պոմպեոն Սոչիում հանդիպեց Լավրովին ու Պուտինին։ Լրագրողները խնդրեցին Թրամփին՝ ճշտել, թե ինչ է ուղերձ է փոխանցելու Մոսկվային Պոմպեոն: «Կարծում եմ՝ ուղերձն այն է, որ երբեք ոչ ոք այսքան կոշտ չի վերաբերվել Ռուսաստանին: Միևնույն ժամանակ՝ մենք վերջիվերջո պիտի Ռուսաստանի հետ հարցերը կարգավորենք: Իմաստ ունի Ռուսաստանի հետ հարցերը կարգավորել»՝ ասել է Թրամփը։ Նա նշել է, որ Ճապոնիայում պատրաստվում է բանակցել և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ։ Երկուշաբթի ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Պոմպեոն Սոչիում կարող է հիպոթետիկ քննարկել Պուտինի ու Թրամփի հանդիպման հարցը Օսակայում: «Ես հիմա այս կամ այն հարցի քննարկումներ չէի կանխատեսի, բայց հիպոթետիկ հեռանկար կա»՝ ասել է փոխնախարարը։ ԱԳՆ-ում РБК-ի աղբյուրը և Պետդեպարտամենտում "Коммерсанта"-ի աղբյուրը հաղորդել են, որ սամիթի շրջանակներում հանդիպումը Վաշինգտոնի նախաձեռնությունն է, բայց վերջնական պայմանավորվածություն չկա։ «Հանդիպման որևէ հարցում չի եղել»՝ ասել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը։


Եթե Օսակայի բանակցությունները կայանան, դա կլինի երկու նախագահների առաջին լիարժեք հանդիպումը՝ 2018-ի հուլիսի 16-ին Հելսինկիի հանդիպումից հետո։ 2018-ի նոյեմբերին ծրագրված էր նախագահների հանդիպումը Փարիզում, որտեղ նրանք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով մասնակցում էին առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին, բայց Պուտինն ու Թրամփը ոտքի վրա շփվեցին: Հետո նախագահները պատրաստբում էին դեկտեմբերին հանդիպել
G20-ի Բուենոս Այրեսի սամիթում, բայց Թրամփը Կերչի նեղուցի իրադարձություններից հետո հանդիպումը բեկանեց։ Համարյա կես տարի նրանք չեն շփվել՝ մինչև մայիսի 3-ի հեռախոսազրույցը, որ Թրամփը որակեց «շատ դրական»։ Նրանք քննարկեցին Վենեսուելայի իրավիճակը և միջուկային նոր համաձայնագրի կնքման հարցը արդեն Չինաստանի հետ: Մինչ այդ Թրամփը կասեցրել էր մասնակցությունը փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրին, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կնքել են 1987-ին։
BBC


Հ﮳Գ﮳ ՌԴ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը Սոչիում երեկ հանդիպել են ու հավարտ հանդիպման՝ հավաստիացրել, որ մտադիր են աշխատել երկու գերտերությունների լարված հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
«Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները, իհարկե, պայմանով, որ մեր ամերիկացի գործընկերներն էլ նմանօրինակ հետաքրքրություն դրսևորեն», - ասել է Լավրովը: «Ես այստեղ եմ, որովհետև նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է բարելավել մեր հարաբերությունները: Դուք նշեցիք, որ մենք ունենք տարաձայնություններ, սեփական շահեր, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք պետք է հակառակվենք ցանկացած հարցում: Հուսով եմ, որ կարող ենք առնվազն որոշ հարցերի շուրջ լինել գործընկեր և ամուր համագործակցություն հաստատել», - պատասխանել է Պոմպեոն: ԱՄՆ պետքարտուղարին Սոչիում ընդունել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` «Բոչարով ռուչեյ» նստավայրում։
Պուտինը հանդիպման սկզբում հիշեցրել է, որ մի քանի օր առաջ հեռախոսել է ԱՄՆ նախագահի հետ և տպավորություն ունի, որ նա ռուս-ամերիկյան կապերի ու շփումների վերականգնման, փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի համատեղ լուծման ցանկություն ունի։ Ըստ kremlin.ru կայքի՝ ՌԴ նախագահն ասել է﮳ «Մենք բազմիցս նշել ենք, որ նույնպես ցանկանում ենք վերականգնել հարաբերություններն ամբողջ ծավալով։ Հույս ունեմ, որ հիմա ստեղծվում են անհրաժեշտ պայմանները, որովհետև չնայած պարոն Մյուլերի հանձնաժողովի աշխատանքի ամբողջ էկզոտիկությանը, պետք է նրան արժանին մատուցել՝ ընդհանուր առմամբ նա օբյեկտիվ հետաքննություն է վարել և հաստատել է Ռուսաստանի ու գործող վարչակազմի միջև որևէ գործարքի ու որևէ հետքի բացակայությունը, որ մենք ի սկզբանե որակել էինք անհեթեթություն: Պետական մակարդակով ոչ մի միջամտություն մեր կողմից ԱՄՆ ընտրություններին չի եղել ու չէր կարող լինել։ Բայց, ցավոք, նաև դա պատճառ դարձավ միջպետական հարաբերությունների վատացման։ Հույս ունեմ, որ այսօր իրավիճակը փոխվում է և հետաքրքրություններն ընդհանուր են՝ ռազմավարական կայունության պահպանման ոլորտում, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, տարածաշրջանային ճգնաժամերի լուծման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, բնապահպանական խնդիրների լուծման, աշխարհում աղքատության դեմ պայքարի և ժամանակակից այլ մարտահրավերների, իհարկե նաև տնտեսական որոշ հարցերի։ Չնայած մեր ապրանքաշրջանառությունը միշտ ցածր է եղել, իսկ վերջին տարիներին համարյա 0 է, այնուամենայնիվ անցյալ տարի մենք 5 տոկոս ենք գրանցել: Մենք գիտենք, որ ԱՄՆ-ը դառնում է խոշորագույն նավթարտադրող, այդ առումով ևս խոսելիք ունենք համաշխարհային էներգետիկ շուկաների կայունոթյան շուրջ։ Կան և այլ ուղղություններ տնտեսության ոլորտում։ Հույս ունեմ, որ այդ ամենը քննարկման թեմա կդառնա։ ԱԳ նախարարը շատ հակիրճ ինձ փոխանցեց ձեր բանակցությունների մասին: Ես ցանկանում եմ, որ իբրև ԱՄՆ պետքարտուղար առաջին այցը ՌԴ օգտակար լինի երկկողմ կապերի ու նպաստի զարգացմանը»։


Մայք Պոմպեոն պատասխանել է﮳ «Շնորհակալ եմ, որ հանդիպեցիք ինձ հետ։ Իրոք մենք ունեցել ենք արդյունավետ խոսակցություն: Մենք խոսել ենք այն թեմաներով, որոնց շուրջ չունենք համաձայնություն, բայց խոսել ենք և այն թեմաներով, որտեղ մեր շահերն ընդհանուր են։ Նախագահ Թրամփը ցանկանում է, որ մենք խոսենք հենց այդ թեմաներով։ Մենք ունենք ընդհանուր շահեր: Նաև կան հարցեր, որոնց շուրջ կարող ենք համագործակցել ու արդյունավետ աշխատել։ Մենք կարող ենք միասին աշխատել, որ մեր ժողովուրդներն ավելի լավ ապրեն ու ամբողջ աշխարհը ընդհանուր առմամբ հաջողության հասնի: Այդ պատճառով նախագահ Թրամփը ինձ խնդրել է հենց այս ուղերձով գալ Ձեզ մոտ, որ ես խոսեմ ինչ-որ գաղափարների ու նախագծերի մասին: Մենք կարող ենք համագործակցել Հյուսիսային Կորեայի, Աֆղանստանի, նաև այլ հարցերով և մենք կարող ենք ռազմավարական երկխոսության մասին խոսել։ Հույս ունեմ, որ Ձեզ հետ կարող ենք այնպես անել, որ ամբողջ աշխարհը շահի»։


Իսկ հետո Թվիթերում Պոմպեոն այցը որակել է «առաջաքայլ» և նշել, որ երկու երկրների համագործակցությունը կարող է ճիշտ ուղով ընթանալ﮳ «ԱՄՆ-ը և Ռուսաստանը նախկինում ցույց են տվել, որ կարող են համագործակցել միջազգային կարևորագույն հարցերի շուրջ: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում աշխատել մեզ հետ, որպեսզի դեպի լավը փոխենք երկու ազգերի հարաբերությունները»:
ԱՄՆ-ը չի մոռանում ընտրություններին միջամտելու մասին, սակայն պատրաստ է բարդ հարցերի շուրջ Ռուսաստանի հետ համատեղ լուծումներ փնտրել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, հաղորդում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Պոմպեոն ընդգծել է, որ խոսքը 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին է։


Խոսքը «տարբերակներ գտնելու, փոխզիջման հանգելու, այն տեղերը գտնելու փորձի մասին է, որտեղ մենք ունենք հատվող շահեր, որպեսզի կարողանանք առաջընթաց ձեռք բերել որոշ բարդ խնդիրների շուրջ, որոնց հետ բախվում ենք»։ Սոչիի բանակցություններում Ռուսաստանը և ԱՄՆ-ը Սիրիայի հետ կապված մի շարք հստակ քայլերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։ Նա նշել է, որ չի կարող բարձրաձայնել դրանց մասին։ «Հստակ քայլեր կան, որոնք, ինչպես ես եմ կարծում, կարող ենք անել և մենք, և նրանք»,-ասել է Պոմպեոն։ Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են սկսել աշխատել այն ուղղությամբ, որը թույլ կտա արգելափակումից հանել Սիրիայում քաղաքական գործընթացը և դառնա առաջին քայլը՝ այդ երկրում Սահմանադրական հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ։
Ուկրաինական խնդիրը չի քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` մայիսի 14-ին Սոչիում հանդիպման ժամանակ: Ոչինչ չի խոսվել նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մասին՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ես գրառել եմ գրեթե բոլոր հարցերը, որ քննարկել են նախագահն ու պետքարտուղարը: Ուկրաինայի մասին ոչինչ չի խոսվել, ես դա չեմ հիշատակել: Ընդհանրապես որևէ թեմա չի եղել Ուկրաինայի վերաբերյալ: Չի քննարկվել նաև Մադուրոյի ճակատագիրը»,- Ուշակովի խոսքերն է փոխանցում РИА Новости-ն:


Հավատանք բոլորին, բայց բացարձակապես անտրամաբանական է, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ պետքարտուղարը, ՌԴ ԱԳ նախարարը, ՌԴ նախագահը հանդիպել են ու չեն քննարկել Իրան-ԱՄՆ հակամարտությունն ու հնարավոր տնտեսական, ռազմական ու քաղաքական հետևանքները տարածաշրջանում ու աշխարհում։ Դա նոնսենս է։ Նույնքան անհավատալի է, որ չեն քննարկվել ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերազմի հետևանքները։ Իվերջո՝ չի բացառվում, Թրամփը Սի Ձինպինի հետ վերջնական հարաբերությունները պարզելուց առաջ Պուտինի աջակցությունն է փորձել ստանալ։ Իսկ Վենեսուելայի հարցում ակնհայտ է, որ ոչ թե չեն քննարկել, այլ՝ համաձայնության չեն եկել։ Իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրների ներկայացուցիչներ՝ անդրադառնալով տարածաշրջանային կոնֆլիկտներին՝ կարո՞ղ էին նրանք շրջանցել Լեռնային Ղարաբաղի հարցը: Հատկապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների ԱՄՆ-ում հնարավոր հանդիպումից առաջ: Հազիվ թե: Իսկ Սիրիայի հարցում համաձայնությունների գալը, թերևս, փոքրիկ վրեժ է Թուրքիայից՝ և ԱՄՆ-ը, և ՌԴ-ն իրենց պատճառներն ունեն, թող Էրդողանի գլուխը ցավի։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ