Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատերազմի վախ Պարսից ծոցում՝ բլեֆի եզրին

Պատերազմի վախ Պարսից ծոցում՝ բլեֆի եզրին
17.05.2019 | 13:54

Այս պնդումը հանգեցրեց ոչ հաճախակի միջադեպի դաշնակիցների միջև, որ միավորված են ԻՊ-ի դեմ կոալիցիայում «Անխախտ վճռականություն» անունով գործողության մեջ: Հրամանատարի տեղակալ, բրիտանացի գեներալ Քրիստոֆեր Գիկը երեքշաբթի ասաց﮳ «Ոչ, սպառնալիքը ուժերից, որոնց Իրանն աջակցում է Իրաքում ու Սիրիայում, չի մեծացել»։ Նրա հայտարարությանը հետևեց Կենտրոնական հրամանատարության, Պենտագոնի ստորաբաժանումի, որ վերահսկում է գործողությունն այդ տարածաշրջանում, կոմյունիկեն﮳ «Հրամանատարի տեղակալի վերջին մեկնաբանությունները հակասում են տարածաշրջանում իրանամետ ուժերի ռեալ սպառնալիքներին, որոնց մասին տվյալները ստացվել են ԱՄՆ հետախուզությունից ու դաշնակիցներից»։ Առավելագույն ճնշումը, որ տնտեսական պատժամիջոցներից անցնում է ռազմական ուժի ցուցադրության, Իրանին դնում է բարդ վիճակում՝ գրում է Պիեռ Ալոնսոն Libération-ում։ «Հետազոտություններ ու մշակումներ» ամերիկյան կազմակերպության քաղաքագետ Արիան Տաբատաբայի խոսքով՝ թեպետ առաջին հայացքից վարչակարգը թվում է միասնական, ներսում քննարկումներ են՝ ինչպես արձագանքել։ Կան տարաձայնություններ﮳ «Կոշտ դիրքի կողմակիցները, որ վաղուց էին զգուշացնում՝ Վաշինգտոնին չի կարելի վստահել և դեմ էին ԱՄՆ վարչակարգի հետ միջուկային բանակցություններին, այսօր բացատրում են, որ Թրամփի վարչակազմը, չնայած իր հռետորաբանությանը, հակված չէ պատերազմի մեջ մտնել և ԶԼՄ-ներով լայնորեն մեկնաբանվող ռազմական ծավալումները արտառոց քայլ չեն,- գրում է նա իսրայելական Haaretz-ում։-Եվ հակառակը՝ բարենորոգիչներն ու չափավորականները գտնում են, որ ԱՄՆ-ի սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել»։ «Ազգային անվստանգության ոլորտում որոշումների ընդունման գործընթացը կոնսենսուսի որոնման վրա է հենված»՝ հավելում է Արիան Տաբատաբայը։ Երաշխիքներ տալու համար վարչակարգի ամենապահպանողական և առավել անհամբեր մասին և իբրև արձագանք ԱՄՆ-ի միակողմանի ու մշտական դարձած պատժամիջոցների, Թեհրանը հայտարարեց, որ այլևս չի պահպանելու միջուկային համաձայնագրի որոշ կետեր, որ համարվել են երկրորդական։ Կոնսենսուսային վիճակն Իրանին պարտադրում է հանդուրժել և դիմանալ տնտեսական լճացմանը և ճնշում գործադրել համաձայնագիրը կնքած այլ պետությունների վրա: Բայց՝ չխզել համաձայնագիրը, որ այս պայմաններում կարող է դիտվել պատերազմի պատրվակ։
Պիեռ Ալոնսո, Libération


Հ﮳Գ﮳ «Ես վստահ եմ՝ Իրանը շուտով կսկսի բանակցել»՝ Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` պնդելով , որ ամերիկյան առաջատար լրատվամիջոցները` նախևառաջ «Վաշինգտոն Փոսթը» և «Նյու Յորք Թայմսը» Իրանի հանդեպ Սպիտակ տան քաղաքականության վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում: «Նյու Յորք Թայմսը» գրել է Թրամփի շրջապատում Իրանի վերաբերյալ քննարկումների մասին: Թերթի տեղեկություններով՝ պաշտոնյաներին մտահոգել են Պարսից ծոցի ավազանում արված լուսանկարները, որոնցում պատկերված են հրթիռներով զինված իրանական ռազմական մոտորանավակները: Դա ոչ միայն լուրջ մտահոգությունների, այլև բուռն բանավեճի տեղիք է տվել: «Սպիտակ տանը կարծիքներ են հնչում, որ իրանցիները պատրաստվում են հարձակվել տարածաշրջանում ամերիկյան թիրախների` մասնավորաբար ռազմանավերի վրա:

Եվրոպացիները, իրաքցիները, ամերիկյան Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամները և անգամ Թրամփի վարչակազմի մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ, սակայն, վստահ են, որ Իրանի գործողությունները զուտ պաշտպանական են», - գրում է «Նյու Յորք Թայմսը»: Իրանի իշխանությունները պնդում են, որ ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունեն: Տոկիո այցի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասաց․ «Մենք համոզված ենք, որ ԱՄՆ-ի կողմից իրադրության սրմանն ուղղված գործողությունները անընդունելի են և լուրջ անհարմարություններ են պատճառում: Երբ ԱՄՆ-ը լքեց միջուկային համաձայնագիրը, մենք առավելագույն զսպվածություն ենք ցուցաբերում»:
2015-ին միջուկային համաձայնագիրը կնքած պետություններից մեկի` ՌԴ նախագահը, Իրանի խնդրին անդրադարձավ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենի հետ ասուլիսի ժամանակ։ Վլադիմիր Պուտինը խոստովանեց, որ Մոսկվան Իրանի ճգնաժամը հաղթահարելու սահմանափակ լծակներ ունի: «Ռուսաստանը հրշեջ ջոկատ չէ: Մենք չենք կարող փրկել այն ամենը, ինչն ամբողջությամբ մեզնից չէ, որ կախված է, - հայտարարեց ՌԴ նախագահը` ընդունելով, որ միջուկային համաձայնագիրը տապալման փուլում է: -Ամերիկացիները լքեցին, պայմանագիրը քայքայվում է, եվրոպացիները ոչինչ չեն կարողանում անել փրկության համար, չեն կարողանում աշխատել Իրանի հետ, որ փոխհատուցեն տնտեսական կորուստները: Բայց այն պահին, երբ Իրանը առաջին պատասխան քայլերն իրականացնի, հաջորդ օրը բոլորը կմոռանան, որ պայմանագրի ոչնչացման նախաձեռնողն ամերիկացիներն էին, և ողջ մեղքը կբարդվի Իրանի վրա»: Մոսկվային, իհարկե, ձեռնտու են ԱՄՆ պատժամիջոցները՝ նավթի ու գազի համաշխարհային շուկայից Իրանի պես մրցակցին դուրս մղելու համար: Բայց՝ ոչ պատերազմի գնով: Հենց այդ պատճառով է Պուտինը հրաժարվում «հրշեջ ջոկատի» դերից և միջուկային համաձայնագիրը փրկելու ջանքեր չի գործադրում՝ առաջնությունը տալով ԵՄ-ին, նաև՝ ընդգծելով եվրոպացիների գործնական անկարողությունը ԱՄՆ-ին համոզել կամ սեփական քայլերն անելու առումով։ Բայց Պուտինին Իրանը պետք է իբրև դաշնակից Սիրիայում, և Մոսկվան չի կարող բախտի քմահաճույքին թողնել Թեհրանին, եթե հարցը լրջանա: Առավելևս, որ Իրանի դերի նվազումը տարածաշրջանում ուժեղացնելու է Սաուդյան Արաբիային, որ շատ արագ նավթի շուկայում կփոխարինի Իրանին։ Թրամփի սովորական մարտավարությունն է՝ պատժամիջոցներով ճնշել, հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ: Բայց Իրանը Հյուսիսային Կորեա չէ, և Թրամփը խաղարկելու է բլեֆը՝ որքան հնարավոր է երկար՝ որոնելով հարցի լուծման դաշնակիիցներ: Նրան բոլորովին պետք չէ նոր՝ անհայտ ընթացքով ու ավարտով պատերազմ՝ 2020-ի նախագահական ընտրություններից առաջ: Նա գիտի, որ բլից կրիգի շանս չունի, նույնիսկ եթե Իսրայելը միանա, որ նույնպես սակավ հավանական է՝ Նետանյահուն նոր է ընտրվել՝ մրցակցից նվազագույն տարբերությամբ և նրանից ոչ թե Իրանի հետ պատերազմ, այլ Պաղեստինի հետ խաղաղություն ու բարեկեցություն են ակնկալում։ Թրամփին հերիք են Հյուսիսային Կորեան, Վենեսուելան ու Սիրիան։ Աֆղանստանն էլ՝ հետը: Հավելեք Թուրքիայի հետ բարդ հարաբերությունները և ակնհայտ կդառնա, որ Թրամփը իշխանափոխություն ձեռնարկելով Իրանում, պարտվելու է, ու դա կլինի նրա խորհրդական Ջոն Բոլտոնի պարտությունը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ