Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Նրանցից շատերի ստեղծագործություններում կա և՛ ազգային, և՛ 21-րդ դարին համահունչ մտածողություն»

«Նրանցից շատերի ստեղծագործություններում կա և՛ ազգային, և՛ 21-րդ դարին համահունչ մտածողություն»
21.05.2019 | 04:38

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթի մրցանակակիրները: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 11-13-ին կայացած իր տեսակով եզակի կոմպոզիտորական ստուգատեսը մի հարկի տակ էր համախմբել 10 հայազգի պատանի ստեղծագործողի: Երկու տարիքային խմբերում ընդգրկված պատանիների ստեղծագործությունները գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լևոն Չաուշյանը և Էդուարդ Հայրապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը: Ավագ խմբում, ժյուրիի որոշմամբ, առաջին մրցանակ չշնորհվեց: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Էրիկա Մարկոսյանը, երրորդ հորիզոնականը տրվեց երկու մասնակիցների՝ Էմիլի Հովհաննիսյանին (Ֆրանսիա) և Ռուբեն Ավագյանին: Կրտսեր խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Էդգար Մխիթարյանը, երկրորդ հորիզոնականը՝ Էդուարդ Ալեքսանյանը: Առաջին մրցանակը շնորհվեց Սյուզաննա Աղամալյանին (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Մերի Առակյանին (դաս.՝ Նարինե Մխիթարյան): Ի դեպ, վերջինս արժանացավ նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Մեր զրուցակիցը ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆՆ է:

-Ինչո՞վ էր առանձնանում մրցույթն այս տարի:
-Այս տարի մրցույթին մասնակցել են հայազգի պատանիներ Ֆրանսիայից, Լիբանանից և Ռուսաստանի Դաշնությունից: Սա խոսում է այն մասին, որ միրզոյանական մրցույթը համահայկական նշանակություն է ձեռք բերում: Իհարկե, անցյալ տարիներին ևս արտերկրից հայտեր ունեինք, բայց այս տարի շատ էր հետաքրքրությունը հենց արտասահմանից:
Բացի այդ, այս տարի մրցույթը, կարելի է ասել, «դաշնամուրային» երանգներով ստացվեց. գրեթե բոլորը ներկայացրել էին դաշնամուրային ստեղծագործություններ: Սակայն դա չխանգարեց, որ տոնը կայանա: Ես շնորհավորում եմ մեր պատանիներին, հույս ունեմ, որ կշարունակեն նույն եռանդով ու ոգևորությամբ ստեղծագործել և շարժվել առաջ:
-Ձեռագրային տարբերության մասին ի՞նչ կասեք:
-Յուրաքանչյուր պատանի ստեղծագործում է յուրովի, դեռ նոր-նոր են սկսում կայանալ, սակայն նրանցից շատերի ստեղծագործություններում կա և՛ ազգային, և՛ 21-րդ դարին համահունչ մտածողություն, ինչն արդեն իսկ ոգևորիչ է:
-Միրզոյանի մրցույթի դափնեկիրները շարունակու՞մ են հաղթարշավը:
-Կան երեխաներ, որ միջազգային հարթակներում հաջողություններ են գրանցել, նրանց թվում՝ Անդրեյ Կուրբետ, Ալեքսանդր Տոնիկյան և այլք: Շատերը մեր հայաստանյան բեմերում են շարունակում փայլել: Էլի կան հրաշալի պատանիներ, որոնք կատարելագործվելով առաջ են շարժվում դեպի եվրոպական բեմեր:
-Ի՞նչ է տալիս միրզոյանական մրցույթը պատանի ստեղծագործողներին:
-Առաջին հերթին սա հնարավորություն է հաղորդակցվելու, լսելու միմյանց ստեղծագործությունները, դառնալու կոմպոզիտորական դպրոցի մի մասնիկը և, ինչու՞ ոչ, ներկայանալու խստապահանջ ու պրոֆեսիոնալ ժյուրիին: Յուրաքանչյուր ստեղծագործողի համար շատ կարևոր է, որ իր գործերը ոչ թե մնան դարակում, այլ լսելի լինեն ու գնահատված:

Ճեպազրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ