Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հենրիխ Մխիթարյան, Ադրբեջան՝ ի՞նչ է նշանակում հայկական ազգանուն

Հենրիխ Մխիթարյան, Ադրբեջան՝ ի՞նչ է նշանակում հայկական ազգանուն
24.05.2019 | 12:03

Քանի դեռ չէի դարձել 15 տարեկան, ամեն կիրակի գնում էի հայկական դպրոց: Պարապմունքները Լոնդոնի արևմտյան մասում գտնվող գիմնազիայում էին: Ամենից շատ հիշում եմ անհույս ձանձրույթը, խուճուճ այբուբենը (գիտնական այրը երազում էր հայտնագործել) և հորթի տապակած միսը: Հետո հիշում եմ քարտեզը, որ բոլոր ուսուցիչներն առանց բացառությանը տարեցտարի փռում էին մեր առաջ: Կովկասի քարտեզն էր: Մեզ բացատրում էին՝ ինչպես Հայաստանի տարածքն ամեն կայսրության, կոտորածների ու ցեղասպանության հետ կրճատվել է և անփոփոխ պատմում էին Արցախի մասին՝ շրջան, որ տրվել է համառ ադրբեջանցի հարևանին:


Հարևանների հետ Հայաստանի բախտը ընդհանրապես չի բերել: Այդ բարձրալեռ շրջանը աշխարհին հայտնի է իբրև Լեռնային Ղարաբաղ (Արցախը հին հայկական անվանումն է): Կոնֆլիկտը արմատներով պատմության խորքն է գնում, բայց իսկապես պայթյունավտանգ դարձրին սովետական մեքենայությունները «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Իր էությամբ Ղարաբաղը հայկական է: Բնակչության 95% էթնիկ հայեր են: Շրջանը սերտ կապեր ունի Հայաստանի հետ, նույնիսկ դրամն է նույնը: Դե ֆակտո Արցախը ինքնահռչակ հանրապետություն է, դե յուրե՝ Ադրբեջանի մասը: 1991-ին անկախության հռչակումից հետո պատերազմ բռնկվեց, հրաձգությունը հիմա էլ չի դադարում՝ չնայած 1994-ի հրադադարին: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը փորձում է ջնջել հայկական մշակութային ժառանգությունը՝ եկեղեցիների ավերումից մինչև Եվրատեսիլում Հայաստաին ձայն տալու հանդգնություն ունեցած քաղաքացիների հետապնդում: Այս կախյալ վիճակը նշանակում է Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունների լիակատար բացակայություն, իրականում դա ավելի խճճված ձևակերպումն է՝ ասելու, որ այնտեղ պատերազմ է: Ես հիշում եմ՝ մեզ սովորեցնում էին՝ եթե դուք հայկական անուն -ազգանուն ունեք, նույնիսկ բրիտանական անձնագրով Ադրբեջան մուտք չունեք: Այն ժամանակ ինձ տարօրինակ էր թվում, որ ինձ կարող են ինչ-որ տեղ չթողնել, որովհետև իմ ազգանունը «-յանով» է: Բայց ես դեռ երեխա էի ու արձակուրդներին Բաքու գնալ մտքովս չէր անցնում:
Մեզ՝ Լոնդոնի Ակտոն շրջանի երեխաներիս, աշխարհի այդ անկյունը անվերջանալի հեռու էր թվում: Նույնիսկ մեր ծնողները ծնվել էին արդեն ոչ Հայաստանում՝ նրանք սփռվել են աշխարհով մեկ ցեղասպանության պատճառով առաջին աշխարհամարտի տարիներին: Հիմա պատմության այդ կիսամոռացված դասերն ինձ համար դարձել են իրականություն, այդ մասին է գրում Լոնդոնի ամբողջ մամուլը: «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայ է ու չի խաղա «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչում, որովհետև խաղն Ադրբեջանում է: «-յան» ազգանունով մարզասերներին նույնպես վիզա չեն տվել: Մերժումը վերաբերվել է հայերին, բայց ձեռքի տակ են ընկել և կոռնուելցիները Տրևելյան ազգանունով:


Հայերը սովորել են միմյանց ճանաչել ազգանունով: Բազմադարյան հալածանքների պատճառով մեր սփյուռքը մեծացել է և մեր ազգանունների «-յանով» մենք հպարտանում ենք: Սարսափելի ոչինչ, եթե հիմա դուք հիշեցիք Քարդաշյան ընտանիքին: Բայց հրեաների նման շատ հայեր իրենց ազգանունները անվտանգության համար կրճատել են՝ վերջավորությունից հրաժարվելով (հիշեք թեկուզ թենիսիստ Անդրե Աղասիին):


Հատկապես զայրացնում է, որ ՈՒԵՖԱ-ն այս ամենից ոչ մի լուծում չի գտնում: Թեպետ կազմակերպությունը պնդում է, որ Ադրբեջանի իշխանությունների հետ մշակել է Մխիթարյանի անվտանգության պլան, նրա որոշումներից բացահայտ է, որ ոչ ոք ոչինչ չի կարող երաշխավորել: Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը սպառնալից հայտարարեց. «Իմ ուղերձը Մխիթարյանին՝ դու ֆուտբոլիստ ես ու ուզում ես ֆուտբոլ խաղա՞լ: Համարձակ գնա Բաքու, այնտեղ դու անվտանգության մեջ կլինես, բայց եթե պատրաստվում ես այդ հարցը ուռճացնել, բոլորովին այլ պատմություն է: Ես կարող եմ երաշխավորել, որ Ադրբեջանի կառավարությունը հնարավորը կանի, որ ապահովի յուրաքանչյուր երկրպագուի, խաղացողի ու աշխատակցի անվտանգությունը, որ կգա այդ խաղին»:


Որ խաղը Բաքվից չտեղափոխեցին, մռայլ վկայություն է, որ ֆուտբոլային աշխարհը գործարքի մեջ է նավթային դոլարների հետ: Իհարկե, «Արսենալը» ու «Չելսին» պետք է հրաժարվեն մասնակցել կամ պայմանավորվեն կիսաեզրափակիչը այլ վայրում խաղալ: Այդպես չէ՞: Եվ եթե ՈՒԵՖԱ-ն միատեսակ մտահոգվեր իր բոլոր անդամ պետությունների մասին (ներառյալ Հայաստանը), ոչ մի դեպքում Բաքուն չէր ընտրի, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ կոնֆլիկտը հարթված չէ: Եվրոպայի լիգայի եզրափակիչում որևէ հայկական ակումբ լիներ (ֆուտբոլից ես այնքան գլուխ հանում եմ, որ հասկանամ՝ դա հնարավոր չէ, բայց մի քիչ համբերեք), Բաքվում ընդհանրապես հնարավոր չէր խաղ անցկացնել: Բայց ֆուտբոլային աշխարհում, ու ընդհանրապես աշխարհում, Հայաստանի ու նրա պես երկրների ուժը չի պատում նավթային հսկաների հետ մրցել: Նրանք միշտ կարողանում են իրենց հեղինակությունը չոր պահել փողերի տրցակներով, ու արևմտյան աշխարհը այդ «շոյանքին» չի դիմադրում:


Հայաստանն իր բարդ ֆինանսական վիճակով հակառակն է: Պատկերացրեք, որ Մխիթարյանն այլ երկրից է՝ ավելի ազդեցիկ: Եթե Ադրբեջանը մշտական էթնիկ կոնֆլիկտ ունենար, ասենք, Պորտուգալիայի հետ, մի՞թե ֆուտբոլային իշխանությունները թույլ կտային, որ Կրիշտիանու Ռոնալդուն եզրափակիչը բաց թողներ: Ասենք Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը ձեզ չի հետաքրքրում, թող չհետաքրքրի: Բայց երբ ֆուտբոլում փողն ու ավտորիտար վարչակարգերի հետ բարեկամությունը ֆուտբոլիստի անվտանգությունից բարձր են դասվում, վերաբերում է յուրաքանչյուրին՝ անկախ ազգանունից:
Անուշ Չաքելյան, New Statesman (Մեծ Բրիտանիա)


Հ.Գ.
Հունիսի 29-ին Բաքվում կխաղան «Արսենալն» ու «Չելսին», ու ինչու՞ է ինձ թվում, որ աշխարհում «յան» ազգանունով բոլոր մարդիկ սպասում են «Արսենալի» հաղթանակին: Անգամ՝ կոռնուելցի Տրևելյանները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ