Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Անմեղսունակությունը Աջափնյակ վարչական շրջանում

Անմեղսունակությունը Աջափնյակ վարչական շրջանում
31.05.2019 | 02:25

Ձեզ ներկայացվող նամակները լույս են սփռում ներկա իշխանությունների կադրային քաղաքականության և հասարակության հանդեպ դրսևորվող անթաքույց անտարբերության վրա։ Հանրային կարծիքը լուսանցքային է, քաղաքացու արժանապատվությունը մի բան է, որը սահմռկեցուցիչ ամբարտավանությամբ ոտան կոխան է դառնում ցանկացած քայլափոխի։
Մետաղաջարդոնի բազան Նոր Հայաստանի ծնունդ է, տեղակայված է Շիրազի փողոցի եզրին, տրանսպորտային կանգառի թիկունքում։ Այս տաղավարում բեռնաթափվում, նաև բեռնվում են ժանգապատ մետաղյա թիթեղներ, խողովակներ, առհասարակ` մետաղի ջարդոն։ Ժանգն իշխում է բազայի տարածքում։ Այստեղ են տեղակայված մի քանի դարձյալ ժամկետանց վագոններ, ուր գիշերում է բազայի պահակը, հանգստանում են բանվորները, օրվա շահույթն են հաշվում բազայի տերերը։ Բազան առանձին շուք է ստանում մեկտեղանոց փայտե սանհանգույցի ներկայությամբ։ Միով բանիվ սա քաղաքակրթական աղետ է, ապտակ է Երևանին։


Լուսաբացը մենք դիմավորում ենք բազայից արտավիժող աղմուկի անեծքի ներքո։ Աղմուկն առաջանում է, երբ բազայի բանվորները բեռնատարի թափքից մետաղը նետում են մետաղակույտի վրա։ Կամ բեռնում են։ Աղմուկը բազայի երաժշտական ուղեկիցն է և համալրում, համ ու հոտ է տալիս ժանգախեղդ այս հիմնարկությանը։
Սրանից զատ բազայում զոդման և այլ աշխատանքներ են իրականացվում, որոնց ժամանակ արտազատվող ծուխն ու գարշաբույրը սիրով բռնախեղդում են կանգառում հանգրվանած քաղաքացիներին։ Իմ նամակը Հայկ Մարությանին և ահազանգը քաղաքապետարանի «Թեժ գծին» վերահասցեագրվել է Աջափնյակ վարչական շրջան, որի ղեկավար Գևորգ Բաբայանը (նա, ի դեպ, 2018-ի հայտնի հեղաշրջումային քայլարշավի ակտիվիստ է, ուրիշ ոչինչ) պաշտոնապես զգուշացնում է բազայի տնօրինությանը` հնարավորինս չաղմկել, սակայն բազան ի պատասխան հարգարժան քայլարշավորդ-ղեկավարի, աղմկում է ավելի եռանդուն, արևածագից մինչև մայրամուտ, լի և տոն օրերին։ Տեղեկացնում եմ տիարք Նիկոլին, Հայկոյին և Գևորգ Բաբայանին, որ բազան արտավիժում է ազդակային աղմուկ, որ աղմուկի նշյալ տեսակը ծանր ազդեցություն է թողնում սրտանոթային և նյարդային հիվանդություն ունեցողների, հղիների, ծերերի և մանուկների առողջության վրա, և որ նշվածը հեղինակային մտահղացում չէ, այլ ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական եզրակացությունն է։
Բազայի գործունեությունը պետք է չեղարկել։
Քայլ արեք, դուխով անցեք գործի։

Բազային դիմահայաց զավթվել է Երևանի համայնքին պատկանող հողամասը և տեղադրվել է մետաղական տաղավար։ 2018-ի վերջերին, ինչպես երևում է Գևորգ Բաբայանի նամակից, կազմվել է հ. 02825Հ արձանագրությունը։ Մետաղական տաղավարը հնոտի է, չի գործում, պարզապես վերածվել է աղբանոցի։ Սակայն կես տարի է անցել, Աջափնյակ վարչական շրջանը չի կարողացել տեղափոխել սույն տաղավարը։ Ի դեպ, տաղավարի զավթողական գործողությունը ուղեկցվեց հսկա բարդու հատմամբ։ Այսպիսով Գևորգ Բաբայանը յուրահատուկ հակում ունի մետաղական հնոտու և աղմուկասփյուռ մետաղի հանդեպ։ Տիար Նիկոլ, արգո Հայկո, ասածս ընկալելի՞ է ձեզ։ Կասկածում եմ, բայց հույս ունեմ։
Հարգանքով` անկախ հրապարակագիր, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի թիվ 26 շենքի բնակիչ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ