Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի՞թե Հայաստանում ու Արցախում բոլորը քաղաքական կույրեր են կամ «մոռացել» են Ջեննինգսի և Սթրոնսկու հրամանները

Մի՞թե Հայաստանում ու Արցախում բոլորը քաղաքական կույրեր են կամ «մոռացել» են Ջեննինգսի և Սթրոնսկու հրամանները
07.06.2019 | 00:35

Պետք է խոստովանեմ, որ մայիսի 27-ի մի շարք հաղորդագրություններ կարդալիս շատ զարմացա։ Բայց նախ՝ այդ հաղորդագրությունների բովանդակության մասին։ Երևանում մայիսի 27-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության լիարժեք ներգրավման հարցը։ Նախարարն ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ)։ Հանդիպմանը մասնակցում էր նաև բանակցային գործընթացի մշտական մասնակից, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Վիեննայի այս տարվա գագաթնաժողովի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպման արդյունքները։ Կողմերը շոշափել են բանակցություններում Արցախի լիարժեք ներգրավման, խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորման, մարդասիրական ոլորտում փոխգործակցության, մարդկանց միջև շփումների հաստատման հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռակողմ համանախագահության ձևաչափով հետագա քայլերի մասին, այդ թվում՝ համանախագահների միջնորդությամբ արտգործնախարարների նախատեսվող հանդիպման։ Տարածաշրջանային այցի շրջանակում ՄԽ համանախագահները հանդիպումներ կունենան նաև Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ։


Առաջին հայացքից, կարծես, ոչ մի նոր բան չկա։ Համանախագահները տարածաշրջանային այցերի ժամանակ գրեթե միշտ հանդիպել ու բանակցել են ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Արցախի հետ։ Բայց ինչու այս անգամ Հայաստանի ԱԳՆ-ն որոշեց այդպես ցցուն կերպով ընդգծել, թե իբր հանդիպման ժամանակ համանախագահները «շոշափել են բանակցություններում Արցախի լիարժեք ներգրավման հարցը»։ Անհանգստացնում է ձևակերպումը։ Արցախը պետք է ոչ թե ներգրավել կամ ընդգրկել, այլ վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջը։ Որովհետև 1994-96 թթ., այսինքն՝ մինչև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կազմի մեջ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մտնելը, Արցախն ուղղակիորեն մասնակցում էր բանակցություններին։ Ավելին, Հեյդար Ալիևը չէր խուսափում Արցախի ղեկավարության ներկայացուցիչների հետ ուղղակի հանդիպումներից։ Ժամանակը ցույց կտա` Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունն ինչ-որ էական բանի մասի՞ն է վկայում, թե՞ գործ ունենք «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթացի խորացման» ուղղությամբ Արևմուտքի և Ռուսաստանի ինչ-ինչ նախապատրաստության հետ։


Մեկ այլ ոչ պակաս կարևոր հարց. պատահակա՞ն է այդ ամենը, թե՞ Հայաստանի ԱԳՆ-ն հաշվի է առել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի վերջերս արած այն հայտարարությունը, թե Արցախն ու Հայաստանը ազատագրման և մեր բոլոր հողերի վերամիավորման նախակերպարն են։ Այսինքն, ԱԳՆ-ն փորձում է ինչ-որ բան թաքցնել Հայաստանի և Արցախի հանրությունից, ինչի համար վերը նշված ձևակերպումներով, նախ, փորձում է մեզ հասկացնել, թե իբր Փաշինյանի կառավարությունը հավատարիմ է մնում Արցախը բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելու ուղեգծին։ Երկրորդ, փորձում է հայ ժողովրդի ուշադրությունը շեղել՝ հավատացնելով, թե իբր Երևանում համանախագահները չեն խուսափել կարգավորման գծով բանակցություններին Արցախի ուղղակի մասնակցության մասին խոսակցությունից։ Այդ ի՞նչ առաջարկություններ են արել ՀՀ ԱԳՆ-ն և հենց ՄԽ համանախագահները (այն ժամանակ՝ Բրայզան, Ֆասիեն ու Մերզլյակովը), եթե 2005-06-ին անձամբ իմ հարցերին բազմիցս, բայց միակերպ պատասխանել են միշտ նույնը. «Եթե Ադրբեջանը համաձայնի, ապա ԵԱՀԿ ՄԽ-ն դեմ չի լինի»։


Հավատացնում եմ Հայաստանի և Արցախի քաղաքացիներին, որ այն ժամանակվանից բանակցային գործընթացի մեջ պաշտոնական Ստեփանակերտի վերադարձի հարցում ՄԽ համանախագահների դիրքորոշումը չի փոխվել։ Այդ դեպքում մայիսի 27-ին Երևանում ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Շեֆեր-Վիսկոնտի-Պոպով եռյակը։ Ողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանն առաջվա պես հրաժարվում է ԼՂՀ-ի հետ ուղղակի բանակցություններ վարելուց և կտրականապես դեմ է բանակցությունների սեղանի շուրջը Արցախի վերադառնալուն։ 2019 թ. մայիսի 27-ին համանախագահներն ի՞նչ պայմանով են հանկարծակի համաձայնել քննարկելու այդ հարցը, դժվարանում եմ ասել։ Դարձյալ ընդգծում եմ. բանակցային գործընթացի մեջ Արցախը ներգրավված և ընդգրկված է և «լիարժեք ներգրավում» արտահայտության տարընթերցում չլինելու համար պետք է կոնկրետ պահանջ դնել, որ ԼՂՀ-ն անվերապահորեն վերադառնա կարգավորման բանակցությունների սեղանի շուրջը։


Այնուհետև (մայիսի 28-ին) Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին և Անջեյ Կասպրշիկին ու նրանց ուղեկցող պաշտոնական անձանց։ Ինչպես հաղորդել է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, Արցախի և Ադրբեջանի սահմանի իրադրության, ինչպես նաև վերջին միտումների վերաբերյալ հարցեր։ Սահակյանը հերթական անգամ հաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ նորից ընդգծելով հակամարտության բոլոր փուլերում Արցախի լիարժեք բանակցային ձևաչափի և մասնակցության վերականգնման անհրաժեշտությունը։


Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների մասին Երևանի և Ստեփանակերտի հաշվետվությունների ձևակերպումներում որոշակի տարբերություն նկատվում է։ ԼՂՀ-ի հաղորդագրության մեջ, ինչպես տեսնում ենք, ոչ մի բառ չկա բանակցություններում Արցախի «լիարժեք ներգրավման» մասին։ Հարցն այլ կերպ է դրված՝ «լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնման» մասին։ Ահա այն, ինչը պետք է դրվի հայկական կողմի պահանջի հիմքում. Բակո Սահակյանն ակնհայտորեն հասկացրեց, որ Արցախն առնվազն 1992 թվականից առաջ առանց այդ էլ այս կամ այն չափով ընդգրկված է բանակցային գործընթացի մեջ։ Արդեն իսկ համանախագահների ներկայիս հանդիպումը Սահակյանի հետ, այն էլ Ստեփանակերտում, ցույց է տալիս, որ Երևանում Հայաստանը պարտավոր էր պնդելու, որ լինի «հակամարտության կարգավորման բոլոր փուլերում Արցախի լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնում և մասնակցություն» ձևակերպումը։
Այնուհետև համանախագահներն արդեն Բաքվում մայիսի 30-ին բանակցում էին Իլհամ Ալիևի հետ։ Հազիվ թե մոտ ժամանակներս իմանանք, թե Ապշերոնի խանին ինչ են ասել համանախագահներ Շեֆեր-Վիսկոնտի-Պոպովը և լեհ Կասպրշիկը։ Առավել ևս, հազիվ թե իմանանք՝ ինչ ձևակերպմամբ են նրանք Ալիևին հասցրել բանակցային գործընթացի մեջ Արցախի «լիարժեք ներգրավման/ընդգրկման» մասին դրույթը։


Բայց վատ կանխազգացում կա, որ այդ ամենը պատահական չէ։ Եվ պատահական չէ ըստ ժամանակի դրա համընկնումը Արցախի ազատագրական պատերազմի մասնակից գեներալների դեմ Հայաստանի կառավարության մի շարք «գործողությունների» հետ։ Արցախի պաշտպանության բանակի գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ կատարված միջադեպի մասին տեղեկացրել են Հայաստանի և Արցախի բոլոր ԶԼՄ-ները։ Արցախի ևս մեկ գեներալ-մայոր Արշավիր Ղարամյանի վրա կատարված հարձակումների մասին նույնպես լավ հայտնի է։ Երկուսն էլ ազատագրական պատերազմի անմիջական մասնակից և Արցախի հերոս են։ Երևում է, Արցախի՝ մարտական հարուստ փորձով հերոսներն ինչ-որ բանով այն «հեղափոխականների», որոնց վրա հիմա ուժեղ ուշադրություն են դարձնում ԱՄՆ-ի պետական կառույցները և «Կառնեգի» հիմնադրամը, որի ներկայացուցիչ Փոլ Սթրոնսկուն անվանում են «ԱՄՆ-ի պետդեպարտամենտում վիթխարի հեղինակություն վայելող անձ», կառավարության սրտով չեն։ Նա այն նույն Սթրոնսկին է, որն ապրիլի վերջին հրաման էր արձակել. «Փաշինյանն աշխատանք ունի և պետք է կատարի այն»։ Իսկ միջազգային զարգացման գործակալության (USAID) խորհրդական Ռեյ Ջեննինգսը մարտին Արցախի ղեկավարությունը փոխելու «խորհուրդ էր տալիս» Փաշինյանին. «Առաջին հերթին պետք է հեռացնել ուժայիններին կամ քրեական գործեր հարուցել նրանց նկատմամբ»։ Մի՞թե Հայաստանում ու Արցախում բոլորը քաղաքական կույրեր են կամ «մոռացել» են Ջեննինգսի և Սթրոնսկու հրամանները։ Եթե՝ այո, եթե Հայաստանում և Արցախում քաղաքական կույր ղեկավարներ ու քաղաքացիներ են, ընդ որում՝ հիշողության կորստով հիվանդ, ապա ես նույնիսկ չեմ ուզում գրել, թե Հայաստանի և Արցախի «վերջն ինչպես են տալու» մեր թշնամիները։


Ընդհանրապես, «հեղափոխության շրջանում» ազատագրական պատերազմի մասնակիցների հետ ինչ-որ չափազանց շատ են նողկալի միջադեպեր լինում։ Օրինակ, վերջինը. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Սևան-Մարտունի մայրուղում Սամվել Բաբայանի զինակիցների հետ կատարված միջադեպը՝ մայիսի 30-ին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա կոչ է արել, որ սպասեն ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրությանը, միայն ասել է, որ վեճը ծագել էր մարդկանց երկու խմբի միջև ֆինանսական հարցեր լուծելու ժամանակ։ «Շրջանակը հայտնի է, պետք չէ դավադրություն կամ ինչ-որ ուրիշ բան փնտրել»,- ընդգծել է Վանեցյանը։ Բայց չէ՞ որ ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարել էր, որ գիշերը փակել էին Բաբայանի զինակիցների ճանապարհը և կրակ բացել նրանց ուղղությամբ։ Նաև նշվել էր այն անձը, որին կասկածում են այդ միջադեպի կազմակերպման կամ մասնակիցներին հովանավորելու մեջ. դա Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է։ Ավելի ուշ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը հերքել էր իր մասնակցությունը զինված միջադեպին և դատապարտել չստուգված ու չհիմնավորված տեղեկության տարածումը։ Կուսակցության հայտարարության մեջ ասվում է նաև, որ որևէ քաղաքական ուժի կամ առանձին անհատի բարի անունը և հեղինակությունը սևացնելու ցանկացած փորձ անընդունելի է։


Բայց եկեք մտորենք. գեներալ Բալասանյանին (Երևանում) «ասֆալտի վրա պառկեցնելու» փորձը և գեներալ Բաբայանի ուղղությամբ կրակելը (Սևան-Մարտունի մայրուղի) Արցախու՞մ են տեղի ունեցել, թե՞ Հայաստանում։ Նկատելի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն ուզում է վախեցնել արցախցի զինվորականներին։ Արցախում դա անելուց զգուշանում են, իսկ ահա «սեփական տանը» ձեռքերն արձակված են։ Օրինակ, «Վերելք» տեղեկատվական-փորձագիտական կենտրոնին գեներալ Բալասանյանն անձամբ հայտարարել է. «Ես բավարարված չեմ ոստիկանության այն բացատրություններով, թե նրանք չգիտեին՝ ով է գտնվում մեքենայում։ Ավելին, մինչև այժմ սպասում եմ մանրամասն բացատրությունների և, ինչու չէ, Հայաստանի իշխանությունների ներողությանը, և ոչ միայն իմ հանդեպ կատարված գործողությունների համար։ Բայց միջադեպից հետո նրանք չփորձեցին անգամ կապվել ինձ հետ։ Ցավոք, չեմ կարող բացառել կատարվածի քաղաքական ենթատեքստը։ Բայց միանշանակ հայտարարում եմ, որ ինձ ինչ-որ ուժերի հետ կապելու բոլոր փորձերն անհիմն ու զուր են. ես որևէ մեկի շահերը չեմ ներկայացնում և մտադիր չեմ քողարկելու որևէ մեկի հանցագործությունները։ Ես անկախ քաղաքական գործիչ եմ, և թող որևէ մեկը չկասկածի դրան ու լրացուցիչ ինտրիգներ չփնտրի։ Կարևոր է հասկանալ մի բան. ոչ բոլոր տղաներին կարելի է փռել ասֆալտին»։
Հայաստանի իշխանություններ, այս խոսքերն ասված են ձեզ համար, ձեր ականջների համար։ Եվ չզարմանաք, եթե նման բան շուտով հայտարարի նաև գեներալ Սամվել Բաբայանը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ