Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ինձանից շատ բան են սպասում»

«Ինձանից շատ բան են սպասում»
14.06.2019 | 12:12

Երեք տարի անց Անտոնիո Կոնտեն վերադարձավ Իտալիա։ «Յուվենտուսի» ու ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ, որի համար տարեկան կստանա 12 միլիոն եվրո՝ ռեկորդային գումար իտալական Ա սերիայի համար։ Բնականաբար, շատերը հարց կտան՝ բայց ինչու՞ «Ինտեր»։ Նույնքան բնականաբար հարցի պատասխանը պիտի որ ակնկալենք իրենից՝ ընտրությունը կատարածից։

ՆՇԱՆԱԲԱՆՆ Է` ՀԱՂԹԵԼ
«Արդյունքները, որոնց ես հասնում եմ, արագությունը, որով դա տեղի է ունենում, իմ մեջ ձևավորել են որոշակի կերպար։ Ես սպասումների տեղիք եմ տալիս։ Երբ ես անցնում եմ նոր աշխատանքի, ինձ վարձակալած ակումբը շատ բան է սպասում։ Ֆուտբոլիստները վստահ են, որ ավելի լավը կդառնան։ Երկրպագուները հավատում են, որ մեծ ուրախության ակնկալիք են ունենալու։ Այս ամենը նշանակում է, որ ես պիտի հիմնովին մոտենամ իմ ընտրությանը։ Իմ թիմը պիտի հաղթելու շանս ունենա։ Թող որ սկզբից ոչ մեծ՝ մի տոկոսի»։

ԽՆԴԻՐ Է ԴՐՎԱԾ` «ՅՈՒՎԵԻ» ԴԵՄՆ ԱՌՆԵԼ
«Մարոտան շատ բան է շահել։ Եթե «Ինտերը» նրան հրավիրեց «Յուվենտուսից» հեռանալուց անմիջապես հետո, դա նշանակում է, որ ղեկավարությունը լուրջ մտադրություններ ունի։ Եկեք անկեղծ խոսենք. Ա սերիայում, չնչին բացառություններով, առաջին տեղի համար արդեն ութ տարի է պայքար չկա։ «Ինտերն» ուզում է փոխել իրավիճակը։ Այն, թե նրանք ինչպես են գործում, ցույց է տալիս չեմպիոնության համար պայքարի ցանկությունը։
Ինձ համոզել է ոչ միայն Մարոտան։ Ես խոսել եմ նախագահ Չժանի հետ, ու ինձ շանթեց նրա վճռականությունը։ Պիերո Աուզիլիոն նույնպես հստակ գաղափարներ ունի, թե ինչ ուղղությամբ շարժվել։ «Ինտերը» ամբիցիոզ թիմ է, որում բոլոր հետևում են նույն կուրսին։

ԴԺՎԱՐ Է ԼԻՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
«Երբեմն լինում են բոլոր առումներով այնպիսի ապշեցուցիչ առաջարկներ, որ դժվար է դառնում հրաժարվելը։ Ես նման առաջարկ ունեցա աշնանը։ Ես սթափ ու հանգիստ կշռեցի բոլոր թեր ու դեմ կողմերն ու հասկացա, որ այդ պահին այդ ակումբն իր այդ վիճակում ինձ համար չէր» (ակնհայտորեն խոսքը Մադրիդի «Ռեալի» մասին է ու այն ժամանակահատվածի, երբ «սերուցքայինները» «Բարսելոնից» պարտություն կրեցին 1։5 հաշվով):

ԱՆԳԼԻԱՆ ԻՐ ՀԵՏՔԸ ԹՈՂԵՑ
«Անգլիայում աշխատանքը շատ բաներով լրացրեց ինձ։ Ես զգում եմ՝ որպես մարզիչ դարձել եմ շատ ավելի լավը։ Սովորեցի հարմարվել։ Իտալիայում թիմը ընթրում է միասին, ընտանիքներով, դա նրան դարձնում է ավելի համախմբված։ Անգլիայում նման ավանդույթ գոյություն չունի։ Մարզումն ավարտվեց, ու ամեն մեկը շտապում է իր գործերով։ Այնպես որ, հարկ է մտածել այնպիսի առիթներ, որոնք զարգացնում են թիմային ոգին»։
Նաև հարկ էր ցույց տալ, որ ես իտալացի եմ։ Ես սիրում եմ կրել մարզազգեստ ու ջինսեր, սակայն խաղերից առաջ հագնում էի կոստյում ու կապում փողկապ, որպեսզի ցույց տամ, թե իտալացիներիս համար որքան կարևոր է էլեգանտ լինելը։ Լրագրողների հարցերն էլ են բոլորովին այլ։ Իտալիայում հարցնում են, թե ինչու փոխեցիր սխեման, Անգլիայում տակտիկան ոչ մեկին չի հետաքրքրում։ Հարցերը միշտ նույն են՝ Դուք այս մեկին թողեցիք պահեստային, ինչպե՞ս պիտի պահպանենք թիմի տրամադրությունը։ Մի անգամ ես պատասխանեցի, որ խաղից հետո պահեստայիններին կտանեմ կինո ու անգամ պոպկոռն կգնեմ»։

«ԱՅԴ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԱՐՅԱՆ ՄԵՋ Է»
«Ինչպիսին էր ինձ համար հանգստյան մեկ տարի՞ն։
Դա հարաբերական հանգիստ էր։ Դատական գործը (Կոնտեն դատվում էր «Չելսիի» հետ ու ինը միլիոն փոխհատուցում ստացավ աշխատանքից ազատվելու համար Մ.Հ.) դուրս եկավ խիստ սթրեսային, ես օրերով հավաքում, ի մի էի բերում փաստաթղթերը։ Բացի այդ, ես հեռուստացույցով շատ խաղեր էի նայում, շատերն ինքս էի գնում նայելու։ Ժամանակակից մարզիչը չի կարող մեկ տարով անհետանալ։ Նա պետք է աշխատի։ Սակայն ես, իհարկե, աշխատում էի փոխհատուցել ընտանիքից բացակայությունս։ Բետայի ու Վիտորիայի հետ գործը (Կոնտեի կինն ու դուստրն են՝ Մ.Հ.) մենք EuroDisney-ի հսկայական հերթերի էինք կանգնում։
Այս տարի իմ ծնողների ամուսնության հիսնամյակն էր. եթե ես ակումբում աշխատելիս լինեի, չէի կարողանալու գալ։ Ես շատ եմ կապված ծնողներիս հետ, ու հրաշալի էր որոշակի ժամանակ Լեչեում անցկացնելը։ Հայրիկս նախկինի պես հետևում է ֆուտբոլին։ Նա միակն է, ում ես թույլ եմ տալիս քննադատել իմ փոխարինումները։ Աշխատում եմ բացատրել, քանի դեռ չեմ ապացուցել, որ եղել եմ ճիշտ. միշտ չէ, որ ստացվում է։
Ես շատ անգամ եմ ծով դուրս եկել. չգիտեմ, թե մեկ էլ երբ կլինի նման հնարավորություն։ Սակայն ինչ-որ պահի նորից աշխատելու խեղդող ցանկություն ունեցա։ Ես 15 տարեկանից ֆուտբոլում եմ, մարդկանց կողքին, ովքեր կարիերա անելու համար մեծ զոհողությունների են գնացել։ Դա հետք է թողել։ Ես պարտավոր եմ աշխատել, շատ աշխատել։ Այդ անհրաժեշտությունն իմ արյան մեջ է»։

ՖՈՒՏԲՈԼՈՒՄ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ Է
«Ինձ ապշեցնում է «ֆուտբոլում այլևս հնարավոր չէ նոր բան հնարել» արտահայտությունը։ Ֆուտբոլը մշտապես զարգանում է, եթե ուզում ես նրա հետ զարգանալ, ապա ունես նոր որոշումների ու հնարավորությունների անթիվ քանակություն։ Կան տարբեր գաղափարներով ու խաղի սկզբունքով բազմաթիվ մարզիչներ։ Կարևոր է դրանք վերամշակելը, ոչ թե պատճենելը։ Օրինակ՝ ես դեռևս «Արեցոյում» ու «Բարիում» հարձակումները սկսում էի դարպասապահի փոխանցումից՝ ձգելու մրցակցի շարքերը, որպեսզի ի հայտ գային առաջխաղացման գոտիներ։ Սակայն դա մշտապես անելը նույնն է, թե օդաչուն մշտապես անի մահվան օղակ։ Դա չարդարացված ռիսկ է։

ԻԴԵԱԼԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ
«Ես երկու իդեալական ֆուտբոլիստ եմ ունեցել։ Անդրեա Պիռլոն գերբարձր կարգի խաղացող էր, որն ունակ էր 60 մետր հեռավորությունից քեզ ուղիղ ոտքիդ փոխանցում անելու։ Հրեշ էր մարզումներին։ Նա իմ «Յուվենտուսի» շարժիչն էր։ Ես կարող էի ցանկացած բեռնվածություն տալ։ Եթե քո թիմում անտրտունջ տքնում էր Պիռլոն, ոչ մեկը չէր կարող բողոքել։
Երկրորդը Նգոլո Կանտեն է։ Նրա պատրաստակամությունն ու բաց լինելը աներևակայելի բան էին։ Նա թիմը հանում է նոր բարձունքի։ 90 րոպեում կիլոմետր է, որ մաշում է, օգնում է յուրաքանչյուր խաղացողի, որը պրոբլեմ ունի, ու միշտ ժպտում է։ Նման մարդկանցով դու հաղթում ես։

«ԻՆՏԵՐ» ՏԵՂԱՓՈԽՎԵԼԸ ՄՈՏԻՎԱՑԻԱ Է, ՈՉ ԹԵ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ»
«Ես երկար տարիներ եմ աշխատել «Յուվենտուսում», սակայն չեմ կարծում, թե երկրպագուների հետ պրոբլեմներ կլինեն՝ թե՛ «Ինտերի» տիֆոզիների, թե՛ «Յուվեի» ֆանատների։ Երբ դառնում ես մարզիչ, զրոյացնում ես մարզիկիդ պատմությունը։ Ֆուտբոլիստը կարող է հուսալ, որ ողջ կարիերան կանցկացնի մեկ-երկու թիմում, մարզիչը՝ ոչ։ Մարզիչը հասկանում է, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, կարող է աշխատել շատ ակումբներում։ Պրոֆեսիոնալի մոտիվացիան նոր մարտահրավերների որոնումների մեջ է։ Ես հաջողության եմ հասցրել «Յուվենտուսին», Իտալիայի հետ համարյա թե հասել էի Եվրոպայի առաջնության եզրափակիչ, բարձունք վերադարձրի «Չելսիին»` հաղթելով առաջությունում ու գավաթում։ Ես շատ եմ ուզում հաջողության հասնել «Ինտերում»։ Ինձանից շատ բան են սպասում»։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ