Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ձեզ համար լավագույն հարստություն ունեք երկնքում, ուր այն միշտ մնում է»

«Ձեզ համար լավագույն հարստություն ունեք երկնքում, ուր այն միշտ մնում է»
21.06.2019 | 00:12

Անցնող շաբաթվա յոթ օրերը համարձակորեն կարող ենք կոչել բույլ սրբոց Հայոց, քանզի Տեր Հիսուսի հարությունից հետո Համբարձումն ու Հոգեգալուստն է տոնվել, իսկ շաբաթվա ընթացքում՝ Հռիփսիմյան ու Գայանյանց սրբուհիների հիշատակություններ: ՈՒ կարծես տոն օրերի շքերթ է սկսվում մեր եկեղեցու տոնացույցում, մինչև տարեվերջ։


Իսկ հիմա մանրամասնենք։ Եթե մեր եկեղեցական օրացույցը բացելու լինենք, ապա կզարմանանք այս ամսվա օրերի սրբերի տոների առատությունից. սրբուհի Հռիփսիմեի տոնին հաջորդում է սրբուհի Գայանեի տոնը, ապա սուրբ Հովհաննես Մկրտչի ու Գրիգոր Լուսավորչի՝ Խոր վիրապից ելնելու տոնը, իսկ կիրակի օրը՝ սուրբ Էջմիածնի տոնը: Եթե ուշադիր եղավ ընթերցողը, ապա հասկացավ, որ բոլոր տոները մեր Առաքելական եկեղեցու հաստատման հետ են կապված։ Այդպես էլ կա, քանզի Տերն Իր սկսած գործը կիսատ չէր թողնում։
Հայտնի է, որ Տերը Իր համբարձումից առաջ պատվիրեց առաքյալներին ու աշակերտներին. «Գնացե՜ք ամբողջ աշխարհով մեկ և քարոզեցե՜ք Ավետարանը բոլոր մարդկանց» (Մարկոս 16.15): Այդպես էլ եղավ, Տիրոջ կենարար խոսքը սերմանվեց աշխարհով մեկ՝ բոլոր ազգերին: Բայց ով սերմանում է, բերքի հույսով է սերմանում: Տերը սպասեց երեք հարյուր տարի, մինչև Իր առաքյալների՝ Թադևոսի ու Բարդուղիմեոսի սերմանած ավետարանի խոսքերը առաջինը հայոց ազգը պտղակալեց ու հասունացավ, ու դարձավ Սուրբ Հոգու բերքի առաջին երախայրին:


Իսկ երբ Հռիփսիմյանց կույսերն իրենց երկրում հալածվելով նախ Հռոմ գնացին, ապա Սուրբ Հոգու թելադրմամբ՝ Երուսաղեմ, այնտեղ և Տիրոջից առաջնորդություն ստացան, որ գան Հայաստան աշխարհ, արդեն սերմանվածը փխրեցնելու և պարարտացնելու իրենց սեփական արյան ոռոգումով. քանզի այդ էր Արարչի կամքը:
Կուսածին Որդու մեծ ու փառավոր Անունը կրելու համար դրախտաբույր այդ երկիրը պետք է ոռոգվեր սուրբ ու անարատ կույսերի արյունով: Եվ երբ դա կատարվեց ու երեսունչորս կույսեր նահատակվեցին Տրդատ թագավորի հրամանով, Արարատյան դաշտավայրը ոռոգվեց սրբուհիների կուսական արյունով, և տեղը աճեցին ու հառնեցին ապագա սուրբ Էջմիածնի այժմյան եկեղեցիները։
Կա մատենագրական փաստագրում, որ երբ թագավորի զինվորները սպանում ու սրախողխող էին անում սրբուհիներին, նրանք մունջ գառների նման իրենց սպանողներին էին հանձնվում որպես հայոց ազգին մատաղացու։ Իսկ երբ նրանց նահատակված դիերը թողեցին ամայի դաշտում որպես այդ շրջապատում թափառող կենդանիներին կեր, հեթանոսական այդ զազրելի սովորությունը նույնիսկ անբան կենդանիները խախտեցին, ու կույսերի մեռած մարմիններին ոչ մի գազան կամ շուն չմոտեցավ։ Այդպես մնացին ինն օր դաշտում ընկած, առանց ապականության նշույլի, մինչև որ Տերն Իր սկսած գործը կշարունակեր: Հեթանոս հայորդիներից ոչ ոք դեռևս չէր հասկանում, որ կույսերի անապական սուրբ արյունով ապագա քրիստոնեական Հայաստանի հավատքի հիմքերն են ոռոգվում։


Անցնում է ինն օրը՝ երկնային հրեշտակների նույնքան դասերի չափով, մինչև որ այդ օրերի ընթացքում կատարվեր մեկ այլ խորախորհուրդ իրադարձություն. թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի հնգապատկված երազներին անսալով, պալատական արքունիքը գնում-հանում է Խոր վիրապից տասներեք տարվա մահապարտ Գրիգոր Պարթևին՝ ապագա Լուսավորչին, ով պետք է առաջին Հայոց հայրապետը դառնար ու մի գահ հաստատեր, որ մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստը անսասան ու հաստատուն մնար։ Այդպես էլ եղավ ու այդպես էլ կա և կլինի։ Իսկ երբ Գրիգորն իմանում է, թե իր ելքից առաջ ինչեր են կատարվել, նա առաջին հերթին գնում և քրիստոնեավայել թաղում է կատարում սրբուհիների անվնաս ու անապական մնացած մարմինները, ինչը ապագա հրաշքների դուռն էր բացելու Հայաստան աշխարհի հավատքի հաստատման համար։ Եվ դրանցից առաջինը եղավ այն, որ Գրիգոր Լուսավորչի աղոթքով դիվահարութունից ազատվեց Տրդատ արքան, ով մինչև իսկ խոզի կերպարանք էր ստացել իր անմարդկային դաժանության համար։


Այս առիթով մի թաքնված խորհուրդ ևս կա. երբ կույս Հռիփսիմեն մարտնչում էր ամեհի ու զորավոր Տրդատի հետ, այդ պահին խորախորհուրդ պայքար էր գնում «կույս» ու անարատ, արտաքնապես տկար թվացող քրիստոնեության և բիրտ ու մարմնավոր հեթանոսության միջև: Եվ ամոթահար պարտվեց ամեհի Տրդատը, նրա հետ և հեթանոսությունը՝ ծնկելով Կուսածին Քրիստոսի առաջ, Նրան Տեր ու Աստված դավանելով: Երկնեց Սիոնը ու Արարատի կուսական փեշերին Սուրբ Հոգին ծնեց Քրիստոսի սուրբ անունը դավանողներից անդրանիկ առաջին ազգը: Եվ դեռ նոր վերահաստատված Տրդատի թագավորությանը բախտ վիճակվեց առաջինը Քրիստոս Աստծո համար խաչը վերցնել ու Նրան հետևել, պատերազմելով հռոմեական իշխանության դեմ ու հաղթող լինելով: Բայց սատանան իր ոխը մինչև վերջ պահեց այդ քաջ ու նվիրյալ Աստծո ծառայի՝ Տրդատի հանդեպ, քանզի նրան իր դեռևս հեթանոս, գողամիտ ու պղծասեր նախարարների միջոցով մահաթույն խմեցնելով հայոց մեծաբորբոք ջահը մարեցին, խավարեցնելով Հայաստան աշխարհը: ՈՒ չտարակուսենք Տիրոջ նախասահմանյալ խորհուրդների այդ թողտվության համար, քանզի ինչպես կանանցից ծնվածներից ամենամեծը՝ Հովհաննես Մկրտիչը, կնոջ ձեռքով գլխատվեց, այդպես էլ հեթանոս արքաներից ամենաքաջը մի կույս աղջնակով պարտության մատնվեց և վերջում էլ հեթանոս հայորդիների ձեռքով նահատակության բաժակն ըմպեց: Այդպես է՝ մարդկային մտքից ու իմաստությունից վեր է Տիրոջ գործելակերպը, քանզի Նրա ծրագրերը հավիտենականությունից են բխում: ՈՒ այդ է պատճառը, որ հոգու հավատքով երկնային բուրմունք չհոտոտած մշակութային անձեր անմտաբար նսեմացնում են տիեզերածավալ այս խորհուրդները, իրենց տկարամիտ «արշինով» չափ ու ձև անելով ու կարկատելով հայոց ազգի դարձի պատմությունը` մեզ են հրամցնում իրականության խրտվիլակը, կամ էլ ավելի վատթարը. քննադատում են Գրիգոր Լուսավորչին ու Տրդատին, որ նրանք հայոց հին մշակույթի տաճարներն են քանդել ու բռնի քրիստոնեություն տարածել:
Բայց եկեք խոստովանենք, որ մի Աներևույթ Զորություն, ՈՒմ Անունն է Հիսուս Քրիստոս, մեր Սրբերի բույլերի աղոթքներով դեռևս պահում ու պահպանում է այս փոքրիկ ածուն՝ Հայոց ազգը, մինչև որ կկատարվի Ավետարանի Խոսքը. «Ձեզ համար լավագույն հարստություն ունեք երկնքում, ուր այն միշտ մնում է: Արդ, մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որի մեջ մեծ վարձատրության հատուցում կա: Ձեզ համբերություն է պետք, որպեսզի, Աստծո կամքը կատարելով, հասնեք Նրա խոստմանը, քանի որ մի փոքր, շատ փոքր ժամանակ ևս, և գալու է Նա, Ով պիտի գա և պիտի չուշանա». (Եբրայեցիներին 10.34-37):


Հայորդի մեր ընթերցող, մեր ազգային հիմքերը զորավոր, ամուր ու հաստատուն պահելու համար այժմ էլ մշակներ ու աղոթողներ են պետք, քանզի մենք շրջապատված ենք մեր դեմ թշնամացած ու մեր Փրկիչ Աստծուն մերժած ազգերով, որոնց կրոնը պարտադրում է օրը հինգ անգամ նամազի կանգնել: Աշխարհը ալեկոծվում է ավերող փոթորիկներից, ինչպես որ տեսնում ու լսում ենք. ազգ ազգի հետևից, երկիր երկրի ետևից ավերակների կույտերի են վերածվում, ու թշվառությունների երախներ են բացվում։ Մարդկային արյունը գետի պես է հոսում։ Մեզանից առավել զորեղ ազգեր, մեկը մյուսի հետևից, ծնկի են գալիս մի աներևույթ կործանող ուժի առջև. և այդ ուժի անունը Նեռի իշխանություն է, որ իր թագավորությունն է ուզում հաստատել աշխարհում։ Մեր ազգի փոքրիկ նավակը չի կարող դիմանալ այդ փոթորիկներին, եթե խարսխված չլինի հաստատուն ժայռին, իսկ այդ Ժայռը Հիսուս Քրիստոսն է՝ Որդին Աստծո, Ով Իր Խաչով հաղթեց այս աշխարհի իշխանին՝ սատանային։
Մենք պետք է հավատքով կառչենք այդ անսասան Ժայռին, որը մեր նախնիների լույս հավատքն է` սուրբ Խաչով կնքված ու սուրբ մեռոնով օծված։
Տերը օրհնի և հաստատ պահի մեր Հայաստան աշխարհը այստեղ հիշատակված Իր բոլոր հաղթող սրբերի բարեխոսությամբ. ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ